«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60408204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 հունիսի 2008 թ. |
թիվ 59-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` որոշում է.
1. Հաստատել վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի ու պայմանների մասին կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Նախագահ` |
Ա. Շահնազարյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` ՎՀՎՎ օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի թիվ 975-Ն որոշմամբ հաստատված` «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող» oրինակելի կարգի հիման վրա:
2. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով) վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, այդ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով Հանձնաժողովի այն որոշումների հաշվառման գրանցամատյանների վարման կարգը և պայմանները, որոնք ՎՀՎՎ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են վարչական ակտ:
3. Սույն կարգը նպատակ ունի ապահովել Հանձնաժողովի կողմից վարչական ակտի ընդունման կապակցությամբ առաջացող հարաբերությունների լիարժեք և առավել արդյունավետ կանոնակարգումը, որը կապահովի վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը և տնտեսվարող սուբյեկտների համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման հնարավորության ստեղծումը:
4. Սույն կարգը տարածվում է օրենքով սահմանված կարգով տնտեսվարող սուբյեկտների և սպառողների դիմումների կամ նրանց բողոքների (այսուհետ` դիմում), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների հաղորդումների, այլ տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը վարչական ակտ ընդունելն է:
5. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են ՎՀՎՎ օրենքում և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք):
II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հանձնաժողովում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ նաև` վարչական գործեր), սույն կարգին համապատասխան կազմվում և վարվում են Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` ՎՀՎՎ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:
(6-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
7. Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որին տվյալ դիմումը հանձնարարականով հասցեագրվում է որպես պատասխանատու կատարողի:
(7-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
8. Հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի կողմից ներկայացված նյութերի կամ առաջարկի հիման վրա այն հարուցվում է, եթե Հանձնաժողովի նախագահի մակագրությամբ (հանձնարարականով) որպես պատասխանատու կատարող Հանձնաժողովի այլ կառուցվածքային ստորաբաժանում նախատեսված չէ:
(8-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
9. Եթե Հանձնաժողովը, ՎՀՎՎ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում է դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ վարչական գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին:
10. Եթե ՎՀՎՎ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման, կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է Հանձնաժողովի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է վարչական գործ` սույն կարգին համապատասխան:
11. Հանձնաժողովում դիմումի հիման վրա և Հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցված վարչական գործերը կազմվում և վարվում են առանձին խմբերով:
12. Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պատասխանատու կատարողի կողմից ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված դիմումը կամ Հանձնաժողովի նախաձեռնության համար հիմք հանդիսացած փաստաթուղթը (փաստաթղթերը) և մյուս նյութերը (ծանուցումներ, միջնորդություններ, գրություններ, տեղեկանքներ և այլն), այլ տեղեկատվություն, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ իրեղեն նյութերը, վարույթի ընթացքում Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները, տվյալ գործով բերված` վարչական բողոքը և (կամ) դատարան ներկայացված հայցը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը:
(12-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
13. Վարչական գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները (բացառությամբ այն նյութերի, որոնք պահպանման ենթակա չեն) գործին կցվում են փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված Հանձնաժողովի կլոր կնիքով:
(13-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
14. Վարչական գործերը համարակալվում են միասնական համարակալման համակարգի կիրառմամբ:
15. Վարչական գործերը համարակալվում են աճող թվերով (արաբական), յուրաքանչյուր տարվա կտրվածքով` 001 համարանշումով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարչական գործերի ընդգրկմամբ:
16. Վարչական գործերի համարակալումն իրականացվում է վարչական գործերի հաշվառման համապատասխան գրանցամատյանում նշում կատարելու միջոցով:
17. Վարչական գործերի համարակալումն աճող թվերով իրականացվում է առանձին` սույն կարգի 11-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբի համար:
18. Վարչական գործին հերթական համարի հետ միաժամանակ տրվում է նաև պայմանանշան` ըստ տվյալ վարչական գործի վարույթն իրականացնող Հանձնաժողովի պատասխանատու (կատարող) կառուցվածքային ստորաբաժանման: Վարչական գործերը համարակալվում են հետևյալ այբբենական պայմանանշաններով, համապատասխանաբար`
1) իրավաբանական վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ԻՎ».
2) ընդհանուր քաղաքականության և վերլուծության վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ԸՔՎՎ».
3) անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության «ԱՄՎՎ».
4) մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ՄՊՎ»:
(18-րդ կետը փոփ., լրաց. 12.11.14 թիվ 480-Ն, խմբ. 10.12.19 թիվ 198-Ն)
19. Վարչական գործի շապիկի (կազմի) վրա (Ձև 1) գրվում է`
1) Հանձնաժողովի անվանումը.
2) Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման անվանումը.
3) վարչական վարույթի հարուցման ամիսը, ամսաթիվը, տարին (այսուհետ` ամսաթիվ).
4) վարչական գործի հերթական համարը, որի սկզբում` գծիկով անջատմամբ, նշվում է սույն կարգի 18-րդ կետով սահմանված պայմանանշանը: Վարչական գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը` «Վարչական վարույթ. գործ թիվ-».
5) Հանձնաժողովի որոշման հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.
6) «Դիմումի հիման վրա» կամ «Նախաձեռնության հիման վրա» գրառումը:
(19-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
20. Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են վարչական գործով վարույթի իրականացման համար պատասխանատու կատարող պաշտոնատար անձի և Հանձնաժողովի համապատասխան ոլորտի աշխատանքները և (կամ) առանձին գործառույթների իրականացումը համակարգող Հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը` պաշտոնի նշումով: Գործի շապիկի (կազմի) վրա նշվում է նաև վարչական վարույթն ավարտելու ամսաթիվը:
21. Վարչական վարույթը սկսելու ամսաթիվը նշվում է ՎՀՎՎ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:
22. Վարչական վարույթն ավարտելու ամսաթիվը նշվում է ըստ այն ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է կամ Օրենքով սահմանված կարգով արձանագրային որոշմամբ վարչական վարույթը դադարեցվել է:
23. Վարչական գործով Հանձնաժողով վարչական բողոք բերելու կամ դատարան հայց ներկայացնելու կամ Հանձնաժողովի որոշման կատարումը դատական կարգով ապահովելու անհրաժեշտության դեպքերում գործի բնօրինակն ամբողջությամբ զեկուցագրով փոխանցվում է Հանձնաժողովի իրավաբանական վարչություն: Գործի շապիկի (կազմի) վրա, վերևի աջ անկյունում նշվում է «Բողոքարկվել է վարչական, դատական կարգով»: Վարչական կարգով բողոքարկելու դեպքում ընդգծվում է «վարչական» բառը, իսկ դատական կարգով բողոքարկելու դեպքում` «դատական» բառը:
(23-րդ կետը փոփ. 12.11.14 թիվ 480-Ն, 10.12.19 թիվ 198-Ն)
24. Վարչական գործում առկա փաստաթղթերի բնօրինակները դատարան փոխանցելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում դրանք պատճենահանվում են և պահվում գործում` նշելով «բնօրինակը ներկայացված է դատարան»:
25. Վարչական գործում պահվում են նաև վարչական կամ դատական վարույթի ընթացքում Հանձնաժողով ներկայացված կամ Հանձնաժողովի կողմից ձեռք բերված փաստաթղթերը, իսկ դրանց պատճենները, անհրաժեշտության դեպքում, փոխանցվում են Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:
(25-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
26. Վարչական գործի վարույթն ավարտվելուց հետո Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի քանակը:
(26-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
27. Ցանկում պետք է նշվեն նաև վարչական գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Եթե իրեղեն ապացույցները պահպանման ենթակա չեն, նշվում է դրանց համառոտ նկարագիրը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու կատարող պաշտոնատար անձը` նշելով իր անունը և ազգանունը, ցանկը կազմելու ամսաթիվը:
28. Ավարտված վարչական գործերը կարվում և կնքվում են Հանձնաժողովի կլոր կնիքով:
(28-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
29. Վարչական գործի կարված մասում պետք է լինեն Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և վարչական գործի վարման համար պատասխանատու կատարողի ստորագրությունները` ստորագրման ամսաթվի նշմամբ:
(29-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
30. Վարչական գործերը հերթական տարվա ընթացքում պահվում են տվյալ վարույթն իրականացնող Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումում:
(30-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
31. Յուրաքանչյուր տարվա ընթացքում ավարտված վարչական գործերը տվյալ տարվա ավարտից հետո, մինչև դրան հաջորդող տարվա փետրվարի 20-ը, հանձնման-ընդունման ակտ կազմելու միջոցով փոխանցվում են Հանձնաժողովի արխիվ` կենտրոնացված կարգով պահելու և պահպանելու նպատակով:
32. Հանձնման-ընդունման ակտն ստորագրվում է վարչական գործի վարման համար պատասխանատու կատարողի և Հանձնաժողովի քարտուղարության համապատասխան պաշտոնատար անձի կողմից, որում նշվում են փոխանցվող վարչական գործի (գործերի) վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`
1) վարչական գործի կազմման ամսաթիվը.
2) վարչական գործի համարը.
3) վարչական գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի քանակը:
(32-րդ կետը փոփ. 12.11.14 թիվ 480-Ն, 10.12.19 թիվ 198-Ն)
33. Վարչական գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը կարող է չնշվել հանձնման-ընդունման ակտում, այլ պատճենահանվել վարչական գործից և կցվել հանձնման-ընդունման ակտին` որպես դրա անբաժանելի մաս:
34. Հանձնաժողովի արխիվ փոխանցված վարչական գործերը պահվում են առանձին` ըստ դրանք փոխանցող Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների և խմբերի (դիմում կամ նախաձեռնություն), ժամանակագրական կարգով:
(34-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
35. Տնտեսվարող սուբյեկտները վարչական գործի փաստաթղթերին, նյութերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են ՎՀՎՎ օրենքով սահմանված կարգով:
III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
36. Հանձնաժողովում կազմվում և վարվում են վարչական գործերի հաշվառման գրանցամատյաններ (այսուհետ նաև` Գրանցամատյան)` փաստաթղթային և էլեկտրոնային (Հանձնաժողովի լոկալ էլեկտրոնային ցանցի միջոցով) տարբերակներով:
37. Հանձնաժողովի քարտուղարությունը կազմում և վարում է առանձին՝ անձի դիմումի հիման վրա և Հանձնաժողովի նախաձեռնության հիման վրա հարուցված վարչական գործերի գրանցամատյաններ:
(37-րդ կետը փոփ. 12.11.14 թիվ 480-Ն, 10.12.19 թիվ 198-Ն)
38. Հանձնաժողովի քարտուղարության աշխատակցի կողմից Գրանցամատյանի վարումն իրականացվում է Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պատասխանատու կատարողի կողմից պարբերաբար տրամադրվող տեղեկատվության հիման վրա:
(38-րդ կետը փոփ. 12.11.14 թիվ 480-Ն, 10.12.19 թիվ 198-Ն)
39. Գրանցամատյանը կազմվում և վարվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին:
40. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վերևի մասում նշվում է Հանձնաժողովի անվանումը, Գրանցամատյանը կազմող և վարող կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, կենտրոնական մասում` «Գրանցամատյան» բառը, այնուհետ` «Անձի դիմումի հիման վրա» կամ «Վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա» բառերը` հետևյալ հավելումով. «հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման», իսկ շապիկի ներքևի աջ անկյունում` տվյալ գրանցամատյանում հաշվառված վարչական գործերի ընդհանուր քանակը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված վարչական գործերի մասին տեղեկությունները գրանցվում են ( Ձև 2):
41. Գրանցամատյանում տեղեկությունների գրանցման համար նախատեսված յուրաքանչյուր էջ պետք է վերաբերի միայն մեկ վարչական գործի: Էջը պետք է նախապես այնպես կազմվի, որ դրանում, ըստ անհրաժեշտության, հնարավոր լինի լրացնել սույն կարգի Ձև 3-ում նշված երեք աղյուսակները, որոնց համապատասխան էլ Գրանցամատյանի էջերը կազմվում և համապատասխան տեղեկությունները գրանցվում են:
42. Թիվ 1 աղյուսակը լրացվում է բոլոր դեպքերում, թիվ 2 աղյուսակը` վարչական ակտի վերաբերյալ վարչական կարգով բողոք բերելու, իսկ թիվ 3 աղյուսակը` վարչական ակտի վերաբերյալ Հանձնաժողովի կամ տնտեսվարող սուբյեկտների կողմից հայց ներկայացնելու դեպքում:
43. Թիվ 1 աղյուսակին հաջորդած և լրացված մյուս աղյուսակը կամ աղյուսակները կազմում են 1-ին աղյուսակի շարունակությունը: Թիվ 3 աղյուսակը լրացնելու դեպքում պետք է հաշվի առնել դատական ատյաններում գործի քննության հնարավորությունը և ըստ այդմ էլ լրացնել թիվ 3 աղյուսակի 12-14-րդ սյունակները` սահմանված կարգով գործը վարչական և (կամ) վճռաբեկ դատարանում քննելու դեպքերում:
44. Եթե վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա գործը ուղարկվել է վերաքննության կարգով նոր քննության, ապա համապատասխանաբար 12-14-րդ` մինչ այդ կատարված գրառումներից ներքև, կատարվում են նոր գրառումներ, որոնք վերաբերում են նոր քննության ընթացքը ներկայացնող տեղեկություններին:
45. Թիվ 1 աղյուսակում նշվում են Հանձնաժողով ներկայացված դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործի մասին հետևյալ տեղեկությունները`
1) հաշվառվող վարչական գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.
2) Հանձնաժողովում անձի դիմումն ստանալու, իսկ եթե վարչական վարույթը հարուցվել է Հանձնաժողովի նախաձեռնությամբ, ապա` նախաձեռնության դրսևորման ամսաթիվը.
3) դիմողի անունը, ազգանունը (անվանումը), նրա բնակության (գտնվելու) վայրը, իսկ Հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցված լինելու դեպքում, նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ Հանձնաժողովը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.
4) դիմումի հիման վրա (Հանձնաժողովի նախաձեռնությամբ) ներկայացվող հարցի համառոտ շարադրանքը.
5) դիմումի կամ Հանձնաժողովի նախաձեռնության արդյունքում Հանձնաժողովի ընդունած որոշման համարը, ընդունման ամսաթիվն ու համառոտ շարադրանքը.
6) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:
46. Թիվ 2 աղյուսակում նշվում են տվյալ վարչական գործով Հանձնաժողով բերված վարչական բողոքը քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին հետևյալ տեղեկությունները`
1) վարչական բողոք բերելու ամսաթիվը.
2) վարչական բողոք բերողի անունը, ազգանունը (անվանումը).
3) վարչական բողոքի համառոտ շարադրանքը.
4) վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի ամսաթիվն ու համառոտ շարադրանքը.
5) նշում վարչական բողոք բերողին վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և ամսաթվի մասին:
47. Թիվ 3 աղյուսակում նշվում են տվյալ վարչական գործով դատական կարգով Հանձնաժողովի կամ տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված հայցի քննության ընթացքին վերաբերող հետևյալ տեղեկությունները`
1) դատարան հայց ներկայացնելու ամսաթիվը, հայցի համառոտ շարադրանքը.
2) հայցը ներկայացնողի անունը, ազգանունը (անվանումը), դատավարական կարգավիճակը.
3) հայցի վերաբերյալ ընդունված դատական ակտի ամսաթիվը և համառոտ շարադրանքը:
48. Գրանցամատյանում վարչական գործի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ վարչական գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:
49. Գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա նշվում է` «Գրանցամատյանը լրացված է» և Հանձնաժողովի քարտուղարության պետի և աշխատակցի կողմից ստորագրվում` ստորագրման ամսաթվի նշմամբ: Գրանցամատյանը կարվում և կնքվում է Հանձնաժողովի կնիքով:
(49-րդ կետը փոփ. 12.11.14 թիվ 480-Ն, 10.12.19 թիվ 198-Ն)
50. Գրանցամատյանի փաստաթղթային տարբերակում ուղղումներ կատարելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:
(50-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
51. Հանձնաժողովը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ նաև` ակտերի հաշվառման գրանցամատյան)` փաստաթղթային և էլեկտրոնային (Հանձնաժողովի լոկալ էլեկտրոնային ցանցի միջոցով) տարբերակներով:
52. Ակտերի հաշվառման գրանցամատյանը կազմում և վարում է Հանձնաժողովի քարտուղարությունը` կենտրոնացված միասնական համակարգի կիրառմամբ: Վարչական ակտերը հաշվառվում են մեկ միասնական գրանցամատյանում:
(52-րդ կետը փոփ. 12.11.14 թիվ 480-Ն, 10.12.19 թիվ 198-Ն)
53. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են Հանձնաժողովի անվանումը, տվյալ գրանցամատյանում ակտերի հաշվառման տարեթիվը և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր քանակը:
54. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման» (Ձև 4):
55. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվում են Հանձնաժողովի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերը, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են, կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը: Դրանք են`
1) անձի դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված որոշումը, այդ թվում` վարչական վարույթը դադարեցնելու վերաբերյալ Հանձնաժողովի արձանագրային որոշումը կամ վարույթը կարճելու մասին որոշումը,
2) Օրենքով սահմանված կարգով վարչական դատարանի վճռի հիման վրա Հանձնաժողովի ընդունած որոշումը.
3) Հանձնաժողովի որոշման չկատարման համար Հանձնաժողովի իրավասության սահմաններում պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը:
56. Ակտերի հաշվառման գրանցամատյանի վերջին էջի վրա նշվում է` «Գրանցամատյանը լրացված է» և Հանձնաժողովի քարտուղարության պետի և համապատասխան աշխատակցի կողմից ստորագրվում` ստորագրման ամսաթվի նշմամբ: Գրանցամատյանը կարվում և կնքվում է Հանձնաժողովի կնիքով:
(56-րդ կետը փոփ. 12.11.14 թիվ 480-Ն, 10.12.19 թիվ 198-Ն)
57. Հանձնաժողովը կարող է հաշվառել նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):
58. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները (Ձև 5)`
1) հաշվառվող վարչական ակտի հերթական համարը.
2) վարչական վարույթ հարուցելու հիմքը` դիմումի հիման վրա (Հանձնաժողովի նախաձեռնությամբ) ներկայացվող հարցի համառոտ շարադրանքը.
3) հաշվառվող ակտի ընդունման ամսաթիվը և համարը.
4) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը: Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված տնտեսվարող սուբյեկտների խմբի, ապա նշվում են նաև այդ տնտեսվարող սուբյեկտների անվանումները.
5) վարչական ակտի եզրափակիչ մասի (ՎՀՎՎ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.
6) վարչական ակտին կից հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.
7) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր քանակը:
59. Ելնելով անհրաժեշտությունից` ակտերի հաշվառման գրանցամատյանում կարող են ներառվել նաև այդ ակտերին վերաբերող այլ տեղեկություններ:
60. Ակտերի հաշվառման գրանցամատյանի փաստաթղթային տարբերակում ուղղումներ կատարելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:
(60-րդ կետը փոփ. 10.12.19 թիվ 198-Ն)
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
61. Հանձնաժողովի ներքին աուդիտի բաժինը, Հանձնաժողովի իրավաբանական վարչության հետ համատեղ, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, մինչև դրան հաջորդող տարվա մարտի 30-ը, ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է առկա թերությունների և բացթողումների պատճառները, իրականացնում է միջոցառումներ, այդ թվում` ներկայացնում առաջարկություններ դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար Հանձնաժողովի պատասխանատու աշխատողների աշխատանքի բարելավման ուղղությամբ:
(61-րդ կետը փոփ. 12.11.14 թիվ 480-Ն, 10.12.19 թիվ 198-Ն)
62. Գրանցամատյանների կազմման և վարման կարգի պահանջների միասնական կիրառման ապահովումն իրականացնում է Հանձնաժողովի քարտուղարության պետը:
(62-րդ կետը փոփ. 12.11.14 թիվ 480-Ն, 10.12.19 թիվ 198-Ն)
63. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց, ինչպես նաև վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են Հանձնաժողովում` գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են հանձնման արխիվ:
Ձև 1
Վարչական գործի շապիկի (կազմի)
Բողոքարկվել է`
վարչական կարգով
դատական կարգով
(յուրաքանչյուրի դեպքում ընդգծել)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
__________________________________________________________
(վարչական վարույթի վարման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը)
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ. ԳՈՐԾ թիվ -
__________________________________________________________
(Հանձնաժողովի որոշման հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում)
ՎԱՐՈՒՅԹԸ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է_________________ ՀԻՄԱՆ ՎՐԱ
___________________________________________________
(դիմումի կամ նախաձեռնության)
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է _________ 200 թ.
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է _________ 200 թ.
___________________________
(համակարգող Հանձնաժողովի անդամի ԱԱ)
___________________________
(պատասխանատու կատարողի պաշտոնը, ԱԱ)
Ձև 2
Վարչական վարույթի վերաբերյալ
գործերի հաշվառման գրանցամատյանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
քարտուղարություն
(վերնագիրը փոփ. 12.11.14 թիվ 480-Ն, 10.12.19 թիվ 198-ն)
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
__________________________________________________________
(«Անձի դիմումի հիման վրա» կամ «Վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա»)
հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման
___________________________________
(գրանցամատյանում հաշվառված վարչական գործերի ընդհանուր թիվը)
2008
(ձևը փոփ. 12.12.14 թիվ 480-Ն, 10.12.19 թիվ 198-Ն)
Ձև 3
Վարչական վարույթի վերաբերյալ գործերի
հաշվառման գրանցամատյանների կազմման
Աղյուսակ 1
Տեղեկություններ գործը Հանձնաժողովում
քննարկելու ընթացքի մասին
ԳՀՀ |
Դիմումը Հանձնաժողով ներկայացնելու (Հանձնաժողովի նախաձեռնության դրսևորման) ամսաթիվը |
Դիմողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, իսկ Հանձնաժողովի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցման դեպքում` այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ Հանձնաժողովը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ |
Դիմումի հիման վրա (Հանձնաժողովի նախաձեռնությամբ) ներկայացվող հարցի համառոտ շարադրանքը |
Վարչական վարույթի արդյունքում ընդունված Հանձնաժողովի որոշման համարը, դրա ընդունման ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
Նշում վարչական ակտի մասին դիմողին
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Աղյուսակ 2
Տեղեկություններ բողոքը Հանձնաժողովում
քննարկելու ընթացքի մասին
Վարչական բողոք բերելու ամսաթիվը |
Վարչական |
Վարչական բողոքի համառոտ շարադրանքը
|
Վարչական բողոքի |
Նշում վարչական բողոք բերողին վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և ամսաթվի մասին
|
7 |
8 |
9 |
10 |
11 |
Աղյուսակ 3
Տեղեկություններ հայցը
դատարանում քննելու ընթացքի մասին
Դատարան հայց ներկայացնելու ամսաթիվը, հայցի համառոտ շարադրանքը |
Հայցը ներկայացնողի անունը, ազգանունը (անվանումը), դատավարական կարգավիճակը |
Հայցի վերաբերյալ ընդունված դատական ակտի ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
12 |
13 |
14 |
Ձև 4
Վարչական ակտերի հաշվառման
գրանցամատյանի շապիկի (կազմի)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2008
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
Վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված
վարչական ակտերի հաշվառման
Հաշվառված վարչական ակտերի
ընդհանուր թիվը` ________
Ձև 5
Վարչական ակտերի հաշվառման
գրանցամատյանի կազմման
ԱՀՀ |
Դիմումի հիման վրա (Հանձնաժողովի նախաձեռնությամբ) ներկայացվող հարցի համառոտ շարադրանքը |
Հաշվառվող վարչական ակտի ընդունման ամսաթիվը և համարը |
Վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը: Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված տնտեսվարող սուբյեկտների խմբի, նշվում են նաև այդ տնտեսվարող սուբյեկտների անվանումները. |
Վարչական ակտի եզրափակիչ մասի (ՎՀՎՎ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը |
Վարչական ակտին կից հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին |
Վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր քանակը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
(հավելվածը փոփ., լրաց. 12.11.14 թիվ 480-Ն, փոփ., խմբ. 10.12.19 թիվ 198-Ն)