Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.272
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.12.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
04.12.2009
Дата вступления в силу
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0131/05/09

վարչական գործ թիվ ՎԴ2/0131/05/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 25.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ Կոմիտեի Մարտունու տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Զավեն Զիրոյանի՝ 551.300 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Զավեն Զիրոյանից 551.300 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Զավեն Զիրոյանից բռնագանձել 475.830 ՀՀ դրամ, որից որպես ապառք՝ 178.100 ՀՀ դրամ, տույժ՝ 125.000 ՀՀ դրամ, տուգանք՝ 163.400 ՀՀ դրամ, ինչպես նաև հայցի բավարարված մասի նկատմամբ համամասնորեն բաշխված նախապես վճարված պետական տուրք՝ 9.330 ՀՀ դրամ: Հայցը՝ 84.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, ստուգելով ավելացված արժեքի հարկի գծով Տեսչության կատարած հաշվարկները, եկել է այն եզրահանգման, որ դրանք համապատասխանում են օրենքի պահանջներին, բացառությամբ 2005 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակների համար Զավեն Զիրոյանի նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունների գումարի: Դատարանը նման եզրահանգման համար որպես իրավական հիմք է ընդունել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի 1-ին մասը, մինչդեռ, Դատարանի եզրահանգումը հակասում է նմանատիպ փաստական հանգամանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1150(ՏԴ) որոշմանը:

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Զավեն Զիրոյանի պարտավորությունները հայտնաբերվել են 2005 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ 21.07.2005 թվականին, իսկ 2005 թվականի 3-րդ եռամսյակի համար՝ 21.10.2005 թվականին, այլ ոչ թե 2009 թվականին:

Բացի այդ, հայցի առարկան ոչ թե անհատ ձեռնարկատեր Զավեն Զիրոյանի կատարած խախտման փաստի հայտնաբերումն է, այլ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «դ» ենթակետի, 23-րդ և 24-րդ հոդվածների պահանջների չկատարման արդյունքում պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունն է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 25.06.2009 թվականի վճռի՝ հայցի մերժման մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության «Հարկային պարտավորությունների վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ 12.02.2009 թվականի դրությամբ Զավեն Զիրոյանի պարտավորությունները կազմում են 511.300 ՀՀ դրամ, այդ թվում՝ ավելացված արժեքի հարկի գծով՝ 377.700 ՀՀ դրամ, որից հարկ՝ 207.700 ՀՀ դրամ, տույժ՝ 131.900 ՀՀ դրամ, տուգանք՝ 38.100 ՀՀ դրամ (գ.թ. 4):

2) Նշված տեղեկանքի համաձայն՝ ավելացված արժեքի հարկի գծով Զավեն Զիրոյանի պարտավորության առաջացման հիմքերն են 2005 թվականի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 2006 թվականի 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակների համար ներկայացված հաշվետվությունները (գ.թ. 4):

3) 2005 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակների համար Զավեն Զիրոյանի պարտավորությունն ավելացված արժեքի հարկի գծով կազմում է 84.800 ՀՀ դրամ, որից հարկ՝ 54.800 ՀՀ դրամ, տույժ՝ 30.000 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ նույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը՝ բացառությամբ նույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի: Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ ԱԱՀ վճարողները նույն օրենքի 32 հոդվածով սահմանված ժամկետներում իրենց գրանցման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկներ՝ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն՝ հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ հարկատուի մոտ հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինիս կողմից թույլ տրված հարկային օրենսդրության խախտումը դրան հաջորդող երեք տարիների ընթացքում հարկային մարմնի կողմից չի հայտնաբերվել (տե՛ս, Շահումյանի հարկային տեսչություն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի՝ 4.955.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1150 (ՏԴ)/2007 որոշումը):

Սույն գործի փաստերից հետևում է, որ Զավեն Զիրոյանը Տեսչություն է ներկայացրել ավելացված արժեքի հարկի 2005 թվականի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 2006 թվականի 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակների համար հաշվետվությունները: Նշված հաշվետվությունների հիման վրա Տեսչությունը հաշվարկել է ավելացված արժեքի հարկը՝ միաժամանակ կատարելով ավելացված արժեքի հարկի գծով տույժի հաշվարկ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ տույժի հաշվարկը բավարար հիմք է արձանագրելու համար, որ Զավեն Զիրոյանի կողմից թույլ տրված խախտումը Տեսչության կողմից հայտնաբերվել է դեռևս 2005 թվականին, այսինքն՝ Տեսչությունը պատշաճ կերպով իրականացրել է հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու՝ օրենքով նախատեսված պարտավորությունը: Մինչդեռ, Դատարանը, մերժելով հայցը (բողոքարկված մասով), անտեսել է այն հանգամանքը, որ ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի խախտման փաստը Տեսչության կողմից հայտնաբերվել է 2005 թվականին:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 25.06.2009 թվականի վճռի՝ հայցը մերժելու մասը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մարտունու տարածքային հարկային տեսչության հայցը բավարարել՝ անհատ ձեռնարկատեր Զավեն Զիրոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 84.800 ՀՀ դրամ, որից ավելացված արժեքի հարկի գծով ապառք՝ 54.800 ՀՀ դրամ, տույժ՝ 30.000 ՀՀ դրամ:

2. Անհատ ձեռնարկատեր Զավեն Զիրոյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 1.696 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի և 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան