ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0250/01/17 ԵԿԴ/0250/01/17
Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. ԱՎԵՏԻՍյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի Ե. Դանիելյանի Լ. Թադևոսյանի ա. պողոսՅԱՆԻ Ս. Օհանյանի Մ. Ավագյանի
քարտուղարությամբ`
2018 թվականի հուլիսի 20-ին |
ք. Երևանում |
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արմեն Ֆրունզիկի Սողոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, Երևանի Կոմիտասի 49/4 շենքի 11-րդ հարկում և Երևան քաղաքի Արմենակյան փողոցի 129 հասցեում գտնվող աշխատասենյակներում ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված արգելքը` մեկ միասնական դիտավորությամբ նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք։
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 6-ի` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ, ի թիվս այլոց, Ա.Սողոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ։
3. Հիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ա.Սողոյանի պաշտպան Հ.Ալումյանը, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ մերժվել է։
4. Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա.Սողոյանի պաշտպան Հ.Ալումյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
4.1. Վճռաբեկ դատարանը 2018 թվականի ապրիլի 18-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Ա.Սողոյանի պաշտպան Հ.Ալումյանի բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին։
5. ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
6. Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Սողոյանի պաշտպան Հ.Ալումյանի բողոքի վերաբերյալ վարույթը վերսկսվել է։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. 2017 թվականի հոկտեմբերի 3-ին Առաջին ատյանի դատարանում ստացվել է ամբաստանյալ Ա.Սողոյանի պաշտպան Հ.Ալումյանի միջնորդությունը, որով վերջինս, ի թիվս այլոց, խնդրել է իրենց մասնակից դարձնել Ա.Սողոյանի խափանման միջոցի հարցի քննությանը, քանի որ այդ կապակցությամբ պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը հիմնավորող մի շարք փաստարկներ1։
8. Առաջին ատյանի դատարանը, 2017 թվականի հոկտեմբերի 6-ի` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ մերժելով պաշտպանի միջնորդությունը, ընդգծել է. «(...) [Ա]յն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ շարունակում են առկա լինել մեղադրյալ Արմեն Ֆրունզիկի Սողոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը, այդ իսկ պատճառով գտնում եմ, որ Արմեն Ֆրունզիկի Սողոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է մնա անփոփոխ, քանի որ չի վերացել նշված խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը (...)»2:
9. Վերաքննիչ դատարանը, մերժելով պաշտպանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է. «(…) [Հ]աշվի առնելով ամբաստանյալին մեղսագրվող հակաօրինական արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, այդ արարքի համար ՀՀ քրեական օրենքով հնարավոր սպառնացող պատժի խստությունը, ինչպես նաև քրեական գործի փաստական հանգամանքները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դեռևս շարունակում են առկա լինել Արմեն Սողոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և նրան կալանքի տակ պահելու ժամկետը ըստ էության երկարացնելու հիմքերն ու պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսանում վերաքննիչ բողոքը` Արմեն Սողոյանին կալանքից ազատելու պահանջի մասով, մերժելու համար։
(...)
(...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխել Արմեն Սողոյանի ոչ իրավաչափ վարքագիծը նրան ազատ արձակելու դեպքում, քանի որ չեն վերացել կալանավորման կիրառման և կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու հիմքերը, որպիսի պայմաններում պաշտպանի վերաքննիչ բողոքի պահանջը` գրավի կիրառման թույլատրելիության մասով, նույնպես ենթակա է մերժման։
(...)
Անդրադառնալով պաշտպանի վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ [Առաջին ատյանի] դատարանի կողմից խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածի 3-րդ կետի դրույթը, քանի որ վիճարկվող որոշումը կայացրել է առանց պաշտպանական կողմի ներկայությունը ապահովելու, Վերաքննիչ դատարանը գալիս է եզրահանգման, որ այն անհիմն է (...)։
(...)
[ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ] հոդվածի վերլուծությամբ ակնհայտ է, որ դատական քննություն նշանակելու մասին որոշումը կայացվում է առանց դատական նիստ հրավիրելու և կողմերի ներկայությունը ապահովելու, ուստի [Առաջին ատյանի] դատարանը գործել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգով։
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի մյուս փաստարկին այն մասին, որ դատավարության որևէ սուբյեկտ չի միջնորդել, որպեսզի Արմեն Սողոյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգվի և Դատարանը, առանց մեղադրանքի կողմի միջնորդության, որոշում է կայացրել Ա.Սողոյանին կալանքի տակ պահելն անորոշ ժամկետով երկարացնելու մասին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն նույնպես անհիմն է, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի` [Առաջին ատյանի] դատարանը, դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելիս, պարտավոր է լուծել խափանման միջոցը վերացնելու, փոխելու կամ ընտրելու հարցը։
(...) [Դ]ատական ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ, Եվրոպական կոնվենցիայով, Վճռաբեկ և Եվրոպական դատարանների նախադեպային որոշումներով արտահայտած իրավական դրույթների խախտումներ, ուստի պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարելու և [Առաջին ատյանի] դատարանի 06.10.2017թ. որոշումը բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան (...)»3։
10. Վճռաբեկ դատարանը, ամբաստանյալ Ա.Սողոյանի պաշտպան Հ.Ալումյանի բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնելով և ՀՀ սահմանադրական դատարան դիմելով, իր` 2018 թվականի ապրիլի 18-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, այնքանով, որքանով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով կատարելու կարգ, խախտում է անձի ազատության իրավունքը` անհապաղ դատարանի առջև կանգնելու և իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքների տեսանկյունից։
Նման պայմաններում նկատի ունենալով, որ սույն գործով կիրառման է ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, որը Վճռաբեկ դատարանի համոզմամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, իսկ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանը, ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` կիրառման ենթակա նորմի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով (...)»4:
11. 2018 թվականի փետրվարի 5-ին ամբաստանյալ Ա.Սողոյանի պաշտպան Հ.Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել ամբաստանյալ Ա.Սողոյանի նկատմամբ կալանավորման ձևով ընտրված խափանման միջոցը` անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով միջնորդության մեջ նշված անձանց անձնական երաշխավորությունը, կամ որոշում կայացնել կալանքը գրավով փոխարինելու մասին` ճանաչելով գրավի կիրառումը թույլատրելի և սահմանելով գրավի ողջամիտ չափ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2018 թվականի փետրվարի 5-ի դատական նիստում պաշտպանության և մեղադրանքի կողմերի մասնակցությամբ քննելով Ա.Սողոյանի պաշտպան Հ.Ալումյանի միջնորդությունը, նույն օրվա որոշմամբ մերժել է այն:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
12. Բողոքի հեղինակը գտել է, որ գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին Առաջին ատյանի դատարանն առհասարակ որևէ պատճառաբանություն չի մատնանշել, իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանին, ապա վերջինս հղում է արել բացառապես Ա.Սողոյանին վերագրվող հանցագործության ծանրության աստիճանին և հնարավոր պատժի խստությանը։ Այսպիսով, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը կոպիտ և ակնհայտ ձևով խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջները։
Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը նշել է, որ դատարանները լիովին անտեսել են այն հանգամանքը, որ գործի քննությունը տևում է արդեն շուրջ տասն ամիս, և այս ընթացքում Ա.Սողոյանի կողմից քննությանը խոչընդոտելու հավանականությունը չէր կարող մնալ նույն մակարդակի վրա, որքան քննության սկզբնական փուլում։ Ըստ բողոքաբերի` դատարանները վերաբերելի և բավարար ապացույցների (նյութերի) մատնանշմամբ պետք է ցույց տային, թե ինչու են համարում, որ քննության այս փուլում դեռևս բարձր է Ա.Սողոյանի կողմից քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Նման վերլուծություն դատարանների կողմից չի կատարվել, և նման հիմնավորումներ քննարկվող որոշումների մեջ առկա չեն, ինչպես նաև քննարկվող որոշումների մեջ ոչ մի նշում չկա այն մասին, որ վերլուծվել են ու հաշվի են առնվել Ա.Սողոյանի անձին կամ նրա դրսևորած վարքագծին վերաբերող հանգամանքները։
12.1. Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի` վերը նշված որոշումն առանց ամբաստանյալի ու նրա պաշտպանի կայացնելով` Առաջին ատյանի դատարանն ուղղակիորեն խախտել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները։ Վերաքննիչ դատարանը չի համաձայնել այս փաստարկին` նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածը չի նախատեսում մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությունը գործը դատական քննության նշանակելու մասին որոշում կայացնելու փուլում` դրանով իսկ կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները։
Բացի այդ, բողոք բերած անձը գտել է, որ տվյալ դեպքում դատավարության որևէ սուբյեկտ չի միջնորդել, որպեսզի Ա.Սողոյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգվի։ Առաջին ատյանի դատարանը, առանց մեղադրանքի կողմի միջնորդության, որոշում է կայացրել Ա.Սողոյանին կալանքի տակ պահելն անորոշ ժամկետով երկարացնելու մասին, ինչը նշանակում է, որ ընթացակարգը, որի արդյունքում այդ որոշումը կայացվել է, չի եղել մրցակցային։ Այս փաստարկի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը կրկին դիրքորոշում է արտահայտել, որ այն հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածին, որով նախատեսված է, որ գործը դատական քննության նշանակելիս դատարանը պարտավոր է լուծել խափանման միջոցի հարցը` առանց որևէ սուբյեկտի միջնորդության։ Այս դեպքում ևս, ըստ բողոքի հեղինակի, Վերաքննիչ դատարանը Եվրոպական կոնվենցիայի և ներպետական օրենսդրության միջև առկա հակասությունների պայմաններում առավելությունը տվել է ներպետական օրենսդրությանը` կրկին խախտելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը։
13. Վերոգրյալի հիման վրա` բողոքաբերը խնդրել է կալանքը որպես խափանման միջոց վերացնել և Ա.Սողոյանին ազատել կալանքից կամ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը` խափանման միջոցին վերաբերող մասով, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը բեկանել ու փոփոխել. գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ա.Սողոյանին կալանքից գրավով ազատելու մասին` սահմանելով գրավի ողջամիտ չափ։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ դատական քննության նշանակելու մասին որոշման կայացումը, առանց դատական նիստ հրավիրելու և կողմերի ներկայությունն ապահովելու, չի խախտում ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անձի իրավունքները:
15. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «(…) [Գ]ործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննելու ժամանակ, մասնավորապես, անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքներ նախատեսված չեն:
(…)
Սահմանադրական դատարանը, կարևորելով անձի արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, միաժամանակ գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքի որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ընթացքում պետք է ապահովել ինչպես պաշտպանության, այնպես էլ՝ մեղադրանքի կողմի մասնակցությունը` ելնելով քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից:
(…)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանն իր նախաձեռնությամբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը որոշելիս չի կարող ազատվել կողմերի կարծիքը լսելու պարտականությունից, և կողմերը չեն կարող զրկված լինել իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից: Հակառակ պարագայում՝ այն կարող է պարունակել վտանգ, որ դատարանն իր վրա է վերցնում մեղադրանքի կամ պաշտպանության գործառույթներ: Բացի դրանից, դատարանը զրկվում է հարցը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու փաստացի հնարավորությունից, որի երաշխավորման կարևոր նախապայման է նաև կողմերի կարծիքները, փաստարկները, դիրքորոշումները լսելը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում՝ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում՝ մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի՝ իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, չի ապահովում անձի՝ դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը՝ օրենքով սահմանված կարգով: Հետևաբար այն չի համապատասխանում նաև արդար դատաքննության չափանիշներին:
(…)
[Գ]ործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (ինչը և կատարվել է սույն գործում առկա ԵԷԴ/0063/01/17 և ԵԿԴ/0250/01/17 քրեական գործերի շրջանակներում), և այդ բողոքի քննությանն Օրենսգրքի ընդհանուր իրավակարգավորումների շրջանակներում (մասնավորապես, Օրենսգրքի 390 և 418-րդ հոդվածներ) մեղադրյալի և նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն նախատեսված է: Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի՝ որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ:
(…)
Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որը չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, համահունչ չէ ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի շրջանակներում ձևավորված անձնական ազատության իրավունքի սահմանափակման չափորոշիչներին (…):
(…)
Ելնելով մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև դատարանի կողմից կալանքի՝ որպես խափանման միջոցի, ընտրության և հիմնավորվածության հարցի քննության քրեադատավարական ընթացակարգերի օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը պետք է ապահովվի, մասնավորապես, մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը (ինչպես նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, մասնավորապես, 285-րդ և 312-րդ հոդվածներով)՝ առաջնորդվելով անձնական ազատության իրավունքի, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությամբ»5։
15.1. Ամփոփելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն պայմաններում, երբ գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննարկվում է առանց մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցության, չեն ապահովվում անձի անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքները:
Հետևաբար, ելնելով ազատության, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից` քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը պետք է ապահովվի:
16. Սույն գործի փաստերից հետևում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 3-ին, մինչև Առաջին ատյանի դատարանի կողմից քրեական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում կայացնելը, Ա.Սողոյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել նրա խափանման միջոցի հարցի քննությանն իրենց մասնակից դարձնելու մասին6։ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին Առաջին ատյանի դատարանը գործը դատական քննության նախապատրաստելու փուլում քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ լուծել է նաև Ա.Սողոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը և գտնելով, որ այն հիմնավոր է, կայացրել է ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում7։ Վերաքննիչ դատարանն իր հերթին, մերժելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ, Եվրոպական կոնվենցիայով, Վճռաբեկ և Եվրոպական դատարանների նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դրույթների խախտումներ8:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-15.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն, այնքանով, որքանով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով կատարելու կարգ, խախտում է անձի ազատության իրավունքը` անհապաղ դատարանի առջև կանգնելու և իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքների տեսանկյունից։
Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումն առ այն, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում՝ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում՝ մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի՝ իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը չի ապահովում նաև անձի՝ դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը:
Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ դատական քննության նշանակելու մասին որոշման կայացումը, առանց դատական նիստ հրավիրելու և կողմերի ներկայությունն ապահովելու, չի խախտում ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անձի իրավունքները, հիմնավոր չէ:
17.1. Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 12-րդ կետում մեջբերված այն փաստարկին, որ գործի քննությունը տևում է արդեն շուրջ տասն ամիս, և այդ ընթացքում Ա.Սողոյանի կողմից քննությանը խոչընդոտելու հավանականությունը չէր կարող մնալ նույն մակարդակի վրա, որքան քննության սկզբնական փուլում, հետևաբար պետք է կալանքը` որպես խափանման միջոց, վերացնել և Ա.Սողոյանին ազատել կալանքից կամ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է։ Այսպես` Վերաքննիչ դատարանը, գնահատման ենթարկելով գործի փաստական հանգամանքները, ամբաստանյալին մեղսագրվող արարքի վտանգավորության աստիճանը, դրա համար ՀՀ քրեական օրենքով նախատեսված հնարավոր սպառնացող պատժի խստությունը, եկել է հիմնավորված հետևության, որ դեռևս շարունակում են առկա լինել Ա.Սողոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները, և որ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը չի կարող կանխել վերջինիս ոչ իրավաչափ վարքագիծը:
18. Այսպիսով, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի` թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել սույն որոշման 17-րդ կետում արձանագրված դատավարական իրավունքի խախտումներ: Թեև թույլ տրված համապատասխան խախտումներին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշման 11-րդ կետում մատնանշված փաստական հանգամանքների պայմաններում ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ (դրանք, ունենալով ժամանակավոր բնույթ, կորցրել են իրենց իրավաբանական նշանակությունը), ուստիև վճռաբեկ բողոքը պետք է մերժել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Արմեն Ֆրունզիկի Սողոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________________
1 Տե'ս քրեական գործի հավելված, թերթ 5:
2 Տե'ս քրեական գործի հավելված, թերթեր 6-7։
3 Տե'ս քրեական գործի հավելված, թերթեր 157, 159-160:
4 Տե'ս քրեական գործի հավելված, թերթ 211։
5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.1-4.4-րդ կետերը:
6 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
7 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
8 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան