ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2010 թվականի N 1334-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հոկտեմբերի 19 |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1334-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը:
2. Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման գործառույթները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
4. Պետական ուսումնական հաստատության արտաքին գնահատումը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` նախարարություն) սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպության կողմից:
5. Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից ընտրված գնահատող կազմակերպության կողմից:
6. Արտաքին գնահատման դրական արդյունքների հիման վրա գնահատող կազմակերպությունն ուսումնական հաստատությանը տալիս է հավաստագիր, որն ուժի մեջ է երեք տարի:
7. Հավաստագրի մեջ նշվում է գնահատման (վարկանիշային) միավորը:
8. Արտաքին գնահատման արդյունքների հիման վրա նախարարությունը հրապարակում է արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:
9. Ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության սահմանած հարցաշարերի հիման վրա, որոնք ներառում են սույն կարգի 20-րդ և 29-րդ կետերով սահմանված չափանիշները, ինչպես նաև գնահատման միավորները:
II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման նպատակն է`
1) հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության միասնականության ապահովմանը, հանրակրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելը.
2) ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության ձևավորումը.
3) շահառուների` սովորողների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), դպրոցի մանկավարժական աշխատողների, նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության աստիճանի բարձրացումը.
4) ուսումնական հաստատությունների հաշվետվողականության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը նպաստելը:
11. Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման խնդիրներն են`
1) կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատումը.
2) հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտների համապատասխանության գնահատումը.
3) ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքների գնահատումը.
4) հանրակրթական ծրագրերի իրականացման, դասավանդման մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության գնահատումը.
5) կրթական ծառայությունների որակի համապատասխանության և կրթական գործընթացի արդյունավետության մասին կրթական գործընթացի մասնակիցներին և հասարակությանն իրազեկումը.
6) ուսումնական հաստատության զարգացման ուղղությունների նախանշման, զարգացման ծրագրերի մշակման, իրականացման գնահատումը.
7) ներքին և արտաքին գնահատման գործընթացին հասարակայնության ներգրավումը.
8) արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցուցանիշների հրապարակումը:
III. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
12. Ներքին գնահատումն ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։
13. Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողները, սովորողները և նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները)։
14. Ներքին գնահատման հաշվետվությունն ուսումնական հաստատության տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, մանկավարժական, ծնողական, աշակերտական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև երկշաբաթյա ժամկետում ապահովում դրա հրապարակումը տվյալ ուսումնական հաստատությունում (տեսանելի տեղում), տեղական և (կամ) հանրապետական մամուլում, նախարարության պաշտոնական կայքում:
15. Ներքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության տնօրենի հրամանի համաձայն ձևավորված հանձնաժողովի կողմից:
16. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ` ուսումնական հաստատության խորհուրդ) առնվազն երկու, մանկավարժական և ծնողական խորհուրդների` ուսումնական հաստատության խորհրդի կազմում չընդգրկված առնվազն մեկական անդամ, տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) առնվազն երկու ներկայացուցիչներ:
17. Տնօրենը հանձնաժողովի նախագահն է և ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը:
18. Հանձնաժողովը հաստատում է իր աշխատակարգը, սահմանում ներքին գնահատում անցկացնելու գործողությունների ծրագիրը:
(18-րդ կետը փոփ. 23.10.14 N 1146-Ն)
19. Ներքին գնահատման արդյունքում հանձնաժողովի նախագահը նախապատրաստում է ներքին գնահատման հաշվետվությունը, որի ձևը, ինչպես նաև ուսումնական հաստատության ներքին գնահատման չափանիշների հաշվարկման մեթոդաբանությունը և հաշվետվության պատրաստման մեթոդական ուղեցույցը հաստատվում են նախարարության կողմից:
(19-րդ կետը փոփ. 23.10.14 N 1146-Ն)
IV. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
20. Ուսումնական հաստատության գործունեության ներքին գնահատման չափանիշներն են`
1) ուսումնական հաստատությունը պահպանում է շենքի և տարածքի անվտանգ շահագործումը.
ա. ուսումնական հաստատության տարածքը ցանկապատված է և անվտանգ է սովորողների ազատ տեղաշարժման համար,
բ. ուսումնական հաստատությունն ունի տարածք՝ մեկուսացված ու հեռացված ավտոճանապարհային գոտուց, աղմուկի, օդի աղտոտման աղբյուրներ հանդիսացող արդյունաբերական կամ այլ օբյեկտներից,
գ. արտակարգ իրավիճակներում հատուկ ծառայությունների մեքենաները կարող են անարգել մոտենալ ուսումնական հաստատության շենքին,
դ. ուսումնական հաստատության տարածքը մաքուր է, իսկ լաբորատորիաներում օգտագործվող այրվող և այլ վտանգավոր նյութերի թափոնները, աղբը կանոնավորապես հավաքվում են հատուկ աղբարկղերում և դուրս են բերվում հաստատության տարածքից,
ե. ուսումնական հաստատության ամբողջ տարածքում պարբերաբար իրականացվում են միջոցառումներ` կրծողների և վտանգավոր միջատների, թափառող շների, կատուների և այլ կենդանիների դեմ.
2) ուսումնական հաստատությունում պահպանված են սովորողների ու աշխատակազմի համար ուսումնական գործընթացի և աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ անվտանգության ու սանիտարահիգիենիկ նորմերը, կազմակերպված են առողջության պահպանման համապատասխան ծառայություններ.
ա. ուսումնական հաստատության շենքը վերանորոգված է,
բ. ուսումնական հաստատության շենքի շահագործումը համապատասխանում է շահագործման անվտանգության նորմերին,
գ. շենքում առկա են դեպի դուրս բացվող պահուստային ելքեր,
դ. ուսումնական հաստատությունն ապահովված է կապի և արտակարգ իրավիճակների ազդարարման համակարգով,
ե. շենքը հարմարեցված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ՝ ԿԱՊԿ) ունեցող սովորողների անվտանգ տեղաշարժ և ուսուցում ապահովող պայմաններին (թեք հարթակներ, լայն դռներ և այլն),
զ. ուսումնական հաստատությունն ապահովված է սարքին վիճակում գտնվող հակահրդեհային անվտանգության լրակազմով, տանիքը պատված է հրակայուն նյութերով,
է. ուսումնական հաստատությունում ոչ կառուցվածքային վտանգներ չկան,
ը. համակարգչային սարքավորումները, հեռուստացույցներն ամուր են տեղադրված և ամրացված են աշխատատեղերին,
թ. անիվներով տեղաշարժվող ծանր իրերն ամրացված են հատակին,
ժ. բաց դարակներից հեռացված են ծաղկամանները, նկարները, դեկորատիվ իրերը,
ժա. ուսումնական հաստատության միջանցքների հատակները սայթաքուն չեն, իսկ եթե ծածկված են ուղեգորգերով, ապա դրանք ամրացված են հատակին,
ժբ. ստորին հարկերի պատուհաններն ունեն շարժական մետաղյա վանդակաճաղեր,
ժգ. ուսումնական հաստատության կահույքը համապատասխանում է անվտանգ կենսագործունեության պահանջներին, ամուր և բարվոք վիճակում է,
ժդ. ուսումնական հաստատությունում մշակված և առկա է սովորողների ու անձնակազմի տարհանման պլան, որում հաշվի են առնված նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները,
ժե. ուսումնական հաստատության նախասրահում, բոլոր հարկերում, դասասենյակներում փակցված են տարհանման պլան-սխեմաները` համապատասխան գունային ցուցասլաքներով,
ժզ. ուսումնական հաստատության տարհանման ուղիներն ազատ են ավելորդ իրերից և արգելափակված չեն ծանր իրերով,
ժէ. ուսումնական հաստատությունում սովորողների թիվը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվներին և հաստատության լիցենզիայով սահմանված սահմանային տեղերին,
ժը. դասասենյակներում նստարանների թիվը և դրանց միջև հեռավորությունը համապատասխանում են առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերին,
ժթ. ուսումնական հաստատության սովորողները «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսումնական դասընթացներն անցկացնում են մարզադահլիճում.
3) ուսումնական հաստատությունն իրականացնում է նպատակային ուսուցողական ծրագրեր, որոնք ուղղված են սովորողների շրջանում անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի կարողությունների ու հմտությունների ձևավորմանը.
ա. ուսումնական հաստատության անձնակազմը և սովորողները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոններին,
բ. ուսումնական հաստատության անձնակազմը և սովորողները տեղեկացված են հաստատությունում առկա անվտանգության միջոցների (էլեկտրական վահանակ, հրշեջ-տեղեկատու, հրշեջ-ծորակ և այլն) գտնվելու տեղերի վերաբերյալ ու տիրապետում են դրանց օգտագործման կանոններին,
գ. հաստատությունում իրականացվում են տեղական վտանգների գնահատման և աղետներին պատրաստվածության վերաբերյալ տարաբնույթ միջոցառումներ,
դ. ուսումնական հաստատությունում առկա է աղետներին պատրաստվածության, քաղաքացիական պաշտպանվածության պլան, և ուսումնական տարվա ընթացքում գործարկվում է պլանը, իրականացվում են վարժանքներ, վարվում է գրանցամատյան,
ե. ուսումնական հաստատությունն ապահովված է լոկալ ջեռուցման անվտանգ համակարգով,
զ. ուսումնական հաստատության բոլոր դասասենյակներում առկա են ջեռուցումն ապահովող մարտկոցներ, և ջեռուցման ամիսներին դասասենյակներում ջերմաստիճանը համապատասխանում է սանիտարահիգիենիկ նորմերին,
է. ուսումնական հաստատության միջանցքները ջեռուցվում են, և միջանցքներում ջերմաստիճանը համապատասխանում է սանիտարահիգիենիկ նորմերին,
ը. ուսումնական հաստատությունն ապահովված է շուրջօրյա հոսող խմելու ջրով,
թ. ուսումնական հաստատության բոլոր հարկերում առկա են առանձնացված վերանորոգված սանհանգույցներ` տղաների և աղջիկների համար,
ժ. ուսումնական հաստատության բոլոր սանհանգույցներն ապահովված են շուրջօրյա հոսող ջրով և հիգիենայի պարագաներով (օճառ, թուղթ և այլն),
ժա. հաշմանդամություն ունեցող անձանց համար կա հարմարեցված սանհանգույց, որի մոտ առկա է հաշմանդամության տարբերանշանը,
ժբ. ուսումնական հաստատությունում առկա է սննդի կետ, որը համապատասխանում է սանիտարահիգիենիկ պայմաններին,
ժգ. ուսումնական հաստատության սննդի կետում փակցված են առողջ սննդակարգի վերաբերյալ համապատասխան պաստառներ,
ժդ. ուսումնական հաստատությունում առկա է բուժկետ, և կարող է տրամադրվել առաջին բուժօգնություն.
4) ուսումնական հաստատությունն իրականացնում է սովորողների ֆիզիկական, հոգևոր, սոցիալական առողջությանը միտված ուսումնադաստիարակչական ծրագրեր և միջոցառումներ.
ա. ուսումնական հաստատությունում իրականացվում են ծրագրեր` ալկոհոլի, ծխախոտի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման դեպքերը կանխարգելելու համար,
բ. ուսումնական հաստատությունում իրականացվում են մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի կանխման կամ դրանց բացահայտման աշխատանքներ,
գ. ուսումնական հաստատությունում գործում են սովորողների նկատմամբ բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեպքերի բացահայտման, դրանց մասին զեկուցման, դրանց կանխարգելման և հանրային քննարկման մեխանիզմներ,
դ. ուսումնական հաստատությունն իրականացնում է երեխայի խնամքի ու դաստիարակության, ընտանիքում ծնողական պարտականությունների նկատմամբ պատասխանատվության բարձրացման, ինչպես նաև բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման բացառման, երեխայի զարգացման համար անվտանգ միջավայրի ձևավորման հարցերի վերաբերյալ ծնողների իրազեկման միջոցառումներ,
ե. ուսումնական հաստատությունում կազմակերպվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումներ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման մասին գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,
զ. ուսումնական հաստատությունն ստեղծում է ուսումնամեթոդական նյութեր և կազմակերպում է միջոցառումներ` ուղղված բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեմ.
5) ուսումնական հաստատությունն ապահովում է սովորողների առաջխաղացումը և բարձր առաջադիմությունը.
ա. սովորողների միջին տարեկան գնահատականները` ըստ կրթական աստիճանների,
բ. գերազանց առաջադիմությամբ սովորողների թիվը և տոկոսը՝ ըստ կրթական աստիճանների,
գ. ցածր առաջադիմությամբ սովորողների թիվը և տոկոսը՝ ըստ կրթական աստիճանների,
դ. ավարտման գործակիցը՝ ըստ կրթական աստիճանների,
ե. երկտարեցիների թիվը և տոկոսը՝ ըստ կրթական աստիճանների,
զ. կրկնուսույցների մոտ պարապող սովորողների թիվը և տոկոսը՝ ըստ կրթական աստիճանների,
է. միասնական քննություններին մասնակիցների թիվը և տոկոսը՝ շրջանավարտների ընդհանուր թվի նկատմամբ,
ը. ավարտական ու միասնական քննություններից անբավարար ստացած շրջանավարտների թիվը և տոկոսը՝ շրջանավարտների ընդհանուր թվի նկատմամբ,
թ. հիմնական դպրոցն ավարտած սովորողներից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատություններ ընդունվածների թիվը և տոկոսը,
ժ. նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատություններ ընդունված 12-րդ դասարանի շրջանավարտների թիվը և տոկոսը,
ժա. հիմնական դպրոցն ավարտած այն սովորողների թիվը և տոկոսը, ովքեր ուսումը շարունակում են ավագ դպրոցներում կամ ավագ դասարաններում,
ժբ. բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված շրջանավարտների թիվը և տոկոսը՝ շրջանավարտների ընդհանուր թվի համեմատ,
ժգ. սովորողների բացակայությունների ընդհանուր թիվը` ժամերով՝ ըստ կրթական աստիճանների,
ժդ. դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված սովորողների թիվը և տոկոսը,
ժե. ուսումնական տարվա ընթացքում տվյալ ուսումնական հաստատությունից այլ հաստատություն տեղափոխված սովորողների թիվը և տոկոսը, այդ թվում՝ այլ հաստատություններ, այլ բնակավայր կամ այլ երկիր ընտանիքի տեղափոխման պատճառով,
ժզ. ուսումնական տարվա ընթացքում ուսումն ընդհատած (անավարտ թողած) սովորողների ընդհանուր թիվը, այդ թվում՝ հիվանդության, անկարողության, ընտանիքի սոցիալական վիճակի, սովորել չցանկանալու և այլ պատճառներով,
ժէ. մարզային, հանրապետական, միջազգային առարկայական օլիմպիադաների ու մարզական, մշակույթի ոլորտում ստեղծագործական և կատարողական մրցույթների մասնակիցների թիվը և տոկոսը՝ հաստատության սովորողների ընդհանուր թվի համեմատ,
ժը. մարզային, հանրապետական, միջազգային առարկայական օլիմպիադաներում ու մարզական, մշակույթի ոլորտում ստեղծագործական և կատարողական մրցույթներում մրցանակներ ստացած սովորողների թիվը և տոկոսը՝ մասնակիցների ընդհանուր թվի համեմատ.
6) ուսումնական հաստատությունն ունի որակյալ ուսուցչական անձնակազմ, և ուսուցիչները տիրապետում են դասավանդման ժամանակակից մեթոդներին.
ա. բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը,
բ. ըստ մասնագիտության դասավանդող ուսուցիչների թիվը և տոկոսը,
գ. տարակարգ ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը,
դ. գիտական կոչում ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը,
ե. նախարարության կողմից երաշխավորված կամ այլ կազմակերպություններում վերջին 3 տարում վերապատրաստում անցած ուսուցիչների թիվը և տոկոսը,
զ. որպես ուսուցիչ վերապատրաստող (դասախոս) վերապատրաստված և վերապատրաստման դասընթացներ վարող ուսուցիչների թիվը և տոկոսը,
է. ուսուցիչների միջին տարիքը,
ը. միջազգային ու հանրապետական պարբերականներում (ամսագրերում) հոդվածներ, մասնագիտական հրապարակումներ, ինչպես նաև դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, գիտամանկավարժական, հեղինակային և այլ աշխատություններ ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը,
թ. դասավանդման աշակերտակենտրոն, մասնակցային, ինտերակտիվ մեթոդներին տիրապետող և դրանք կիրառող ուսուցիչների թիվը և տոկոսը՝ տոկոսային արտահայտությամբ,
ժ. ուսումնական գործընթացում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ, այդ թվում` ինտերնետ կիրառող ուսուցիչների թիվը,
ժա. սովորողներին համակարգիչների կիրառմամբ տնային աշխատանքներ հանձնարարող ուսուցիչների թիվը,
ժբ. ուսուցիչների բացակայությունների ընդհանուր թիվը,
ժգ. ուսումնական տարվա ընթացքում հաստատությունում անցկացվող ցուցադրական բաց դասերի թիվը,
ժդ. ուսումնական տարվա ընթացքում ուսուցիչների փոխադարձ դասալսումների թիվը,
ժե. ուսումնական տարվա ընթացքում հաստատությունից դուրս անցկացվող գործնական պարապմունքների թիվը,
ժզ. նախարարության, ինչպես նաև նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ անցկացվող մրցույթներին մասնակցած ուսուցիչների թիվը և տոկոսը,
ժէ. նախարարության, ինչպես նաև նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ անցկացվող մրցույթներում մրցանակներ ստացած ուսուցիչների թիվը և տոկոսը.
7) ուսումնական հաստատությունում ստեղծված է որակյալ կրթական միջավայր.
ա. ուսումնական հաստատությունն ունի գործող գրադարան, որը հագեցած է ուսումնաօժանդակ գրականությամբ, գույքով և սարքավորումներով: Գրադարանից կանոնավոր կերպով օգտվում են սովորողները, ուսուցիչները և վարչական կազմը,
բ. ուսումնական հաստատությունն ունի ուսումնական լաբորատորիաներ ու կաբինետներ, այդ թվում` քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության, ռազմագիտության, համակարգչային և այլն, ինչպես նաև արհեստանոցներ, մարզադահլիճ, միջոցառումների անցկացման դահլիճ և այլ հատուկ ուսումնական դասասենյակներ (սենյակներ), այդ թվում` արտադպրոցական կրթության և լրացուցիչ կրթական ծրագրերի համար (լուսանկարչական խմբակ, նկարչական խմբակ, երաժշտական խմբակ և այլն), որոնք հագեցած են անհրաժեշտ գույքով, ուսումնական պարագաներով, ուսումնանյութական և ուսումնադիդակտիկ նյութերով.
8) ուսումնական հաստատության մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսները տնօրինվում են արդյունավետ, և հաստատությունը կարողանում է ներգրավել լրացուցիչ միջոցներ.
ա. սովորող - ուսուցիչ հարաբերությունը,
բ. սովորող – սպասարկող - վարչական անձնակազմ հարաբերությունը,
գ. դասարանների միջին խտությունը,
դ. մեկ սովորողի հաշվով հաստատության տարեկան նախահաշիվը,
ե. ուսուցչի միջին աշխատավարձը,
զ. վարչական աշխատողների միջին աշխատավարձը,
է. սպասարկող կազմի միջին աշխատավարձը,
ը. հաստատության տարեկան նախահաշվում արտաբյուջետային միջոցների չափը,
թ. ծնողների կողմից դրամական ներդրումների տարեկան չափը,
ժ. հովանավորչական և դրամաշնորհային միջոցների տարեկան չափը,
ժա. աշխատավարձերի վճարման գծով հաստատության տարեկան ծախսերի չափը,
ժբ. կոմունալ վճարների գծով հաստատության տարեկան ծախսերի չափը,
ժգ. նոր գույքի, այդ թվում` սարքավորումների ձեռքբերման գծով հաստատության տարեկան ծախսերի չափը.
9) ուսումնական հաստատությունում սովորողների և տնօրինության համագործակցությունը, սովորողների մասնակցությունը հաստատության գործունեությանը.
ա. տնօրինությունը խթանում է սովորողների նախաձեռնությունները, օժանդակում դրանց իրագործմանը,
բ. սովորողների մասնակցությունն իրենց վերաբերող խնդրահարույց հարցերի վերաբերյալ տնօրինության կողմից որոշումների ընդունմանը, նման դեպքերի թիվը և մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը,
գ. սովորողների կողմից առաջարկված նոր նախաձեռնությունները և դրանց թիվը, նախաձեռնություններին մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը,
դ. սովորողների կողմից կազմակերպված միջոցառումները և դրանց թիվը, միջոցառումներին մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը,
ե. սովորողների մասնակցությունը հաստատության ներքին կարգապահական կանոնների մշակմանը, մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը,
զ. իրենց հուզող հարցերի վերաբերյալ սովորողների կողմից կազմակերպված համաժողովները, սեմինարները, կլոր սեղանները, քննարկումները, դրանց թիվը և մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը,
է. սովորող - սովորող և սովորող - ուսուցիչ հարաբերություններն ուսումնական հաստատությունում.
10) ուսումնական հաստատությունում գործում է ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան աշակերտական խորհուրդ, որի ներկայացրած առաջարկություններն ամբողջությամբ արտացոլում են սովորողների կարիքները: Ուսումնական հաստատության աշակերտական խորհուրդն իր գործունեությունը կառուցում է փոխադարձ հարգանքի, սովորողների, ծնողների և տնօրինության փոխադարձ վստահության ու աջակցության մթնոլորտում, իրականացնում է հանրօգուտ աշխատանք.
ա. աշակերտական խորհրդի նախաձեռնած քայլերը՝ ուղղված ուսման մեջ կամ այլ հարցերում խնդիրներ ունեցող սովորողներին աջակցելուն,
բ. աշակերտական խորհրդի ձեռնարկած միջոցները` սովորողների միջև ծագած վեճերին և խնդիրներին լուծում տալու նպատակով,
գ. աշակերտական խորհրդի նախաձեռնած միջոցառումները` ներառյալ կազմակերպված շաբաթօրյակները, հաստատության և դպրոցամերձ տարածքի մաքրման աշխատանքները, դրանց հաճախականությունը և մասնակից սովորողների տոկոսը,
դ. աշակերտական խորհրդի գործունեության համապատասխանությունը ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին.
11) ուսումնական հաստատության ծնողական խորհուրդը սերտ համագործակցում է տնօրինության և աշակերտական խորհրդի հետ, նպաստում սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներին.
ա. սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացի վերաբերյալ ծնողական խորհրդի կողմից տնօրինությանը ներկայացված առաջարկությունները, դրանց թիվը և ընդունված առաջարկությունների տոկոսը ներկայացվածի նկատմամբ,
բ. ծնողական խորհրդի կողմից կազմակերպված միջոցառումները (հանդեսներ, հավաքներ, երեկույթներ, էքսկուրսիաներ, ճանաչողական այցեր և այլն), դրանց թիվը, մասնակից ծնողների թիվը և սովորողների տոկոսը,
գ. ծնողական խորհրդի կողմից ուսուցիչներին խրախուսելու, նրանց նկատմամբ կարգապահական կամ այլ տույժեր կիրառելու վերաբերյալ և նմանատիպ առաջարկությունները, դրանց թիվը,
դ. ծնողական խորհրդի հանդիպումների հաճախականությունը և դրանց ընթացքում քննարկված հարցերի շրջանակները,
ե. ծնողական խորհրդի կողմից հաստատության ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներից սովորողներին տրամադրվող աջակցությունը, դրա ձևերը և աջակցություն ստացող սովորողների տոկոսը,
զ. ծնողական և աշակերտական խորհուրդների համագործակցությունը և դրա ձևերը,
է. ուսումնական հաստատության առօրյայից և տեղի ունեցող իրադարձություններից ծնողների տեղեկացվածության աստիճանը,
ը. ծնողների ներգրավվածությունը սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում, ներգրավվածության ձևերը, նման աշխատանքներում ընդգրկված ծնողների տոկոսը,
թ. այն ծնողների տոկոսը, ովքեր օգտվում են http://www.dasaran.am, http://www.ktak.am, http://www.armedu.am, http://forum.armedu.am, http://lib.armedu.am և այլ կրթական կայքերից, ինչպես նաև հաստատության կայքից.
12) ուսումնական հաստատությունն ու համայնքը համագործակցում են, և ուսումնական հաստատությունը վարում է ակտիվ հասարակական կյանք.
ա. ուսումնական հաստատության շենքային պայմանների բարելավման, տարածքի բարեկարգման, ուսումնանյութական բազայի համալրման և այլ աշխատանքներին համայնքի մասնակցությունը, այդ գործում կատարված ներդրումները,
բ. համայնքային հիմնախնդիրների վերաբերյալ սովորողների տեղեկացվածությունը և նրանց մասնակցությունը համայնքի աշխատանքներին, մասնակցության ձևերը, մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը,
գ. ուսումնական հաստատության կողմից համայնքի բնակիչների համար կազմակերպված ու անցկացված միջոցառումները և դրանց թիվը, մասնակից սովորողների տոկոսը և համայնքի ներկայացուցիչների թիվը,
դ. ուսումնական հաստատության կողմից հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված կրթական ծրագրերը, դրանց թիվը և մասնակից սովորողների թիվը՝ ըստ ծրագրերի.
13) ուսումնական հաստատությունում ներառական կրթության և հավասարության ապահովում.
ա. ներառական կրթության զարգացումը որպես նպատակ ամրագրված է հաստատության զարգացման ծրագրում,
բ. ուսումնական հաստատության զարգացման ծրագրում պլանավորված են ներառական կրթության ապահովման համապատասխան միջոցառումներ, այդ թվում` ուսուցիչների վերապատրաստումներ,
գ. ուսումնական հաստատության տնօրենն ունի ներառական կրթության գործընթացի համակարգման լիազորություններով օժտված տեղակալ (կամ այն պատվիրակված է տեղակալներից որևէ մեկին),
դ. ուսումնական հաստատության վեբ կայքում գործում է ներառական կրթության բաժին` ընտանիքի և համայնքի հետ հետադարձ կապի հնարավորությամբ,
ե. ուսումնական հաստատությունն իրականացնում է երեխաների հավասար իրավունքներին, հանդուրժողականությանը նվիրված և նման այլ ուսումնական ծրագրեր.
14) ուսումնական հաստատության աշխատակազմն արդիականացնում է իր գիտելիքներն ու հմտությունները ներառական կրթության ոլորտում.
ա. վերջին հինգ տարում տնօրինությունը մասնակցել է ներառական հաստատությունների կառավարման թեմայով վերապատրաստումների,
բ. ուսումնական հաստատությունն ունի ներառական կրթության թեմաներով վերապատրաստված և վերապատրաստվող ուսուցիչներ, վերջին հինգ տարում ներառական կրթության թեմաներով վերապատրաստում անցած ուսուցիչների թիվը.
15) ուսումնական հաստատությունն ունի ռեսուրսներ` աջակցելու ԿԱՊԿ ունեցող երեխաների սովորելուն, և ուսումնական միջավայրը հարմարեցված է նրանց կարիքներին.
ա. ուսումնական հաստատությունում ամենուրեք (դասասենյակներ, դահլիճներ, գրադարաններ և այլն) տեղաշարժման տարբեր խնդիրներ ունեցող անձանց համար ապահովված է ֆիզիկական մատչելիություն,
բ. ուսումնական հաստատությունն ունի ԿԱՊԿ ունեցող սովորողների հոգեբանամանկավարժական աջակցության թիմ (հատուկ մանկավարժ, սոցիալական աշխատող, հոգեբան, ուսուցչի օգնական և այլն),
գ. ԿԱՊԿ ունեցող սովորողներն ապահովված են դասագրքերով, գրենական պիտույքներով, հարմարանքներով, այլ պարագաներով,
դ. ուսումնական հաստատությունում առկա են ուսումնամեթոդական նյութեր և սարքավորումներ` լսողության ու տեսողության գործառույթի բացակայություն կամ սահմանափակում ունեցող սովորողների համար,
ե. ուսումնական հաստատության դասասենյակների դասավորվածությունն այնպիսին է, որ ԿԱՊԿ ունեցող սովորողները մեկուսացված չեն,
զ. ուսումնական հաստատությունն ունի ռեսուրս-սենյակ` ԿԱՊԿ ունեցող սովորողների համար,
է. ուսումնական հաստատության ռեսուրս-սենյակ այցելող ԿԱՊԿ ունեցող սովորողների թիվը և տոկոսը,
ը. ուսումնական հաստատության ռեսուրս-սենյակ այցելող ԿԱՊԿ ունեցող սովորողների ծնողների (խնամակալների) թիվը,
թ. ուսումնական հաստատությունում հաղթահարված են ներառականությունը խաթարող ֆիզիկական խոչընդոտները (թեքահարթակ, հենակ և այլն),
ժ. ուսումնական հաստատությունում հաղթահարված են ներառականությունը խաթարող սոցիալական խոչընդոտները (վերաբերմունք, կարծրատիպ).
16) ուսուցիչները կարողանում են ուսումնական ծրագիրը, դասի պլանը, ուսուցանման գործընթացը հարմարեցնել ԿԱՊԿ ունեցող երեխաների կարիքներին և մշտապես խրախուսում են նրանց.
ա. անհատական ուսումնական պլանները մշակվում են համաձայն հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի՝ հաշվի առնելով սովորողների կարիքները, ընդունակությունները, հնարավորությունները, ձեռքբերումները և առաջընթացը,
բ. այն ուսուցիչների թիվը, ովքեր ունեն դրական դիրքորոշում ներառական կրթության նկատմամբ,
գ. ուսուցիչները գիտակցում են ներառական կրթության վերաբերյալ կարծրատիպերի առկայությունը, դրանց վերացման անհրաժեշտությունը և ձեռնարկում են համապատասխան քայլեր,
դ. ուսուցիչներն ունեն հավասար վերաբերմունք բոլոր սովորողների նկատմամբ` անկախ նրանց միջև եղած տարբերություններից և նրանց առանձնահատուկ կարիքներից,
ե. ուսուցիչները կարողանում են կարծրատիպեր ամրապնդող վարքագիծ կամ երևույթ հայտնաբերել դասարանում, դպրոցում, ուսումնական նյութերում և նույնիսկ սեփական վարքագծում.
17) ԿԱՊԿ ունեցող երեխաները հավասարապես մասնակցում են դպրոցի և դասի բոլոր գործընթացներին` ըստ իրենց կարողությունների առավելագույն աստիճանի.
ա. ուսումնական հաստատության այն սովորողների թիվը և տոկոսը, ովքեր ունեն ԿԱՊԿ,
բ. ուսումնական հաստատությունից հեռացած (ուսումն անավարտ թողած) ԿԱՊԿ ունեցող սովորողների թիվը և տոկոսը,
գ. ԿԱՊԿ ունեցող սովորողների բացակայությունների տարեկան միջին թիվը` ժամ/սովորող,
դ. արտադասարանական աշխատանքների խմբակներում ներառվող և աշխատանքներին մասնակցող ԿԱՊԿ ունեցող սովորողների թիվը և տոկոսը,
ե. ուսումնական հաստատության աշակերտական խորհրդում ԿԱՊԿ ունեցող սովորողների թիվը.
18) ուսումնական հաստատության սովորողները գիտակցում են ԿԱՊԿ ունեցող իրենց ընկերների նկատմամբ գոյություն ունեցող կարծրատիպերի վերացման անհրաժեշտությունը և օգնում են փոխել դրանք.
ա. ԿԱՊԿ ունեցող սովորողների նկատմամբ հանդուրժողականության ձևավորմանն ուղղված աշակերտական նախաձեռնությունների թիվը և ձևերը,
բ. ուսումնական հաստատության կայքում և (կամ) աշակերտական թերթում ԿԱՊԿ ունեցող երեխաների կամ հաշմանդամության թեմայով սովորողների կողմից պատրաստված նյութերի, հոդվածների, լուսանկարների և այլ հրապարակումների թիվը.
19) ուսումնական հաստատությունում ապահովված է սեռերի և ազգային փոքրամասնությունների երեխաների միջև հավասարությունը.
ա. սեռերի հավասարության գործակիցը,
բ. աշակերտական խորհրդում սեռերի հավասարության գործակիցը,
գ. գերազանց տարեկան առաջադիմություն ունեցող տղաների թվի հարաբերությունը գերազանց տարեկան առաջադիմություն ունեցող աղջիկների թվին,
դ. տարեկան անբավարար գնահատական (գնահատականներ) ունեցող տղաների թվի հարաբերությունը տարեկան անբավարար գնահատական (գնահատականներ) ունեցող աղջիկների թվին,
ե. տղաների տարեկան միջին բացակայությունների թվի հարաբերությունն աղջիկների տարեկան միջին բացակայությունների թվին (ժամերով),
զ. «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից տղաների և աղջիկների տարեկան միջին առաջադիմությունը,
է. ուսումնական հաստատությունում սովորող ազգային փոքրամասնությունների երեխաների թիվը և տոկոսը,
ը. աշակերտական խորհրդի անդամ ազգային փոքրամասնությունների երեխաների թիվը,
թ. ուսումնական հաստատությունում սովորող ազգային փոքրամասնությունների երեխաների միջին տարեկան առաջադիմությունը,
ժ. անվճար դասագրքեր ստացող սովորողների թիվը և տոկոսը,
ժա. անվճար սնունդ ստացող սովորողների թիվը և տոկոսը,
ժբ. սոցիալապես անապահով ընտանիքներից սովորողների համար հաստատության իրականացրած սոցիալական աջակցության ծրագրերը և դրանց թիվը,
ժգ. ուսումնական հաստատության կողմից իրականացված` ներառական կրթությանն առնչվող արտադասարանական միջոցառումների (զրույցներ, կինոնկարների դիտում, քննարկումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, էքսկուրսիաներ և այլն) թիվը՝ ըստ դասարանների:
(20-րդ կետը խմբ. 23.10.14 N 1146-Ն)
V. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
21. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է` նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ:
22. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները:
(22-րդ կետը փոփ. 09.07.20 N 1152-Ն)
23. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվում է սովորողին մատուցվող կրթական ծառայությունների որակի և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտների համապատասխանության հիման վրա:
24. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքն ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:
25. Շրջանավարտների համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին որոշվում է նախարարության կազմակերպած ամփոփիչ ատեստավորման արդյունքներով։
26. Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:
27. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, սովորողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները:
28. Արտաքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության վերջին երեք տարիների գործունեության, ինչպես նաև վերջին երեք տարիների գործունեության ներքին գնահատման արդյունքների հիման վրա:
VI. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
29. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման չափանիշներն են`
1) ուսումնական հաստատության տնօրենի կողմից ներկայացված ներքին գնահատման հաշվետվությունների քննարկման արդյունքում ուսումնական հաստատության զարգացմանն ուղղված որոշումների ընդունումը, դրանց իրականացումը.
2) ուսումնական հաստատության ինքնազարգացմանն ուղղված գործընթացների առկայությունը, դրանց արդյունավետությունը.
3) ուսումնական հաստատության գործունեության բաց և թափանցիկ լինելը.
4) տեղեկատվության համապարփակ ցանցի առկայությունը: Ուսումնական հաստատության կայքի միջոցով ծնողներին և հասարակությանն ուսումնական հաստատության գործունեության մասին տեղեկացումը.
5) համապատասխան նյութական բազա ստեղծելուն, ինչպես նաև եղած նյութատեխնիկական բազան արդյունավետ օգտագործելուն ուղղված ջանքերի ներդրումը.
6) սովորողների գիտելիքների, գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերման, առարկայական ծրագրերի յուրացման, արժեքային համակարգի ձևավորման համար համապատասխան ուսումնանյութական միջավայրի ապահովումը.
7) շրջանավարտների կրթության շարունակականությունը և (կամ) նրանց զբաղվածությունը.
8) ուսումնական հաստատության հեռանկարային զարգացման ծրագրի առկայությունը, իրականացման արդյունավետությունը.
9) ուսումնական հաստատության կառավարմանը, զարգացման հեռանկարային պլանավորմանն ու ծրագրավորմանն ուսուցիչների մասնակցության և մասնագիտական աջակցության ապահովումը.
10) ուսումնական հաստատության խորհրդի, ծնողական, մանկավարժական, աշակերտական խորհուրդների` ուսումնական հաստատության գործունեությանը տված գնահատականը.
11) աշակերտական խորհրդի ձևավորման և աշխատանքների կազմակերպման համար համապատասխան պայմանների ապահովումը (իր սեփական կարծիքն ու համոզմունքներն ազատ արտահայտելու հնարավորությունների ապահովումը).
12) ներքին կարգապահական կանոնների առկայությունը, սահմանված վարքագծի կանոնների պահանջների կատարումը (աշխատողների և սովորողների).
13) ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի բաշխման նպատակային լինելը.
14) ուսումնական հաստատության ձեռնարկատիրական գործունեության, լրացուցիչ կրթական ծառայությունների առկայությունը և արդյունավետությունը.
15) ուսումնական գործընթացի կազմակերպումը, ուսուցման ձևի ընտրության իրավունքի ապահովումը (անհատական ուսուցման կազմակերպման առկայությունը (առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և տնային ուսուցման ձևերով), ճամբարային ուսուցման առկայությունը).
16) ուսումնական, մշակութային, մարզական, առողջարանային և արտադրական բազայից օգտվելու մատչելիությունը.
17) սովորողների շարժի վերլուծության արդյունքները.
18) փոխտնօրենների, մեթոդմիավորումների նախագահների, դասղեկների աշխատանքների համեմատական վերլուծության արդյունքները.
19) դասալսումների քանակը, իրականացնողները, արդյունքները.
20) համապատասխան հետազոտական գործունեության, գիտաժողովների, օլիմպիադաների, ցուցահանդեսների, մրցույթների մասնակցության խթանումը և պայմանների ապահովումը.
21) ուսումնական հաստատության մասնակցությունը միջազգային ծրագրերին, արդյունավետությունը.
22) հանրակրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը:
VII. ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
30. Պետական ուսումնական հաստատությունը գործունեության արտաքին գնահատման հայտը ներկայացնում է նախարարություն` ուսումնական տարին սկսվելուց առնվազն երեք ամիս առաջ:
31. Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո, ուսումնական հաստատություններից ստացված հայտերի հիման վրա, նախարարությունը տասնօրյա ժամկետում կազմում է արտաքին գնահատում իրականացնելու ժամանակացույց (այսուհետ` ժամանակացույց), որը տասնօրյա ժամկետում համաձայնեցնում է գնահատման գործընթացին շահագրգիռ համապատասխան պետական, տարածքային կառավարման և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
32. Համաձայնեցված ժամանակացույցը հաստատվում է նախարարի կողմից, ներառվում գնման առարկայի բնութագրում և 10-օրյա ժամկետում հայտարարվում գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ` սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով:
33. Արտաքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության ֆինանսական միջոցների հաշվին:
34. Գնահատող կազմակերպության կողմից ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման գործընթացում օգտագործվում են կրթության տեսչական մարմնի, գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած` տվյալ ուսումնական հաստատության վերաբերյալ արդյունքները:
(34-րդ կետը փոփ. 09.07.20 N 1152-Ն)
35. Արտաքին գնահատման չափանիշների առնվազն 75 տոկոսին չհամապատասխանելու (չբավարարելու) դեպքում ուսումնական հաստատությանն արտաքին գնահատման հավաստագիր չի տրվում:
36. Արտաքին գնահատման գործընթացը չպետք է խոչընդոտի ուսումնական հաստատության բնականոն գործունեությանը:
37. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման գործընթացի ավարտից հետո գնահատող կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում գործընթացի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն և գնահատվող ուսումնական հաստատության կարծիքը գործընթացի վերաբերյալ:
38. Արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկում ընդգրկված ուսումնական հաստատության վերաբերյալ գնահատող կազմակերպության ներկայացրած հաշվետվությունը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում:
39. Ուսումնական հաստատությունը, բացի սույն կարգով սահմանված արտաքին գնահատման չափանիշներից, կարող է գնահատման ներկայացնել նաև այլ պայմաններ, որոնց գնահատումն իրականացնում է գնահատող կազմակերպությունը` իր կողմից սահմանված մեթոդների հիման վրա:
40. Ուսումնական հաստատությունը նախարարություն է ներկայացնում գնահատող կազմակերպության կողմից սահմանված մեթոդների հիման վրա իրականացված արտաքին գնահատման արդյունքները և գնահատող կազմակերպության սահմանած գնահատման մեթոդները:
Գնահատման գործընթացում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
(հավելվածը փոփ., խմբ. 23.10.14 N 1146-Ն, փոփ. 09.07.20 N 1152-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.07.2020, N 1152-Ն | 14.07.2020, N 1334-Ն | |
23.10.2014, N 1146-Ն | 15.11.2014, N 1334-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|