Գլխավոր տեղեկություն
Номер
N 1474-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.09.2020-01.07.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.09.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.09.2020
Дата вступления в силу
20.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

 

10.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1474-Ն

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի, 10.1-ին հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 98.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

10.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1474-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի (այսուհետ՝ պաշտպանվող անձ) նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը, պայմանները, պաշտպանության միջոցների իրականացմանը ներգրավվող մարմինների շրջանակը և պաշտպանության իրականացման հետ կապված այլ հարաբերություններ: Սույն կարգի գործողությունը տարածվում է նաև օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10.1-ին հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցներ իրականացնելու հետ կապված հարաբերությունների վրա, եթե իրավական այլ ակտերով այլ բան նախատեսված չէ:

2. Սույն կարգի դրույթներն իրականացվում են օրինականության, մարդու իրավունքներն ու ազատությունները պահպանելու, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, անկողմնակալության, անաչառության սկզբունքների հիման վրա և իրագործվում են՝ ապահովելով պաշտպանվող անձի անձնական տվյալների և մասնավոր կյանքի գաղտնիությունը:

3. Պաշտպանության իրականացման համար կարող են օգտագործվել բացահայտ և գաղտնի մեթոդներ ու միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4. Պաշտպանության իրականացումը երաշխավորվում է պետության կողմից: Պաշտպանության համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով ոստիկանությանն այդ նպատակով հատկացվող միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

 

2. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

5. Պաշտպանություն իրականացվում է այն դեպքում, երբ պաշտպանվող անձի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը կարող են վտանգվել՝ պայմանավորված անձի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի՝ քրեական դատավարությանը մասնակցելու կամ հանցագործության մասին հաղորդում տալու հանգամանքով, ինչպես նաև օրենքով ուղղակիորեն նախատեսված այլ դեպքերում՝ անձի կարգավիճակով պայմանավորված:

6. Պաշտպանությունն իրականացվում է անձի գրավոր դիմումի հիման վրա կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ:

7. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 98.1-ին հոդվածի 1-ին մասի 3-6-րդ և 8-9-րդ կետերով նախատեսված պաշտպանության միջոցների կատարումը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ապահովում է ոստիկանությունը` իրավասու ստորաբաժանումների միջոցով (այսուհետ` պաշտպանություն իրականացնող մարմին):

8. Օրենսգրքի 98.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված պաշտպանության միջոցը պաշտպանություն իրականացնող մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով։ Օրենսգրքի 98.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված պաշտպանության միջոցը Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերով իրականացնում է պաշտպանություն իրականացնող մարմինը, եթե տվյալ գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների կողմից։

9. Պաշտպանության իրականացման նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին` օրենսգրքով սահմանված կարգով: Պաշտպանության միջոցի տեսակն ընտրելիս հաշվի է առնվում անձի առողջական վիճակը՝ անձի առողջությանը հասցվող հնարավոր վտանգը բացառելու կամ այն նվազագույնի հասցնելու նպատակով:

10. Օրենսգրքի 98.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին որոշմանը կցվում է պաշտպանություն իրականացնելու վերաբերյալ անձի գրավոր համաձայնությունը:

11. Օրենսգրքի 98.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին որոշում կայացնելիս անձի համաձայնությունը պարտադիր չէ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի:

12. Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումն անհապաղ ուղարկվում է պաշտպանություն իրականացնող մարմին:

13. Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշումն ստանալուց հետո պաշտպանություն իրականացնող մարմինը որոշման մեջ առկա տեղեկությունների ու հանգամանքների հիման վրա հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում որոշում է կայացնում պաշտպանության միջոցների իրականացման կազմակերպական և մարտավարական հարցերի վերաբերյալ, որոնք ամրագրվում են պաշտպանության պլանում:

14. Պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից պաշտպանության պլանը կազմելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պաշտպանվող անձին է հանձնվում հրահանգավորման թերթիկ, որում ամրագրվում են ընտրված պաշտպանության միջոցի իրականացման պայմանները, դրա կիրառման դեպքում պաշտպանությունն իրականացնող մարմնի և պաշտպանվող անձի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պաշտպանվող անձի կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում պաշտպանության միջոցների իրականացումը դադարեցնելու մասին նախազգուշացումը:

15. Հրահանգավորման թերթիկը ստորագրվում է պաշտպանությունն իրականացնող մարմնի ներկայացուցչի և պաշտպանվող անձի կողմից` երկու օրինակից, որից մեկը հանձնվում է պաշտպանվող անձին, իսկ մյուսը` պահվում պաշտպանություն իրականացնող մարմնում:

16. Պաշտպանության իրականացման ամբողջ ընթացքում պաշտպանվող անձի տեղաշարժը համաձայնեցվում է պաշտպանություն իրականացնող մարմնի հետ, եթե տեղաշարժն անհրաժեշտ է օրենքով նախատեսված պարտականությունների կամ գործողությունների կատարումն ապահովելու համար:

17. Բոլոր այն դեպքերում, երբ պաշտպանության միջոցների իրականացմանը ներգրավվում են այլ մարմիններ, կազմակերպություններ, անձինք, պաշտպանվող անձի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու նպատակով, պաշտպանություն իրականացնող մարմինը պատասխանատու մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, ներկայացուցիչներին, պաշտպանության միջոցների իրականացմանը ներգրավված այլ անձանց ուղարկում է գրավոր նախազգուշացում (համաձայն սույն հավելվածով սահմանված ձևի)` պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները չհրապարակելու պարտականության և հրապարակելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

18. Այն դեպքերում, երբ պաշտպանության միջոցների իրականացման նպատակով անհրաժեշտ է ծառայության մատուցում, ապա կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր` պաշտպանություն իրականացնող մարմնի և քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նախատեսված ծառայություն մատուցողի միջև:

19. Օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10.1-ին հոդվածով նախատեսված պաշտպանությունն իրականացվում է անձի` պաշտպանություն իրականացնող մարմնին հասցեագրված դիմումի հիման վրա` սույն կարգի 13-18-րդ կետերով սահմանված ընդհանուր պահանջներին համապատասխան, եթե իրավական այլ ակտերով այլ բան նախատեսված չէ:

 

3. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

20. Պաշտպանության ենթակա անձի նկատմամբ պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից կարող են իրականացվել պաշտպանության հետևյալ միջոցներից որևէ մեկը կամ միաժամանակ դրանցից մի քանիսը՝

1) պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը.

2) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը.

3) վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելը.

4) պաշտպանվող անձի՝ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը.

5) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը.

6) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ արտաքինը փոխելը:

21. Օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ պաշտպանությունն իրականացնող մարմնի կողմից կարող են իրականացվել սույն կարգի 20-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված պաշտպանության միջոցները՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով:

22. Պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնություն գործադրելու կամ կյանքից զրկելու վտանգի առկայության դեպքում:

23. Պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման մարտավարությունը որոշվում է պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից:

24. Պաշտպանվող անձի բնակարանը և այլ գույքը պահպանելն իրականացվում է դրա վնասման, ոչնչացման կամ բնակարան ապօրինի մուտք գործելու վտանգի դեպքում` բնակարանի և այլ գույքի, բնակարանում գտնվող անձի նկատմամբ հնարավոր հակաիրավական ոտնձգությունները հայտնաբերելու, կանխելու և խափանելու նպատակով:

25. Պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելու, նրա բնակարանը և այլ գույքը պահպանելու պաշտպանության միջոցի իրականացման նպատակով կարող են փոխվել պաշտպանվող անձի բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը:

26. Պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը կարող է սարքավորվել հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով:

27. Ազդանշանային տեխնիկական միջոցներով կահավորումն իրականացվում է պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից:

28. Հակահրդեհային համակարգերով կահավորումն իրականացվում է համապատասխան կազմակերպությունների կողմից՝ սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

29. Պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելու և վտանգի մասին հայտնելու պաշտպանության միջոցի իրականացման շրջանակներում պաշտպանվող անձի ինքնապաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով նրան կարող են տրամադրվել վտանգի մասին ահազանգման, շարժական ռադիոկապի, բջջային հեռախոսակապի կամ պաշտպանություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու համար նախատեսված այլ սարքավորումներ, ինչպես նաև անհատական պաշտպանության հատուկ միջոցներ (զրահաբաճկոն, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչ, աերոզոլային սարքեր, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 միլիմետր տրամաչափով օդաճնշիչ զենք):

30. Պաշտպանություն իրականացնող մարմինը պաշտպանվող անձին բացատրում և ուսուցանում է վտանգի մասին ահազանգման, կապի և անհատական պաշտպանության հատուկ միջոցների հետ վարվելու, դրանք օգտագործելու և պահպանելու կարգը, ինչպես նաև իրականացնում է հսկողություն նշված միջոցների հետ վարվելու կանոնները պահպանելու նկատմամբ:

31. Վտանգի մասին ահազանգման, կապի և անհատական պաշտպանության հատուկ միջոցները պաշտպանություն իրականացնող մարմնի սեփականությունն են, և պաշտպանվող անձը դրանք ամբողջությամբ վերադարձնում է՝ պաշտպանության տվյալ միջոցի իրականացումը դադարեցվելուց հետո: Վտանգի մասին ահազանգման, կապի և անհատական պաշտպանության հատուկ միջոցները պաշտպանվող անձին տրամադրելիս և վերադարձնելիս կազմվում է համապատասխան արձանագրություն, որում պարտադիր նշվում են տրամադրվող միջոցի տեսակը, քանակը, տրամադրման և վերադարձման օրը, ամիսը, տարեթիվը: Արձանագրությունը ստորագրվում է պաշտպանվող անձի և պաշտպանություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձի կողմից:

32. Վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելու և հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելու պաշտպանության միջոցի իրականացման շրջանակներում պաշտպանվող անձի գրավոր դիմումի հիման վրա կամ նրա գրավոր համաձայնությամբ՝ դատարանի որոշմամբ և օրենսգրքով սահմանված կարգով իրականացվում է նրա հեռախոսային կամ այլ խոսակցությունների գաղտնալսում` պաշտպանություն իրականացնող մարմնի միջոցով: Խոսակցությունների գաղտնալսման ընթացքում կարող է կիրառվել ձայնագրառում` ոստիկանության պետի՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը կանոնակարգող հրամանով սահմանված կարգով:

33. Քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու համար պաշտպանվող անձի փոխադրման անվտանգության ապահովման մարտավարությունը որոշվում է պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից:

34. Պաշտպանվող անձն իր կյանքի և առողջության պաշտպանության նպատակով կարող է ժամանակավոր կամ մշտապես փոխադրվել բնակության այլ վայր:

35. Բնակության այլ վայր փոխադրելն իրականացվում է այն դեպքում, երբ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:

36. Պաշտպանվող անձը ժամանակավոր բնակության վայրում կարող է գտնվել մինչև սպառնացող վտանգի վերանալը: Բնակության նոր վայրում գտնվելու ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, պաշտպանվող անձի շփումները կարող են սահմանափակվել, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ:

37. Պաշտպանություն իրականացնող մարմինը որպես անվտանգ վայր կարող է օգտագործել այդ նպատակի համար ծառայող պետական կամ ոչ պետական կացարանները, աջակցության կենտրոնները, պաշտպանություն իրականացնող մարմնի ծառայողական շինությունները, ինչպես նաև այդ նպատակով վարձակալված բնակելի տարածությունները: Ոչ պետական կացարանները, աջակցության կենտրոնները օգտագործվում են դրանց գործադիր մարմինների համաձայնությամբ: Պաշտպանության ենթակա անձի բնակության վայրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոններին և ապահովված լինի բնակվելու համար անհրաժեշտ գույքով, ինչպես նաև մարդու կենսական շահերն ու կարիքներն ապահովելու համար անհրաժեշտ այլ պայմաններով:

38. Պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելիս աջակցություն է ցուցաբերվում նոր աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրում տեղավորվելու հարցում:

39. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը, արտաքինը փոխելը, այդ թվում՝ պլաստիկ վիրահատությունը, իրականացվում են միայն այն դեպքերում, եթե պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:

40. Ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինումը կարող է կրել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ:

41. Փոխարինման ենթակա ինքնությունը հաստատող փաստաթղթերի ցանկը որոշվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` կախված պաշտպանվող անձին սպառնացող վտանգի աստիճանից և իրադրությունից՝ հաշվի առնելով պաշտպանվող անձի առաջարկությունները:

42. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի` անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, ժամանակավոր ապաստանի վկայականի, կացության քարտի, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի փոխարինումն իրականացվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից` պաշտպանությունն իրականացնող մարմնի կողմից որոշված ժամկետներում: Պաշտպանությունն իրականացնող մարմնի կողմից ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ուղարկվող հանձնարարականին կցվում է պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշման պատճենը:

43. Ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինման դեպքում պաշտպանվող անձը փոխանցում է իր ինքնությունը հաստատող փաստաթղթերը պաշտպանություն իրականացնող մարմնին, որն ապահովում է փոխարինված փաստաթղթերի հաշվառումն ու պահպանությունը տվյալ պաշտպանության միջոցի իրականացման ողջ ժամանակահատվածում:

44. Պաշտպանության միջոցների իրականացումը դադարեցնելու դեպքում ինքնությունը հաստատող փոխարինված փաստաթղթերը 5 աշխատանքային օրվա ընթացքում հետ են վերցվում, ոչնչացվում, վերացվում են փաստաթղթերի տրամադրման բոլոր հիմքերը, այդ թվում` անձնական տվյալների էլեկտրոնային պահոցներում:

45. Սույն կարգի 44-րդ կետով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ կազմվում է ակտ, որը պահվում է պաշտպանություն իրականացնող մարմնում:

46. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինման դեպքում անձի իրավունքների իրացումն ապահովելու նպատակով՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի գրության հիման վրա համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինները և կազմակերպություններն ապահովում են անձի տվյալների փոփոխությունը համապատասխան էլեկտրոնային պահոցներում տվյալ պաշտպանության միջոցի իրականացման ողջ ժամանակահատվածում: Սույն կետում նշված գրությանը կցվում են պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշման և պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող նոր փաստաթղթերի պատճենները:

47. Պաշտպանության միջոցի իրականացումը դադարեցնելու մասին քրեական վարույթ իրականացնող մարմնից տեղեկություն ստանալու դեպքում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմիններն ու կազմակերպությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում են փոխարինված տվյալների վերականգնումը՝ ոչնչացնելով տվյալների փոխարինման բոլոր հիմքերը, այդ թվում` անձնական տվյալների էլեկտրոնային պահոցներում:

48. Պաշտպանվող անձի արտաքինը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում կարող է կատարվել պաշտպանվող անձի արտաքինը փոխելու համար անհրաժեշտ վիրահատություն կամ այլ միջամտություն` տվյալ պաշտպանության միջոցի արդյունավետությունն ապահովող սահմաններում: Պաշտպանության միջոցի իրականացումը դադարեցնելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման առկայության դեպքում պաշտպանվող անձն իրավունք ունի պահանջելու իր նախկին տեսքի վերականգնում պետական միջոցների հաշվին սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանագրով նախատեսված ժամկետում։

49. Պաշտպանությունն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի կողմից պարտականությունների խախտման յուրաքանչյուր դեպքում անհապաղ բանավոր կարգով, իսկ հաջորդող աշխատանքային օրը նաև գրավոր իրազեկում է քրեական վարույթն իրականացնող մարմնին:

50. Պաշտպանության միջոցների իրականացումը դադարեցնելու` օրենսգրքով սահմանված հիմքերի հայտնաբերման դեպքում պաշտպանությունն իրականացնող մարմինն անմիջապես միջնորդություն է ներկայացնում քրեական վարույթն իրականացնող մարմնին` պաշտպանության միջոցների իրականացումը դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև

 

ԳՐԱՎՈՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

 

ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԱՆՁԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 0000000

 

 

_________________

(կազմելու վայրը)

 «___» _____________ 20  թ.

 

Ես` ___________________________________________________________________________________

(կազմակերպության ներկայացուցչի, պաշտոնատար անձի, պաշտպանության միջոցի

_____________________________________________________________________________________,

իրականացմանը ներգրավված անձի Ա.Ա.Հ., պաշտոնը, կոչումը (դասային աստիճանը)

______________________________________________________________________________________

(պաշտպանության միջոց իրականացնող մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ., պաշտոնը,

______________________________________________________________________________ -ի կողմից

կոչումը (դասային աստիճանը)

 

նախազգուշացված եմ պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ տեղեկությունները հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված` առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու համար նախատեսված պատասխանատվության մասին:

 

Նախազգուշացվող անձ`

 ______________________

(ստորագրությունը)

Պաշտպանություն իրականացնող

մարմնի պաշտոնատար անձ`

 ______________________

(ստորագրությունը)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.04.2022, N 560-Ն 01.07.2022, N 1474-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան