ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2018 թվականի N 1230-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1087-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և պետական կառավարման համակարգի մարմինների և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց` օտարերկրյա պետություններ գործուղումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝
1. Հաստատել օտարերկրյա պետություններ գործուղումների կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել գործուղման արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի «Հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների` արտասահման գործուղումների մասին» N 1087-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. սեպտեմբերի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ. սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ
1. Սույն կարգով սահմանվում են պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց՝ օտարերկրյա պետություններ գործուղումների իրականացման գործընթացները:
2. Սույն կարգի 5-րդ կետը չի տարածվում դիվանագիտական ծառայության մարմինների, ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց գործուղումների վրա:
(2-րդ կետը խմբ. 05.06.19 N 707-Ն)
3. Փոխվարչապետի, պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի (բացառությամբ՝ նախարարության ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի), պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների գլխավոր քարտուղարների, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարի, մարզպետի կամ նրա տեղակալի՝ օտարերկրյա պետություն նախատեսվող գործուղման վերաբերյալ վարչապետի որոշման նախագիծը առնվազն 15 օր առաջ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ համաձայնեցված արտաքին գործերի նախարարության, իսկ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին գործուղվելու պարագայում՝ նաև ֆինանսների նախարարության հետ: Գործուղման վերաբերյալ վարչապետի որոշման նախագծին կից ներկայացվում են նաև գործուղման հրավերը, դրա թարգմանությունը, միջոցառման օրակարգը և մասնակցության անհրաժեշտության հիմնավորումը: Հիմնավորման մեջ ներկայացվում է մանրամասն տեղեկատվություն ակնկալվող արդյունքների, ինչպես նաև միջոցառմանը չմասնակցելու պարագայում՝ բացասական ազդեցության մասին: Պատվիրակության գործուղման դեպքում՝ ներկայացվում է պատվիրակության կազմում ընդգրկված յուրաքանչյուր անդամի դերակատարությունը:
(3-րդ կետը լրաց. 05.06.19 N 707-Ն)
4. Պաշտոնատար այլ անձանց՝ օտարերկրյա պետություն գործուղումն իրականացվում է գործուղման մեկնելուց առնվազն 5 օր առաջ արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնելուց հետո՝ տվյալ մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտի հիման վրա:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց՝ օտարերկրյա պետություն գործուղումը պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացնելու պարագայում կիրառվում են սույն կարգի 3-րդ կետի պահանջները:
6. Սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերով նշված դեպքերում գործուղումն իրականացվում է վարչապետի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: Բացառիկ դեպքերում (վարչապետի ցուցման կամ գործուղման վերաբերյալ հրավերն ուշ ստանալու դեպքում)՝ գործուղումն իրականացվում է վարչապետի կողմից բանավոր համաձայնության պարագայում՝ նախքան համապատասխան որոշման ընդունումը:
7. Վարչապետի աշխատակազմը գործուղման վերաբերյալ որոշման նախագծի փաթեթը նախապատրաստում և ներկայացնում է վարչապետի հաստատմանը: Վարչապետի կողմից գործուղումը ոչ նպատակահարմար համարվելու դեպքում՝ գրավոր տեղեկացնում է համապատասխան մարմնի ղեկավարին:
8. Սույն կարգի 3-րդ կետում նշված կարծիքները արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունները համապատասխան մարմնին են տրամադրում եռօրյա ժամկետում:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվող՝ վարչապետի որոշման նախագծերում պաշտոնական գործուղումների համար նախատեսվում է ոչ ավելի, քան 3 օր, հեռավոր երկրների կամ առանձին բացառիկ դեպքերում՝ 5 օր:
10. Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ վարչապետի որոշմամբ գործուղվելու դեպքում՝ նաև վարչապետի աշխատակազմ է ներկայացվում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն N 2 հավելվածի:
11. Վարչապետի աշխատակազմը եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am կայքէջի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնում հրապարակում է վարչապետի աշխատակազմ ներկայացված հաշվետվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունը պարունակում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ:
12. Սույն կարգի 11-րդ կետում նշված՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակելու դեպքում՝ ներկայացնողի կողմից հաշվետվության առաջին էջի վերևի մասի աջ անկյունում պարտադիր նշվում է «Հրապարակման ենթակա չէ» գրառումը:
(հավելվածը խմբ., լրաց. 05.06.19 N 707-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թ. սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման |
Օրինակելի ձև
-----------------------
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. |
Անունը, ազգանունը. |
2. |
Զբաղեցրած պաշտոնը. |
3. |
Գործուղման վայրը և ժամկետները. |
4. |
Հրավիրող կողմը. |
5. |
Գործուղման նպատակը (աշխատանքային ո՞ր խնդրի լուծման համար էր նախատեսված գործուղումը). |
6. |
Քննարկված թեմաները. |
7. |
Հանդիպումները, ելույթները, բարձրացված կամ քննարկված հարցերը. |
8. |
Հանդիպման կամ հավաքի ժամանակ ընդունված որոշումները, պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը. |
9. |
Առաջարկությունները, դրանց ընթացք տալու վերաբերյալ առաջարկները՝ եղանակը, ձևը, ժամկետները, պատասխանատուները, ակնկալվող արդյունքները. |
10. |
Ստորագրությունը, ամսաթիվը: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |