ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/2191/05/16 Դատավորներ՝
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/2191/05/16
Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան
Ա. Առաքելյան
Հ. Բեդևյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ |
Ն. Տավարացյանի |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ |
Վ. Ավանեսյանի | ||
|
|
Ա. Բարսեղյանի |
|
|
Մ. Դրմեյանի |
|
|
Գ. Հակոբյանի |
|
|
Ե. Սողոմոնյանի |
2017 թվականի հուլիսի 20-ին
քննարկելով ըստ հայցի Լուսինե Ավագյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 23.02.2016 թվականի թիվ ԱԹ574780 և 25.03.2016 թվականի «Վարչական իրավախախտման գործով գանգատն առանց բավարարման, իսկ որոշումն անփոփոխ թողնելու մասին» թիվ 17-2-5514 որոշումները վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.01.2017 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ծառայության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Լուսինե Ավագյանը պահանջել է վերացնել Ծառայության 23.02.2016 թվականի թիվ ԱԹ574780 և 25.03.2016 թվականի «Վարչական իրավախախտման գործով գանգատն առանց բավարարման, իսկ որոշումն անփոփոխ թողնելու մասին» թիվ 17-2-5514 որոշումները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 28.11.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2017 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ Ծառայության միջնորդությունը մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորի պահանջներն առանձին դիտարկելը և դրանցից յուրաքանչյուրի համար առանձին պետական տուրք պահանջելը չեն բխում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի իրավակարգավորումներից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.01.2017 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վիճարկման հայցում իրավունքի ուժով ներառվող պահանջի համար դատական ծախսերի գանձման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. վիճարկման հայցով դատարան դիմելիս կամ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելիս անհրաժեշտ է արդյո՞ք վճարել պետական տուրք նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջի համար, եթե այդ պահանջն իրավունքի ուժով ներառված է վիճարկման հայցում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի, 8-րդ կետի «բ» ենթակետի և 9-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. հայցադիմումների (...) համար` ոչ գույքային պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` ոչ գույքային բնույթի պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով, դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար` ոչ գույքային բնույթի պահանջի գործերով՝ բազային տուրքի 20-պատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ (...) բազային տուրքի չափ է սահմանվում 1.000 դրամը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ [վերաքննիչ] բողոքին կցվում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը (...)։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ։
Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարության շրջանակներում հայցադիմում ներկայացնելու, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է վճարել պետական տուրք, որի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի 9-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը դատարան ներկայացվող հայցադիմումների, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը որոշելիս ելակետային է համարել հայցապահանջների բնույթը, այսինքն` պետական տուրքի դրույքաչափը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք ներկայացված հայցապահանջը գույքային բնույթի է, թե` ոչ գույքային: Այսպես, ոչ գույքային բնույթի պահանջների հիման վրա հարուցված գործերով դատարան ներկայացվող հայցադիմումների, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը սահմանված է կայուն դրամական միավորների տեսքով, որոնք հաշվարկվում են բազային տուրքի (1.000 ՀՀ դրամ) հիման վրա և գանձվում են յուրաքանչյուր ոչ գույքային պահանջի համար առանձին: Օրինակ՝ երկու ոչ գույքային պահանջի հիման վրա հարուցված վարչական գործով դատարանի վճիռը վերաքննության կարգով ամբողջությամբ բողոքարկելու համար, որպես ընդհանուր կանոն, անհրաժեշտ է վճարել 20.000 ՀՀ դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր ոչ գույքային պահանջի համար 10.000-ական ՀՀ դրամ պետական տուրք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում (տե՛ս, Արթուր Ավթանդիլյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/1707/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական գործի հարուցման հիմք հանդիսացող հայցի առարկան երբեմն կարող է իրավունքի ուժով իր մեջ ներառել այնպիսի հայցապահանջ, որը հայցվորի կողմից չի ներկայացվել դատարան: Այսպես, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք, վիճարկման հայցով դիմելով վարչական դատարան, հայցում են իրենց իրավունքներին ու օրինական շահերին միջամտող վարչական ակտի վերացում: Ընդ որում, եթե նախքան տվյալ վարչական ակտի վիճարկման հայցով վարչական դատարան դիմելն այն բողոքարկվել է նաև վարչական կարգով, ապա ներկայացված հայցն օրենքի ուժով ներառում է նաև այդ վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Փաստորեն, միջամտող վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջն իրավունքի ուժով ներառվում է սկզբնական վարչական ակտի վիճարկման հայցում՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք միջամտող վարչական ակտի վերացման պահանջով դատարան դիմած հայցվորի կողմից այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ ներկայացված է, թե՝ ոչ: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով և այդ բողոքարկման արդյունքում ևս կայացվել է միջամտող վարչական ակտ, ապա սկզբնական միջամտող վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով դատարանը պարտավոր է սկզբնական վարչական ակտի իրավաչափության հարցի հետ մեկտեղ քննել և լուծել նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի իրավաչափության հարցը:
Վերոգրյալ իրավական կարգավորումը համադրելով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ոչ գույքային բնույթի պահանջներով դատարան դիմելու, ինչպես նաև այդպիսի պահանջներով հարուցված գործերի շրջանակներում կայացված դատական ակտերը վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկելու համար սահմանված պետական տուրքի վճարման կառուցակարգի հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկման հայցով դատարան դիմելիս կամ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելիս վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջի՝ որպես ոչ գույքային պահանջի, համար պետական տուրք վճարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այդ պահանջն իրավունքի ուժով ներառված է վիճարկման հայցում՝ անկախ հայցվորի կողմից ներկայացված լինելու կամ չլինելու հանգամանքից:
Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 23.02.2016 թվականի թիվ ԱԹ574780 որոշմամբ Լուսինե Ավագյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 30.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 51)։ Լուսինե Ավագյանը վարչական կարգով բողոքարկել է նշված վարչական ակտը. վարչական բողոքի վերաբերյալ Ծառայությունը 25.03.2016 թվականին ընդունել է թիվ 17-2-5514 որոշումը, որով Լուսինե Ավագյանի դիմումը թողնվել է առանց բավարարման, իսկ Ծառայության 23.02.2016 թվականի թիվ ԱԹ574780 որոշումը թողնվել է անփոփոխ (գ.թ. 6-7)։ Լուսինե Ավագյանը 25.04.2016 թվականին փոստային կապի ծառայության միջոցով դիմել է վարչական դատարան՝ պահանջելով վերացնել Ծառայության 23.02.2016 թվականի թիվ ԱԹ574780 որոշումը և 25.03.2016 թվականի «Վարչական իրավախախտման գործով գանգատն առանց բավարարման, իսկ որոշումն անփոփոխ թողնելու մասին» թիվ 17-2-5514 որոշումը (գ.թ. 2-3, 9)։
Դատարանը 28.11.2016 թվականի վճռով բավարարել է Լուսինե Ավագյանի հայցը՝ Ծառայության 23.02.2016 թվականի թիվ ԱԹ574780 և 25.03.2016 թվականի «Վարչական իրավախախտման գործով գանգատն առանց բավարարման, իսկ որոշումն անփոփոխ թողնելու մասին» թիվ 17-2-5514 որոշումները ճանաչելով անվավեր (գ.թ. 34-36)։
Ծառայությունը Դատարանի նշված վճռի դեմ 28.12.2016 թվականին փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք (ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում ստացվել է 09.01.2017 թվականին): Ծառայությունը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ և միջնորդել է «տարաժամկետել» պետական տուրքի վճարումը՝ պատճառաբանելով, որ գանձապետարանի միջոցով վճարումների փոխանցման հետ կապված առկա են բարդություններ, և անդորրագիրը ստանալուն պես այն կներկայացվի ՀՀ վարչական վերաքննիչ դատարան (գ.թ. 45-46, 52)։ Այնուհետև, Ծառայությունը 30.01.2017 թվականին փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ՝ 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման հանձնարարագիր (գ.թ. 54-56)։
Վերաքննիչ դատարանը 30.01.2017 թվականի որոշմամբ մերժել է պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ Ծառայության միջնորդությունը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վերադարձրել վերջինիս բերած վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ սույն գործը հարուցվել է երկու ոչ գույքային պահանջով, հետևաբար Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 20.000 ՀՀ դրամ: Մինչդեռ Ծառայությունը վերաքննիչ բողոք բերելու համար վճարել է ընդամենը 10.000 ՀՀ դրամ պետական տուրք և ներկայացնելով պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն՝ չի հիմնավորել գույքային դրության պատճառով պետական տուրքի վճարման անհնարինության հանգամանքը, ուստի այդ միջնորդությունը ենթակա է մերժման (գ.թ. 57-60)։
Համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ այն հարուցվել է Լուսինե Ավագյանի վիճարկման հայցի հիման վրա, որը ներառում է ինչպես սկզբնական միջամտող վարչական ակտի՝ Ծառայության 23.02.2016 թվականի թիվ ԱԹ574780 որոշման, այնպես էլ այդ վարչական ակտի բողոքարկման վերաբերյալ կայցված միջամտող վարչական ակտի՝ Ծառայության 25.03.2016 թվականի «Վարչական իրավախախտման գործով գանգատն առանց բավարարման, իսկ որոշումն անփոփոխ թողնելու մասին» թիվ 17-2-5514 որոշման վիճարկման պահանջները: Ընդ որում, Դատարանի վճռով այդ երկու վարչական ակտերն էլ ճանաչվել են անվավեր, և Ծառայությունը վերաքննության կարգով բողոքարկել է Դատարանի վճիռն ամբողջությամբ՝ վճարելով ընդամենը 10.000 ՀՀ դրամ պետական տուրք:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անկախ այն հանգամանքից, որ Լուսինե Ավագյանը ներկայացրել է իր վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի` Ծառայության 25.03.2016 թվականի «Վարչական իրավախախտման գործով գանգատն առանց բավարարման, իսկ որոշումն անփոփոխ թողնելու մասին» թիվ 17-2-5514 որոշման, վիճարկման պահանջ, Դատարանն ամեն դեպքում պարտավոր էր անդրադառնալ նաև այդ վարչական ակտի իրավաչափության հարցին՝ Ծառայության 23.02.2016 թվականի թիվ ԱԹ574780 որոշման վիճարկման հայցի շրջանակներում, ինչը և տեղի է ունեցել: Հետևաբար սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելիս Լուսինե Ավագյանի վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման ոչ գույքային պահանջի համար պետական տուրք վճարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այդ պահանջն իրավունքի ուժով ներառված է վիճարկման հայցում՝ անկախ հայցվորի կողմից ներկայացված լինելու կամ չլինելու հանգամանքից: Այսինքն՝ տվյալ դեպքում Ծառայության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Ծառայությունը սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պարտավոր էր վճարել 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից 30.01.2017 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելուն, ապա Վճռաբեկ դատարանն այդ միջնորդությանն անդրադառնալը համարում է առարկայազուրկ, քանի որ Ծառայությունը 30.01.2017 թվականին փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ՝ 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման հանձնարարագիր:
Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով Ծառայության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա չէր վերադարձման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, քանի որ Ծառայությունը պահպանել է նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 30.01.2017 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.01.2017 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան