Գլխավոր տեղեկություն
Номер
N 1007-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.10.02/54(994) Հոդ.901
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.09.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.09.2013
Дата вступления в силу
03.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2013 թվականի N 1007-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ու 2011 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագրի Գ բաժնով և Ե բաժնի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածով հաստատված ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի զարգացման, մոնիթորինգի և ազդեցության գնահատման և ծրագրերի բաղադրիչների համակարգման բաժինները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով մոնիթորինգի և գնահատման, ծրագրերի համակարգման, զարգացման բաժին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1007-Ն որոշման

 

«Ձև

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ

 

Սահմանումներ

Գյուղական ֆինանսավորման կառույցի (այսուհետ` ԳՖԿ) սույն կանոնադրությունն ավելի ըմբռնելի դարձնելու նպատակով կկիրառվեն հետևյալ սահմանումները`

1) փոխառու նշանակում է Հայաստանի Հանրապետություն,

2) ֆինանսավորման համաձայնագրեր նշանակում է գյուղական ֆինանսավորման կառույցի ծրագրային գործառնություններին աջակցելու նպատակով ԳԶՄՀ-ի և փոխառուի, ինչպես նաև փոխառուի և այլ դոնոր կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրեր,

3) ՇՀՖԾ նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագիր,

4) ԳԶՄՀ նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ,

5) ՎԽ նշանակում է վարկային խորհուրդ, ինչպես նկարագրված է ֆինանսավորման համաձայնագրերում,

6) ԾԻԳ նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրված Ծրագրերի իրականացման գրասենյակ, որը պատասխանատու է Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի (ԳԿՍԾ) իրականացման ընդհանուր համակարգման և կառավարման համար,

7) ԾԻԳ-ի կանոնադրություն նշանակում է Ծրագրերի իրականացման գրասենյակի կանոնադրություն, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշմամբ,

8) ԾԻԳ-ի տնօրեն նշանակում է Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն,

9) ՄՖԿ նշանակում է մասնակից ֆինանսական կառույց, ինչպես օրինակ` բանկ, վարկային և լիզինգային կազմակերպություն կամ այլ ֆինանսական կառույց, որն ընտրվում է գյուղական ֆինանսավորման կառույցի վերաֆինանսավորման գործառույթներին մասնակցելու նպատակով,

10) ԾՂԽ նշանակում է ծրագրի ղեկավար խորհուրդ, ինչպես նկարագրված է ֆինանսավորման համաձայնագրերում,

11) ԳՏՏԶԾ նշանակում է ԳԶՄՀ-ի կողմից ֆինանսավորված Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր,

12) ԳՖԿ-ի ներդրումային ուղեցույց նշանակում է կանոնների և կանոնակարգերի համառոտագիր, որոնք ենթակա են կիրառման ԳԶՄՀ-ից և այլ դոնորներից ստացված ֆինանսական միջոցների կառավարման համար,

13) ԳՖԿ-ի ծրագրային հաշիվներ նշանակում է ցանկացած հաշիվ, որի միջոցով ԳՖԿ-ն ստանում է արտաքին օժանդակություն գյուղական ֆինանսավորման կառույցի ծրագրային գործառույթների համար և ցանկացած հաշիվ, որը ԳՖԿ-ն օգտագործում է ծրագրային գործառնությունների իրականացման համար,

14) ԳՖԿ-ի ծրագրային ակտիվները ներառում են բոլոր ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվում են ԳՖԿ-ին ԳԶՄՀ-ի կողմից ֆինանսավորված և վերահսկվող ծրագրերի միջոցով կամ այլ դոնոր կազմակերպությունների կողմից այն բացառիկ պայմանով, որ դրանք պետք է կառավարվեն գյուղական ֆինանսավորման կառույցի սույն կանոնադրությամբ: ԳՖԿ-ի ծրագրային ակտիվները նաև ներառում են հետադարձ հոսքերը մասնակից ֆինանսական կառույցներից, տոկոսագումարները և ցանկացած այլ ակտիվներ, որոնք հաշվեգրվում են նշված միջոցներին,

15) ԳՖԿ-ի տնօրեն նշանակում է գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրեն,

16) ԳՖԿ-ի ծրագրային գործառնություններ նշանակում է ֆինանսավորման համաձայնագրերում սահմանված կարգով գյուղական ֆինանսավորման կառույցի ծրագրային ակտիվների օգտագործում մասնակից ֆինանսական կառույցներին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով` վերաֆինանսավորելու համապատասխան ծրագրերի վարկավորումը, ինչպես նաև ֆինանսավորելու այնպիսի ընթացիկ կամ այլ ծախսեր, որոնք անհրաժեշտ են գյուղական ֆինանսավորման կառույցի ծրագրային գործառնություններն իրականացնելու, կառավարելու և մշտադիտարկելու համար,

17) գյուղական ֆինանսավորման կառույց կամ ԳՖԿ նշանակում է ինքնուրույն միավոր ԾԻԳ-ի կառուցվածքում, ինչպես սահմանված է ԳՖԿ-ի սույն կանոնադրության մեջ:

 

1. Նախաբան

 

1.1. ԳՖԿ-ի սույն կանոնադրությունն ընդունվում է հաստատելու ԾԻԳ-ի կառուցվածքում ԳՖԿ-ի առանձին և ինքնուրույն կարգավիճակը բոլոր ֆինանսական միջոցների մասով, որոնք տրամադրվում են ԳՖԿ-ին ԳԶՄՀ-ի կողմից ֆինանսավորված և վերահսկվող ծրագրերի միջոցով կամ այլ դոնոր կազմակերպությունների կողմից այն բացառիկ պայմանով, որ դրանք պետք է կառավարվեն գյուղական ֆինանսավորման կառույցի սույն կանոնադրությամբ:

1.2. ԳՖԿ-ի սույն կանոնադրությունն ընդունվում է որպես հավելված ԾԻԳ-ի կանոնադրությանը: ԾԻԳ-ի կանոնադրության և ԳՖԿ-ի կանոնադրության միջև շարադրանքի անհամապատասխանության դեպքում գերակա է ԳՖԿ-ի սույն կանոնադրությունը: ԳՖԿ-ի կանոնադրության մեջ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի ԳԶՄՀ-ի կողմից:

 

2. ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունները

 

2.1. ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունները նշանակում են ծրագրային ակտիվների օգտագործում` ՄՖԿ-ներին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով` վերաֆինանսավորելու համապատասխան ծրագրերի վարկավորումը ներդրումային ուղեցույցին համապատասխան, ինչպես նաև ֆինանսավորելու այնպիսի ընթացիկ կամ այլ ծախսեր, որոնք ֆինանսավորման համաձայնագրերով սահմանված կարգով անհրաժեշտ են ԳՖԿ-ի ծրագրային գործառնություններն իրականացնելու, կառավարելու և մշտադիտարկելու համար: Իր ծրագրային գործառույթների իրականացման համար ԳՖԿ-ն պետք է ունենա Հայաստանի Հանրապետության ազգային զինանշանով պաշտոնական կլոր դրոշմակնիք: Ընդհանուր առմամբ ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունները կիրականացվեն համաձայն համապատասխան կանոնակարգերի` գերակայության հետևյալ հաջորդականությամբ`

1) ֆինանսավորման համաձայնագրեր,

2) ԳՖԿ-ի սույն կանոնադրությունը,

3) ԳՖԿ-ի ներդրումային ուղեցույցը:

 

3. ԳՖԿ-ի կառուցվածքը

 

ԳՖԿ-ի կառավարման մարմիններն են`

3.1. Ծրագրի ղեկավար խորհուրդ (ԾՂԽ)- ԾՂԽ-ն

3.1.1. հաստատում է ԳՖԿ-ի ներդրումային ուղեցույցը և դրանում կատարված ցանկացած փոփոխություն և լրամշակում, որը ենթակա է համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ և պետք է հաստատվի ԳԶՄՀ-ի և այլ համապատասխան դոնորների կողմից,

3.1.2. մշակում և վերահսկում է ԳՖԿ-ի գործառնությունների ընդհանուր քաղաքականությունը,

3.1.3. որոշում է վերաֆինանսավորման ժամկետներն ու պայմանները, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ և պետք է հաստատվեն ԳԶՄՀ-ի և այլ համապատասխան դոնորների կողմից,

3.1.4. հաստատում է ԳՖԿ-ի տարեկան աշխատանքային պլան-բյուջեն,

3.1.5. հաստատում է ԳՖԿ-ի տարեկան և ֆինանսական հաշվետվությունները:

3.2. Վարկային խորհուրդը (ՎԽ)

3.2.1. հաստատում կամ մերժում է ՄՖԿ-ների կողմից ստացված վերաֆինանսավորման հայտեր ներդրումային ուղեցույցին համապատասխան,

3.2.2. ընդունում է որոշումներ` հիմնվելով ենթավարկերի /լիզինգային վարկերի ներդրումային ուղեցույցի ժամկետներին և պայմաններին համապատասխանելիության վրա:

3.3. ԾՂԽ-ի և ՎԽ-ի կազմը սահմանվում է ֆինանսական համաձայնագրերով:

3.4. ՎԽ-ի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Որոշման ընդունման ժամանակ ձայների հավասար լինելու դեպքում ՎԽ-ի նախագահի ձայնը վճռորոշ է: ՎԽ-ի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների առնվազն հիսուն տոկոսը: ՎԽ-ն իրավասու է մերժել հայտը, եթե այն չի համապատասխանում ԳՖԿ-ի ներդրումային ուղեցույցում նշված համապատասխանության չափանիշներին:

 

4. ԳՖԿ-ի տնօրենը

 

4.1. ԳՖԿ-ի տնօրենը պետք է ունենա համապատասխան բացառիկ լիազորություններ իրականացնելու ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունները, կատարի իր պարտականությունները և իրականացնի իր ստանձնած լիազորությունները պատշաճ ջանասիրությամբ և պատասխանատվությամբ ԾՂԽ-ի ղեկավարության ներքո:

4.2. Մասնավորապես, ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունների շրջանակում ԳՖԿ-ի տնօրենը պետք է ունենա ԳՖԿ-ն ներկայացնելու, ԳՖԿ-ի հաշիվները վարելու և ԾԻԳ-ի անունից իրավական ուժ ունեցող պարտավորություններ ստանձնելու բացառիկ լիազորություններ: ԳՖԿ-ի տնօրենը պետք է իրականացնի իր ստանձնած լիազորությունները ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունների շրջանակում: ԾԻԳ-ի տնօրենը ԳՖԿ-ի տնօրենին պետք է հատկացնի ԾԻԳ-ի անունից գործելու մշտական լիազորություն ԳՖԿ-ի սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:

4.3. ԳՖԿ-ի տնօրենի նշանակումը պետք է հաստատվի ԾՂԽ-ի, ինչպես նաև ԳԶՄՀ-ի կողմից և պետք է ունենա ԳԶՄՀ-ի համար ընդունելի որակավորում և փորձառություն: ԳՖԿ-ի տնօրենն անմիջականորեն հաշվետու է ԾՂԽ-ին: ԳՖԿ-ի տնօրենը հաշվետու է նաև ԾԻԳ-ի տնօրենին համաձայն ֆինանսական համաձայնագրերի հաշվետվողականության մասով պարտավորությունների, ինչպես նշված է ստորև ներկայացված 6.3-րդ կետում:

 

5. ԳՖԿ-ի աշխատակազմը

 

5.1. ԳՖԿ-ի աշխատակազմի ընտրությունը կատարվում է հետևյալ կերպ` ԳՖԿ-ի տնօրենը պետք է առաջարկի թեկնածուին համապատասխան պաշտոնում նշանակման համար, որից հետո թեկնածուն պաշտոնապես կնշանակվի համապատասխան պաշտոնում` ըստ կիրառվող օրենսդրության: ԳՖԿ-ի բանկային մասնագետը (մասնագետները) և հաշվապահը (հաշվապահները) նշանակվում և ազատվում են միայն ԳԶՄՀ-ի կողմից ստացված համաձայնության հիման վրա: ԳՖԿ-ի աշխատողներն իրականացնում են իրենց պարտականությունները ԳՖԿ-ի տնօրենի կողմից ստացված հանձնարարականներին համապատասխան և անմիջականորեն հաշվետու են ԳՖԿ-ի տնօրենին:

5.2. ԳՖԿ-ի ծրագրային ակտիվները կարող են օգտագործվել ԳՖԿ-ի տնօրենի և աշխատողների աշխատավարձերը վճարելու նպատակով: Աշխատավարձերը պետք է արդարացի և համապատասխան կերպով հաշվարկվեն` հաշվի առնելով այն աշխատանքային ծանրաբեռնվածությունը, որով աշխատում են ԳՖԿ-ի տնօրենը և աշխատակազմը ԳՖԿ-ի ծրագրային գործառնություններն իրականացնելու նպատակով` համաձայն ստորև ներկայացված 6.1-ին կետի:

 

6. Ֆինանսական կառավարում

 

6.1. ԳՖԿ-ի ծրագրային ակտիվները, այդ թվում նաև` վերաֆինանսավորման կապիտալի հետ հոսքերը և գործառնական ծախսերի խնայողությունները պետք է օգտագործվեն բացառապես ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունների համար: Սույն կանոնադրությամբ արգելվում է ԳՖԿ-ի ծրագրային ակտիվների օգտագործումն այլ, ոչ ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունների նպատակով:

6.2. ԳՖԿ-ի ծրագրային ակտիվներն առանձնացվում են ԾԻԳ-ի մյուս ակտիվներից և պետք է վերահսկվեն, հաշվառվեն և հաշվեստուգվեն առանձին: Միացումից հետո ԳՖԿ-ն շարունակում է օգտագործել մինչ իր գործառույթները ԾԻԳ-ին միացնելը շրջանառու միջոցները կառավարելու նպատակով կիրառվող համապատասխան համակարգչային ծրագրերը կամ կարող է օգտագործել համակարգչային որևէ այլ ծրագիր ԳՖԿ-ի տնօրենի որոշմամբ ԳԶՄՀ-ից հաստատում ստանալուց հետո: ԳՖԿ-ն պետք է ունենա առանձին բանկային հաշիվներ և ֆինանսական կառավարման համակարգ, ինչը հնարավորություն կտա իրականացնել ԳՖԿ-ի ծրագրային ակտիվների առանձին վերահսկում, հաշվառում և հաշվեստուգում:

6.3. Ընդհանուր տարեկան աշխատանքային պլան/բյուջե և առաջընթացի հաշվետվություն կազմելու համար ԳՖԿ-ի տնօրենը հաշվետու է ԾԻԳ-ի տնօրենին ԾԻԳ-ի կամ ֆինանսական համաձայնագրերով սահմանված հաշվետվության պահանջները բավարարելու նպատակով:

 

7. ԾԻԳ-ի կողմից ԳՖԿ-ի համար կատարված գործառնական ծախսերի փոխհատուցումը

 

7.1. Այն դեպքում, երբ ԳՖԿ-ն գտնվում է ԾԻԳ-ի տարածքում, ԾԻԳ-ը կարող է կատարել ծախսեր ԳՖԿ-ի անունից` ԳՖԿ-ի ծրագրային գործառնություններին աջակցելու նպատակով: Նման ծախսերը կարող են ներառել`

7.1.1. տարածքի վարձակալություն, այդ թվում` նաև վճարումներ էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլնի համար,

7.1.2. գրասենյակի կառավարում, այդ թվում` մաքրություն, անվտանգություն և այլն,

7.1.3. նյութատեխնիկական ապահովում, այդ թվում` վարորդներ և մեքենաներ:

7.2. Անհրաժեշտության դեպքում ԾԻԳ-ի տնօրենը և ԳՖԿ-ի տնօրենը վերոնշյալ դրույթների շրջանակներում համաձայնություն պետք է ձեռք բերեն կատարվող ծախսերի ծավալների մանրամասնությունների վերաբերյալ: ԾԻԳ-ը ԳՖԿ-ին եռամսյակային կտրվածքով կներկայացնի հաշիվ-ապրանքագիր ԾԻԳ-ի կողմից կատարված այն ծախսերի մասին, որոնք սահմանված կարգով ենթակա կլինեն փոխհատուցման ԳՖԿ-ի հաշիվներից:

 

8. ԳՖԿ-ի իրավունքներն ու պարտավորությունները, իրավասությունները և պատասխանատվությունը

 

8.1. ԳՖԿ-ի իրավունքներն ու պարտականությունները, իրավասությունները և պատասխանատվությունները, կապված ծրագրային գործառնությունների և (կամ) ակտիվների հետ, որոնք ԾԻԳ-ի հետ միավորման արդյունքում փոխանցվել են ԾԻԳ-ին, կարգավորվում են սույն կանոնադրությամբ և վերագրվում են ԳՖԿ-ին` որպես ԾԻԳ-ի կազմում ինքնուրույն միավոր: Այդ իրավունքներն ու պարտականությունները, իրավասությունները և պատասխանատվությունները կազմում են ԳՖԿ-ի ծրագրային գործառույթների մաս և գտնվում են ԳՖԿ-ի տնօրենի բացառիկ իրավասությունների շրջանակներում` բացառությամբ այն իրավասությունների, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են ԾԻԳ-ի տնօրենին:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1007-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 28-ի N 461-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Ֆինանսահաշվային բաժին

 

2. Շինարարության վերահսկման բաժին

 

3. Մոնիթորինգի և գնահատման, ծրագրերի համակարգման, զարգացման բաժին

 

4. Գնումների բաժին

 

5. Գյուղական ֆինանսավորման բաժին

 

6. Գործերի կառավարման բաժին»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան