ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 743-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը`
Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Նախարարության անվանումն է՝
1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
2) ռուսերեն` Министерство финансов Республики Армения.
3) անգլերեն` Ministry of Finance of tհe Republic of Armenia.
4) ֆրանսերեն՝ Ministére des Finances de la République d'Arménie:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, փոխնախարարների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և փոխնախարարների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:
7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Նախարարության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղ. Երևան, Մելիք Ադամյան 1:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Նախարարության նպատակը ֆինանսական, վարկային, եկամուտների, պետական սեփականության կառավարման ոլորտներում կառավարության միասնական պետական քաղաքականության ապահովումն է:
10. Նախարարության խնդիրներն են՝
1) մակրոտնտեսական քաղաքականության մշակումը և դրա իրականացման կազմակերպումը.
2) հարկաբյուջետային քաղաքականության մշակումը՝ ներառյալ բյուջետային գործընթացի կառավարումը՝ պետական եկամուտների (մուտքերի) և ծախսերի (ելքերի) ռազմավարական, միջնաժամկետ ու բյուջեների (կարճաժամկետ) պլանավորման և բյուջեների կատարման կազմակերպումը.
3) պետական և համայնքային՝ ներառյալ հարկային և մաքսային եկամուտների քաղաքականության մշակումը.
4) պետական պարտքի քաղաքականության մշակումը և իրականացումը.
5) ֆինանսաբյուջետային վերահսկողության քաղաքականության մշակումը և իրականացումը.
6) գնումների քաղաքականության մշակումը.
7) հանրային ֆինանսների կառավարման, հսկողության և ներքին աուդիտի քաղաքականության մշակումը.
8) պետական սեփականության (բացառությամբ գույքի) կառավարման քաղաքականության մշակումը.
9) պետության գույքային շահերի պաշտպանությունը.
10) միջազգային և միջպետական ֆինանսական համագործակցության ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին փոխառությունների ու նվիրատվությունների տրամադրման գործընթացի համակարգումը և մշտադիտարկումը.
11) ֆինանսական շուկայի և վարկային ոլորտում քաղաքականության մշակումը.
12) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության քաղաքականության մշակումը և դրա իրականացման կազմակերպումը.
13) խաղային գործի և թանկարժեք մետաղների բնագավառում գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը.
14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում`
ա. մակրոտնտեսական ցուցանիշների ծրագրավորումը,
բ. մակրոտնտեսական ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը,
գ. մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունների վերլուծությունը և գնահատումը,
դ. հարկաբյուջետային ու պետական պարտքի քաղաքականությունների ռիսկերի վերլուծությունը և գնահատումը,
ե. հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համակարգումը,
զ. ռազմավարական ծրագրերի մշակման, վերանայման աշխատանքներին մասնակցությունը.
2) պետական և համայնքային եկամուտների քաղաքականության ոլորտում`
ա. հարկային, մաքսային և այլ եկամուտների գծով քաղաքականության ու վարչարարության մեթոդաբանության մշակումը,
բ. հարկային, մաքսային և այլ եկամուտների վերլուծությունն ու գնահատումը,
գ. հարկային, մաքսային և այլ եկամուտների բնագավառներում միջազգային ու միջպետական համագործակցության ապահովումը և ղեկավարումը,
դ. Եվրասիական տնտեսական միության հարկային և մաքսային միասնական իրավապայմանագրային և օրենսդրական կարգավորումների մշակման աշխատանքների կազմակերպումը և ղեկավարումը,
ե․ հարկային, մաքսային և այլ եկամուտների գծով պաշտոնական պարզաբանումների տրամադրման գործընթացի կազմակերպումը,
զ. հարկային, մաքսային և այլ եկամուտների գծով իրազեկումների գործընթացի կարգավորումը և մշտադիտարկումը.
3) բյուջեների կազմման մասով՝
ա. առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերն ու դրանք ներկայացնելու կարգերի մշակումը և դրանց կիրարկման գործընթացի կազմակերպումը,
բ. պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ու ելքերի ֆինանսական ծրագրավորումը,
գ. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը,
դ. կառավարության բյուջետային ուղերձի մշակումը,
ե. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների մշակումը,
զ. պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը, համայնքների բյուջեների կազմման մեթոդաբանության մշակումը և կիրարկման մշտադիտարկումը,
է. համախմբված բյուջեների ցուցանիշների ծրագրավորումը,
ը. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,
թ. պետական եկամուտների (մուտքերի) և ծախսերի (ելքերի) ռազմավարական, միջնաժամկետ ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը, այդ ծրագրերի կազմման մեթոդաբանության մշակումը և կիրարկման մշտադիտարկումը,
ժ. բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և կիրարկման կազմակերպումը,
ժա. պետական մարմինների` բյուջետային գործընթացում ներգրավված աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացի համակարգումը.
4) բյուջեների կատարման մասով` բյուջետային գործընթացը և գանձապետական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների կատարումը․
5) գնումների ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գնումների գործընթացի կարգավորման և համակարգման լիազորությունների կատարումը.
6) հանրային ֆինանսների՝ ներառյալ հանրային սեփականության (բացառությամբ գույքի) կառավարման քաղաքականության ոլորտում՝
ա. բյուջետային գործընթացի կառավարման, պետական և համայնքային մարմինների (հիմնարկների) կառավարչական հաշվետվողականության ու հսկողության համակարգերի գործունեության կարգավորումը և համակարգումը, այդ թվում՝ նորմատիվ ու մեթոդական կարգավորումների ապահովումը և մշտադիտարկումը,
բ. «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնին վերապահված՝ ներքին աուդիտի կարգավորման, համակարգման և ներդաշնակեցման լիազորությունների կատարումը,
գ. ֆինանսաբյուջետային վերահսկողության գործընթացի կարգավորումը, այդ թվում՝ նորմատիվ ու մեթոդական կարգավորումների առկայության ապահովումը և դրանց կիրարկման մշտադիտարկումը,
դ. պետական և համայնքային սեփականության (հանրային ակտիվների՝ բացառությամբ գույքի) կառավարման գործընթացի նորմատիվ ու մեթոդական կարգավորումը և մշտադիտարկումը: Պետական և համայնքային կազմակերպությունների (որպես հանրային ակտիվների) ֆինանսական կառավարման, հսկողության և հաշվետվողականության մեթոդաբանության մշակումը,
ե. բյուջեների կազմման հիմքում դրվող գնման գործարքների գների որոշման մեթոդաբանության մշակումը․
7) ֆինանսաբյուջետային վերահսկողության մասով՝ կառավարության սահմանած կարգով՝
ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության իրականացումը,
բ. հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատումը.
8) հաշվապահական հաշվառման՝ ներառյալ հանրային հատվածի կազմակերպությունների և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտներում`
ա. հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում նորմատիվ ու մեթոդական կարգավորումների առկայության ապահովումը և դրանց կիրարկման մշտադիտարկումը,
բ. հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և դրա կիրառման հրահանգի մշակումն ու հաստատումը, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների մշակումն ու հրապարակումը,
գ. ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, միջազգային ստանդարտների ուղեցույցների, աուդիտի միջազգային ստանդարտների, դրանց փոփոխությունների՝ կառավարության սահմանած կարգով հայերեն թարգմանությունների ապահովումն ու հրապարակումը,
դ. հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի, այդ թվում՝ ստանդարտների, հաշվային պլանի, ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթի, հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելի, սկզբնական հաշվառման փաստաթղթերի ու գրանցամատյանների օրինակելի ձևերի և այլ իրավական ակտերի մշակումն ու հաստատումը,
ե. աուդիտորներին որակավորման վկայականի տրամադրումը, մասնագիտացված կառույցների հավատարմագրման գործընթացի իրականացումը,
զ. հաշվապահների (այդ թվում` հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների) քննությունների կազմակերպումը և որակավորման շնորհումը,
է. հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ապահովումը,
ը. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ բանկերի հաշվապահական հաշվառման վարման կարգի սահմանումը,
թ. հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկումը և արդյունքների վերլուծությունը․
9) թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում`
ա. պետական պահուստների հաշվառումը և կառավարումը,
բ. պետական պահուստների կառավարման քաղաքականության մշակումը և մշտադիտարկումը,
գ. գանձարան մուտքագրվող իրերի փորձաքննությունը, որակական գնահատման ապահովումը և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումները,
դ. հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումը.
10) ֆինանսական շուկայի զարգացման ծրագրերի մշակումը` ներառյալ այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը.
11) նախարարությանը վերապահված լիցենզավորման և ծանուցման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորումը և հաշվառումը, դրանից բխող գործառույթների իրականացման ապահովումը, այդ թվում՝ իրավական ակտերի մշակումը․
12) խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում`
ա. խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը,
բ. խաղային բնագավառում փողերի լվացման դեմ պայքարը կարգավորող օրենսդրության մշակման աշխատանքների, դրա շրջանակում փողերի լվացման դեմ պայքարի բնագավառում միջազգային համագործակցության ընդլայնման ու կատարելագործման աշխատանքների իրականացումը.
13) միջազգային համագործակցության ոլորտում`
ա. մակրոտնտեսական, հարկաբյուջետային ու պետական պարտքի քաղաքականությունների շրջանակում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող վարկերի ու դրամաշնորհների ստացման համակարգումը, ինչպես նաև միջազգային ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության ապահովումը,
բ. միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին եզրակացությունների տրամադրումը,
գ. միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման ֆինանսական հետևանքների վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը,
դ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակված ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին իրականացվելիք և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման ապահովումը.
14) պետական սեփականության (հանրային ակտիվների) կառավարման ոլորտում`
ա. առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ բանկերի կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառման, պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգումը, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը,
բ. լուծարված առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի, ինչպես նաև լուծարված ոչ առևտրային կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային արժեթղթերի) կառավարումը (գանձումը, պահանջի իրավունքի փոխանցումը),
գ. կառավարության լիազորությամբ Հայաստանի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,
դ. մասնակցությունը պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և քաղաքականության մշակմանը,
ե. պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության կենտրոնացված մշտադիտարկումը, միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը և տվյալների հրապարակումը, տարեկան գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ կառավարություն ամփոփ հաշվետվություն ներկայացնելը.
15) պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`
ա. նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,
բ. պայմանագրային կամ այլ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Հայաստանի Հանրապետությունից գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական մարմնի կամ հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ որպես երրորդ անձ ներգրավվելը, ինչպես նաև պետության այլ գույքային շահերի պաշտպանությունը,
գ. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետությանը ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող կամ որպես երրորդ անձ հանդես գալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից հատուցման դեպքում (ներառյալ դատական ծախսերը) պետության հետադարձ պահանջները գնահատելը և ներկայացնելը,
դ. վարչական դատարան ներկայացվող՝ վարչական մարմինների դեմ հայցադիմումների հաշվառումը, ներկայացվող պահանջների ու վարչական մարմինների վիճարկվող վարքագծի վերլուծությունը և առաջարկներ ներկայացնելը,
ե. մի կողմից` Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը.
16) տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ոլորտում նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի անվտանգության ապահովման նպատակով համապատասխան միջոցառումների իրականացումը.
17) քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության ոլորտում պլանների ու ծրագրերի մշակումը, հիմնական միջոցառումների իրականացումը, նախարարության համակարգի աշխատողների պաշտպանության և զորահավաքային ռեսուրսների հաշվառման, ինչպես նաև համակարգի կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը.
18) պետական պարտքի կառավարման ոլորտում՝
ա. կառավարության պարտքի կառավարման ռազմավարության մշակումը և մշտադիտարկումը,
բ. փոխառությունների տարեկան ծրագրի կազմումը և իրականացումը,
գ. պետական պարտքի հաշվառումը և սպասարկումը,
դ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կանխիկ հոսքերի կանխատեսումը և կառավարումը,
ե. պետական գանձապետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի կազմակերպումը.
19) գնման գործարքների գների որոշման ոլորտում՝
ա. բյուջեների կազմման նպատակով շուկայական գների ուսումնասիրումը և կողմնորոշիչ գների հրապարակումը,
բ. գնման պայմանագրերի գների վերլուծությունը, ռիսկերի վերհանումը և հրապարակումը.
20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:
(11-րդ կետը լրաց. 14.02.19 N 134-Լ)
11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը`
1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
(11.1-ին կետը լրաց. 14.02.19 N 134-Լ)
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
12. Նախարարությունը կառավարում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և նախարարը:
13. Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ՝ վարչապետ)՝
1) հաստատում է նախարարության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կանոնադրության մեջ կատարում փոփոխություններ.
2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.
3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում գործունեության ստուգման արդյունքները:
14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:
15. Նախարարը հաշվետու է կառավարությանը և վարչապետին:
16. Նախարարին անմիջականորեն հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:
18. Նախարարը՝
1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.
2) կառավարում է նախարարությանը ենթակա մարմինը, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպությունը, հիմնարկը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.
3) վարչապետին ներկայացնում է առաջարկություններ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.
4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.
5) իրականացնում է վերահսկողություն նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.
7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.
8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
9) սահմանում է յուրաքանչյուր փոխնախարարի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.
10) իր իրավասության սահմաններում՝ առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
11) նշանակում և ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, օգնականներին, փոխնախարարի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
13) հաստատում է հաստիքացուցակը.
14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում փոխնախարարի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.
19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:
19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջովին իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:
20. Նախարարի տեղակալը՝
1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների սահմաններում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում նրանց կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների սահմաններում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
3) իր համակարգման լիազորությունների սահմաններում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների սահմաններում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջականորեն հաշվետու է նախարարի տեղակալին:
22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում գլխավոր քարտուղարի միջոցով:
23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպման, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցության համար:
24. Գլխավոր քարտուղարին անմիջականորեն հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:
25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:
26. Գլխավոր քարտուղարը՝
1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.
5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության սահմաններին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների սահմաններում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների սահմաններում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների սահմաններում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:
27. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, որը նրան փոխարինում է բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջականորեն հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է վարչապետը:
28. Նախարարի խորհրդականը՝
1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագրերը.
2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների ու իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) նախարարի հանձնարարությամբ` մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
4) նախարարի հրամանով` կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
5) նախարարի հանձնարարությամբ` հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
6) նախարարի հանձնարարությամբ` կարող է կազմակերպել քաղաքացիների և առանձին կազմակերպությունների ներկայացուցիչների ընդունելություն.
7) կարող է ընդգրկվել միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում․
8) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ։
29. Նախարարի մամուլի քարտուղարը՝
1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.
4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
5) նախարարի հանձնարարությամբ` հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ։
30. Նախարարի օգնականը՝
1) հաշվետու է անմիջապես նախարարին.
2) համագործակցում է նախարարության ստորաբաժանումների, ստորաբաժանումների ղեկավարների հետ և նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական ու վերլուծական նյութեր.
3) նախարարին ներկայացնում է առաջարկություններ ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
4) նախարարի հանձնարարությամբ` մասնակցում է միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներին և քննարկումներին.
5) նախարարի հանձնարարությամբ` մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
6) նախարարի հանձնարարությամբ` հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
7) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.
8) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
31. Նախարարի տեղակալի օգնականը՝
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարի տեղակալին.
2) համագործակցում է նախարարության ստորաբաժանումների հետ և նախարարի տեղակալի համար նախապատրաստում տեղեկատվական ու վերլուծական նյութեր.
3) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված հանձնարարականները։
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) մակրոտնտեսական քաղաքականության վարչություն.
2) հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչություն.
3) եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչություն.
4) բյուջետային գործընթացի կազմակերպման վարչություն.
5) գործառնական վարչություն.
6) ծախսերի ֆինանսավորման վարչություն.
7) պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչություն.
8) բյուջեների կատարման հաշվետվությունների վարչություն.
9) ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչություն.
10) պետական պարտքի կառավարման վարչություն.
11) գնումների քաղաքականության վարչություն.
12) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչություն.
13) միջազգային համագործակցության վարչություն.
14) իրավաբանական վարչություն.
15) (ենթակետն ուժը կորցրել է 14.02.19 N 134-Լ)
16) ֆինանսական վիճակագրության և ռիսկերի վարչություն.
17) ներքին աուդիտի վարչություն.
18) ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման վարչություն.
19) ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության բաժին.
20) «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն.
21) լիցենզավորման, գործունեության ծանուցման և գնահատման գործակալություն:
(32-րդ կետը փոփ. 14.02.19 N 134-Լ)
33. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն.
2) (ենթակետն ուժը կորցրել է 06.06.19 N 710-Լ)
3) անձնակազմի կառավարման վարչություն.
4) (ենթակետն ուժը կորցրել է 06.06.19 N 710-Լ)
5) քարտուղարություն.
6) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին.
7) առաջին բաժին.
8) (ենթակետն ուժը կորցրել է 06.06.19 N 710-Լ)
9) զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին.
10) ծրագրերի իրականացման վարչություն:
(33-րդ կետը լրաց. 14.02.19 N 134-Լ, փոփ. 06.06.19 N 710-Լ)
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
34. Նախարարությանը ենթակա մարմիններն են՝
1) գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
35. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
36. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
37. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է կառավարությունը:
38. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
39. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
40. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ:
41. Հաշվապահական հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը համակարգում և ապահովում է գլխավոր քարտուղարը։
42. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
43. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:
44. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, ով իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:
(հավելվածը լրաց., փոփ. 14.02.19 N 134-Լ, փոփ. 06.06.19 N 710-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |