ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 մայիսի 2014 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՐԿՐԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ԵՐԿՐԻ ՀԵՌԱՀԱՐ ԽՈՐԱՉԱՓՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող, զեկուցող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` «Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» 1992 թվականի հոկտեմբերի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 15 ապրիլի 2014թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
«Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» 1992 թվականի հոկտեմբերի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն ստորագրվել է 2012թ. մայիսի 30-ին Աշխաբադում` 1992 թվականի հոկտեմբերի 9-ին ստորագրված` Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին համաձայնագրով հաստատված Կանոնադրությունը նոր խմբագրությամբ շարադրելու նպատակով:
Արձանագրությանը կից ներկայացված է Հավելված, որով նոր խմբագրությամբ շարադրված է Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման միջպետական խորհրդի կանոնադրությունը:
Արձանագրությամբ և նոր խմբագրությամբ Կանոնադրությամբ որոշակի փոփոխությունների են ենթարկվում Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման միջպետական խորհրդի կառուցվածքը, կազմը, գործառույթները, Խորհրդի անդամների իրավունքները և պարտականությունները սահմանող դրույթները:
Կանոնադրության նոր խմբագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունը` որպես ընդունող պետություն ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինը կրի երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում Խորհրդի նիստի անցկացման հետ կապված ֆինանսական ծախսերը (Կանոնադրություն, մաս IV, կետ 5):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` «Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» 1992 թվականի հոկտեմբերի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
13 մայիսի 2014 թ. ՍԴՈ-1150 |