ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2011 թվականի N 1233-Ն
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը և 15-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտորների վարքագծի կանոնները` համաձայն N 2 հավելվածի.
3) կազմակերպություններում «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է,
2) «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ներքին աուդիտի համակարգի մասին նախորդ տարվա հաշվետվությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից և հրապարակվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը վերակազմավորել աշխատակազմի ներքին աուդիտի վարչության:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 4-րդ ենթակետի «ժէ» պարբերությունը,
բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին ենթակետով.
«5.1. ներքին աուդիտի ոլորտում`
ա. ներքին աուդիտի համակարգի զարգացման և մեթոդաբանության կատարելագործման նպատակով պարբերաբար դիտարկումներ (մոնիթորինգ) է իրականացնում «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ներքին աուդիտի մեթոդաբանության, ներքին աուդիտի ստանդարտների և ներքին աուդիտորների վարքագծի կանոնների պահանջների կիրառման նկատմամբ,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է`
- ներքին աուդիտի գործընթացի համակարգումը և ներդաշնակեցումը,
- ներքին աուդիտորների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը,
- ներքին աուդիտորի արհեստավարժության համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների կազմակերպման համակարգի առկայությունը,
- մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը ներքին աուդիտի համակարգի մասին նախորդ տարվա հաշվետվության հրապարակումը,
- ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց հաշվառումը և նրանց ցանկի հրապարակումը,
- Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ներքին աուդիտի ոլորտի հաստատությունների ու մարմինների հետ համագործակցությունը,
- կազմակերպությունների ներքին աուդիտի ստորաբաժանումների, ներքին աուդիտորների, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանումների կանոնակարգերի գրանցամատյանի ստեղծումը և վարումը:».
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Նախարարը, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ապահովում է ներքին աուդիտի համակարգի առկայությունը և գործունեությունը:».
3) որոշման N 2 հավելվածի 1-ին բաժնի՝
ա. 1-ին կետը լրացնել«Ներքին աուդիտի վարչություն» բառերով,
բ. 3-րդ կետից հանել «Ներքին աուդիտի բաժին» բառերը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 1
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման |
Ս Տ Ա Ն Դ Ա Ր Տ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Բ Ա Ժ Ի Ն I.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները (այսուհետ՝ ստանդարտներ) կիրառվում են «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հանրային հատվածի կազմակերպություններում ներքին աուդիտի իրականացման ժամանակ ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատողների կողմից, իսկ ստորաբաժանման բացակայության դեպքում` օրենքով սահմանված հրավիրված անձանց կողմից:
2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները ստանդարտներում և վարքագծի կանոններում օգտագործվում են նույն իմաստով:
3. Ստանդարտները կազմված են`
1) բնութագրող ստանդարտներից (Attribute Standards).
2) գործառնական ստանդարտներից (Performance Standards).
3) կիրառական ստանդարտներից (Implementation Standards):
4. Բնութագրող ստանդարտներում դիտարկվում են ներքին աուդիտով զբաղվող կազմակերպությունների և կողմերի հիմնական հատկորոշիչ առանձնահատկությունները:
5. Գործառնական ստանդարտները նկարագրում են ներքին աուդիտի էությունը և տալիս ներքին աուդիտի գործունեության գնահատման որակական չափորոշիչները:
6. Եթե բնութագրող և գործառնական ստանդարտները վերաբերում են ներքին աուդիտին՝ ընդհանուր առմամբ, ապա կիրառական ստանդարտները վերաբերում են աուդիտորական գործունեության կոնկրետ տեսակներին: Կիրառական ստանդարտները տարբեր են աուդիտորական գործունեության տարբեր տեսակների համար: Մասնավորապես, կիրառական ստանդարտները վերաբերում են աուդիտորական հավաստիացումների տրամադրման գործունեությանը («Հ» կոդավորմամբ ստանդարտներ` {XXXX. Հ X}) և խորհրդատվական գործունեությանը («Խ» կոդավորմամբ ստանդարտներ` {XXXX. Խ X}):
7. Հավաստիացման ծառայությունները ներառում են աուդիտորական ապացույցների օբյեկտիվ գնահատականը` տրված ներքին աուդիտի կողմից, որը ներկայացնում է անկախ կարծիք կամ տալիս եզրակացություն գործընթացի, համակարգի կամ աուդիտի այլ օբյեկտի վերաբերյալ: Հավաստիացումն ապահովելու նպատակով իրականացվող աուդիտի բնույթը և ծավալը որոշվում են ներքին աուդիտորի կողմից: Ընդհանուր առմամբ՝ հավաստիացման ծառայությունների տրամադրման գործընթացում ներգրավված է երեք կողմ`
1) անձը կամ անձանց խումբը, որոնք ուղղակիորեն պատասխանատու են գործընթացի, համակարգի կամ աուդիտի այլ օբյեկտի համար` գործընթացի համար պատասխանատու.
2) գնահատող անձը կամ անձանց խումբը` ներքին աուդիտոր.
3) անձը կամ անձանց խումբը, որոնք կոնկրետ նպատակներով օգտագործում են աուդիտի գնահատականը` օգտագործող:
8. Խորհրդատվական ծառայությունները, որպես կանոն, տրամադրվում են այդ աշխատանքները պատվիրողի` կազմակերպության ղեկավարի հատուկ պահանջով: Խորհրդատվական ծառայությունների բնույթը և ծավալները կազմակերպության ղեկավարի հետ բանակցությունների առարկա են։
9. Ընդհանուր առմամբ՝ խորհրդատվական ծառայությունների մատուցման գործընթացում ներգրավված է երկու կողմ`
1) անձը կամ անձանց խումբը, որոնք տրամադրում են խորհրդատվություն` ներքին աուդիտոր.
2) անձը կամ անձանց խումբը, որոնք պատվիրում և ստանում են խորհրդատվություն` պատվիրատու կամ կազմակերպության ղեկավար:
10. Խորհրդատվական ծառայությունների տրամադրման ընթացքում ներքին աուդիտորը պետք է պահպանի օբյեկտիվությունը և զերծ մնա կառավարչական պատասխանատվությունների ստանձնումից:
Բ Ա Ժ Ի Ն II.
ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
1000 – Նպատակը, լիազորությունները ԵՎ պարտականությունները
11. Ներքին աուդիտի գործունեության նպատակը, լիազորությունները և պարտականությունները պետք է սահմանվեն ներքին աուդիտի կանոնակարգով ու համահունչ լինեն ներքին աուդիտի սահմանմանը, ստանդարտներին և վարքագծի կանոններին: Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է պարբերաբար վերանայի ներքին աուդիտի կանոնակարգը և այն ներկայացնի կազմակերպության ղեկավարի հաստատմանը:
1) Մեկնաբանություն. Ներքին աուդիտի կանոնակարգը, կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ, կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված փաստաթուղթ է, որով սահմանվում են ներքին աուդիտի նպատակը, լիազորությունները և պարտականությունները: Այլ պայմաններից բացի, կանոնակարգը նաև՝
ա. մատնանշում է կազմակերպությունում ներքին աուդիտի դիրքը,
բ. սահմանում է ներքին աուդիտի շրջանակը,
գ. կարգավորում է ներքին աուդիտորների համար աուդիտորական առաջադրանքների կատարման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի, աշխատակազմի և գույքի հետ կապված հարցերը:
12. Կիրառական ստանդարտներն են՝
1) 1000.Հ1 – Կազմակերպությանը մատուցվող հավաստիացման ծառայությունների բնույթը պետք է սահմանվի ներքին աուդիտի կանոնակարգով: Եթե հավաստիացումը տրվում է կազմակերպությունից դուրս գտնվող կողմերին, ապա ներքին աուդիտի կանոնակարգով պետք է սահմանվի նաև այս ծառայությունների բնույթը.
2) 1000.Խ1 – Խորհրդատվական ծառայությունների բնույթը պետք է սահմանվի ներքին աուդիտի կանոնակարգով:
Գ Լ ՈՒ Խ 2
1010 – Ներքին աուդիտի ստանդարտների ԵՎ վարքագծի կանոնների ճանաչումը ներքին աուդիտի կանոնակարգով
13. Ներքին աուդիտի կանոնակարգով պետք է ճանաչվի ներքին աուդիտի ստանդարտների և վարքագծի կանոնների պարտադիր բնույթը: Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է կազմակերպության ղեկավարի ու ներքին աուդիտի կոմիտեի հետ քննարկի ներքին աուդիտի ստանդարտները և վարքագծի կանոնները:
Գ Լ ՈՒ Խ 3
1100 – Անկախությունը ԵՎ օբյեկտիվությունը
14. Ներքին աուդիտի գործառույթները պետք է լինեն անկախ, և ներքին աուդիտորները պետք է լինեն օբյեկտիվ՝ իրենց աշխատանքն իրականացնելիս:
1) Մեկնաբանություն. Անկախությունը ներքին աուդիտի գործառույթի` կազմակերպության այլ գործառույթներից առանձնացված իրականացումն է: Անկախությունը ներքին աուդիտի գործառույթի ազատությունն է ներքին աուդիտի պարտականությունների անկողմնակալ իրականացումը վտանգող պայմաններից: Ներքին աուդիտի գործառույթի իրականացման համար անհրաժեշտ անկախության մակարդակն ապահովելու նպատակով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն իրավունք ունի կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի հետ անմիջական և անսահմանափակ հաղորդակցության: Դա հնարավոր է ապահովել երկակի հաշվետվողական հարաբերությունների միջոցով: Անկախությանն սպառնացող վտանգները պետք է կարգավորվեն անհատ աուդիտորի, աուդիտորական առաջադրանքի, գործառութային և կազմակերպական մակարդակներով.
2) Մեկնաբանություն. Օբյեկտիվությունը ներքին աուդիտորների կողմից աուդիտի ընթացքում տեղեկությունների հավաքագրման, գնահատման և փոխանակման գործընթացում մասնագիտական անշահախնդրության անվերապահ ցուցաբերումն է: Ներքին աուդիտորներն իրականացնում են բոլոր հանգամանքների հավասարակշռված և համարժեք գնահատում և չեն ենթարկվում սեփական հետաքրքրությունների կամ այլ անձանց դատողությունների անհարկի ազդեցությանը: Օբյեկտիվությունն անկողմնակալ մոտեցում է, որը հնարավորություն է ընձեռում ներքին աուդիտորին աուդիտորական առաջադրանքներն իրականացնելու այնպիսի եղանակով, որը նրան վստահություն է ներշնչում իր աշխատանքի արդյունքի հանդեպ և համոզում, որ որակի հարցում զիջողություններ չեն կատարվել: Օբյեկտիվությանն սպառնացող վտանգները պետք է կարգավորվեն անհատ աուդիտորի, աուդիտորական առաջադրանքի, գործառութային և կազմակերպական մակարդակներով:
Գ Լ ՈՒ Խ 4
1110 – Կազմակերպական անկախությունը
15. Կազմակերպության ներսում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է հաշվետու լինի կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին, ինչը պետք է հնարավորություն ընձեռի ներքին աուդիտի ստորաբաժանմանը լիարժեքորեն իրականացնելու իր աշխատանքային պարտականությունները:
1) Մեկնաբանություն. Կազմակերպական անկախությունը հնարավոր է արդյունավետորեն ապահովել այն դեպքում, երբ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը գործառութային տեսանկյունից հաշվետու է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:
16. Կիրառական ստանդարտներն են՝
1110.Հ1 – Չպետք է թույլատրել երրորդ անձանց միջամտությունը ներքին աուդիտի շրջանակների սահմանման, աշխատանքների իրականացման և արդյունքների մասին հաշվետվությունները ներկայացնելու գործընթացին:
Գ Լ ՈՒ Խ 5
1111 – Անմիջական փոխհարաբերությունները կազմակերպության ղեկավարի ԵՎ ներքին աուդիտի կոմիտեի հետ
17. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է ուղղակիորեն շփվի և փոխհարաբերվի կազմակերպության ղեկավարի ու ներքին աուդիտի կոմիտեի հետ:
Գ Լ ՈՒ Խ 6
1120 – Անհատական օբյեկտիվությունը
18. Ներքին աուդիտորները պետք է ցուցաբերեն օբյեկտիվ ու անաչառ մոտեցում և խուսափեն շահերի բախման դեպքերից:
1) Մեկնաբանություն. Շահերի բախումն այնպիսի իրավիճակ է, երբ ներքին աուդիտորի մոտ առկա է մասնագիտական (պաշտոնական) և անձնական շահերի հակասություն: Նման հակասական շահերը կարող են դժվարություն առաջացնել նրա պարտականությունների անկողմնակալ իրականացման գործում: Շահերի բախում կարող է լինել նույնիսկ այն դեպքում, երբ տեղի չի ունենում վարքագծի կանոնների խախտում կամ ոչ պատշաճ գործողություն: Շահերի բախումը կարող է ստեղծել անհարկի տպավորություն, որը կարող է խաթարել վստահությունը ներքին աուդիտորի, ներքին աուդիտի գործառույթի և ներքին աուդիտի մասնագիտության նկատմամբ: Շահերի բախումը կարող է խաթարել սեփական պարտականություններն ու պատասխանատվությունն օբյեկտիվորեն իրականացնելու անհատի ունակությունը:
Գ Լ ՈՒ Խ 7
1130 –Անկախության կամ օբյեկտիվության խախտումը
19. Եթե ներքին աուդիտորի անկախությունը կամ օբյեկտիվությունը ենթարկվում է կամ կարող է ենթարկվել բացասական ներգործության, ապա նման ներգործության մանրամասները պետք է ներկայացվեն համապատասխան կողմերին: Ներկայացված տեղեկատվության բնույթը կախված է բացասական ներգործության էականությունից:
1) Մեկնաբանություն. Կազմակերպական անկախության և անհատական օբյեկտիվության խախտումը կարող է ընդգրկել անհատական շահերի բախման, աուդիտի շրջանակի, փաստաթղթերի, անձնակազմի, գույքի մատչելիության, ռեսուրսների սահմանափակումների (օրինակ, ֆինանսավորման) և այլ դեպքեր: Համապատասխան կողմերի սահմանումը, որոնց պետք է տրամադրվեն անկախության կամ օբյեկտիվության խախտման մանրամասները, բխում է ներքին աուդիտի գործառույթի ակնկալիքներից, կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի առջև աուդիտի ստորաբաժանման ղեկավարի` ներքին աուդիտի կանոնակարգով սահմանված պարտականություններից ու խախտման էությունից և էականությունից: Էական են համարվում այն խախտումները, որոնց հետևանքը կարող է ազդել աուդիտի արդյունքներով կազմված հաշվետվության կամ եզրակացության որակի, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի որոշումների ընդունման վրա:
20. Կիրառական ստանդարտներն են՝
1) 1130.Հ1 – Ներքին աուդիտորները պետք է զերծ մնան այնպիսի գործառույթների գնահատումից, որոնց համար նախկինում պատասխանատու են եղել: Համարվում է, որ օբյեկտիվությունը ենթարկվում է բացասական ներգործության, եթե ներքին աուդիտորը տալիս է հավաստիացում՝ այնպիսի գործառույթների գծով, որոնց համար նա պատասխանատու է եղել նախորդ տարվա ընթացքում.
2) 1130.Հ2 – Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պատասխանատվության ներքո գտնվող գործառույթների գծով իրականացվող աուդիտորական աշխատանքները պետք է վերահսկվեն երրորդ անձի կողմից.
3) 1130.Խ1 – Ներքին աուդիտորները կարող են տրամադրել խորհրդատվական ծառայություններ, որոնք առնչվում են այն գործառույթներին, որոնց գծով նրանք նախկինում պատասխանատու են եղել.
4) 1130.Խ2 – Եթե առաջարկվող խորհրդատվական ծառայությունների հետ կապված՝ ծագում է ներքին աուդիտորների անկախության կամ օբյեկտիվության վրա բացասական ներգործության հավանական վտանգ, ապա մինչև բուն աշխատանքների իրականացումը՝ անհրաժեշտ է դրա մասին տեղեկացնել ներքին աուդիտի ենթարկված միավորի և կազմակերպության ղեկավարներին:
Գ Լ ՈՒ Խ 8
1200 – Կարողունակությունը ԵՎ պատշաճ մասնագիտական վերաբերմունքը
21. Ներքին աուդիտորներն աշխատանքները պետք է իրականացնեն հմտորեն և պատշաճ մասնագիտական վերաբերմունքով:
Գ Լ ՈՒ Խ 9
1210 – Կարողունակությունը
22. Ներքին աուդիտորները պետք է տիրապետեն այնպիսի գիտելիքների և հմտությունների, որոնք անհրաժեշտ են իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնելու համար: Ընդհանուր առմամբ՝ ներքին աուդիտի գործունեությունը պետք է հիմնվի անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների վրա:
1) Մեկնաբանություն. Գիտելիքները, հմտությունները և այլ ունակություններ հավաքական բառեզր է, որը վերաբերում է մասնագիտական կարողունակությանը, որը պահանջվում է ներքին աուդիտորից՝ մասնագիտական պարտականություններն արդյունավետ կերպով իրականացնելու համար:
23. Կիրառական ստանդարտներն են՝
1) 1210.Հ1 – Այն դեպքերում, երբ ներքին աուդիտորներն աուդիտի առաջադրանքի կամ դրա մի մասի իրականացման համար չեն տիրապետում բավարար գիտելիքների ու հմտությունների, ապա կազմակերպության ղեկավարը պետք է ապահովի, որ աուդիտի ստորաբաժանումն ստանա անհրաժեշտ խորհրդատվություն կամ աջակցություն.
2) 1210.Հ2 – Ներքին աուդիտորները պետք է ունենան բավարար գիտելիքներ, որպեսզի գնահատեն խարդախությունների հետ կապված ռիսկերը և այն եղանակը, որով կազմակերպությունը կառավարում է դրանք, սակայն չի ակնկալվում, որ ներքին աուդիտորները պետք է ունենան խարդախությունների բացահայտման և հետաքննության համար առաջնային պատասխանատվություն կրող անձին հարիր մասնագիտական հմտություններ.
3) 1210.Հ3 – Իրենց պարտականություններն իրականացնելու համար ներքին աուդիտորները պետք է տիրապետեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական ռիսկերի և հսկողության մեթոդների վերաբերյալ բավարար գիտելիքների: Ընդ որում, չի ենթադրվում, որ բոլոր ներքին աուդիտորները պետք է ունենան տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի գծով խոր մասնագիտական գիտելիքներ, որոնք պահանջվում են տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտում մասնագիտացած աուդիտորներից.
4) 1210.Խ1 – Եթե ներքին աուդիտորները չունեն բավարար գիտելիքներ կամ հմտություններ` խորհրդատվական ծառայությունների գծով աուդիտի հանձնարարությունը կամ դրա մի մասն իրականացնելու համար, ապա աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ պետք է կազմակերպության ղեկավարին տեղեկացնի այդպիսի խորհրդատվական ծառայությունների մատուցման անհնարինության մասին` առաջարկելով վերանայել հանձնարարությունը, կամ պետք է նրան առաջարկի միջոցներ ձեռնարկել անհրաժեշտ խորհրդատվություն կամ օժանդակություն ստանալու համար:
Գ Լ ՈՒ Խ 10
1220 – Պատշաճ մասնագիտական վերաբերմունքը
24. Ներքին աուդիտորները պետք է աշխատանքին մոտենան գործիմաց և իրազեկ, ներքին աուդիտորին հարիր հմտությամբ ու պատշաճ վերաբերմունքով: Պատշաճ մասնագիտական վերաբերմունքը չի ենթադրում անսխալականություն:
25. Կիրառական ստանդարտներն են՝
1) 1220.Հ1 – Ներքին աուդիտորները պետք է ցուցաբերեն պատշաճ մասնագիտական վերաբերմունք` հաշվի առնելով՝
ա. աուդիտի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ աշխատանքի ծավալները,
բ. այն հարցերի հարաբերական բարդությունը, էականությունը և նշանակալիությունը, որոնց վերաբերյալ տրվում է հավաստիացում,
գ. կազմակերպության կառավարչական գործընթացների, հսկողության և ռիսկերի կառավարման գործընթացների արդյունավետությունն ու համարժեքությունը,
դ. էական սխալների, խարդախությունների և անհամապատասխանությունների հավանականությունը,
ե. հավաստիացման աշխատանքների գծով ծախսերը` պոտենցիալ օգուտների հետ համեմատած.
2) 1220.Հ2 – Պատշաճ մասնագիտական վերաբերմունք ցուցաբերելիս՝ ներքին աուդիտորը պետք է հաշվի առնի տեխնոլոգիաների վրա հիմնված աուդիտի և տվյալների վերլուծության այլ մեթոդների կիրառման հնարավորությունը.
3) 1220.Հ3 – Ներքին աուդիտորը պետք է զգոնություն ցուցաբերի էական ռիսկերի նկատմամբ, որոնք կարող են ազդել կազմակերպության նպատակների, գործունեության և ռեսուրսների վրա: Այնուամենայնիվ, միայն աուդիտորական հավաստիացման հետ կապված գործառույթները, որպես այդպիսիք, չեն կարող երաշխավորել բոլոր էական ռիսկերի բացահայտումը՝ նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք իրականացվել են պատշաճ մասնագիտական մակարդակով.
4) 1220.Խ1 – Ներքին աուդիտորները, խորհրդատվական ծառայություններ մատուցելիս, պետք է ցուցաբերեն պատշաճ մասնագիտական վերաբերմունք՝ հաշվի առնելով՝
ա. պատվիրատուի կարիքները և ակնկալիքները` ներառյալ արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելու բնույթը, ժամկետները և եղանակները,
բ. աուդիտի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ աշխատանքների բարդությունը և ծավալը,
գ. խորհրդատվության գծով ծախսերը` պոտենցիալ օգուտների հետ համեմատած:
Գ Լ ՈՒ Խ 11
1230 – Շարունակական մասնագիտական վերապատրաստումը
26. Ներքին աուդիտորներն իրենց գիտելիքները և հմտությունները պետք է կատարելագործեն շարունակական մասնագիտական վերապատրաստման միջոցով:
Գ Լ ՈՒ Խ 12
1300 – Ներքին աուդիտի որակի երաշխավորման ԵՎ բարելավման ծրագիրը
27. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է մշակի և կիրառի ներքին աուդիտի որակի երաշխավորման ու բարելավման ծրագիր, որն ընդգրկում է ներքին աուդիտի գործառույթների բոլոր կողմերը:
1) Մեկնաբանություն. Որակի երաշխավորման և բարելավման ծրագիրը մշակվում է ներքին աուդիտի սահմանմանն ու ստանդարտներին ներքին աուդիտի գործառույթի համապատասխանությունը և ներքին աուդիտորների կողմից վարքագծի կանոնների կիրառումը գնահատելու հնարավորություն ընձեռելու համար: Ծրագիրը գնահատում է նաև ներքին աուդիտի գործառույթի արդյունավետությունն ու օգտավետությունը, ինչպես նաև բացահայտում է բարելավման հնարավորությունները:
Գ Լ ՈՒ Խ 13
1310 – Ներքին աուդիտի որակի երաշխավորման ԵՎ բարելավման ծրագրի գնահատումը
28. Ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագիրը պետք է ենթարկվի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գնահատման:
Գ Լ ՈՒ Խ 14
1311 – Ներքին գնահատումը
29. Ներքին գնահատումը պետք է ներառի ներքին աուդիտի գործունեության ընթացիկ դիտարկումը և պարբերաբար կատարվող ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են ներքին աուդիտորների կողմից` ինքնագնահատման միջոցով, կամ կազմակերպության այլ աշխատողների կողմից, ովքեր ունեն ներքին աուդիտի վերաբերյալ բավարար գիտելիքներ:
1) Մեկնաբանություն. Ընթացիկ դիտարկումը ներքին աուդիտի գործառույթի ամենօրյա վերահսկողության, ուսումնասիրության և գնահատման անբաժանելի մասն է: Ընթացիկ դիտարկումն ընդգրկված է ներքին աուդիտի գործառույթը կառավարելու համար կիրառվող առօրյա քաղաքականության մեջ ու պրակտիկայում: Այն կիրառում է գործընթացներ, գործիքներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ներքին աուդիտի սահմանմանը, ստանդարտներին ու վարքագծի կանոններին՝ ներքին աուդիտի գործառույթի համապատասխանությունը գնահատելու համար.
2) Մեկնաբանություն. Պարբերաբար կատարվող ուսումնասիրությունները գնահատումներ են, որոնք կատարվում են ներքին աուդիտի սահմանմանը, ստանդարտներին և վարքագծի կանոններին ներքին աուդիտի գործառույթի համապատասխանությունը գնահատելու համար.
3) Մեկնաբանություն. Ներքին աուդիտի պրակտիկայի բավարար իմացությունն առնվազն պահանջում է մասնագիտական գործունեության միջազգային համակարգի բոլոր տարրերի իմացություն:
Գ Լ ՈՒ Խ 15
1312 – Արտաքին գնահատումը
30. Արտաքին գնահատումը պետք է իրականացվի առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ` կազմակերպության աշխատող չհանդիսացող որակավորված անկախ անձի կամ խմբի կողմից: Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կազմակերպության ղեկավարի հետ պետք է քննարկի հետևյալ՝ ավելի հաճախ արտաքին գնահատում իրականացնելու անհրաժեշտության և արտաքին գնահատող անձի կամ խմբի որակավորման ու անկախության հարցերը` ներառյալ պոտենցիալ շահերի բախումը.
1) Մեկնաբանություն. Որակավորված գնահատողը կամ խումբը պետք է կարողունակություն ցուցաբերի հետևյալ երկու բնագավառներում՝ ներքին աուդիտի մասնագիտական պրակտիկա և արտաքին գնահատման գործընթաց: Կարողունակությունը կարելի է ցուցաբերել փորձի և տեսական գիտելիքների համադրության միջոցով: Նույնատիպ չափերի, բարդության, ոլորտային կամ ճյուղային պատկանելության և նույնանման տեխնիկական խնդիրներ դիմագրավող կազմակերպություններում կուտակված փորձն ավելի արժեքավոր է, քան այլ՝ նվազ կիրառելի փորձը: Գնահատող խմբի ոչ բոլոր անդամներից է պահանջվում ունենալ բոլոր գիտելիքներն ու հմտությունները. որակավորում պահանջվում է մեկ ամբողջականություն կազմող խմբից: Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կիրառում է մասնագիտական դատողություն, երբ գնահատում է, թե, արդյո՞ք, արտաքին գնահատողը կամ գնահատող խումբը որակավորվելու համար ցուցաբերում է բավարար կարողունակություն.
2) Մեկնաբանություն. Անկախ գնահատողը կամ խումբը պետք է զերծ լինի իրական կամ թվացյալ շահերի բախումից և չհանդիսանա ներքին աուդիտի գործառույթն իրականացնող կազմակերպության մաս, ինչպես նաև չգտնվի վերջինիս հսկողության ներքո:
Գ Լ ՈՒ Խ 16
1320 – Ներքին աուդիտի որակի երաշխավորման ԵՎ բարելավման ծրագրի մասին հաշվետվությունը
31. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին զեկուցի ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի արդյունքների մասին:
1) Մեկնաբանություն. Որակի երաշխավորման և բարելավման ծրագրի արդյունքների մասին հաշվետվությունների ձևաչափը, բովանդակությունը և դրանք ներկայացնելու հաճախականությունը որոշվում են կազմակերպության ղեկավարի ու ներքին աուդիտի կոմիտեի հետ քննարկումների արդյունքում, և հաշվի են առնվում ներքին աուդիտի գործառույթի ու ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի` ներքին աուդիտի կանոնակարգում սահմանված պարտականությունները: Ներքին աուդիտի սահմանմանը, ստանդարտներին և վարքագծի կանոններին ներքին աուդիտի գործառույթի համապատասխանությունը ցուցադրելու նպատակով` արտաքին և պարբերական ներքին գնահատումների արդյունքների մասին հաշվետվություններ են ներկայացվում նման գնահատումների ավարտին, իսկ ընթացիկ դիտարկման արդյունքների վերաբերյալ` առնվազն տարեկան մեկ անգամ: Արդյունքներն ընդգրկում են համապատասխանության մակարդակի վերաբերյալ գնահատողի կամ գնահատող խմբի գնահատականը:
Գ Լ ՈՒ Խ 17
1321 – «Իրականացվել է ներքին աուդիտի ստանդարտներին համապատասխան» արտահայտության օգտագործումը
32. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կարող է հայտարարել, որ ներքին աուդիտի գործառույթները համապատասխանում են ներքին աուդիտի ստանդարտներին և դրանց կիրառման ցուցումներին՝ միայն այն դեպքում, երբ դրա մասին են վկայում ներքին աուդիտի որակի երաշխավորման ու բարելավման ծրագրի արդյունքները:
1) Մեկնաբանություն. Ներքին աուդիտի գործառույթը համապատասխանում է ստանդարտներին, եթե այն ապահովում է ներքին աուդիտի սահմանման մեջ, ստանդարտներում և վարքագծի կանոններում նկարագրված արդյունքները: Որակի երաշխավորման և բարելավման ծրագրի արդյունքներն ընդգրկում են թե՛ ներքին, թե՛ արտաքին գնահատումների արդյունքները: Ներքին աուդիտի բոլոր գործառույթները պետք է ունենան ներքին գնահատման արդյունքներ: Ներքին աուդիտի` առնվազն հինգ տարվա վաղեմություն ունեցող գործառույթները պետք է ունենան նաև արտաքին գնահատումների արդյունքներ:
Գ Լ ՈՒ Խ 18
1322 – Անհամապատասխանությունների բացահայտումը
33. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ներքին աուդիտի իրականացման ընթացքում ներքին աուդիտի սահմանման, ստանդարտների ու վարքագծի կանոնների չպահպանման` անհամապատասխանությունների և դրանց հետևանքների մասին պետք է տեղեկացնի կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին, եթե դրանք ազդում են ներքին աուդիտի ընդհանուր գործունեության կամ շրջանակների վրա:
Բ Ա Ժ Ի Ն III.
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 19
2000 – Ներքին աուդիտի գործունեության կառավարումը
34. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է արդյունավետ կերպով կառավարի ներքին աուդիտի գործունեությունը` երաշխավորելով, որ այն ավելացնում և բարելավում է կազմակերպության գործունեության արդյունքը:
1) Մեկնաբանություն. Ներքին աուդիտի գործունեությունն արդյունավետ կերպով է կառավարվում, երբ`
ա. ներքին աուդիտի գործունեության արդյունքներն ապահովում են ներքին աուդիտի կանոնակարգով ամրագրված նպատակների և պարտականությունների իրագործումը,
բ. ներքին աուդիտի գործունեությունը համապատասխանում է ներքին աուդիտի սահմանմանն ու ստանդարտներին,
գ. ներքին աուդիտորները գործում են վարքագծի կանոններին և ստանդարտներին համապատասխան.
2) Մեկնաբանություն. Ներքին աուդիտի գործունեությունն ավելացնում և բարելավում է կազմակերպության գործունեության արդյունքը, երբ այն ապահովում է օբյեկտիվ ու պատշաճ հավաստիացում, ինչպես նաև նպաստում է կազմակերպության կառավարչական գործընթացների, ռիսկերի կառավարման և հսկողության գործընթացների արդյունավետությանն ու օգտավետությանը:
Գ Լ ՈՒ Խ 20
2010 – Պլանավորումը
35. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է կազմի ռիսկերի վրա հիմնված ծրագրեր` կազմակերպության նպատակներին համահունչ՝ ներքին աուդիտի աշխատանքների առաջնահերթությունները սահմանելու համար:
1) Մեկնաբանություն. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատասխանատու է ռիսկերի վրա հիմնված ծրագրի մշակման համար: Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը հաշվի է առնում կազմակերպության ռիսկերի կառավարման համակարգը, այդ թվում՝ կազմակերպության տարբեր գործառույթների կամ ստորաբաժանումների համար ղեկավարության կողմից սահմանված ռիսկային միտումների մակարդակները: Համակարգի բացակայության դեպքում աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ռիսկերի վերաբերյալ կատարում է սեփական դատողություններ` կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո:
36. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2010.Հ1 – Ներքին աուդիտի աշխատանքային ծրագրերը պետք է հիմնվեն ռիսկերի փաստաթղթավորված գնահատականի վրա, որը պետք է իրականացվի առնվազն տարեկան մեկ անգամ: Աշխատանքային ծրագրերը կազմելիս՝ պետք է հաշվի առնվեն նաև կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի առաջարկները.
2) 2010.Հ2 – Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է հաշվի առնի ներքին աուդիտի արդյունքների վերաբերյալ կազմակերպության ղեկավարության, ներքին աուդիտի կոմիտեի և այլ շահագրգիռ կողմերի ակնկալիքները.
3) 2010.Խ1 – Խորհրդատվական ծառայությունների գծով առաջադրանքների իրականացման նպատակահարմարությունը քննարկելիս՝ աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է գնահատի առաջադրանքի իրականացման արդյունքում հնարավոր օգուտները` կապված կազմակերպության գործունեության և ռիսկերի կառավարման բարելավման հետ: Հաստատված առաջադրանքները պետք է ներառվեն աուդիտի ծրագրում:
Գ Լ ՈՒ Խ 21
2020 – Ծրագրերը ներկայացնելը ԵՎ հաստատելը
37. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի հետ պետք է քննարկի ներքին աուդիտի ծրագրերի նախագծերը և դրանց էական փոփոխությունները, և իր կողմից հաստատված ծրագրերը պետք է ներկայացնի կազմակերպության ղեկավարին՝ վավերացման։ Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է զեկուցել ռեսուրսների սահմանափակումների հետևանքների մասին:
Գ Լ ՈՒ Խ 22
2030 – Ռեսուրսների կառավարումը
38. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է ապահովի ներքին աուդիտի ռեսուրսների բավարարությունը, համարժեքությունը և արդյունավետ օգտագործումը` հաստատված ծրագիրն իրականացնելու համար:
1) Մեկնաբանություն. Ռեսուրսների համարժեքությունը վերաբերում է գիտելիքների, հմտությունների և այլ ունակությունների համադրությանը, որն անհրաժեշտ է ծրագիրն իրականացնելու համար: Ռեսուրսների բավարարությունը ռեսուրսների այն քանակությունն է, որը պահանջվում է ծրագիրն իրականացնելու համար: Ռեսուրսներն օգտագործվում են արդյունավետ կերպով, երբ դրանց օգտագործման եղանակն օպտիմալացնում է հաստատված ծրագրի իրականացումը:
Գ Լ ՈՒ Խ 23
2040 – Քաղաքականությունը ԵՎ ընթացակարգերը
39. Կազմակերպության ղեկավարը պետք է սահմանի քաղաքականություն և ընթացակարգեր` ներքին աուդիտի աշխատանքներն ուղղորդելու համար:
1) Մեկնաբանություն. Քաղաքականության և ընթացակարգերի ձևն ու բովանդակությունը կախված են ներքին աուդիտի գործունեության ծավալներից և կառուցվածքից, ինչպես նաև՝ դրա աշխատանքի բարդությունից:
Գ Լ ՈՒ Խ 24
2050 – Համակարգումը
40. Աուդիտի անհրաժեշտ ծավալների ապահովման և աշխատանքների կրկնությունը նվազագույնի հասցնելու համար աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է տեղեկատվություն փոխանակի խորհրդատվական և հավաստիացման բնույթի ծառայություններ մատուցող այլ ներքին ու արտաքին միավորների հետ և նրանց հետ համակարգի աշխատանքները:
Գ Լ ՈՒ Խ 25
2060 – Ղեկավարությանը ներկայացվող հաշվետվությունները
41. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին պարբերաբար ներկայացնի հաշվետվություն ներքին աուդիտի գործունեության նպատակների, լիազորությունների, պարտականությունների և ծրագրերի համեմատ կատարողականի մասին: Հաշվետվության մեջ պետք է ներկայացվի նաև տեղեկատվություն էական ռիսկերի և հսկողության խնդիրների, այդ թվում՝ խարդախությունների ռիսկերի, կազմակերպության կառավարչական գործընթացների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին, որոնք բարձրացվել են կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի կողմից:
1) Մեկնաբանություն. Հաշվետվությունները ներկայացնելու հաճախականությունն ու դրանց բովանդակությունը որոշվում են կազմակերպության ղեկավարի ու ներքին աուդիտի կոմիտեի հետ քննարկումների արդյունքում և կախված են հաղորդվելիք տեղեկությունների կարևորությունից ու կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի կողմից ձեռնարկվելիք հետագա գործողությունների հրատապությունից:
Գ Լ ՈՒ Խ 26
2070 – Ներքին աուդիտի իրականացման համար հրավիրված անձինք ԵՎ նրանց կազմակերպական պատասխանատվությունը
42. Երբ ներքին աուդիտի գործառույթն իրականացնում է հրավիրված անձը, ապա նա կազմակերպությանը պետք է իրազեկի այն մասին, որ կազմակերպությունն ունի ներքին աուդիտի արդյունավետ համակարգ (գործառույթ) ունենալու պատասխանատվություն:
1) Մեկնաբանություն. Այս պատասխանատվությունը ներկայացվում է որակի երաշխավորման և բարելավման ծրագրի միջոցով, որով գնահատվում է համապատասխանությունը ներքին աուդիտի սահմանմանը, վարքագծի կանոններին ու ստանդարտներին:
Գ Լ ՈՒ Խ 27
2100 – Աշխատանքի բնույթը
43. Կիրառելով համակարգված և կազմակերպված մոտեցում` ներքին աուդիտը պետք է գնահատի կազմակերպության կառավարչական գործընթացները, ռիսկերի կառավարման և հսկողության գործընթացները` միաժամանակ նպաստելով դրանց բարելավմանը:
Գ Լ ՈՒ Խ 28
2110 – Կառավարչական գործընթացները
44. Ներքին աուդիտը պետք է գնահատի կազմակերպության կառավարչական գործընթացները և ներկայացնի դրանց բարելավման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ` հետևյալ նպատակների իրագործման համար`
1) կազմակերպության ներսում էթիկական մշակույթի համապատասխան կանոնների և արժեքների ամրապնդում.
2) կազմակերպության գործունեության արդյունավետ կառավարման և հաշվետվողականության ապահովում.
3) կազմակերպության համապատասխան ստորաբաժանումներին ռիսկերի և հսկողությունների մասին տեղեկատվության հաղորդում.
4) արտաքին ու ներքին աուդիտորների և կազմակերպության ղեկավարության աշխատանքների արդյունավետ համակարգում ու դրանց միջև տեղեկատվության հոսքերի ապահովում:
45. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2110.Հ1 – Ներքին աուդիտը պետք է գնահատի էթիկական մշակույթի հետ կապված կազմակերպության նպատակների, ծրագրերի և գործառույթների էությունը, իրականացումն ու արդյունավետությունը.
2) 2110.Հ2 – Ներքին աուդիտը պետք է գնահատի՝ թե, արդյոք, կազմակերպության ներսում տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարումն աջակցո՞ւմ է կազմակերպության ռազմավարության և նպատակների իրագործման գործին:
Գ Լ ՈՒ Խ 29
2120 – Ռիսկերի կառավարումը
46. Ներքին աուդիտը պետք է գնահատի ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետությունը և նպաստի այդ համակարգի բարելավմանը:
1) Մեկնաբանություն. Ռիսկերի կառավարման գործընթացներն արդյունավետ կերպով ճանաչելը դատողություն է, որը հիմնված է ներքին աուդիտորի կատարած հետևյալ եզրահանգումների վրա`
ա. կազմակերպության նպատակներն աջակցում են և համահունչ են կազմակերպության առաքելությանը,
բ. նշանակալից ռիսկերը բացահայտված և գնահատված են,
գ. ընտրված են ռիսկերին արձագանքելու պատշաճ մեխանիզմներ, որոնք համապատասխանեցնում են դրանք կազմակերպության ռիսկերի թույլատրելի մակարդակին,
դ. ռիսկերին առնչվող համապատասխան տեղեկությունները հավաքագրվել և ժամանակին հաղորդվել են կազմակերպությանը, պատասխանատու աշխատակազմին, ղեկավարությանը և ներքին աուդիտի կոմիտեին, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունները.
2) Մեկնաբանություն. Գնահատմանն աջակցելու համար անհրաժեշտ է հավաքագրել տեղեկատվություն ներքին աուդիտի տարբեր առաջադրանքների ընթացքում: Հավաքագրված տեղեկատվության համատեղ դիտարկումը տալիս է պատկերացում կազմակերպության ռիսկերի կառավարման գործընթացների և դրանց արդյունավետության մասին.
3) Մեկնաբանություն. Ռիսկերի կառավարման գործընթացները մշտադիտարկվում են կառավարման ընթացիկ գործողությունների, առանձին գնահատումների կամ այդ երկուսի համադրության միջոցով:
47. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2120.Հ1 – Ներքին աուդիտը պետք է գնահատի կազմակերպության կառավարչական գործընթացների, գործառնությունների և տեղեկատվական համակարգերի հետ կապված ռիսկերը, որոնք վերաբերում են ֆինանսական և գործառնական տեղեկատվության հուսալիությանն ու ամբողջականությանը, ծրագրերի և գործառնությունների արդյունավետությանն ու օգտավետությանը, ակտիվների ապահով պահպանմանը, օրենքներին, կանոնակարգերին, ընթացակարգերին և պայմանագրերին համապատասխանությանը.
2) 2120.Հ2 – Ներքին աուդիտը պետք է գնահատի խարդախությունների ի հայտ գալու հնարավորությունը և այն, թե ինչպես է կազմակերպությունը կառավարում խարդախությունների հետ կապված ռիսկերը.
3) 2120.Խ1 – Խորհրդատվական բնույթի առաջադրանքներ իրականացնելիս՝ ներքին աուդիտորները պետք է ուշադրություն դարձնեն ռիսկերին` ելնելով առաջադրանքի նպատակներից, և պետք է ուշադիր լինեն այլ էական ռիսկերի նկատմամբ.
4) 2120.Խ2 – Կազմակերպության ռիսկերի կառավարման գործընթացի գնահատման ընթացքում ներքին աուդիտորները պետք է կիրառեն խորհրդատվական ծառայությունների մատուցման արդյունքում ռիսկերի վերաբերյալ իրենց ձեռք բերած գիտելիքները.
5) 2120.Խ3 – Ռիսկերի կառավարման գործընթացների ներդրման կամ բարելավման հարցերում ղեկավարությանն աջակցելիս՝ ներքին աուդիտորները պետք է զերծ մնան ռիսկերի փաստացի կառավարման հետ կապված որևէ պատասխանատվության ստանձնումից:
Գ Լ ՈՒ Խ 30
2130 – Հսկողություն
48. Ներքին աուդիտը պետք է կազմակերպությանն աջակցի արդյունավետ հսկողության համակարգի ապահովման գործում` վերջինիս արդյունավետությունը գնահատելու և շարունակական բարելավման գործում աջակցելու միջոցով:
49. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2130.Հ1 – Ներքին աուդիտը պետք է գնահատի կազմակերպության կառավարչական գործընթացների, գործառնությունների և տեղեկատվական համակարգերի ռիսկերի գծով հսկողության արդյունավետությունն ու համարժեքությունը, այդ թվում՝ ֆինանսական և գործառնական տեղեկատվության հուսալիությունն ու ամբողջականությունը, ծրագրերի և գործառնությունների արդյունավետությունն ու օգտավետությունը, ակտիվների ապահով պահպանումը, օրենքներին, կանոնակարգերին, ընթացակարգերին և պայմանագրերի դրույթներին համապատասխանությունը.
2) 2130.Խ1 – Ներքին աուդիտորները պետք է կիրառեն խորհրդատվական ծառայությունների մատուցման ընթացքում հսկողության վերաբերյալ իրենց ձեռք բերած գիտելիքները` կազմակերպության հսկման գործընթացի գնահատման ժամանակ:
Գ Լ ՈՒ Խ 31
2200 – Աուդիտի պլանավորումը
50. Ներքին աուդիտորները պետք է կազմեն և փաստաթղթավորեն յուրաքանչյուր աուդիտի ծրագիրը՝ ներառյալ աուդիտի շրջանակները, նպատակները, ժամկետները և ռեսուրսների բաշխումը:
Գ Լ ՈՒ Խ 32
2201 – Պլանավորման հետ կապված հարցերը
51. Աուդիտի աշխատանքների պլանավորման ժամանակ ներքին աուդիտորները պետք է հաշվի առնեն հետևյալը`
1) ուսումնասիրման ենթակա գործառույթների նպատակները և այդ գործառույթների իրականացման նկատմամբ հսկողության ձևերը.
2) ուսումնասիրման ենթակա գործառույթների, նպատակների, ռեսուրսների ու գործունեության հետ կապված էական ռիսկերը և այն միջոցները, որոնք օգտագործվում են ռիսկերի հնարավոր ազդեցությունը թույլատրելի մակարդակի վրա պահելու համար.
3) ուսումնասիրման ենթակա գործառույթների հետ կապված ռիսկերի կառավարման և հսկողության գործընթացների համարժեքությունն ու արդյունավետությունը` տվյալ գործառույթների նկատմամբ հսկողության առավել ընդունելի համակարգի կամ մոդելի հետ համեմատած.
4) ուսումնասիրման ենթակա գործառույթների հսկողության և ռիսկերի կառավարման համակարգերի էական բարելավման հնարավորությունները։
52. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2201.Հ1 – Այն դեպքում, երբ աուդիտի արդյունքների օգտագործողներ են արտաքին կողմերը, աուդիտի աշխատանքները պլանավորելիս, ներքին աուդիտորը պետք է գրավոր համաձայնության գա վերջիններիս հետ` նպատակների, ծավալների, համապատասխան պարտավորությունների և այլ ակնկալիքների վերաբերյալ՝ ներառյալ աուդիտի արդյունքների տարածման և աուդիտորական փաստաթղթերի ստացման հետ կապված սահմանափակումները.
2) 2201.Խ1 – Ներքին աուդիտորները, խորհրդատվական ծառայությունների գծով առաջադրանքների դեպքում պետք է ծառայություններն ստացողների հետ համաձայնեցնեն առաջադրանքի նպատակները, շրջանակները, պատասխանատվության հարցերը և այլ ակնկալիքներ: Առավել կարևոր առաջադրանքների դեպքում նման համաձայնեցումը պետք է փաստաթղթավորվի:
Գ Լ ՈՒ Խ 33
2210 – Աուդիտի նպատակները
53. Յուրաքանչյուր աուդիտի համար պետք է սահմանվեն նպատակներ:
54. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2210.Հ1 – Ներքին աուդիտորները պետք է իրականացնեն աուդիտի ենթարկվող գործառույթների հետ կապված ռիսկերի նախնական գնահատում: Աուդիտի նպատակները պետք է համահունչ լինեն այդ գնահատման արդյունքներին.
2) 2210.Հ2 – Աուդիտի նպատակները սահմանելիս` ներքին աուդիտորները պետք է գնահատեն էական սխալների, խարդախությունների, անհամապատասխանությունների և այլ ռիսկային գործոնների ի հայտ գալու հավանականությունը.
3) 2210.Հ3 – Հսկողության մեխանիզմները գնահատելու համար անհրաժեշտ են համապատասխան չափորոշիչներ: Ներքին աուդիտը պետք է պարզի, թե նպատակների և խնդիրների ապահովումը գնահատելու համար ղեկավարության սահմանած չափորոշիչները որքանով են համարժեք: Չափորոշիչները համարժեք գնահատվելու դեպքում ներքին աուդիտորները պետք է նման չափանիշները կիրառեն սեփական գնահատումների ժամանակ: Ոչ համարժեք գնահատվելու դեպքում ներքին աուդիտորները պետք է աշխատեն ղեկավարության հետ` համարժեք գնահատման չափորոշիչներ մշակելու համար.
4) 2210.Խ1 – Խորհրդատվական ծառայությունների դեպքում ներքին աուդիտի առաջադրանքի նպատակները պետք է ներառեն կազմակերպության կառավարչական գործընթացների, հսկողության և ռիսկերի կառավարման գործընթացների ուսումնասիրությունը` ծառայություններն ստացողների հետ համաձայնեցված շրջանակներում.
5) 2210.Խ2 – Խորհրդատվական ծառայությունների դեպքում ներքին աուդիտի առաջադրանքի նպատակները պետք է համահունչ լինեն կազմակերպության արժեքներին, ռազմավարությանը և նպատակներին:
Գ Լ ՈՒ Խ 34
2220 – Աուդիտի շրջանակները
55. Աուդիտի շրջանակները պետք է լինեն բավարար` աուդիտի նպատակներին հասնելու համար:
56. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2220.Հ1 – Աուդիտորական առաջադրանքի շրջանակները պետք է ներառեն ներքին աուդիտի ենթարկված միավորի, ինչպես նաև երրորդ անձանց հսկողության ներքո գտնվող համապատասխան համակարգերի, գրանցումների, անձնակազմի և նյութական ակտիվների ուսումնասիրությունը.
2) 2220.Հ2 – Եթե աուդիտորական հավաստիացման գծով առաջադրանքի իրականացման ընթացքում ի հայտ է գալիս խորհրդատվական ծառայությունների տրամադրման էական հնարավորություն, ապա պետք է հատուկ գրավոր համաձայնություն ստացվի դրանց ծավալների, նպատակների, պատասխանատվության և այլ սպասումների վերաբերյալ, և խորհրդատվական ծառայությունների առաջադրանքի արդյունքների մասին պետք է տեղեկացվեն շահագրգիռ կողմերը` խորհրդատվական գործունեության ստանդարտներին համապատասխան.
3) 2220.Խ1 – Խորհրդատվական ծառայությունների իրականացման ժամանակ ներքին աուդիտորները պետք է ապահովեն առաջադրանքի շրջանակների բավարար լինելը՝ համաձայնեցված նպատակների ձեռքբերման համար: Եթե առաջադրանքի իրականացման ընթացքում ներքին աուդիտորի մոտ մտահոգություն է առաջանում աշխատանքների շրջանակի համար, ապա նման մտահոգությունները պետք է քննարկվեն խորհրդատվական ծառայություններ ստացողի հետ, որպեսզի ընդունվի որոշում առաջադրանքի իրականացման գծով աշխատանքները շարունակելու վերաբերյալ.
4) 2220.Խ2 – Խորհրդատվական ծառայությունների գծով առաջադրանք իրականացնելիս՝ ներքին աուդիտորները պետք է կենտրոնանան հսկողության մեխանիզմների վրա` ելնելով առաջադրանքի նպատակներից և ուշադրություն դարձնելով հսկողության մեխանիզմներին առնչվող էական խնդիրներին:
Գ Լ ՈՒ Խ 35
2230 – Աուդիտի իրականացման նպատակով ռեսուրսների բաշխումը
57. Աուդիտի նպատակներին հասնելու համար ներքին աուդիտորները պետք է նախատեսեն բավարար ռեսուրսներ` հիմնվելով յուրաքանչյուր աուդիտի բնույթի, բարդության, ժամանակային սահմանափակումների և առկա ռեսուրսների գնահատականների վրա:
Գ Լ ՈՒ Խ 36
2240 – Աուդիտի աշխատանքային ծրագիրը
58. Ներքին աուդիտորները պետք է փաստաթղթային տեսքով կազմեն աշխատանքային ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հասնելու աուդիտի նպատակներին:
59. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2240.Հ1 – Աշխատանքային ծրագրով պետք է սահմանվեն աուդիտի ընթացքում տեղեկատվության բացահայտման, վերլուծության, գնահատման և փաստաթղթավորման ընթացակարգերը: Աշխատանքային ծրագիրը հաստատվում է նախքան աուդիտի սկիզբը, իսկ դրանում կատարվող ցանկացած փոփոխություն հաստատվում է ողջամիտ ժամկետներում.
2) 2240.Խ1 – Խորհրդատվական առաջադրանքների աշխատանքային ծրագրերը կարող են տարբերվել իրենց ձևով և բովանդակությամբ` պայմանավորված առաջադրանքի բնույթով:
Գ Լ ՈՒ Խ 37
2300 – Աուդիտի իրականացումը
60. Ներքին աուդիտորները պետք է հավաքեն, վերլուծեն, գնահատեն և փաստաթղթավորեն բավարար տեղեկատվություն՝ աուդիտի նպատակներին հասնելու համար:
Գ Լ ՈՒ Խ 38
2310 – Տեղեկատվության հավաքագրումը
61. Ներքին աուդիտորները պետք է ձեռք բերեն բավարար քանակությամբ հուսալի, օգտակար և համապատասխան տեղեկատվություն` աուդիտի նպատակներին հասնելու համար:
1) Մեկնաբանություն. Բավարար ծավալի տեղեկատվությունը փաստացի է, համարժեք և համոզիչ, եթե խելամիտ և տեղեկացված անձը կհանգի այն նույն եզրակացություններին, ինչ՝ աուդիտորը: Հուսալի տեղեկատվությունն առաջադրանքի համապատասխան մեթոդների կիրառման միջոցով ձեռք բերվող լավագույն տեղեկություններն են: Համապատասխան տեղեկատվությունը նպաստում է առաջադրանքի շրջանակներում կատարված դիտարկումների իրականացմանն ու առաջարկություններ ներկայացնելուն, ինչպես նաև համահունչ է առաջադրանքի նպատակներին: Օգտակար տեղեկատվությունը կազմակերպությանն օգնում է իրագործել սեփական նպատակները:
Գ Լ ՈՒ Խ 39
2320 – Վերլուծությունը ԵՎ գնահատումը
62. Ներքին աուդիտորների եզրակացությունները և աուդիտի արդյունքները պետք է հիմնվեն համապատասխան վերլուծության ու գնահատականների վրա:
Գ Լ ՈՒ Խ 40
2330 – Տեղեկատվության փաստաթղթավորումը
63. Ներքին աուդիտորները պետք է փաստաթղթավորեն համապատասխան տեղեկատվությունը` եզրակացությունները և աուդիտի արդյունքները հիմնավորելու նպատակով:
64. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2330.Հ1 – Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է իրականացնի աուդիտի փաստաթղթերի հասանելիության նկատմամբ հսկողություն: Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է ստանա կազմակերպության ղեկավարի համաձայնությունը՝ նախքան նման փաստաթղթերը երրորդ կողմին տրամադրելը (եթե ներքին աուդիտի կանոնակարգով այլ բան չի նախատեսվում).
2) 2330.Հ2 – Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է մշակի աուդիտին վերաբերող փաստաթղթերի պահպանման պահանջներ: Այս պահանջները պետք է համահունչ լինեն կազմակերպության ներքին կանոնակարգերին և գործող օրենսդրության պահանջներին.
3) 2330.Խ1 – Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է մշակի աուդիտին առնչվող փաստաթղթերի հավաքագրման ու պահպանման, ինչպես նաև այդ փաստաթղթերը ներքին և արտաքին կողմերին տրամադրելու քաղաքականություն: Այս քաղաքականությունը պետք է համահունչ լինի կազմակերպության ներքին կանոնակարգերին և գործող օրենսդրության պահանջներին:
Գ Լ ՈՒ Խ 41
2340 – Աուդիտի իրականացման նկատմամբ վերահսկողությունը
65. Աուդիտի իրականացումը պետք է վերահսկվի պատշաճ կերպով, որպեսզի երաշխավորվեն նպատակների իրականացումը, պահանջվող որակը և աշխատակազմի որակավորման բարձրացումը:
1) Մեկնաբանություն. Պահանջվող վերահսկողության մակարդակը պայմանավորված է ներքին աուդիտորների կարողունակությամբ և փորձով, ինչպես նաև առաջադրանքի բարդությամբ: Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կրում է առաջադրանքը վերահսկելու ընդհանուր պատասխանատվություն` անկախ այն հանգամանքից, թե տվյալ առաջադրանքն իրականացնում է ներքին աուդիտի ստորաբաժանումը, թե այն իրականացվում է վերջինիս համար, ինչպես նաև ուսումնասիրություն իրականացնելու համար նա կարող է նշանակել ներքին աուդիտի ստորաբաժանման պատշաճ փորձ ունեցող անդամներ: Վերահսկողության համապատասխան ապացույցները փաստաթղթավորվում և պահվում են:
Գ Լ ՈՒ Խ 42
2400 – Աուդիտի արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելը
66. Ներքին աուդիտորները պետք է ներկայացնեն աուդիտի արդյունքների մասին հաշվետվություն:
Գ Լ ՈՒ Խ 43
2410 – Հաշվետվությունները ներկայացնելու չափանիշները
67. Ներկայացվող հաշվետվությունները պետք է ներառեն աուդիտի նպատակները և շրջանակները, ինչպես նաև համապատասխան եզրակացությունները, առաջարկությունները և գործողությունների ծրագրերը:
68. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2410.Հ1 – Աուդիտի արդյունքների մասին վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ներքին աուդիտորի ամփոփ կարծիքը և (կամ) եզրակացությունը: Ներկայացված կարծիքի կամ եզրակացության մեջ պետք է հաշվի առնվեն ղեկավարության, ներքին աուդիտի կոմիտեի և այլ շահագրգիռ կողմերի ակնկալիքները, և այն պետք է հիմնավորվի բավարար, հուսալի, համապատասխան և օգտակար տեղեկատվությամբ:
ա. Մեկնաբանություն. Առաջադրանքի մակարդակով ներկայացվող կարծիքները կարող են լինել վարկանիշեր, եզրակացություններ կամ արդյունքների այլ նկարագրություններ: Նման առաջադրանքը կարող է առնչվել որոշակի գործընթացին, ռիսկին կամ բիզնես միավորին առնչվող հսկողության մեխանիզմներին: Նման կարծիքների ձևակերպումը պահանջում է հաշվի առնել առաջադրանքի արդյունքները և դրանց կարևորությունը.
2) 2410.Հ2 – Եթե աուդիտի օբյեկտի գործունեության արդյունքները գնահատվում են բավարար, ապա ներքին աուդիտորները պետք է դրա մասին նշում կատարեն աուդիտի հաշվետվության մեջ.
3) 2410.Հ3 – Եթե աուդիտի հաշվետվությունը տրամադրվում է երրորդ անձանց, այն պետք է պարունակի ցուցումներ աուդիտի արդյունքների տարածման և օգտագործման սահմանափակումների վերաբերյալ.
4) 2410.Խ1 – Խորհրդատվական առաջադրանքների ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունները կարող են տարբերվել իրենց ձևով և բովանդակությամբ` պայմանավորված առաջադրանքի բնույթով և խորհրդատվություն ստացողի պահանջներով:
Գ Լ ՈՒ Խ 44
2420 – Հաշվետվությունների որակը
69. Հաշվետվությունները պետք է լինեն ճշգրիտ, օբյեկտիվ, հստակ, հակիրճ, կառուցողական, ավարտուն և ժամանակին:
1) Մեկնաբանություն. Ճշգրիտ հաշվետվությունը զերծ է սխալներից և խեղաթյուրումներից, համապատասխանում է հիմքում ընկած փաստերին: Օբյեկտիվ հաշվետվությունն արդարացի է, անկողմնակալ և անաչառ, բոլոր առնչվող փաստերի և հանգամանքների համարժեք և հավասարակշռված գնահատման արդյունքն է: Հստակ հաշվետվությունը դյուրընկալելի է և տրամաբանական, բացառում է անհարկի տեխնիկական տերմինները և ներկայացնում էական ու կարևոր ամբողջ տեղեկատվությունը: Հակիրճ հաշվետվությունը ներկայացնում է ըստ էության տեղեկություններ և բացառում է անտեղի բարդացումները, ավելորդ մանրամասները, կրկնությունն ու երկար մտքերը: Կառուցողական հաշվետվությունն օգտակար է աուդիտի առաջադրանքի պատվիրատուի ու կազմակերպության համար և հանգեցնում է անհրաժեշտ փոփոխությունների: Ավարտուն հաշվետվությունը բաց չի թողնում թիրախային հասցեատերերի համար էական նշանակություն ունեցող որևէ տվյալ և առաջարկություններն ու եզրակացությունները հիմնավորելու նպատակով ներառում է նշանակալից ու կարևոր բոլոր տեղեկություններն ու դիտարկումները: Ժամանակին ներկայացված հաշվետվությունը պատեհաժամ է ու կիրառական և, խնդրի կարևորությունից ելնելով, հնարավորություն է ընձեռում ղեկավարությանը ձեռնարկելու համապատասխան ուղղիչ գործողություն:
Գ Լ ՈՒ Խ 45
2421 – Սխալներ ԵՎ բացթողումներ
70. Եթե հաշվետվության վերջնական տարբերակում առկա են էական սխալներ կամ բացթողումներ, ապա աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է ճշգրտված տեղեկատվությունը տրամադրի այն բոլոր անձանց, ովքեր ստացել են հաշվետվության բնօրինակը:
Գ Լ ՈՒ Խ 46
2430 – «Իրականացվել է ներքին աուդիտի ստանդարտներին համապատասխան» արտահայտության օգտագործումը
71. Խրախուսվում է, որպեսզի ներքին աուդիտորները հայտարարեն, որ իրենց կողմից աուդիտն «Իրականացվել է ներքին աուդիտի ստանդարտներին համապատասխան»: Ներքին աուդիտորները կարող են նման արտահայտություն օգտագործել միայն այն դեպքում, երբ դրա մասին են վկայում ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի արդյունքները:
Գ Լ ՈՒ Խ 47
2431 – Անհամապատասխանությունների մասին տեղեկատվության բացահայտումը
72. Ներքին աուդիտի առանձին առաջադրանքի շրջանակներում տեղ գտած ներքին աուդիտի սահմանմանը, ստանդարտներին և վարքագծի կանոններին անհամապատասխանության դեպքերի մասին ներքին աուդիտի հաշվետվությունում պետք է ներկայացվեն հետևյալ բացատրությունները`
1) այն ստանդարտը (ստանդարտները) կամ վարքագծի կանոնը (կանոնները), որը (որոնք) ամբողջությամբ կամ մասամբ չի (չեն) պահպանվել.
2) անհամապատասխանության պատճառը (պատճառները).
3) անհամապատասխանության ազդեցությունն աուդիտի արդյունքների վրա:
Գ Լ ՈՒ Խ 48
2440 – Աուդիտի արդյունքների մասին հաշվետվություն ստացողները
73. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է աուդիտի կատարման արդյունքները տրամադրի համապատասխան կողմերին` կազմակերպության ղեկավարին, աուդիտի կոմիտեին, ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին և այլն:
1) Մեկնաբանություն. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարն ուսումնասիրում և հաստատում է ներքին աուդիտի վերջնական հաշվետվությունը` նախքան դրա տարածումը, և որոշում է ո՞ւմ և ինչպե՞ս է հաշվետվությունը տրամադրվում:
74. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2440.Հ1 – Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատասխանատու է աուդիտի վերջնական արդյունքներն այն կողմերին տրամադրելու համար, որոնք կարող են ապահովել, որպեսզի այդ արդյունքները պատշաճ ուշադրության արժանանան.
2) 2440.Հ2 – Եթե իրավական ակտերով, կանոնադրական փաստաթղթերով կամ կանոնակարգերով այլ բան չի նախատեսվում, ապա աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, նախքան աուդիտի արդյունքներին վերաբերող փաստաթղթերի տրամադրումը երրորդ կողմերին, պետք է գնահատի կազմակերպության հնարավոր ռիսկերը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցի կազմակերպության ղեկավարի և (կամ) իրավաբանի հետ, հսկի աուդիտի արդյունքների տարածումը` դրանց օգտագործման վրա դնելով սահմանափակումներ.
3) 2440.Խ1 – Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է խորհրդատվական բնույթի առաջադրանքի վերջնական արդյունքները տրամադրել այդ ծառայություններն ստացող կողմերին.
4) 2440.Խ2 – Խորհրդատվական բնույթի առաջադրանքների իրականացման ընթացքում կարող են հայտնաբերվել խնդիրներ՝ կապված կազմակերպության կառավարչական գործընթացների, հսկողության և ռիսկերի կառավարման հետ: Այն դեպքերում, երբ նշված խնդիրներն էական են, դրանց մասին պետք է տեղյակ պահվի կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:
Գ Լ ՈՒ Խ 49
2450 – Ընդհանուր կարծիքներ
75. Երբ ներկայացվում է ընդհանուր կարծիք, նրանում պետք է հաշվի առնվեն ղեկավարության, ներքին աուդիտի կոմիտեի և այլ շահագրգիռ կողմերի ակնկալիքները, և այն պետք է հիմնավորվի բավարար, հուսալի, համապատասխան և օգտակար տեղեկատվությամբ:
1) Մեկնաբանություն. Հաշվետվության մեջ նշվում են`
ա. շրջանակը, այդ թվում՝ ժամանակահատվածը, որին վերաբերում է կարծիքը,
բ. շրջանակի սահմանափակումները,
գ. առնչվող բոլոր ծրագրերի դիտարկումը, այդ թվում՝ կախվածությունը հավաստիացման այլ աղբյուրներից,
դ. ռիսկը կամ հսկողության համակարգը, կամ այլ չափորոշիչներ, որոնք ընկած են ընդհանուր կարծիքի հիմքում,
ե. ընդհանուր կարծիքը, դատողությունը կամ եզրահանգումը.
2) Պետք է պարտադիր նշվեն ընդհանուր բացասական կարծիք հայտնելու պատճառները:
Գ Լ ՈՒ Խ 50
2500 – Աուդիտի արդյունքներից բխող միջոցառումների ընթացքի դիտարկում (մոնիթորինգ)
76. Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է ներդնի աուդիտի արդյունքների հիման վրա ղեկավարության կողմից իրականացված միջոցառումների գնահատման և դիտարկման (մոնիթորինգի) համակարգ:
77. Կիրառական ստանդարտներն են՝
1) 2500.Հ1 – Աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է ներդնի գնահատման և դիտարկման (մոնիթորինգի) համակարգ, որի նպատակն է համոզվելը, որ ղեկավարությունը ձեռնարկել է աուդիտի արդյունքներից բխող արդյունավետ քայլեր, կամ կազմակերպության բարձրագույն ղեկավարությունն իր վրա է վերցնում ներքին աուդիտորների կողմից ներկայացված առաջարկությունների չիրականացման հետ կապված ռիսկերը.
2) 2500.Խ1 – Ներքին աուդիտը պետք է դիտարկումների (մոնիթորինգի) ենթարկի խորհրդատվական առաջադրանքների արդյունքներից բխող գործողությունները` խորհրդատվական ծառայություններ ստացած կողմի հետ համաձայնեցված շրջանակներում:
Գ Լ ՈՒ Խ 51
2600 – Ղեկավարության կողմից ռիսկերի ստանձնումը
78. Եթե աուդիտի ստորաբաժանման ղեկավարը գտնում է, որ կազմակերպության առանձին ղեկավար պաշտոնատար անձն ստանձնել է մնացորդային ռիսկերի այնպիսի մակարդակ, որն անընդունելի է կազմակերպության համար, ապա աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է այդ հարցը քննարկի նրա հետ: Եթե մնացորդային ռիսկերի հետ կապված հարցը լուծում չի ստանում, ապա աուդիտի ստորաբաժանման ղեկավարը դրա մասին պետք է զեկուցի կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ
Բ Ա Ժ Ի Ն I.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտորների վարքագծի կանոնները (այսուհետ՝ վարքագծի կանոններ) կիրառվում են «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հանրային հատվածի կազմակերպություններում ներքին աուդիտի իրականացման ժամանակ ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատողների կողմից, իսկ ստորաբաժանման բացակայության դեպքում` օրենքով սահմանված հրավիրված անձանց կողմից:
2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները ստանդարտներում և վարքագծի կանոններում օգտագործվում են նույն իմաստով:
3. Վարքագծի կանոնները սահմանում են վարվեցողության այն նորմերը, որոնցով պետք է առաջնորդվեն ներքին աուդիտորները՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս: Սույն վարքագծի կանոնները պարտադիր են հանրային հատվածի ներքին աուդիտորների համար:
4. Ի լրումն սույն վարքագծի կանոնների՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս՝ ներքին աուդիտորները պարտավոր են պահպանել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց համար սահմանված վարքագծի այլ կանոններ:
Բ Ա Ժ Ի Ն II.
ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
5. Վարքագծի կանոնների հիմնական սկզբունքներն են`
1) անաղարտությունը.
2) օբյեկտիվությունը.
3) գաղտնիությունը.
4) կարողունակությունը։
Գ Լ ՈՒ Խ 1.
Անաղարտությունը
6. Ներքին աուդիտորների անաղարտությունը ձևավորում է վստահություն` ապահովելով նրանց դատողությանը վստահելու հիմքեր:
Գ Լ ՈՒ Խ 2.
Օբյեկտիվությունը
7. Ուսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի մասին տեղեկություններ հավաքագրելու, գնահատելու և դրանք ներկայացնելու գործում ներքին աուդիտորները դրսևորում են մասնագիտական օբյեկտիվության բարձրագույն մակարդակ: Ներքին աուդիտորները կատարում են համապատասխան բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում, և, դատողություններ կատարելիս, չեն ենթարկվում սեփական շահերի կամ այլ անձանց անհարկի ազդեցությանը:
Գ Լ ՈՒ Խ 3.
Գաղտնիությունը
8. Ներքին աուդիտորները հարգում են իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելությունը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները՝ բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի:
Գ Լ ՈՒ Խ 4.
Կարողունակությունը
9. Ներքին աուդիտորները կիրառում են ներքին աուդիտի ծառայությունների իրականացման համար պահանջվող գիտելիքները, հմտությունները և փորձը:
Բ Ա Ժ Ի Ն III.
ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 5.
Անաղարտությունը
10. Ներքին աուդիտորները`
1) աշխատանքներն իրականացնելիս պետք է լինեն ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու.
2) պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում և բացահայտեն համապատասխան տեղեկատվությունը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող մասնագիտական ստանդարտներով.
3) չպետք է գիտակցաբար մասնակցեն այնպիսի գործողությունների կամ միջոցառումների, որոնք կարող են վարկաբեկել ներքին աուդիտորի մասնագիտությունը կամ կազմակերպությունը, որտեղ նրանք աշխատում են.
4) պետք է հարգեն կազմակերպության` իրավական և բարոյական տեսանկյունից արդարացված նպատակները և անհրաժեշտ ներդրում ունենան դրանց իրականացման գործում:
Գ Լ ՈՒ Խ 6.
Օբյեկտիվությունը
11. Ներքին աուդիտորները`
1) չպետք է իրականացնեն այնպիսի գործողություններ, որոնք կարող են ազդել իրենց անաչառության վրա կամ դիտարկվել որպես այդպիսին: Դա վերաբերում է նաև այնպիսի հարաբերություններին կամ գործունեությանը, որոնք կարող են հակասել կազմակերպության շահերին.
2) չպետք է ընդունեն այնպիսի նվերներ, որոնք կարող են ազդել իրենց մասնագիտական կարծիքի վրա կամ դիտարկվեն որպես այդպիսին.
3) պետք է բացահայտեն իրենց հայտնի այն բոլոր փաստերը, որոնց չբացահայտման դեպքում կարող է խեղաթյուրվել աուդիտի մասին հաշվետվությունը:
Գ Լ ՈՒ Խ 7.
Գաղտնիությունը
12. Ներքին աուդիտորները`
1) պետք է խելամիտ լինեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործման և պահպանման հարցում.
2) աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործեն անձնական նպատակներով կամ այլ ցանկացած եղանակով, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ կարող է բացասաբար ազդել կազմակերպության` իրավական և բարոյական տեսանկյունից արդարացված նպատակների իրականացման վրա:
Գ Լ ՈՒ Խ 8.
Կարողունակությունը
13. Ներքին աուդիտորները`
1) պետք է մասնակցություն ունենան միայն այնպիսի աշխատանքներում, որոնց իրականացման համար ունեն բավարար մասնագիտական գիտելիքներ, հմտություն և փորձ.
2) ներքին աուդիտի ծառայությունները պետք է մատուցեն ներքին աուդիտի ստանդարտներին համապատասխան.
3) պետք է շարունակաբար բարձրացնեն իրենց մասնագիտական հմտությունները և կարողունակությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ
NN |
«Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված կազմակերպությունները |
Ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը |
1. |
ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, Երևանի քաղաքապետարան |
01.04.2012 թ. |
2. |
01.01.2011-31.12.2011 թթ. ընթացքում 500 միլիոն դրամը գերազանցող շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող` հիսուն տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ |
01.07.2012 թ. |
3. |
ՀՀ քաղաքային համայնքներ, քաղաքային համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ, քաղաքային համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, քաղաքային համայնքների հիմնարկներ, 01.01.2011-31.12.2011 թթ. ընթացքում մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող` հիսուն տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ |
01.01.2013 թ. |
4. |
1) ՀՀ համայնքներ, որոնց 2016 թվականի բյուջեի համաձայն բյուջետային ծախսերը գերազանցել են 100 մլն դրամը և որոնց 2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ վերապահված են մեկից ավելի համայնքային առևտրային կազմակերպության, համայնքային ոչ առևտրային կազմակերպության, համայնքային հիմնարկի կառավարման լիազորություններ |
01.01.2017 թ. |
2) ՀՀ համայնքներ, որոնք 2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ չեն բավարարել սույն կետի «ա» ենթակետի պահանջները (բացառությամբ այն համայնքների, որոնք արդեն ներդրել են ներքին աուդիտի համակարգ) |
01.01.2018 թ. |
(հավելվածը խմբ. 23.02.12 N 179-Ն, 29.12.16 N 1392-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |