ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1786-Ա
«ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման ամսաթիվը 10.06.2002 թ., համար՝ 29.210.01973, հասցեն՝ քաղ. Գյումրի, խճուղի 18):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հստակ առաջարկություն տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությունների և ձևաչափի վերաբերյալ.
3) մինչև «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացի ավարտը և սույն կետի 2-րդ ենթակետում նշված ծրագրերի իրականացումն ապահովել Գյումրու տուն-ինտերնատում խնամվողների խնամքի կազմակերպումը տուն-ինտերնատում:
4. Սահմանել որ՝
1) կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, շարժական գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ անշարժ գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.
2) կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքը նույն կետում նշված աշխատանքների ավարտից հետո հնգօրյա ժամկետում անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրով հատկացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 13 Երևան |