ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1485-Լ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպությանը հետևյալ տեղեկատվության տրամադրումը՝
1) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հասանելի համայնքի համար եղանակի կանխատեսման, կարկուտի, գարնանային ցրտահարության գրանցված դեպքերի վերաբերյալ՝ շաբաթական պարբերականությամբ.
2) Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումների և թվաքանակի վերաբերյալ մեկանգամյա ամբողջական տեղեկատվություն, այնուհետև այդ տեղեկատվության մեջ փոփոխության դեպքում դրա մասին ծանուցում:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպությանը գրանցված կարկուտի և գարնանային ցրտահարությունների հետևանքով պատճառված վնասների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 30 Երևան |