ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0227Ն.24.12.24
24 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 227-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերացնել ներդրումային ֆոնդի կառավարիչների և ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդի փայերի հետ կապված հաշվի օպերատորի ծառայությունների մատուցման խոչընդոտները,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ««Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանում ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, 72-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով։
2. Որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Կանոնակարգի 84-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«84. Կենտրոնական դեպոզիտարիան հաշվի օպերատորի կարգավիճակը շնորհում է միայն սույն կանոնակարգի 83-րդ կետով նախատեսված այն անձանց, որոնք բավարարում են Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված պահանջներին:»:
2) Կանոնակարգը 84.3-րդ կետից հետո լրացնել 84.4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«84.4. Հաշվարկային համակարգի անդամ կարող են լինել նաև ներդրումային ֆոնդի կառավարիչները և ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձինք՝ հաշվի օպերատորի հատուկ սահմանափակմամբ կարգավիճակով (ֆոնդի օպերատոր): Ֆոնդի օպերատորը կարող է մատուցել միայն իր կողմից կառավարվող ներդրումային ֆոնդի փայերի հետ կապված հաշվի օպերատորի ծառայություններ։ Ֆոնդի օպերատորի վրա տարածվում են հաշվի օպերատորին վերաբերող դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով, Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով կամ Կենտրոնական Դեպոզիտարիայի կանոններով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական: