ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/5503/05/18 Վարչական գործ թիվ ՎԴ/5503/05/18
2019 թ.
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Ռ. հակոբյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Գ. հակոբյան ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
2019 թվականի դեկտեմբերի 12-ին
քննարկելով ըստ հայցի Դավիթ Մելքոնյանի և Նորա Խաչատրյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Նորա Խաչատրյանին տրված թիվ 1448651 սեփականության իրավունքի գրանցման վկայականում` հողամասի տվյալները բաժնում, սեփականության իրավունքի տեսակի վերաբերյալ 07.05.2010 թվականին կատարված թիվ 1 ուղղումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Նարինե Գաիջյանի ներկայացուցիչ Քրիստինե Գալստյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Դավիթ Մելքոնյանը և Նորա Խաչատրյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Նորա Խաչատրյանին տրված թիվ 1448651 սեփականության իրավունքի գրանցման վկայականում` հողամասի տվյալները բաժնում, սեփականության իրավունքի տեսակի վերաբերյալ 07.05.2010 թվականին կատարված թիվ 1 ուղղումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 14.05.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանը 26.07.2018 թվականի որոշմամբ մերժել է դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ Նարինե Գաիջյանի դիմումը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.09.2018 թվականի որոշմամբ Նարինե Գաիջյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.07.2018 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու դիմումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Գաիջյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իրեն սպառած գործողության վիճարկումը չի բացառում հետագայում հայցվորների կողմից մեկ այլ դատական գործով պահանջի ներկայացում, ուստի Նարինե Գաիջյանի իրավունքներն անմիջականորեն շոշափվում են կամ կարող են շոշափվել սույն գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով: Հետևաբար Նարինե Գաիջյանը պետք է սույն գործով դատավարության մեջ ներգրավվի որպես երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երրորդ անձ ներգրավելու հարցին, իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում սահմանել է, որ վարչական դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել այն անձանց, որոնց իրավունքները շոշափվելու են գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, այսինքն` ընդունվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է այդ անձանց վրա: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` անձի արդար դատաքննության իրավունքի էությունից և իրավական բովանդակությունից ակնհայտորեն բխում է, որ դատավարության մասնակից չդարձված անձը պետք է ունենա իր խախտված իրավունքները բոլոր հնարավոր արդյունավետ միջոցներով վերականգնելու իրական հնարավորություն, եթե համապատասխան գործի քննության արդյունքներով կայացված դատական ակտն անմիջականորեն առնչվում է իր իրավունքներին ու պարտականություններին (տե՛ս, «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0475/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը։ Այսինքն՝ նշված հայցատեսակի առարկան այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը, ինչպես նաև կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելն է (տե՛ս Արմեն Թումանյանն ընդդեմ Կոտայքի մարզպետի թիվ ՎԴ/8765/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանել է վարչական մարմնի՝ իրեն սպառած գործողության վիճարկման հնարավորություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական մարմնի՝ իրեն սպառած գործողության ոչ իրավաչափ ճանաչումը կարող է առաջացնել, փոփոխել կամ դադարեցնել որոշակի իրավահարաբերություն, կամ ապահովել անհրաժեշտ նախադրյալներ՝ որոշակի իրավահարաբերության ծագման, փոփոխման կամ դադարեցման համար: Վարչական մարմնի՝ իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցը, ինչպես և վարչական դատավարությունում առկա մյուս բոլոր հայցատեսակները, միտված են անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովմանը: Այսինքն՝ վարչական մարմնի՝ իրեն սպառած գործողությամբ ևս կարող են խախտվել (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով) անձի իրավունքներն ու ազատությունները, որոնց պաշտպանության համար էլ հենց այդ անձը դիմում է դատարան:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի՝ իրեն սպառած գործողության ոչ իրավաչափ ճանաչումը առաջացնում է իրավական հետևանքներ վարչական դատավարության մասնակիցների համար: Որպես կանոն՝ այդ իրավական հետևանքներն առաջանում են կողմերի՝ հայցվորի և պատասխանողի համար: Միևնույն ժամանակ, վարչական մարմնի՝ իրեն սպառած գործողության ոչ իրավաչափ ճանաչմամբ կարող են շոշափվել նաև գործով հայցվոր և պատասխանող չհանդիսացող անձանց իրավունքները: Հետևաբար վերջիններս պետք է ներգրավվեն վարչական մարմնի՝ իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի հիման վրա հարուցված գործում՝ որպես երրորդ անձ:
Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործը հարուցվել է Դավիթ Մելքոնյանի և Նորա Խաչատրյանի կողմից ներկայացված՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Նորա Խաչատրյանին տրված թիվ 1448651 սեփականության իրավունքի գրանցման վկայականում՝ հողամասի տվյալները բաժնում, սեփականության իրավունքի տեսակի վերաբերյալ 07.05.2010 թվականին Կադաստրի կողմից կատարված թիվ 1 ուղղումը: Իրենց իրավական շահագրգռվածությունը հայցվորները հիմնավորել են ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված գույքային վնասի հատուցում պահանջելու իրենց մտադրությամբ (գործի հավելված, գ.թ. 3-7):
Դատարան ներկայացրած դիմումով Նարինե Գաիջյանը պահանջել է իրեն ներգրավել սույն գործով դատավարության մեջ որպես երրորդ անձ՝ իր դիմումը պատճառաբանելով այն փաստարկով, որ ինքը Երևան քաղաքի Նոր-Արեշ 2-րդ փողոցի թիվ 37 բնակելի տան սեփականատերն է, որն իր և հայցվորների՝ Երևան քաղաքի Նոր-Արեշ 2-րդ փողոցի թիվ 37/1 հասցեի բնակելի տան սեփականատերերի ընդհանուր համատեղ սեփականությունն է: Հետևաբար ըստ Նարինե Գաիջյանի, ներկայացված հայցն անմիջականորեն շոշափում է իր իրավունքները (գործի հավելված, գ.թ. 74-75):
Դատարանը մերժել է դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավվելու վերաբերյալ Նարինե Գաիջյանի դիմումը՝ պատճառաբանելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի իրավական հետևանքը դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հայցվորների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված նպատակներից որևէ մեկին կամ բոլորին հասնելն է, հետևաբար Նարինե Գաիջյանի իրավունքները չեն կարող շոշափվել սույն վարչական գործով, քանի որ հայցը բավարարելու պայմաններում ոչ իրավաչափ է ճանաչվելու արդեն իսկ իրավաբանական ուժ չունեցող և իրեն սպառած գործողությունը, որի ոչ իրավաչափ ճանաչումը չի կարող որևէ կերպ առնչվել որևէ անձի իրավունքներին կամ օրինական շահերին:
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարինե Գաիջյանի վերաքննիչ բողոքը՝ համաձայնելով Դատարանի վերոգրյալ եզրակացության հետ:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հանգամանքը, որ հայցվորների կողմից ներկայացվել է իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ, դեռևս չի նշանակում, որ սույն գործով կայացվելիք դատական ակտը չի կարող առնչվել որևէ անձի իրավունքներին կամ օրինական շահերին:
Այսպես՝ ինչպես արդեն իսկ վերը նշվեց, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը, ի թիվս այլնի, նախատեսում է կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հնարավորություն նաև այն դեպքի համար, երբ հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում:
Փաստորեն, իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու նպատակ ունեցող անձը կարող է հետագայում պահանջել գույքային վնասի հատուցում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է վարչական մարմինների կողմից ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտերի, նրանց կատարած ոչ իրավաչափ գործողությունների կամ ոչ իրավաչափ անգործության հետևանքով, այսինքն՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ բաժնով: Հիշյալ օրենքի համապատասխան իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը ձևավորել է այն կայուն նախադեպային դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաu հաuցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը: Դրանից հետո միայն անձը պարտավոր է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, Ժորա Սարգսյանն ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի թիվ ՎԴ/0277/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2009 թվականի որոշումը):
Անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի բավարարման հիմքերի բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը (տե՛ս, Աշոտ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի իրականացման նախադրյալը համապատասխան վարչական ակտի, գործողության կամ անգործության ոչ իրավաչափ ճանաչված լինելն է: Հենց այդ նպատակով էլ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանել է այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով դատարան դիմելու հնարավորություն այն դեպքերի համար, երբ հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում (տե՛ս, Արմեն Թումանյանն ընդդեմ Կոտայքի մարզպետի թիվ ՎԴ/8765/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հայցվորի կողմից ներկայացված ճանաչման հայցի բավարարման դեպքում հայցվորը հնարավորություն է ստանում վարչական մարմնից պահանջել ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցում, որը, ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի, իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:
Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի` եթե վնասը որևէ փաստացի դրության` ի վնաս անձի փոփոխության մեջ է, ապա պատասխանատվություն կրողը պարտավոր է վերացնել դրա առաջացրած հետևանքները` նախկին դրության, իսկ եթե դա անհնար կամ անարդյունավետ է, ապա դրան համարժեք այլ դրության վերականգնման միջոցով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկին կամ այլ դրության վերականգնումը՝ որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման եղանակ, կարող է հանգեցնել սեփականության իրավունքով անձին պատկանող գույքի կազմի կամ կարգավիճակի փոփոխության:
Տվյալ դեպքում սույն գործի փաստերից հետևում է, որ Նարինե Գաիջյանը Երևան քաղաքի Նոր-Արեշ 2-րդ փողոցի թիվ 37 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերն է, իսկ սույն գործով հայցվորները՝ Երևան քաղաքի Նոր-Արեշ 2-րդ փողոցի թիվ 37/1 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերերը: Այդ երկու հասցեներում գտնվող անշարժ գույքերի համար առկա է ընդհանուր համատեղ սեփականություն՝ 0,052հա մակերեսով հողամասի տեսքով (գործի հավելված, գ.թ. 18-21, 42, 57-60, 61, 62-63): Ընդ որում, 0,052հա մակերեսով հողամասը ստացել է հայցվորների և Նարինե Գաիջյանի ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակ հենց թիվ 1448651 սեփականության իրավունքի գրանցման վկայականում՝ հողամասի տվյալները բաժնում, սեփականության իրավունքի տեսակի վերաբերյալ 07.05.2010 թվականին Կադաստրի կողմից կատարված թիվ 1 ուղղման միջոցով: Հետևաբար նշված հասցեի բնակելի տան թիվ 1448651 սեփականության իրավունքի գրանցման վկայականում՝ հողամասի տվյալները բաժնում, սեփականության իրավունքի տեսակի վերաբերյալ 07.05.2010 թվականին Կադաստրի կողմից կատարված թիվ 1 ուղղումը ոչ իրավաչափ ճանաչելու հայցի հիման վրա հարուցված գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով կարող են շոշափվել Նարինե Գաիջյանի իրավունքները: Այսպես՝ իրենց համար բարենպաստ դատական ակտ կայացվելու պարագայում հայցվորները ձեռք կբերեն ոչ իրավաչափ վարչարարությամբ վնասի հատուցում պահանջելու իրավունք, որպիսին կարող է հանդիսանալ նաև նախկին դրության վերականգնումը: Վնասի հատուցման այդ եղանակի իրացումն էլ իր հերթին կարող է հանգեցնել հայցվորներին և Նարինե Գաիջյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կազմի կամ կարգավիճակի փոփոխության:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք, ում իրավունքները շոշափվում կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, պետք է որպես երրորդ անձ ներգրավված լինի դատավարության մեջ՝ հնարավորություն ունենալով, անհրաժեշտության դեպքում, պաշտպանել իր իրավունքները: Հետևաբար Նարինե Գաիջյանի կողմից ներկայացված` երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 26.07.2018 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու դիմումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Ս. Անտոնյան Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան