Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
5 մայիսի 2016 թվականի N 17
15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի նիստի N 17 |
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի (գնաճի հաշվետվության) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են Հայաստանի Հանրապետության կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: Այդուհանդերձ, կցանկանայինք անդրադառնալ Ծրագրի առանձին հատվածներում ներկայացված որոշ գնահատականների և դրանցից բխող դրամավարկային քաղաքականությամբ նախանշվող ուղղություններին` դիտարկելով վերջինս հարկաբյուջետային քաղաքականության հետ կոորդինացման և մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացման շրջանակներում:
«2.2 Համախառն առաջարկ և համախառն պահանջարկ» բաժնի «Համախառն առաջարկ» ենթաբաժնում նշված է «Կանխատեսվող հորիզոնում ներքին պահանջարկի աստիճանաբար վերականգնման և զբոսաշրջության սպասվող աճի պայմաններում ակնկալվում է ծառայությունների աճի արագացում և կայունացում 2.5-3.5% միջակայքում:» (էջ 12): Այս առումով գտնում ենք, որ զբոսաշրջության աճով պայմանավորված ծառայությունների աճի արագացման կանխատեսումը հավակնոտ է և անհրաժեշտ է նշել, թե ինչով է պայմանավորված զբոսաշրջության սպասվող աճը, քանի որ 2015 թվականին (անգամ ցեղասպանության 100-ամյակի հետ կապված) 2014 թվականի նկատմամբ զբոսաշրջիկների թիվը նվազել է 1%-ով, իսկ զբոսաշրջային գործակալությունների գործունեության մասով մատուցված ծառայությունները նվազել են 21%-ով:
«Համախառն առաջարկ» ենթաբաժնում ներկայացված է. «Գյուղատնտեսության ճյուղում ավելացված արժեքի կանխատեսումները նախորդ կանխատեսումների համեմատ ճշգրտվել են փոքր-ինչ աճի ուղղությամբ: Վերանայման համար հիմք են ծառայել չորրորդ եռամսյակում անասնապահության սպասվածի համեմատ ավելի բարձր աճը, ինչպես նաև ոլորտում նկատվող արտահանման ներուժի ավելացումը: Արդյունքում, ճյուղի ավելացված արժեքի իրական աճը 2016 թվականին կկազմի 4.2-5.0%:» (էջ 12): Նշված հատվածի կապակցությամբ կարծում ենք, որ գյուղատնտեսության աճի կանխատեսումները փոքր-ինչ գերագնահատված են: Այսպես. 2015 թվականին աշնանացանի աճը կազմել է 1.3%, իսկ անասնաբուծության աճը, որի վրա դրվում է հիմնական շեշտը, 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2.0%, ինչը նշանակում է, որ էքստենսիվ գործոնի հաշվին գյուղատնտեսության աճը՝ նշված 4-5% կազմելու փոքր հավանականություն ունի, իսկ ինտենսիվ գործոնի ազդեցությամբ գյուղատնտեսության աճ կանխատեսելը նախորդ տարվա բարձր բազայի և ընթացիկ տարում որոշ բնակլիմայական անբարենպաստ զարգացումների պայմաններում՝ իրատեսական չէ:
«Համախառն պահանջարկ» ենթաբաժնում ներկայացված է, որ ցածր ներքին պահանջարկը կնպաստի տնտեսությունում խնայողությունների և ներդրումների միջև բացասական ճեղքվածքի կրճատմանը, իսկ այդ գործընթացն էլ ազատ լողացող փոխարժեքի պայմաններում բարձրացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության արտահանելի հատվածի մրցունակությունը (էջ 14), իսկ «1. Համառոտագիր» բաժնում ներկայացվում է, որ ցածր գնաճը կնպաստի արտաքին մրցունակության վերականգնմանը (էջ 7): Նշվածների կապակցությամբ նշենք, որ ինչպես ցույց են տալիս 2015 թվականի և 2016 թվականի առաջին եռամսյակի զարգացումները, ցածր գնաճը նպաստել է մրցունակության վերականգնմանը, բայց ամբողջությամբ չի չեզոքացրել գործընկեր երկրների շարունակվող արժեզրկումը Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ, որի մասին է վկայում նաև իրական արդյունավետ փոխարժեքի արժևորումը:
«1. Համառոտագիր» բաժնում ՀՀ ԿԲ-ն կարևորում է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը: Այսինքն` պահպանվող ցածր գնաճային միջավայրում և էական գնաճային ռիսկերի բացակայության պարագայում ՀՀ ԿԲ-ն ձեռնպահ է մնում դրամավարկային պայմանների առավել մեծ չափով թուլացումից` այն պայմանավորելով միայն համեմատաբար բարձր գնաճային սպասումներով (էջ 7): Այստեղ պետք է նկատել, որ առաջացել են նաև գնաճի ծրագրված ցուցանիշից նվազման ուղղությամբ շեղման նոր ռիսկեր, մասնավորապես, գազի գնի հնարավոր նվազումը և ԿԲ-ն իր ապագա գործողություններում պետք է հաշվի առնի վերոնշյալ հանգամանքները:
Ելնելով վերոշարադրյալից` կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԿԲ 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում նկարագրված իրական հատվածի ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտների զարգացումներն ունեն որոշակի հավակնոտություն, իսկ ցածր գնաճի նպատակադրման միջոցով ներկայացվում է, որ մի կողմից` հնարավոր կլինի նվազեցնել գնաճային սպասումները, իսկ մյուս կողմից` կբարձրանա երկրի արտաքին մրցունակությունը, իրեն հաջորդող դրական հետևանքներով: Այսինքն` ՀՀ ԿԲ 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմնական ուղղությունը հանգում է 2016 թվականի համար ցածր գնաճ խարսխելով գնաճային սպասումները նվազեցնելուն:
Ամփոփելով նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ՀՀ ԿԲ-ի կողմից ընդունված գնաճի եկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշ, ինչը երկարաժամկետ հատվածում կկայունացնի նաև գնաճային սպասումները և կնպաստի ներդրումների ու բարեկեցության աճին: Այս կապակցությամբ գտնում ենք, որ ՀՀ ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության ծրագրերում պետք է շարունակի հետամուտ լինել գների կայունության ապահովմանը և նկարագրի դրամավարկային պայմանների այնպիսի գործիքներ, քայլեր և հաճախականություն, որոնք ուղղված կլինեն թե՛ կարճաժամկետ, և թե՛ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակից շեղման ռիսկերի չեզոքացմանը:
