ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2014 թվականի N 626-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 873-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին ու 18-րդ հոդվածի 6-րդ մասերի և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին ու 13-րդ հոդվածի 6-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, աշխատակարգը, անդամների թվաքանակը և անդամներին ներկայացվող չափանիշները, հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 873-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը փոխարինել «վերադաս հարկային և վերադաս մաքսային մարմիններ» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) թեստավորման փուլի ավարտից հետո ընդունում է որոշում հարցազրույցի անցկացման օրվա (օրերի) նշանակման մասին.».
3) որոշման N 3 հավելվածի`
ա. 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) անձնագրի և սոցիալական քարտի (հանրային ծառայության համարանիշի) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի պատճենը:»,
բ. 76-րդ, 77-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«76. Հանձնաժողովի անդամները գնահատումն իրականացնում են հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշի վրա, որում նշվում են մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը: Ձևանմուշներն ստորագրվում և կնքվում են հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատված ձևանմուշը գցում է դրա համար նախատեսված՝ կնքված արկղի մեջ:
77. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույցի անցկացումից հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ: Հանձնաժողովի նախագահը բացում է ձևանմուշների համար նախատեսված արկղը և մեկ առ մեկ հայտարարում յուրաքանչյուր ձևանմուշում տրված գնահատականը, այդ թվում` մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը, հանձնաժողովի անդամի կողմից մասնակցին տրված գնահատման միավորների մեծությունը և դրա տոկոսային արտահայտությունը: Գնահատականներն անմիջապես արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:
78. Հարցազրույցի գնահատականներն ամփոփելուց հետո` հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը և օրենքով սահմանված կարգով իրականացված քվեարկության արդյունքները` նշելով մասնակցի` մրցույթի հարցազրույցի մասը հաղթահարելու և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու կամ մրցույթի հարցազրույցի մասը չհաղթահարելու և մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:
79. Գնահատականների ամփոփման ժամանակ համարվում է, որ հանձնաժողովի անդամը քվեարկել է կողմ, եթե մասնակցին տրված իր միավորների տոկոսային արտահայտությունը կազմում է առնվազն 75 տոկոս, իսկ 75 տոկոսից ցածր լինելու դեպքում ընդունվում է, որ հանձնաժողովի անդամը քվեարկել է դեմ: Օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից հարկային կամ մաքսային ծառայության տվյալ թափուր պաշտոնում սահմանված կարգով նշանակում կատարվում է այն երեք մասնակիցներից, որոնց թեստավորման և հարցազրույցի մասերում ստացված տոկոսների (հարցազրույցի մասի համար` հաշվարկած քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից տրված տոկոսային մեծությունների միջին թվաբանականով) հանրագումարն առավելագույնն է: Միևնույն առավելագույն տոկոսներ ստանալու դեպքում նշանակումը կատարվում է միևնույն առավելագույն տոկոսներ ստացած` երեքից ավելի մրցույթի մասնակիցներից: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված մասնակիցները գրանցվում են կադրերի ռեզերվում:
80. Եթե մրցույթի հարցազրույցի մասում մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը ներկայացնում է հարկային և մաքսային վերադաս մարմինների ղեկավարին:»,
գ. 86-րդ կետի 3-րդ ենթակետը «ըստ» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մասնակիցների ստացած տոկոսների՝ մեծից փոքր հերթականությամբ:».
4) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետից և N 3 հավելվածի 14-րդ կետից հանել «(այսուհետ՝ ՊԵԿ)» բառերը.
5) որոշման հավելվածներում՝
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» և «ՊԵԿ-ի նախագահ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հարկային և մաքսային վերադաս մարմինների ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնակազմ» և «ՊԵԿ-ի անձնակազմ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հարկային և մաքսային վերադաս մարմինների անձնակազմ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 27 Երևան |