ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2016 թվականի |
N 150 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 039/2016):
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ մտնելու օրվանից կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ կախված նրանից, թե ամսաթվերից որն է ավելի ուշ, սակայն սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 150 որոշմամբ |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 039/2016)
Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52–րդ հոդվածին համապատասխան։
Սույն տեխնիկական կանոնակարգը սահմանում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր՝ Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող հանքային պարարտանյութերին և հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների հետ կապված՝ հանքային պարարտանյութերի պահպանման, փոխադրման և մակնշման գործընթացներին ներկայացվող անվտանգության պահանջները:
I. Կիրառման ոլորտը
1. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է Միության տարածքում մարդու կյանքի և (կամ) առողջության, կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի, գույքի պաշտպանության, հանքային պարարտանյութերը սպառողներին դրանց նշանակության և անվտանգության վերաբերյալ մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման նպատակով:
2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է՝
ա) ըստ N 1 հավելվածով սահմանված ցանկի հանքային պարարտանյութերի վրա, որոնք արտադրվում, ներմուծվում (ներկրվում) են Միության տարածք.
բ) հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների հետ կապված՝ հանքային պարարտանյութերի պահպանման, փոխադրման և մակնշման գործընթացների վրա:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն տարածվում օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի վրա:
4. Հանքային պարարտանյութերի և դրանց բաղադրամասերի կիրարկմամբ վտանգավոր գործոններ են հանդիսանում՝
ա) հրդեհա- և պայթյունավտանգությունը.
բ) օքսիդացնող հատկությունները.
գ) կոռոզիոն հատկությունները.
դ) մարդու համար վտանգը՝ պերօրալ, մաշկային և ինհալացիոն թունավորություն, մաշկի և լորձաթաղանթների վրա գրգռիչ ազդեցություն, մաշկա-ներծծիչ ազդեցություն, ալերգիկ ազդեցություն, մարդու օրգանիզմում բիոակումուլյացիայի և շրջակա միջավայրի օբյեկտներում (ջուր, հող, բույսեր) կուտակման ունակություն.
ե) ռադիոակտիվ վտանգ.
զ) էկոհամակարգերի վրա ներգործությունը:
II. Հիմնական հասկացությունները
5. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
պատրաստող՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, այդ թվում՝ օտարերկրյա պատրաստող, որն իր անունից իրականացնում է հանքային պարարտանյութերի արտադրություն կամ արտադրություն ու իրացում և պատասխանատու է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության համար.
ներմուծող՝ Միության անդամ պետության ռեզիդենտ, որը Միության անդամ պետության ոչ ռեզիդենտի հետ կնքել է Միության տարածք հանքային պարարտանյութերի ներմուծման արտաքին առևտրային պայմանագիր, իրականացնում է հանքային պարարտանյութերի իրացում և պատասխանատվություն է կրում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության համար.
միկրոպարարտանյութ՝ հանքային պարարտանյութ, որի սննդարար տարր են հանդիսանում միկրոտարրերը.
հանքային պարարտանյութ՝ արդյունաբերական կամ հանածո ծագման պարարտանյութ, որը հանքային ձևով սննդարար տարրեր է պարունակում.
անվտանգության անձնագիր՝ սահմանված ձևի փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ հանքային պարարտանյութի վտանգավոր հատկությունների, տվյալ հանքային պարարտանյութը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի մասին, Միության տարածքում հանքային պարարտանյութի անվտանգ շրջանառության ապահովման համար կանխարգելման միջոցներ և անվտանգության պահանջներ.
սննդարար տարր, գործող նյութ՝ պարարտանյութի՝ բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ քիմիական տարր.
նախազգուշացնող մակնշում՝ տեղեկատվության բաղադրիչ մաս, որը փաթեթվածքի կամ պիտակի վրա նշվող տեղեկությունների համալիր է (կարճ տեքստի, առանձին գրաֆիկական կամ գունային նշանների կամ դրանց համակցությունների ձևով).
պարարտանյութ՝ բույսերի սնուցման և հողի բերրիության բարձրացման համար նյութ.
միկրոտարրերով պարարտանյութ՝ հանքային պարարտանյութ, որը պարունակում է մակրո- և միկրոտարրեր.
պատրաստողի կողմից լիազորված անձ՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը պատրաստողի, այդ թվում՝ օտարերկրյա պատրաստողի հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ պատրաստողի անունից գործողություններ է իրականացնում համապատասխանությունը գնահատելիս և հանքային պարարտանյութերը Միության տարածքում շրջանառության մեջ բաց թողնելիս, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Միության (Մաքսային միության)՝ իր վրա տարածվող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հանքային պարարտանյութերի անհամապատասխանության համար։
III. Հանքային պարարտանյութերի նույնականացման կանոնները
6. Հանքային պարարտանյութերի նույնականացումն իրականացնում են պատրաստողը (պատրաստողի կողմից լիազորված անձը), ներմուծողը, Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող մարմինը, այլ շահագրգիռ անձիք:
7. Հանքային պարարտանյութերի նույնականացումն իրականացվում է հանքային պարարտանյութի նմուշի լաբորատոր հետազոտության ընթացքում ստացված տվյալներին հանքային պարարտանյութի արտաքին տեսքի և բաղադրության, փաթեթվածքի, պիտակի կամ մանեկապիտակի վրա և ուղեկցող փաստաթղթերում նշված սննդարար տարրերի, այդ թվում՝ մակրո- և միկրոտարրերի համապատասխանությունը պարզելու միջոցով:
IV. Միության շուկայում հանքային պարարտանյութերի շրջանառության կանոնները
8. Հանքային պարարտանյութերը Միության շուկայում շրջանառության մեջ են բաց թողնվում սույն տեխնիկական կանոնակարգի և դրանց վրա տարածվող՝ Միության (Մաքսային միության) ուժի մեջ մտած այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում, և այն պայմանով, որ դրանք անցել են համապատասխանության գնահատում՝ համաձայն սույն Տեխնիկական կանոնակարգի IX բաժնի:
9. Այն հանքային պարարտանյութերը, որոնց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի և դրանց վրա տարածվող՝ Միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չի հավաստվել, չպետք է մակնշվեն Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։
10. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չմակնշված հանքային պարարտանյութերը Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնել չի թույլատրվում։
V. Հանքային պարարտանյութերի անվտանգության պահանջները
11. Հանքային պարարտանյութերը պետք է բավարարեն սույն բաժնով սահմանված անվտանգության պահանջները, ինչպես նաև ճառագայթումային և քիմիական անվտանգության նորմերը՝ համաձայն հավելված N 2-ի:
12. Հանքային պարարտանյութերը պետք է դասակարգվեն ըստ վտանգավոր գործոնների, որոնց մասին տեղեկությունները նշվում են անվտանգության անձնագրում և նախազգուշացնող մականշվածքում:
13. Առևտրային ցանցի (մեծածախ և մանրածախ առևտրի ձեռնարկությունների կամ կազմակերպությունների) միջոցով իրացման համար նախատեսված հանքային պարարտանյութերը պետք է լինեն փաթեթավորված: Խախտված փաթեթվածքով հանքային պարարտանյութերի մանրածախ առևտուրը չի թույլատրվում:
VI. Հանքային պարարտանյութերի պահպանման և փոխադրման գործընթացներին ներկայացվող պահանջները
14. Հանքային պարարտանյութերի պահպանումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
15. Կոշտ հանքային պարարտանյութերը փոխադրվում են երկաթուղային փակ վագոններով, կիսավագոններով, նավերի փակ տրանսպորտային լցարաններում (նավամբարներ, տանկեր) և ավտոմոբիլային տրանսպորտով՝ թափքում դրանց պարտադիր ծածկմամբ: Պոլիմերային ներդիրներով փափուկ բեռնարկղերում փաթեթավորված կոշտ հանքային պարարտանյութերը թույլատրվում է փոխադրել կիսավագոններով, բաց տախտակամածով նավերով և ավտոմոբիլային տրանսպորտով՝ առանց թափքում դրանք ծածկելու: Պոլիմերային պարկերում փաթեթավորված կոշտ հանքային պարարտանյութերը թույլատրվում է փոխադրել ավտոմոբիլային տրանսպորտով՝ առանց թափքում դրանք ծածկելու:
16. Մեկ վագոնով, նավերի փակ տրանսպորտային լցարաններում (նավամբարներ, տանկեր) կամ ավտոմեքենայի թափքում հանքային պարարտանյութերի հետ միաժամանակ այլ բեռների փոխադրումն արգելվում է:
17. Որպես վտանգավոր դասակարգված, այդ թվում՝ հրդեհա- և պայթյունավտանգ հատկություններ ունեցող հանքային պարարտանյութերի փոխադրումը պետք է իրականացվի անդամ պետությունների տարածքներում գործող՝ վտանգավոր բեռների փոխադրման նորմերին և կանոններին համապատասխան:
18. Հեղուկ հանքային պարարտանյութերի (ամոնիակային ջրի, ածխաամոնիակի, հեղուկ համակողմանի հանքային պարարտանյութերի) լցվածքով փոխադրումն իրականացվում է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով, բեռնարկղերում կամ տարայում՝ անվտանգության անձնագրում շարադրված դրույթներին համապատասխան:
Հեղուկ հանքային պարարտանյութերի լցվածքով փոխադրումը ջրային տրանսպորտով իրականացվում է հանքային պարարտանյութի որոշակի տեսակի վերաբերյալ նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերով նախատեսված պահանջներին համապատասխան:
Սպառողական տարայում կշռաբաշխված հեղուկ համակողմանի հանքային պարարտանյութերի փոխադրումն իրականացվում է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով, տակդիրների վրա տրանսպորտային փաթեթներով, բեռնարկղերում կամ տարայում՝ անվտանգության անձնագրում շարադրված դրույթներին համապատասխան:
19. Հեղուկ հանքային պարարտանյութերի փոխադրման համար նախատեսված տարայի լցման աստիճանը որոշվում է՝ հաշվի առնելով ընթացուղում ջերմաստիճանների հնարավոր տատանումների ժամանակ արտադրանքի ծավալային լայնացումը:
20. Հանքային պարարտանյութերի փոխադրումն օդային տրանսպորտով իրականացվում է հանքային պարարտանյութի որոշակի տեսակի վերաբերյալ նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերով նախատեսված պահանջներին համապատասխան:
VII. Հանքային պարարտանյութերի մակնշմանը ներկայացվող պահանջները
21. Հանքային պարարտանյութերի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա) հանքային պարարտանյութի անվանումը և դրա նշանակությունը.
բ) սննդարար տարրերի, այդ թվում՝ միկրո- և մակրոտարրերի անվանումը և բաղադրությունը.
գ) պատրաստողի անվանումը (ֆիրմային անվանումը) և նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի հասցեն, փաստացի հասցեն, ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման մասին տեղեկությունները), այն երկրի անվանումը, որտեղ պատրաստվել են հանքային պարարտանյութերը.
դ) պատրաստողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).
ե) այն փաստաթղթի նշանակումը, որին համապատասխան արտադրվում և մատակարարվում է հանքային պարարտանյութը.
զ) հանքային պարարտանյութի տեսականիշը և (կամ) կարգը (առկայության դեպքում).
է) խմբաքանակի համարը (կշռաբաշխված հանքային պարարտանյութերի համար).
ը) հանքային պարարտանյութերի անվանական քանակը (քաշը կամ ծավալը) (կշռաբաշխված հանքային պարարտանյութերի համար).
թ) հանքային պարարտանյութի փոխադրման, կիրառման և պահպանման վերաբերյալ խորհուրդներ.
ժ) անդամ պետությունում գրանցված հանքային պարարտանյութի գրանցման համարը.
ժա) հանքային պարարտանյութի արտադրման ժամկետը կամ բեռնառաքման ամսաթիվը (տարի, ամիս).
ժբ) կշռաբաշխման ամսաթիվը (տարի, ամիս՝ կշռաբաշխված հանքային պարարտանյութերի համար, եթե դրանց կշռաբաշխումն իրականացվում է ոչ այդ հանքային պարարտանյութերը պատրաստողի կողմից).
ժգ) հանքային պարարտանյութի պահպանման պայմանները.
ժդ) հանքային պարարտանյութի պահպանման երաշխիքային ժամկետը.
ժե) հանքային պարարտանյութի նույնականացման ստվերագծային ծածկագիրը (ծածկագիր, որը տարբեր հաստության և հեռավորության զուգահեռ ստվերագծերի հավաքածուի օգնությամբ ներկայացնում է նշաններ, որոնք օպտիկապես ընթերցվում են լայնակի սկանավորմամբ)՝ մանրածախ առևտրային ցանցի միջոցով իրացվող հանքային պարարտանյութերի համար.
ժզ) հանքային պարարտանյութի կիրառման վերաբերյալ սահմանափակումները (համադրելիությունը բույսերի պաշտպանության միջոցների հետ, բուսաթունավորությունը).
ժէ) հանքային պարարտանյութի հետ աշխատելու, այն փոխադրելու և պահպանելու ընթացքում նախազգուշական միջոցները՝ ներառյալ հեղված կամ թափված հանքային պարարտանյութի վնասազերծման եղանակները.
ժը) հանքային պարարտանյութի տարայի վնասազերծման և օգտահանման եղանակները.
ժթ) սուր թունավորումների կլինիկական պատկերի նկարագրությունը (տվյալների առկայության դեպքում), բժշկական խորհուրդները՝ այդ թվում նշելով թունավորման ժամանակ անհրաժեշտ հակաթույնը (առկայության դեպքում) և առաջին օգնության միջոցները:
22. Հանքային պարարտանյութերի մականշվածքը պետք է համապատասխան նախազգուշացնող մականշվածք պարունակի, եթե հանքային պարարտանյութը դասակարգվում է որպես վտանգավոր:
23. Կշռաբաշխված հանքային պարարտանյութերի մականշվածքը նշվում է փաթեթվածքի կամ փաթեթվածքին փակցված պիտակի կամ մանեկապիտակի վրա այնպիսի եղանակով, որն ապահովում է դրանց պահպանվածությունը:
Մականշվածքն ամբողջ ծավալով փաթեթվածքի, պիտակի կամ մանեկապիտակի վրա նշելու համար բավականաչափ տեղ չլինելու դեպքում տեղեկատվության մի մասը նշվում է ներդիր-թերթիկի մեջ, որը կցվում է փաթեթվածքի, պիտակի կամ մանեկապիտակի յուրաքանչյուր միավորին, և որի մեջ նշվում է սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետին համապատասխան տեղեկատվությունը, կամ մականշվածքը նշվում է փաթեթվածքի երկու կողմից:
24. Չփաթեթավորված հանքային պարարտանյութեր մատակարարելու դեպքում սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետում նշված տեղեկատվությունը (բացառությամբ «է», «ը», «ժբ» և «ժե» ենթակետերի) ներկայացվում է ուղեկցող փաստաթղթերի լրակազմում:
25. Հանքային պարարտանյութերի տրանսպորտային մականշվածքը պետք է համապատասխանի անդամ պետությունների տարածքներում գործող վտանգավոր բեռների փոխադրման նորմերին և կանոններին:
26. Հանքային պարարտանյութերի մականշվածքը նշվում է ռուսերեն լեզվով և անդամ պետությունների օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով (լեզուներով), որի տարածքում իրացվում են հանքային պարարտանյութերը:
27. Հանքային պարարտանյութերի մականշվածքը պետք է լինի հստակ և ընթեռնելի և գտնվի զննման համար հասանելի տեղում:
VIII. Անվտանգությանը ներկայացվող պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանության ապահովումը
28. Սույն տեխնիկական կանոնակարգին հանքային պարարտանյութերի համապատասխանությունն ապահովվում է կանոնակարգի և Միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմամբ, որոնց գործողությունը տարածվում է հանքային պարարտանյութերի վրա անմիջականորեն կամ այն ստանդարտների կատարմամբ, որոնք ներառված են այն ստանդարտների ցանկում, որոնց կամավոր կերպով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը:
29. Հանքային պարարտանյութերի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են այն ստանդարտներում, որոնք ներառված են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները պարունակող ստանդարտների ցանկում, որոնք անհրաժեշտ են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխության գնահատման համար:
IX. Հանքային պարարտանյութերի համապատասխանության գնահատումը
30. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանության գնահատումն իրականացվում է գրանցման ձևով:
31. Հանքային պարարտանյութերի գրանցումն անցկացնում են անդամ պետությունների լիազորված մարմինները (այսուհետ՝ լիազորված մարմիններ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: Հանքային պարարտանյութերը պետք է ներառվեն Միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրում:
Միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրը ձևավորվում է ազգային մասերից:
Հանքային պարարտանյութերի գրանցման կարգը, Միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը մշակում և հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
32. Հանքային պարարտանյութերը գրանցելիս հայտատու կարող է լինել անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որը հանդիսանում է պատրաստող կամ պատրաստողի կողմից լիազորված անձ կամ ներկրող։
33. Լիազորվսծ մարմինը՝
ա) կատարում է ներկայացրած փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկությունների ուսումնասիրությունն ու ստուգումը.
բ) որոշում է կայացնում հանքային պարարտանյութը գրանցելու մասին.
գ) հանքային պարարտանյութին տալիս է գրանցման անհատական համար.
դ) ներառում է հանքային պարարտանյութը Միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրում.
ե) տրամադրում է հանքային պարարտանյութի գրանցման վկայականը՝ համաձայն N 3 հավելվածի սահմանված ձևով:
34. Հանքային պարարտանյութի գրանցման վկայականի գործողության ժամկետը սահմանափակված չէ:
X. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով հանքային պարարտանյութերի մակնշումը
35. Այն հանքային պարարտանյութերը, որոնք համապատասխանում են սույն տեխնիկական կանոնակարգի և դրանց վրա տարածվող՝ Միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնք անցել են համապատասխանության գնահատում համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնի, մակնշվում են Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։
36. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան հանքային պարարտանյութերը շուկայում շրջանառության մեջ դնելը:
37. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը նշվում է հանքային պարարտանյութի փաթեթվածքի յուրաքանչյուր միավորի վրա կամ պիտակի վրա (փաթեթվածքի վրա նշանը դնելու անհնարինության դեպքում), ինչպես նաև ներկայացվում է հանքային պարարտանյութի խմբաքանակին կցվող ուղեկցող փաստաթղթերում:
38. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է նշանի հստակ և պարզ պատկերն ապահովող ցանկացած եղանակով, որը կպահպանվի մինչև հանքային պարարտանյութի լրիվ օգտագործման կամ օգտահանման պահը:
XI. Պաշտպանական վերապահում
39. Անդամ պետության լիազորված մարմինները ձեռնարկում են բոլոր միջոցները սույն տեխնիկական կանոնակարգի և հանքային պարարտանյութերի վրա տարածվող՝ Միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հանքային պարարտանյութերի շրջանառությունը Միության շուկայում սահմանափակելու և արգելելու, ինչպես նաև դրանք շրջանառությունից հանելու համար:
Այս դեպքում անդամ պետության լիազորված մարմինն անհապաղ տեղեկացնում է մյուս անդամ պետություններին ձեռնարկված արտակարգ միջոցների մասին և սկսում է տվյալ հարցի շուրջ խորհրդակցությունների ու բանակցությունների գործընթացը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական: