Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.09.20/61(1514).1 Հոդ.818.23
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.12.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
24.12.2018
Дата вступления в силу
24.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ1/0070/01/17

ՍԴ1/0070/01/17

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան

Դատավորներ՝

Մ. Արղամանյան

Ռ. Մխիթարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

       Ս. Օհանյանի
   
 

քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

 

մասնակցությամբ`  դատախազ

Հ. Իշխանյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Գևորգ Աղվանի Մանգասարյանի պաշտպան Համլետ Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի մարտի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90956017 քրեական գործը:

2017 թվականին մարտի 31-ին Գևորգ Մանգասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի մայիսի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 10-ի դատավճռով Գ.Մանգասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-238-րդ հոդվածի 1-ին մասով: Գ.Մանգասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-238-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-238-րդ հոդվածի 1-ին մասով նրա  նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Գ.Մանգասարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` պատժի ժամկետի մեջ հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու ժամկետը` 3 (երեք) օրը: Գ.Մանգասարյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

3. Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրողը և ամբաստանյալի պաշտպան Հ.Դավթյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ պաշտպանի բողոքը մերժվել է, իսկ մեղադրողի բողոքը բավարարվել մասնակի. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 10-ի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է, Գ.Մանգասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Գ.Մանգասարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: Պատժի ժամկետի մեջ հաշվակցելով Գ.Մանգասարյանի արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը` նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:  

4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Մանգասարյանի պաշտպան Հ.Դավթյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։  

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։   

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Գ.Մանգասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «(...) [Ն]ա, հանդիսանալով ՊԲ 46677 զորամասի 3-րդ տանկային գումարտակի 9-րդ տանկային վաշտի 2-րդ դասակի նշանառու օպերատոր, ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2017թ. մարտի 12-ի ժամը 18:00-ից մինչև մարտի 13-ի ժամը 18:00-ն ընդգրկված լինելով նույն գումարտակի ներքին վերակարգում` որպես գումարտակի օրապահ, մարտի 13-ին` ժամը 08:15-ի սահմաններում, նույն գումարտակի զորանոցի դռան վանդակաճաղերի արանքով ձեռքը մտցնելով ներս և բացելով զինանոցում գտնվող ատրճանակների պահման չկողպված արկղը` այնտեղից հափշտակել է նույն վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Եղիշեի Դանիելյանին ամրակցված, հրազեն հանդիսացող, «Մակարով» տեսակի «ԿԳ-3048» համարի ատրճանակը, որը տեղափոխելով և նույն զորամասի սպորտավանի տարածքում հողի տակ թաքցնելով` ապօրինի պահել է մինչև 2017թ. մարտի 23-ը, իսկ նշված օրը` ժամը 20:00-ի սահմաններում, երբ արդեն ատրճանակի հափշտակման փաստը հայտնի էր դարձել զորամասի հրամանատարությանը և իրավապահ մարմիններին, գիտակցելով իր կողմից կատարած արարքները բացահայտվելու անխուսափելիությունը, ձևացնելով դրա պատահական գտնելը` հանել է թաքցված տեղից և հանձնել զորամասի հրամանատարությանը»1:

6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը գտնում է, որ Գևորգ Մանգասարյանի արարքը հանդիսանում է հրազենի հափշտակության փորձ և այն պետք է վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 34-238-րդ հոդվածի 1-ին մասով:

  Այսպես, Դատարանը (...) գտնում է, որ ապացուցված է, որ Գևորգ Մանգասարյանը (...) գումարտակի զորանոցի դռան վանդակաճաղերի արանքով ձեռքը մտցնելով ներս և բացելով զինանոցում գտնվող ատրճանակների պահման չկողպված արկղը և այնտեղից վերցնելով «Մակարով» տեսակի «ԿԳ-3048» համարի ատրճանակը, ըստ էության փորձել է հափշտակել այն: Սակայն իր հանցավոր մտադրությունը ավարտին չի հասցրել, քանի որ նրան այդպես էլ չի հաջողվել հրազենը դուրս հանել զորամասի տարածքից:

Դատարանի համոզմամբ զորամասի զինանոցից զենքի հափշտակությունը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ զենքը չի հանվել զորամասի տարածքից: Դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ զորամասի տարածքը պաշտպանված է պարիսպով, զորամասի մուտքը և ելքը գտնվում է մշտական հսկողության տակ: Նման պայմաններում զենքը զորամասի տարածքից ապօրինի դուրս հանելը իրենից լուրջ բարդություն է ներկայացնում և մինչև այն դուրս չհանվի զորամասի տարածքից, հանցավորը մշտապես գտնվում է բացահայտվելու` բռնվելու իրական առկա «վտանգի» ներքո: Նման պայմաններում թե օբյեկտիվորեն, թե հանցավորի սուբյեկտիվ ընկալման առումով, հանցագործություն իրականացնող անձն ազատորեն չի տնօրինում և չի տիրապետում հափշտակության առարկա հանդիսացող զենքը և շարունակում է գտնվել հանցագործության կատարման փուլում:

Դատարանը գտնում է, որ հիմնազուրկ է պաշտպանական կողմի այն փաստարկը, որ Գևորգ Մանգասարյանի արարքը չի կարող որակվել որպես հափշտակություն, քանի որ Գևորգ Մանգասարյանը զինանոցից հրազենը «վերցրել» է ավագ լեյտենանտ Նարեկ Եղիշեյի Դանիելյանին վատություն անելու շարժառիթով: Դատարանը գտնում է, որ պաշտպանական կողմի ներկայացված վարկածը, որ Գ.Մանգասարյանը զինանոցից հրազենը «վերցրել» է ավագ լեյտենանտ Նարեկ Եղիշեյի Դանիելյանին վատություն անելու շարժառիթով արժանահավատ չէ, քանի որ Գևորգ Մանգասարյանը որևէ լուրջ պատճառ չի նշում, որը կարող էր հիմք հանդիսանալ իր կողմից Նարեկ Դանիելյանի նկատմամբ վրեժի կամ ատելության զգացումով լցվելու և դրանից ելնելով նման արարք կատարելու համար: 

(...)

Դատարանը գտնում է, որ Գևորգ Մանգասարյանի արարքը պարունակում է հրազեն ապօրինի պահելու հանցակազմի բոլոր հատկանիշները և առկա չէ քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք հանդիսացող հրազենի կամովին հանձնումը:

(...)

Գևորգ Մանգասարյանը զենքի թաքստոցը բացահայտելուն աջակցել է այն ժամանակ, երբ բացահայտված է եղել զինանոցից զենքի անհայտանալու հանգամանքը և զորամասի հրամանատարությունն ու իրավապահ մարմինները սկսել են որոնողական աշխատանքների կատարումը, որպիսի պայմաններում զորամասի տարածքում թաքցված զենքը կարող էր հայտնաբերվել, իսկ կատարված հանցագործությունը բացահայտվել: Նման իրավիճակում Գևորգ Մանգասարյանի կողմից զենքի թաքստոցը ցույց տալը չի կարող գնահատվել, որպես զենքի կամովին հանձնում, քանի որ նրա այդ գործողությունը թելադրված է ոչ թե իր ազատ կամքով, այլ իրավապահ մարմինների գործողություններով և իրադրությամբ: Սակայն կարող է գնահատվել որպես հանցագործության բացահայտման գործում ցուցաբերած աջակցություն, ինչը հանդիսանում է ոչ թե քրեական պատասխանատվությունից ազատվելու հիմք, այլ Գևորգ Մանգասարյանի արարքի և նրա անձի հանրային վտանգավորությունն էապես իջեցնող` մեղմացնող հանգամանք, ինչը պետք է հաշվի առնվի նրան պատժի և պատասխանատվության ենթարկելու հարցերը քննարկելիս: 

(…)

Անդրադառնալով ամբաստանյալ Գևորգ Մանգասարյանի կատարած հանցագործության համար պատասխանատվության և պատժի հարցերին, Դատարանը արձանագրում է հետևյալը. ամբաստանյալ Գևորգ Մանգասարյանի անձը բնութագրող տվյալներ են զորամասի հրամանատարության կողմից դրական կողմերով բնութագրվելը, նախկինում արատավորված` դատապարտված չլինելը:Դատարանը գտնում է, որ Գևորգ Մանգասարյանի կողմից կատարած արարքների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ են կատարածի համար զղջալը և հանցագործության բացահայտմանը ակտիվորեն աջակցելը:
Վերը նշված անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները Գևորգ Մանգասարյանի կատարած բոլոր արարքներով էլ առկա են: Գևորգ Մանգասարյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

(...)                                                                                                                                           

Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Գևորգ Մանգասարյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` հանցագործության կատարման հանգամանքները ու նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ նա, չլինելով կալանավորված` չի խուսափել քննությունից ու դատից և չի կատարել այլ հանցավոր արարքներ, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Գևորգ Մանգասարյանի ուղղվելը հնարավոր է առանց նրա կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, այսինքն` կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (...)»2։  

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը (...) գտնում է, որ ամբաստանյալ Գևորգ Մանգասարյանի արարքը որպես հրազենի հափշտակության փորձ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-238-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

(...)

Վերաքննիչ դատարանը (...) արձանագրում է, որ Գևորգ Մանգասարյանն ատրճանակը զինանոցում գտնվող արկղից հանելուց, զորամասի տարածքում գտնվող սպորտավանում հողի տակ թաքցնելուց հետո այն շուրջ 10 օր ապօրինի պահել է այնտեղ: Այդ ընթացքում Գևորգ Մանգասարյանը կարող էր ատրճանակը հանել թաքցված տեղից, օգտագործել կամ գործադրել զորամասի տարածքում կամ դուրս բերել զորամասից: Այսինքն, Գևորգ Մանգասարյանը նշված գործողությունները կատարելու իրական հնարավորություն ունեցել է, հետևաբար ատրճանակը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել։

Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Գևորգ Մանգասարյանի կողմից ատրճանակը զինանոցի արկղից հանելը, այն զորամասի սպորտավան տեղափոխելը և այնտեղ թաքցնելը հրազենի ավարտված հափշտակություն է: Հետևաբար Առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Գևորգ Մանգասարյանին մեղսագրված արարքը պետք է վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 34-238-րդ հոդվածի 1-ին մասով, հիմնավորված չեն:

(...)

Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկն առ այն, որ գործով առկա չէ փաստական հանգամանք, որ Գևորգ Մանգասարյանը գործել է շահադիտական նպատակով, և գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն Գևորգ Մանգասարյանի կողմից Նարեկ Դանիելյանին վատություն անելու շարժառիթով զինանոցից հրազեն «վերցնելու» հանգամանքը համարել է անարժանահավատ:

(…)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գևորգ Մանգասարյանը տաս օրից ավելի ժամանակով հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակն ապօրինի պահել է զորամասի սպորտավանի տարածքում, այն զորամասի հրամանատարությանը հանձնել է, երբ արդեն ատրճանակի հափշտակման փաստը հայտնի էր դարձել զորամասի հրամանատարությանը և իրավապահ մարմիններին, այսինքն, դա արել է բացահայտվելու մտավախությունից դրդված, այդ որոշումը չի եղել ազատ և գիտակցված ընտրության արդյունք, հետևաբար հանձնումը կամովին համարվել չի կարող, և ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա չէ: Այս պայմաններում Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն նշված հանգամանքը դիտել է որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք` հանցագործության բացահայտմանն ակտիվորեն աջակցելը:

(…)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Գևորգ Մանգասարյանին մեղսագրված արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով նվազ կարևոր դիտարկելու և հանցագործություն չհամարելու պայմաններն առկա չեն, քանի որ դրանք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ և ներկայացնում են հասարակական վտանգավորություն: 

Այս առումով վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում պաշտպանի վերաքննիչ բողոքի դեմ ներկայացված պատասխանում նշված պատճառաբանությունն այն մասին, որ Գ.Մանգասարյանի կատարած արարքների հանրային վտանգավորությունը կայանում է նրանում, որ նշված հրազենը դրվել է ապօրինի շրջանառության մեջ, շուրջ 10 օր դուրս մնացել հսկողությունից, նպաստավոր պայմաններ ստեղծել դրա օգտագործմամբ հանցավոր արարքների կատարման համար՝ իրական վտանգ ստեղծելով մարդկանց կյանքի և առողջության համար։ Այս վտանգն առկա լինելու մասին խոսում է նաև այն հանգամանքը, որ մինչև զորամասի հրամանատարությանը հրազենի անհետացման փաստը հայտնի դառնալը Գ.Մանգասարյանն այն կամովին հանձնելու մտադրություն չի ունեցել, այլ դա կատարել է միայն դեպքի մասին հրամանատարությանը հայտնի դառնալու օրը, այն էլ բացահայտվելու մտավախությունից դրդված։ 

(…)

Քննության առնելով ամբաստանյալ Գևորգ Մանգասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցերը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը Գևորգ Մանգասարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս պատշաճ գնահատման չի ենթարկել կատարված արարքների հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները:

(...)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) առաջին ատյանի դատարանի 2017 թվականի նոյեմբերի 10-ի դատավճիռը պետք է բեկանել և փոփոխել` Գևորգ Մանգասարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, և նշանակված ազատազրկման ձևով պատիժը թողնել կրելու` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման (...)»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ՝ արդյունքում կայացնելով ապօրինի և անհիմն դատական ակտ:

Մասնավորապես բողոքաբերն ընդգծել է, որ հափշտակությանը բնորոշ է ինչպես ապօրինի, այնպես էլ անհատույց և շահադիտական նպատակներով գույք ձեռք բերելը, մինչդեռ Գ.Մանգասարյանի արարքում շահադիտական դրդումները բացակայում են, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածը բացակայում է: Ուստի անհրաժեշտ է պարզաբանել` ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածում «հափշտակություն» հասկացությունն արդյո՞ք պետք է այլ բովանդակություն ունենա, քան սահմանվել է Վճռաբեկ դատարանի` Գ.Ղլիջյանի վերաբերյալ որոշմամբ: Վճռաբեկ դատարանը պետք է նաև պարզաբանի` արդյո՞ք կարելի է ավարտված հանցագործություն համարել զենքի հափշտակությունը, եթե այն թաքցվել է զորամասի տարածքում, այդ տարածքը սահմանափակ է, իսկ ելումուտը վերահսկվում է:

Բացի այդ, ըստ բողոք բերած անձի` Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի` Հ.Բաղդասարյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտած իրավական այն դիրքորոշմանը, որ երբ իշխանությունները տեղյակ են կոնկրետ անձի մոտ նշված առարկաների առկայության մասին և առաջարկում են հանձնել դրանք, հանձնումը կամովին համարվել չի կարող: Սույն գործով Գ.Մանգասարյանի մոտ զենքի առկայության մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն եղել, ուստի զենքի հափշտակման փաստը հայտնի դառնալը և բացահայտվելու մտավախությունից դրդված զենքն ինքնակամ հանձնելը չպետք է արդյոք դիտարկվի որպես զենքի կամովին հանձնում:

Միևնույն ժամանակ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է ղեկավարվեր Վճռաբեկ դատարանի կողմից Ն.Արմենակյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով, քանի որ փաստական հանգամանքները նույնանման են, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճելու փոխարեն արձանագրել է, որ Գ.Մանգասարյանին մեղսագրված արարքները ներկայացնում են հասարակական վտանգավորություն:

9. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Գ.Մանգասարյանը հանցանք կատարել է առաջին անգամ, նրան մեղսագրվող արարքները դասվում են միջին ծանրության հանցանքների շարքին, վերջինս բնութագրվում է դրական, խոստովանել է արարքների կատարումը, ինքնակամ հանձնել է զենքը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն: Հետևաբար նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի ճանաչելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի էական խախտում:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի որոշումը և կարճել քրեական գործի վարույթը, կամ փոփոխել այն՝ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, կամ օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 10-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով նախատեսված` զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու հանցակազմի հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ Գ.Մանգասարյանի արարքում առկա են զենքի ավարտված հափշտակության հատկանիշներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու համար:

Մեջբերված նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Դ.Սիմիդյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` ի թիվս այլնի արձանագրելով հետևյալը. «(...) [Հ]անցակազմի անմիջական օբյեկտը հրազենի և հոդվածում նշված այլ առարկաների շրջանառության համար սահմանված կարգը խախտելու հետ կապված` անձի և հասարակության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Լրացուցիչ օբյեկտ են հանդիսանում սեփականության հարաբերությունները:

Հանցակազմի առարկա են հրազենը, ինչպես նաև հոդվածում նշված մյուս առարկաները (հրազենին համալրող դետալները, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը կամ պայթուցիկ սարքերը) (...)»4:

Քննարկվող հանցագործությունն օբյեկտիվ կողմից կատարվում է հափշտակության կամ շորթման միջոցով:  

13. Հափշտակության` որպես սեփականության դեմ ուղղված հանցագործության հասկացությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր նախկինում կայացված որոշումների շրջանակներում` այն բնորոշելով որպես ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելը կամ այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե հանցավորն այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել5:

Այլ կերպ` Վճռաբեկ դատարանը սահմանել է հափշտակության պարտադիր հատկանիշները, որոնցից որևէ մեկի բացակայությունը ենթադրում է անձի արարքում հափշտակության ցանկացած եղանակի բացակայություն: Մասնավորապես օբյեկտիվ կողմից այն դրսևորվում է ուրիշի գույքն ապօրինի և անհատույց վերցնելով կամ հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով (կախված նրանից, թե որ եղանակով է կատարվում), իսկ սուբյեկտիվ կողմից` շահադիտական դրդումներով, հետևաբար` միայն ուղղակի դիտավորությամբ: Հափշտակությունը համարվում է ավարտված, եթե հանցավորն այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել (բացառությամբ ավազակության, որը նկարագրված է ձևական հանցակազմով):

Հափշտակության առարկան գույքն է` այն իրը (առարկան), որում արտացոլվում է մարդկային աշխատանք և որն իրենից նյութական արժեք է ներկայացնում, ինչպես նաև դրամական միջոցները, արժեթղթերն ու գույքային իրավունքները:

14. Միևնույն ժամանակ սահմանափակ շրջանառության կամ շրջանառությունից հանված որոշ առարկաների հափշտակության դեպքում սահմանվում է պատասխանատվության տարբերակված կարգ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հափշտակության այնպիսի հատուկ տեսակներին, ինչպիսիք են զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի (238-րդ հոդված), ռադիոակտիվ նյութերի (234-րդ հոդված), թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի  (269-րդ հոդված) հափշտակությունը և այլն: Նշված առարկաների հափշտակությունն օժտված է առավել բարձր հանրային վտանգավորությամբ, քանի որ դրանց ապօրինի շրջանառության դեպքում նախ և առաջ վտանգվում են անձի և հասարակության անվտանգության, բնակչության առողջության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները, ուստի վերոնշյալ հանցանքների համար նախատեսված է ավելի խիստ պատասխանատվություն, քան սեփականության դեմ ուղղված հանցագործությունների:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով նախատեսված` զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի հափշտակությանը (այսուհետ` զենքի հափշտակություն)` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն ընդգրկված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շարքում: Նշված առարկաների ապօրինի շրջանառության դեպքում առաջնային վնասվում են անձի, հասարակության և պետության կենսական շահերի պաշտպանվածությունն ապահովող հասարակական հարաբերությունները, իսկ սեփականության հարաբերությունները մղվում են երկրորդ պլան` հանդես գալով որպես հանցագործության լրացուցիչ օբյեկտ:

14.1. Հիմք ընդունելով սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերում կատարված վերլուծությունը և հաշվի առնելով հափշտակության վերոնշյալ տեսակների առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պարտադիր հանդիսացող և Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված հափշտակության որոշ հատկանիշներ չեն կարող պարտադիր դիտարկվել հափշտակության հատուկ տեսակների, այդ թվում` զենքի հափշտակության դեպքում:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հափշտակությունների` անհատույց լինելուն և շահադիտական դրդումներով կատարելուն: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ հատկանիշներն առավել բնութագրական են գույքի հափշտակություններին` որպես սեփականության դեմ ուղղված հանցագործությունների: Այսպես` հանցավորը, հափշտակելով ուրիշի գույքը, ձգտում է նյութական օգուտ ստանալ` առանց դրա դիմաց հատուցում կատարելու` դրանով իսկ վնաս պատճառելով գույքի սեփականատիրոջը կամ այլ օրինական տիրապետողին: Այլ կերպ` նյութական շահ ստանալն այն հիմնական մղիչ ուժն է, որը դրդում է հանցավորին հափշտակելու ուրիշի գույքը` փոխարենը չկատարելով դրա դիմաց որևէ փոխհատուցում:

Ինչ վերաբերում է զենքի հափշտակությանը, ապա նյութական շահ ստանալը միշտ չէ, որ կարող է ընկած լինել հանցանքի կատարման հիմքում: Շահադիտական դրդումների բացակայությունը չի փոխում կատարված արարքի բնույթը, չի նվազեցնում հանցագործության հանրային վտանգավորությունը, հետևաբար դրա` որպես պարտադիր հատկանիշ դիտարկվելու պարագայում արհեստականորեն կնեղացվեն հանցակազմի սահմանները: Այսպես` զենքի կամ այլ առարկաների հափշտակության դեպքում խախտվում է դրանց շրջանառության օրենքով սահմանված կարգը` իրական սպառնալիք ստեղծելով անձի և հասարակության անվտանգության համար` անկախ նրանից հանցավորը շահադիտական նպատակներ է հետապնդել, թե ոչ:    

15. Ինչ վերաբերում է հափշտակությունների օբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշներին, ապա դրանք վերաբերելի են նաև զենքի հափշտակությանը: Մասնավորապես օբյեկտիվ կողմից այն դրսևորվում է հափշտակության եղանակներից որևէ մեկով և ավարտված է համարվում այն պահից, երբ հանցավորը հափշտակված զենքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել (բացառությամբ ավազակության):

Տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորության մասին կարող է խոսք գնալ միայն այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ազատորեն, իր հայեցողությամբ վարվելու հափշտակված զենքի հետ, որոշելու դրա «ճակատագիրը», ինչպես նաև ցանկացած ժամանակ օգտագործելու այն ըստ նպատակի: Հափշտակության ավարտման պահը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է մանրամասն վերլուծության ենթարկել գործի բոլոր հանգամանքները` հաշվի առնելով, մասնավորապես, հանցավորի դիտավորության ուղղվածությունը, նպատակն ու շարժառիթը, հանցագործության կատարման վայրն ու ժամանակը, ինչպես նաև գործի լուծման տեսանկյունից նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի մարտի 13-ին` ժամը 08:15-ի սահմաններում, դռան վանդակաճաղերից ձեռքը մտցնելով ներս և բացելով զինանոցում գտնվող ատրճանակների պահման չկողպված արկղը, այնտեղից հափշտակել է նույն վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Դանիելյանին ամրակցված, հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի «ԿԳ-3048» ատրճանակը, որը տեղափոխելով և նույն զորամասի սպորտավանի տարածքում հողի տակ թաքցնելով` ապօրինի պահել է մինչև 2017 թվականի մարտի 23-ը6:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ նախաքննության մարմինը, Գ.Մանգասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելով, արարքի իրավական որակման հարցում սխալ եզրահանգման է եկել: Մասնավորապես Գ.Մանգասարյանը փորձել է հափշտակել «Մակարով» տեսակի ատրճանակը, սակայն հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրան չի հաջողվել հրազենը դուրս հանել զորամասի տարածքից: Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ զորամասի զինանոցից զենքի հափշտակությունը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ զենքը չի հանվել զորամասի տարածքից7:

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ ատրճանակը զինանոցում գտնվող արկղից հանելուց, զորամասի տարածքում գտնվող սպորտավանում հողի տակ թաքցնելուց հետո, Գ.Մանգասարյանն այն շուրջ 10 օր ապօրինի պահել է այնտեղ: Այդ ընթացքում վերջինս կարող էր ատրճանակը հանել թաքցված տեղից, օգտագործել կամ գործադրել զորամասի տարածքում կամ դուրս բերել զորամասից, այսինքն՝ ատրճանակը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել8։

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում կատարված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր են Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Գ.Մանգասարյանի արարքում առկա են զենքի ավարտված հափշտակության հատկանիշներ: Այսպես` ամբաստանյալը, ապօրինի վերցնելով «Մակարով» տեսակի ատրճանակը, այն տեղափոխելով և նույն զորամասի սպորտավանի տարածքում թաքցնելով հողի տակ և այդ կերպ տաս օր շարունակ ապօրինի պահելով, իրական հնարավորություն է ունեցել առնվազն այն օգտագործելու սեփական հայեցողությամբ:

Հետևաբար, անհիմն են Առաջին ատյանի դատարանի այն դատողությունները, որ զորամասի զինանոցից զենքի հափշտակությունը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ զենքը չի հանվել զորամասի տարածքից: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում, երբ հափշտակությունը կատարվում է պահպանվող օբյեկտի տարածքում, որոշելու համար` առկա են անձի արարքում ավարտված հափշտակության հատկանիշներ, թե ոչ, անհրաժեշտ է նախ և առաջ գնահատման ենթարկել հանցավորի դիտավորությունը, նպատակն ու շարժառիթը, հափշտակված գույքի բնույթը, հանցանքը կատարելու վայրն ու ժամանակը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ Գ.Մանգասարյանի արարքում առկա են զենքի ավարտված հափշտակության հատկանիշներ, հիմնավոր են:

18. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Գ.Մանգասարյանի արարքում շահադիտական դրդումները բացակայել են, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածը ևս բացակայում է, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում ստորադաս դատարանների այն դիրքորոշմանը, որ պաշտպանության կողմի այն վարկածը, որ Գ.Մանգասարյանը վատություն անելու շարժառիթով է զինանոցից վերցրել հրազենը, արժանահավատ չէ: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 14.1-րդ կետում կատարված վերլուծությունը, ընդգծում է, որ զենքի հափշտակության դեպքում հանցանքի կատարման շարժառիթը կարող է տարբեր լինել, ինչը որևէ կերպ չի ազդում արարքի իրավական գնահատականի վրա:

Ինչ վերաբերում է Գ.Մանգասարյանի կողմից զենքը կամովին հանձնելու, Ն.Արմենակյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0231/01/14 որոշումը սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի լինելու, ինչպես նաև ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտության վերաբերյալ բողոքի հեղինակի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն, և Վերաքննիչ դատարանը վերոնշյալ հարցերի կապակցությամբ եկել է ճիշտ եզրահանգման:

19. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է այն թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

20. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գ.Մանգասարյանի նկատմամբ կիրառելի է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն` «Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել` (…) առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց»:

Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել (…) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ»։

Նկատի ունենալով, որ Գ.Մանգասարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով, ինչպես նաև քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքի կիրառմանը խոչընդոտող որևէ հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ.Մանգասարյանին պետք է ազատել նշանակված պատիժը կրելուց։                          

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Ամբաստանյալ Գևորգ Աղվանի Մանգասարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 
      
2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Գևորգ Աղվանի Մանգասարյանին ազատել նշանակված պատժից:                             

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

_______________________________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 105-106:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 95-104:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 171-181:

4 Տե՛ս Դավիթ Սիմիդյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշման 23-րդ կետը:

5 Տե՛ս Դ.Ղամբարյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշման 31-րդ կետը, Գրիգոր Ղլիջյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ5/0005/01/14 որոշման 12-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան