«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 50707143
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ
12 մարտի 2007 թ. |
N 134-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 272 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2003 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանում գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 272 որոշման մեջ կատարել փոփոխություն` ի կատարումն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1847-Ն որոշման 2-րդ կետի հանձնարարականի:
1. Որոշմամբ հաստատված կարգի «VII. Փաստաթղթերի պահպանումը» բաժինը շարադրել հետևյալ խմբագությամբ.
«VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
74. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգում գրանցվում են նաև ֆայլերը:
75. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
76. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:
77. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:
78. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ»:
2. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պետերին`
- մարզպետարանում գործավարությունն իրականացնել համաձայն սույն կարգի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ղեկավար Խ. Պողոսյանի վրա:
|
Ռ. Մանուկյան |