ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
16 մարտի 2012 թ. |
N 417-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով,
Երևան քաղաքի ավագանին որոշում է`
Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1. Որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ կետով.
«11.1. Մեկից ավելի վարչական շրջաններում գովազդային գործունեություն իրականացնող գովազդակիրներն ուրվանկարների և համապատասխան փորձաքննության մոնտաժային նախագծերի համաձայնեցման համար մինչև սույն կանոնների 11-րդ կետով սահմանված կարգով համապատասխան վարչական շրջան դիմում ներկայացնելը կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ներկայացնելով գովազդային ուրվանկարների փաթեթները կամ գովազդային միջոցների նախագծերը։ Ներկայացվող դիմումում պետք է նշվեն գովազդի տեղադիրը (հասցե) ըստ վարչական շրջանների, արտաքին չափերը, մակերեսը և տեղադրման ժամանակացույցը։»։
2. Որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գովազդի ընթացիկ տեղադիրի փոփոխման պարագայում կազմակերպությունը պարտավոր է դրա մասին նախապես՝ առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը։»։
3. Հավելվածի 33-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող փողոցներում կրկնաձիգ գրաժապավենների (տրանսպարանտ) միջոցով, բացառությամբ համապետական համաքաղաքային նշանակության միջոցառումների ազդարարման նպատակով կարճաժամկետ տեղադրման դեպքերի։»։
4. Հավելվածի 42-րդ կետը խմբագրել նոր հետևյալ բովանդակությամբ՝ «Էլեկտրոնային էկրաններ կարող են տեղադրվել շենքերի տանիքներին, շենքերի պատերի խուլ հատվածներին, վերգետնյա անցումների վրա, ճանապարհների կենտրոնական բաժանարար գոտիներում և խաչմերուկներում:
Էկրանային (վերարտադրող) սարքավորումների մակերեսը որոշվում է էկրանի վերարտադրվող պատկերի մակերեսով։
Էլեկտրոնային էկրանների տեղադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները`
ա) «Էլեկտրոնային էկրանի որևէ հատված չի կարող գտնվել ճանապարհի երթևեկելի մասի վրա, բացառությամբ վերգետնյա անցումների վրա տեղադրված էլեկտրոնային էկրանների:
բ) Յուրաքանչյուր խաչմերուկում չի կարող տեղադրվել 1-ից ավելի էլեկտրոնային վահանակ:
գ) Ցանկացած չափի էլեկտրոնային էկրանների միջև հեռավորությունը չի կարող պակաս լինել 200 մետրից:
դ) Էլեկտրոնային Էկրանի յուրաքանչյուր տեղադիրի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից սահմանվում են առանձին չափորոշիչներ` կապված բարձրության և տեղեկատու դաշտի մակերեսի հետ, որոնք հաշվի են առնում տվյալ տարածքի ճարտարապետական առանձնահատկությունները։»։
5. Որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45.1-րդ կետով.
«45.1. Շենք-շինությունների ճակատային հատվածների վրա թույլատրելի գովազդի տեղադիրը, չափը, գունային լուծումը և գովազդի պատրաստման համար օգտագործվող նյութերը որոշվում են համաձայն` Երևանի քաղաքապետի կողմից հաստատված սխեմայի։»։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |