ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3384/02/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3384/02/15 |
Նախագահող դատավոր՝ Գ. Կարախանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2016 թվականի օգոստոսի 03-ին,
քննարկելով Ասատուր Հարությունյանի ներկայացուցիչ Սամվել Մելիքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2016 թվականի որոշման դեմ,Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ասատուր Հարությունյանը պահանջել է հաստատել իր և Ընկերության միջև 2014 թվականի սեպտեմբեր ամսից աշխատանքային հարաբերությունների ծագման փաստը և պարտավորեցնել Ընկերությանը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել փոխհատուցում միջին աշխատավարձի չափով՝ մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2015 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.01.2016 թվականի որոշմամբ Ասատուր Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.11.2015 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ասատուր Հարությունյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ և 102-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերի հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանցում բացակայում է իրավունքի մասին վեճը, մինչդեռ սույն գործով առկա է եղել վեճ: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ասատուր Հարությունյանը ներկայացրել է ոչ թե իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման դիմում, այլ՝ հայցադիմում, որն ուղղված է եղել կոնկրետ պատասխանողի դեմ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված կարգով Ընկերությունում որոշակի ժամանակահատվածում աշխատելու հանգամանքը ճանաչելու և այդ ժամանակահատվածի հարկադիր պարապուրդի համար վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.01.2016 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հայցային վարույթի և հատուկ վարույթի կարգով գործերի քննության առանձնահատկությունների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հատուկ և հայցային վարույթների առանձնահատկությունների լույսի ներքո հարկ է համարում անդրադառնալ փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու վերաբերյալ գործերով աշխատողի և գործատուի միջև իրավունքի մասին վեճի առկայության խնդրին:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 87-րդ հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը, օրենքով նախատեսված դեպքերում, քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կամ հայց, կամ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: Ըստ այդմ էլ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին: Այսպես, հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատարանի գործողությունը, որը կարգավորվում է քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերով: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են՝
1) կողմի՝ խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն՝ հայց,
2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,
3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով:
Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով՝
1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,
2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,
3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,
4) հատուկ վարույթում չկա նաև հայց:
Այսպիսով հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն՝ հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի՝ ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից (տե՛ս, ըստ դիմումի «Ֆիրմա-ՄՄ» ՍՊԸ-ի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-445(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը)։
Ամփոփելով վերը շարադրված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը քաղաքացիական դատավարության կարգով իրացվում է հայցային և հատուկ վարույթների միջոցով, որոնցից յուրաքանչյուրին բնորոշ են որոշակի առանձնահատկություններ և դրանցով պայմանավորված՝ համապատասխան վարույթի իրականացման հատուկ ընթացակարգ:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված և (կամ) աշխատանքի հարկադրող գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են նման աշխատանք կատարողներին այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատողի մեղքով պատճառված վնասները: Եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմելու դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, ինչպես նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Դատարանի օրինական վճռով գործատուի և աշխատողի միջև փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատումը չի ազատում գործատուին օրենքով սահմանված պատասխանատվությունից:
Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ աշխատանքային իրավահարաբերություններում ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի իրավունքները և օրինական շահերը ենթակա են պաշտպանության: Այսպես, այն դեպքում, երբ աշխատողը գործատուի հետ գտնվում է փաստացի աշխատանքային հարաբերություններում, սակայն գործատուն հրաժարվում է նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր կամ ընդունել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ, ապա օրենսդիրն աշխատողին իրավունք է վերապահել դիմելու դատարան ընդդեմ գործատուի՝ փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու պահանջով: Ընդ որում, նշված պահանջն աշխատողը կարող է ներկայացնել ինչպես փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, այնպես էլ փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը դատական կարգով հաստատելու պահանջների դեպքում աշխատողի և գործատուի միջև ըստ էության ծագում է վեճ իրավունքի մասին: Այսինքն՝ հաստատվող փաստի և այլ անձի (տվյալ դեպքում՝ գործատուի) իրավունքների և պարտականությունների միջև առաջանում է փոխադարձ կապ, և նման փաստի հաստատումն իր հերթին ազդում է այլ անձի (տվյալ դեպքում՝ գործատուի) իրավունքների և պարտականությունների ծավալի վրա, քանի որ փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը դատարանի կողմից հասատատվելուց հետո գործատուի մոտ ծագում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված համապատասխան իրավունքներ և պարտականություններ: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու վերաբերյալ աշխատողի և գործատուի միջև վեճի առկայության դեպքում գործը պետք է հարուցի և քննվի հայցային վարույթի կարգով:
Սույն գործով Ասատուր Հարությունյանը 05.11.2015 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության՝ պահանջելով հաստատել իր և Ընկերության միջև 2014 թվականի սեպտեմբեր ամսից աշխատանքային հարաբերությունների ծագման փաստը և պարտավորեցնել Ընկերությանը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել փոխհատուցում միջին աշխատավարձի չափով՝ մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը (Ասատուր Հարությունյանի հայցի առարկան): Ասատուր Հարությունյանի հայցի փաստական հիմքում ընկած են հետևյալ փաստական հանգամանքները՝ 2014 թվականից հայցվորը փաստացի աշխատանքի է անցել պատասխանող Ընկերությունում և ստացել աշխատավարձ: Հայցվորը բազմիցս դիմել է պատասխանող կողմին՝ խնդրելով իրեն տրամադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտ, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: Հայցի իրավական հիմքում ընկած են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ, 102-րդ հոդվածները (գ.թ. 2-4):
Սույն գործով Դատարանը, հայցադիմումը վերադարձնելով, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում Ասատուր Հարությունյանը պահանջել է հաստատել ծագած աշխատանքային հարաբերությունների փաստը, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված չէ ծագած աշխատանքային հարաբերությունների փաստը հաստատելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը: Ուստի Դատարանն արձանագրել է, որ հայցադիմումում չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, 189-րդ և 192-րդ հոդվածների պահանջները, որպիսի պայմաններում հայցադիմումը ենթակա է վերադարձման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ փաստացի կատարած աշխատանքի և դրա դիմաց վարձատրություն ստանալու ապացույցի առկայության պայմաններում Ասատուր Հարությունյանը զրկված չէր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան աշխատանքային հարաբերությունների փաստը հաստատելու պահանջով դատարան դիմելու հնարավորությունից: Մինչդեռ Ասատուր Հարությունյանն իրար է միացրել հայցային և հատուկ վարույթները՝ պահանջելով հաստատել աշխատանքային հարաբերությունների փաստը, որի քննության կարգը սահմանվում է հատուկ վարույթի գործերի քննության կարգով:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Ուսումնասիրելով սույն գործով ներկայացված` Ասատուր Հարությունյանի հայցադիմումը, մասնավորապես՝ հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կողմերի միջև առկա է իրավունքի մասին վեճ։ Այսպես, ներկայացված հայցադիմումի բովանդակությունից և պահանջից հստակ հետևում է, որ Ասատուր Հարությունյանի կողմից Դատարան է ներկայացվել ոչ թե իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման դիմում, այլ հայցադիմում, որն ուղղված է կոնկրետ պատասխանողի՝ Ընկերության դեմ, վերջինիս նկատմամբ առկա է նյութաիրավական պահանջ: Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ հայցվորը հայցում է փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատում, որն իր բնույթով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ է, քանի որ աշխատանքային օրենսդրության նորմերը դրա հետ կապում են որոշակի իրավական հետևանքների առաջացման հնարավորություն, այդուհանդերձ, տվյալ փաստի հաստատումը կապված է դատարանի ենթակայությանը վերապահված իրավունքի մասին վեճի լուծման հետ, քանի որ հաստատման ենթակա փաստի և սույն գործով պատասխանող Ընկերության իրավունքների և պարտականությունների միջև առկա է փոխադարձ կապ, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստի հաստատումը կարող է իրականացվել միայն հայցային վարույթի կարգով, որպիսի ընթացակարգը պահպանվել է հայցվորի կողմից:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով նյութաիրավական վեճի առկայության և այդ հիմքով հայցադիմում ներկայացնելու պարագայում գործը պետք է քննվի և լուծվի հայցային վարույթի կարգով, որպիսի պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, թե Ասատուր Հարությունյանը զրկված չէր աշխատանքային հարաբերությունների փաստը հաստատելու պահանջով հատուկ վարույթի կարգով դատարան դիմելու հնարավորությունից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, վերադարձնելով Ասատուր Հարությունյանի հայցադիմումը, իսկ Վերաքննիչ դատարանը դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, խախտել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ և 189-րդ հոդվածները՝ սահմանափակելով Ասատուր Հարությունյանի դատական պաշտպանության իրավունքը:
Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2016 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2015 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ`
Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան