ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0452/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0452/02/09 |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2010 թվականի հունվարի 13-ին
քննարկելով ըստ հայցի Վերա Ազիզյանի ընդդեմ Նունե Սարգսյանի՝ գումարի բռնագանձման և վնասի հատուցման պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2009 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ Վերա Ազիզյանի ներկայացուցիչներ Նարինե Ճաղարյանի և Մերի Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.09.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճռի դեմ Նունե Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ դատարանի 13.11.2009 թվականի որոշմամբ Նունե Սարգսյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանի միջնորդությունը բավարարվել է՝ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վերա Ազիզյանի ներկայացուցիչները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նունե Սարգսյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե ինչու է անհնարին սույն քաղաքացիական գործի քննությունը մինչև ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչի 02.11.2009 թվականի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով որոշում կայացնելը: Նկատի ունենալով, որ նշված որոշմամբ հարուցված քրեական գործը որևէ փոխադարձ կապ չունի Վերաքննիչ դատարանում քննվող գործի հետ, ուստի առկա չէ սույն գործի քննության անհնարինության հիմքը մինչև քրեական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նունե Սարգսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի վճռի՝ որպես իրավաբանական ծախս 100.000 ՀՀ դրամ վնասի հատուցում բռնագանձելու մասով: Հետևաբար, հարուցված քրեական գործը չի խոչընդոտում Վերաքննիչ դատարանին այդ մասով գործի քննությունն իրականացնելու գործընթացին:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 13.11.2009 թվականի որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Անհիմն է վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Վերա Ազիզյանի կողմից գումարի բռնագանձման և վնասի հատուցման պահանջով ներկայացված հայցի և հարուցված քրեական գործի միջև առկա չէ փոխադարձ կապ, քանի որ գումարի բռնագանձման և վնասի հատուցման պահանջների վերաբերյալ սույն գործի և հարուցված քրեական գործի միջև առկա է ուղղակի և անմիջական փոխադարձ կապ, այլապես քրեական գործ չէր հարուցվի:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:
Վերը նշված օրինադրույթների իմաստով դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին ենթակետի հիման վրա, գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը:
Վճռաբեկ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետից, որի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը, որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Տվյալ դեպքում Նունե Սարգսյանի ներկայացուցիչը Վերաքննիչ դատարան ներկայացնելով ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչի 02.11.2009 թվականի որոշումը՝ Հովհաննես Մատնիշյանի և Նունե Սարգսյանի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական գործ հարուցելու մասին, միջնորդել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի հիմքով կասեցնել սույն գործի վարույթը՝ մինչև քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում կայացնելը: Վերաքննիչ դատարանը կասեցրել է քաղաքացիական գործի վարույթը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհնարին է գործի քննությունը մինչև ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչի 02.11.2009 թվականի որոշմամբ հարուցված քրեական գործով որոշում կայացնելը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի նշել այն շարժառիթները, որոնց հիման վրա հանգել է հետևության այն մասին, որ վերոնշյալ քրեական գործով որոշում կայացնելն անհնարին է դարձնում Վերա Ազիզյանի՝ պարտավորագրով նախատեսված գումարը Նունե Սարգսյանից բռնագանձելու և վնասը հատուցելու պահանջների մասին սույն քաղաքացիական գործի քննությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչի 02.11.2009 թվականի որոշմամբ հարուցված քրեական գործի քննությունն անհնարին չի դարձնում սույն գործի քննությունը, հետևաբար բացակայում է սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2009 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |