ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
12 հուլիսի 2011 թ. |
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «ԱՐՑԱԽԲԱՆԿ», «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմողների ներկայացուցիչներ Ռ. Սարգսյանի, Ա. Գալստյանի, Հ. Հարությունյանի, Կ. Պետրոսյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ», «Արցախբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» և «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ-ների դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ», «Արցախբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ների` 2011թ. մարտի 2-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական օրենսգիրքը, օրենսդրության այլ ակտեր և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քրեական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003թ. ապրիլի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2003թ. ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003թ. օգոստոսի 1-ից:
ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածում փոփոխություն է կատարվել ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2006թ. ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 04.01.2007 թվականին: Այդ փոփոխությունների արդյունքում օրենսգրքի 55-րդ հոդվածը շարադրվել է ներկայիս խմբագրությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի` «Գույքի բռնագրավումը» վերտառությամբ 55-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասը սահմանում է. «Հանցավոր ճանապարհով ստացված գույքի, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ձեռք բերված գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների, իսկ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է: Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից»:
Դիմողների կողմից սկզբնապես վիճարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերի սահմանադրականությունը: ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմն իր` 2011թ. մարտի 18-ի ՍԴԴԿՈ/1-9 որոշմամբ գործը քննության է ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության որոշման մասով` մերժելով գործի քննության ընդունումը նույն հոդվածի 7-րդ մասի առումով:
2. Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով
թիվ ԵԿԴ-0094/01/09 քրեական գործն ըստ մեղադրանքի` Կոռնել Կոնստանտին Ռոմիկայի Ստենգաչուի` ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իր` 12.10.2009թ. դատավճռով Կոռնել Կոնստանտին Ռոմիկայի Ստենգաչուին մեղավոր է ճանաչել վերը նշված հոդվածներով նախատեսված արարքները կատարելու համար և վերջինիս նկատմամբ պատիժ է նշանակել 12 տարի ժամկետով ազատազրկում` ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 64.142.000 ՀՀ դրամից, ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավմամբ:
Դատարանը դիմողների քաղաքացիական հայցերը բավարարել է` որոշելով դատապարտյալից հօգուտ նրանց բռնագանձել ընդհանուր առմամբ 25.457.000 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:
Բացի դրանից, դատարանը վճռել է Կոռնել Կոնստանտին Ռոմիկայի Ստենգաչուի մոտ հայտնաբերված գումարների և գույքի վրա 11.10.2008թ. որոշմամբ դրված կալանքը թողնել անփոփոխ` մինչև նրա նկատմամբ գույքային պարտավորությունների մասով կայացված դատավճռի կատարումը:
Քննարկելով իրեղեն ապացույցների հարցը` դատարանը վճռել է 24.12.2008թ. և 30.03.2009թ. որոշումներով իրեղեն ապացույցներ ճանաչված 25.200 եվրոն և 4.040.000 ՀՀ դրամ գումարները` որպես ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույք, բռնագրավել:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմողներն իրենց ներկայացրած քաղաքացիական հայցերի բավարարման մասով դատավճռի հարկադիր կատարման համար ստացել են կատարողական թերթեր և ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
ԴԱՀԿ ծառայությունից դիմողները տեղեկացել են, որ ՀՀ դատախազությունն առաջինն է տվյալ գործով ներկայացրել կատարողական թերթ` դատապարտյալի ամբողջ գույքի, բայց ոչ ավելի, քան 64.142.000 ՀՀ դրամի բռնագրավումն ապահովելու համար:
Դիմողները դիմել են դատավճիռը կայացրած դատարան` դատավճռի անհստակությունը մեկնաբանելու պահանջով: 03.06.2010թ. դատարանը ներկայացված դիմումների քննարկման արդյունքում որոշում է կայացրել, ըստ որի` կայացված դատավճռի անհստակությունը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույցներ ճանաչված 25.200 Եվրո և 4.040.000 ՀՀ դրամ գումարները, բջջային հեռախոսները և ակնոցը, որպես ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույք, ենթակա են բռնագրավման` անկախ դատապարտյալ Կոռնել Կոնստանտին Ռոմիկայի Ստենգաչուի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալուց կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից: Այս գումարները կամ առարկաները հօգուտ քաղաքացիական հայցվորների բռնագանձվել չեն կարող, տուժողներին և քաղաքացիական հայցվորներին պատճառված վնասները փոխհատուցելուն ուղղվել չեն կարող: Բավարարված քաղաքացիական հայցերի մասով դատավճիռը կատարելիս` բռնագանձումը պետք է տարածվի ոչ թե իրեղեն ապացույց ճանաչված 25.200 Եվրո, 4.040.000 ՀՀ դրամ գումարների, բջջային հեռախոսների և ակնոցի, այլ Կոռնել Կոնստանտին Ռոմիկայի Ստենգաչուին պատկանող այլ դրամական միջոցների և գույքի վրա»:
Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերջինս իր` 15.07.2010թ. որոշմամբ հանգել է այն հետևությանը, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է, այն վերացնելու, փոփոխելու կամ բեկանելու հիմքեր չկան: Ուստի դատարանը որոշել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2009թ. դատավճռի անհստակությունը մեկնաբանելու մասին նույն դատարանի 2010 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ դիմողների ներկայացուցիչների բերած վերաքննիչ բողոքները մերժել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 15.07.2010թ. որոշման դեմ դիմողների ներկայացուցիչների կողմից բերվել են վճռաբեկ բողոքներ, որոնք, սակայն, ՀՀ վճռաբեկ դատարանի 02.09.2010թ. որոշմամբ վերադարձվել են:
3. Վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի և 7-րդ մասի սահմանադրականությունը` դիմողները գտնում են, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 8-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 31-րդ հոդվածներին այնքանով, որքանով այդ նորմերը նեղ, սպառիչ սահմանում են տալիս «բարեխիղճ երրորդ անձ» եզրույթին, և նախատեսում են բարեխիղճ երրորդ անձանց (տուժողների) կամքից անկախ հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավում` առանց բարեխիղճ երրորդ անձանց այդ գույքի առաջնահերթ վերադարձման կամ պետության կողմից համարժեք հատուցման տրամադրման երաշխիքների:
Հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված դրույթներին, ՀՀ կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերի` դիմողները մատնանշում են, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ստեղծել անհրաժեշտ օրենսդրական միջոցներ` բռնագրավելու համար փողերի լվացումից կամ նախորդող հանցագործություններից ստացված եկամուտները, այդ հանցագործությունների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները կամ համարժեք այլ գույք` միևնույն ժամանակ վնաս չհասցնելով բարեխիղճ երրորդ անձանց իրավունքներին:
Այս համատեքստում դիմողները մատնանշում են, որ այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանել է, որ բարեխիղճ երրորդ անձի գույքը ենթակա չէ բռնագրավման, նույն հոդվածի 7-րդ մասը նեղ, սպառիչ սահմանում է տվել «բարեխիղճ երրորդ անձ» եզրույթին: Դիմողները եզրակացնում են, որ օրենքի տրամաբանությամբ բարեխիղճ կարող է համարվել միայն այն անձը, որը գույքն այլ անձի է հանձնել կամովին: Արդյունքում, ըստ դիմողների` տվյալ սահմանումից բխում է, որ եթե գույքը հանցանք կատարած անձին անցել է օրինական տիրապետողի կամքից անկախ, ապա այդ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել բարեխիղճ երրորդ անձ և, հետևաբար, բռնագրավման գործընթացում տուժողի իրավունքների պաշտպանությունը երաշխավորված չէ:
4. Պատասխանող կողմը վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ ըստ էության հիմնավորում չի ներկայացրել: Պատճառաբանելով, որ դիմողները չեն սպառել ընդհանուր իրավասության դատարաններում դատական պաշտպանության միջոցները` պատասխանողը միջնորդել է գործի վարույթը կարճել:
5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անհատական դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը:
Քննության առարկա գործում գործը լուծող վերջնական դատական ակտ է հանդիսանում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2009թ. դատավճիռը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածը` որպես լրացուցիչ պաշտպանության միջոց նախատեսում է դատական որոշման վերաբերյալ կասկածների ու անհստակությունների լուծումը: Այդ հոդվածին համապատասխան ընդունվող դատական ակտը, տվյալ դեպքում` դատավճռի անհստակությունը մեկնաբանելու մասին որոշումը, գործը լուծող ըստ էության ակտի` դատավճռի հետ կազմում է համակարգային ամբողջություն: Հետևաբար, դատավճռի անհստակությունը մեկնաբանելու մասին որոշման բողոքարկման` օրենքով նախատեսված հնարավորություններն օգտագործելով` դիմողներն սպառել են պաշտպանության միջոցներն ընդդեմ գործը լուծող ըստ էության դատական ակտի:
Վերոհիշյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ պատասխանողի միջնորդությունը` գործի վարույթը կարճելու վերաբերյալ, բավարարելու հիմքեր առկա չեն:
Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության լրացուցիչ միջոցը կիրառելու համար որևէ ժամկետային սահմանափակում նախատեսված չէ, ինչը գործնականում կարող է հանգեցնել պաշտպանության այդ միջոցից օգտվելու իրավունքի չարաշահման:
6. Սույն գործի շրջանակներում բարձրացված սահմանադրաիրավական վեճը սահմանադրական դատարանը հարկ է համարում քննության առնել պետության` մասնավոր անձանց սեփականությունն այլոց ապօրինի գործողություններից պաշտպանելու պոզիտիվ պարտականության, ինչպես նաև հանցագործությունից տուժած անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության երաշխավորման տեսանկյունից: Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև վիճարկվող իրավակարգավորումը և նշված խնդիրները դիտարկել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում: Ըստ այդմ, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.
- արդյո՞ք դիմողների սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի այն կարգավորմամբ, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքը ենթակա է բռնագրավման` անկախ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից,
- արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը նախատեսում է տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնման հնարավորություն երաշխավորող համապատասխան արդյունավետ կառուցակարգ:
7. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հստակեցնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում պետության պարտականությունների շրջանակը, զարգացրել է պետության պոզիտիվ պարտականությունների գաղափարը: Վերջինս, մասնավորապես, արտահայտվում է նրանում, որ սեփականության իրավունքի իրական և արդյունավետ իրականացումը կախված չէ լոկ պետության` չմիջամտելու պարտականությունից, այլ պահանջում է նաև պաշտպանության որոշակի պոզիտիվ միջոցառումներ, մասնավորապես, երբ առկա է անմիջական կապ անձի գույքային իրավունքներն արդյունավետորեն իրացնելու և այն միջոցառումների միջև, որոնք անձը կարող է իրավաչափորեն ակնկալել իշխանություններից (Օներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի, oneryildiz v. Tսrkey գործով Մեծ պալատի 2004թ. նոյեմբերի 30-ի վճիռը, կետ 134): Ըստ Եվրոպական դատարանի` սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում պետության պոզիտիվ պարտականությունը կարող է, ի թիվս այլնի, ներառել փոխհատուցում տրամադրելու պարտականությունը:
Հանցագործությունից տուժած անձանց գույքային իրավունքների պաշտպանության խնդիրը դիտարկելով պետության` սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում պոզիտիվ պարտականությունների համատեքստում` սահմանադրական դատարանը գտնում է, որ սեփականության անձեռնմխելիության սկզբունքը ոչ միայն նշանակում է, որ սեփականատերը` որպես սուբյեկտիվ իրավունքների կրող, իրավասու է պահանջելու, որպեսզի այլոք չխախտեն իր սեփականության իրավունքը, այլ նաև ենթադրում է պետության պարտականությունը` անձի սեփականությունը պաշտպանելու անօրինական ոտնձգություններից: Պետության այս պարտականությունը խնդրո առարկա իրավիճակում պահանջում է ապահովել արդյունավետ կառուցակարգ հանցագործությունից տուժած անձանց գույքային իրավունքների պաշտպանության և կրած վնասի վերականգնման համար:
8. Մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում ընդունված` Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիան (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003թ. սեպտեմբերի 29-ից), Եվրոպայի խորհրդի շրջանակներում ընդունված` Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին Ստրասբուրգի կոնվենցիան (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004թ. մարտի 1-ից), Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Վարշավայի կոնվենցիան (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2008թ. հոկտեմբերի 1-ից), նախատեսում են դրույթներ, որոնց համաձայն` դրանցով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը ենթակա է պարտադիր բռնագրավման: Այս միջազգային իրավական փաստաթղթերով մասնակից պետությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը, ստանձնում են այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություն, որոնք հնարավորություն կտան ապահովել այդ կոնվենցիաներով նախատեսված հանցագործություններից ստացված գույքի բռնագրավումը:
Միաժամանակ, նշված միջազգային իրավական փաստաթղթերն ամրագրում են որոշակի իրավական երաշխիքներ` ի պաշտպանություն համապատասխան հանցագործությունների զոհերի օրինական շահերի: Մասնավորապես, ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածի, ինչպես նաև Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի շրջանակներում ընդունված Վարշավայի կոնվենցիայի 25-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետություններն առաջնահերթության կարգով քննում են հանցագործություններից ստացված` բռնագրավված գույքը հայցող մասնակից պետությանը վերադարձնելու հարցը` այն հաշվով, որ նա կարողանա փոխհատուցում տրամադրել հանցագործության զոհերին կամ հանցագործություններից ստացված այդպիսի գույքը վերադարձնի դրա օրինական սեփականատերերին: ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի` «Տուժողների օգնությունն ու պաշտպանությունը» վերտառությամբ 25-րդ հոդվածը մասնակից պետություններին պարտավորեցնում է սահմանել անհրաժեշտ ընթացակարգեր կոնվենցիայով նախատեսված հանցագործության զոհերի համար վնասի փոխհատուցման և հատուցման մատչելիություն ապահովելու համար:
9. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը հատկապես կարևորում է, մի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով գույքի բռնագրավման` որպես պատժատեսակի, ինստիտուտի, մյուս կողմից` հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը:
ՀՀ քրեական օրենսգրքի` «Պատիժ» վերտառությամբ Բաժին 3-ի` «Պատժի հասկացությունը, նպատակները և տեսակները» վերտառությամբ Գլուխ 9-ի` «Պատժի տեսակները» վերտառությամբ 49-րդ հոդվածը սահմանում է պատժի տեսակները` դրանց մեջ նշելով նաև գույքի բռնագրավումը (5-րդ կետ): ՀՀ քրեական օրենսգրքի 51-61-րդ հոդվածները բացահայտում են 49-րդ հոդվածում նշված պատժատեսակներից յուրաքանչյուրի բովանդակությունը. բռնագրավման` որպես լրացուցիչ պատժատեսակի բովանդակությունը բացահայտված է օրենսգրքի 55-րդ հոդվածում:
ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն` գույքի բռնագրավումը հանդիսանում է լրացուցիչ պատժատեսակ, որը կարող է նշանակվել միայն ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար` օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում: Հատուկ մասի հոդվածների սանկցիաներում գույքի բռնագրավումը նախատեսված է կա՛մ որպես պարտադիր լրացուցիչ, կա՛մ որպես ոչ պարտադիր լրացուցիչ պատիժ: Քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասում տրված է գույքի բռնագրավման` որպես լրացուցիչ պատժատեսակի, սահմանումը: Ըստ այդ սահմանման` գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:
ՀՀ քրեական օրենսգրքի 50 և 55-րդ հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ օրենսգրքի 55-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավումը` իր բնույթով, խնդիրներով ու նպատակներով, համարժեք չէ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված բռնագրավմանը: ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածը տարանջատում է կատարում գույքի բռնագրավման` որպես լրացուցիչ պատժատեսակի, և 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման օբյեկտների միջև: Եթե 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բռնագրավման` որպես լրացուցիչ պատժատեսակի դեպքում բռնագրավման օբյեկտը բացառապես դատապարտյալի օրինական գույքն է, ապա նույն հոդվածի վիճարկվող 4-րդ մասով նախատեսված բռնագրավման օբյեկտն այլ է, քան դատապարտյալի օրինական գույքը, այսինքն` այն գույքը, որը ձեռք է բերվել հանցագործությունը կատարելու արդյունքում և, որպես կանոն, հանդիսանում է տուժողի սեփականությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսված բռնագրավման երկու ինստիտուտների միջև առկա հաջորդ էական տարբերությունը կայանում է նրանում, որ եթե դատապարտյալի գույքի բռնագրավումը` որպես լրացուցիչ պատժատեսակ, կարող է կիրառվել բացառապես ծանր և առանձնապես ծանր հանցանքների դեպքում, դրա կիրառումը կարող է թողնվել դատարանի հայեցողությանը և կրել ոչ պարտադիր բնույթ, ապա հանցավոր ճանապարհով ստացված գույքի պարագայում բռնագրավումը պարտադիր է և կիրառվում է անկախ հանցագործության ծանրությունից:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը, կանոնակարգելով գույքի բռնագրավման հետ կապված հարաբերությունները և բռնագրավման կարգի առնչությամբ հղում կատարելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգին (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 39-րդ հոդված), նկատի ունի բացառապես գույքի բռնագրավումը` որպես լրացուցիչ պատժատեսակ: Մասնավորապես, այդ օրենսգրքի 40-րդ հոդվածը, ճշգրտելով բռնագրավման ենթակա գույքի շրջանակները, ամրագրում է, որ բռնագրավման ենթակա գույքը ներառում է դատապարտված անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագրավման` որպես լրացուցիչ պատժատեսակի, և նույն հոդվածի վիճարկվող 4-րդ մասով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման ինստիտուտները միմյանցից էապես տարբերվում են և դրանց շրջանակներում բռնագրավման ենթակա գույքը հստակ տարանջատված է` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս երկու ինստիտուտների զուգահեռաբար կիրառման դեպքում դատապարտյալի գույքի բռնագրավման և հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման պահանջների բավարարման կապակցությամբ օբյեկտիվորեն չի կարող իրավական բախում («կոլիզիա») կամ իրավակիրառման առաջնահերթության խնդիր առաջանալ, քանզի մի դեպքում բռնագրավման օբյեկտը դատապարտյալի գույքն է, մյուս դեպքում` հանցավոր ճանապարհով ստացված գույքը:
Վերոհիշյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ գույքի բռնագրավումը` որպես լրացուցիչ պատժատեսակ, և հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավումն իրենց սահմանադրաիրավական բովանդակությամբ տարբեր ինստիտուտներ են` տարբեր խնդիրներով և նպատակներով: Բռնագրավման` որպես լրացուցիչ պատժատեսակի ինստիտուտը, որն անմիջականորեն ուղղված է դատապարտյալի սեփականության իրավունքի դեմ, բխում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասից, քանզի այս դեպքում դատապարտյալի գույքի բռնագրավումը հանդես է գալիս որպես պատասխանատվությունից բխող հարկադրանքի միջոց` իրավաչափորեն սահմանափակելով դատապարտյալի սեփականության իրավունքը: Մինչդեռ, հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման պարագայում բռնագրավման նպատակը հանցավոր ճանապարհով ստացված գույքը դատապարտյալից հետ վերցնելն է, ինչի դեպքում դատապարտյալի սեփականության իրավունքի սահմանափակում տեղի չի ունենում: Հետևաբար, հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքը, որպես կանոն, հանդիսանում է տուժողի սեփականությունը, այդ գույքի բռնագրավման պարագայում բռնագրավման հասկացության ընկալումը ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, այն է` որպես բռնագրավվող գույքի անհատույց անցում ի սեփականություն պետության` առանց տուժողի սեփականության իրավունքի վերականգնման, անթույլատրելի է, քանի որ նման ընկալման դեպքում բռնագրավման միջոցառումն անմիջականորեն ուղղվում է տուժողի սեփականության իրավունքի դեմ` ոչ իրավաչափորեն սահմանափակելով նրա սեփականության իրավունքը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ գույքն անհատույց պետության սեփականությանը հանձնելն արգելափակում է հանցավոր ճանապարհով ստացված գույքի հաշվին տուժողների գույքային շահերի բավարարման և խախտված սեփականության իրավունքի վերականգնման հնարավորությունը:
10. Սույն գործի շրջանակներում առանցքային նշանակություն ունի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման վերաբերյալ վիճարկվող նորմերի կիրառման գործընթացում տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնման երաշխավորման խնդիրը, որպես նաև ՀՀ Սահմանադրության մասնավորապես` 3-րդ, 20-րդ (5-րդ մաս), 43-րդ (2-րդ մաս) հոդվածներում ամրագրված պետության սահմանադրաիրավական պարտականություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն` հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեթղթերը և մյուս բոլոր առարկաները, որոնք կարող են հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու, մեղադրանքը հերքելու կամ պատասխանատվությունը մեղմացնելու միջոցներ ծառայել, հանդիսանում են իրեղեն ապացույցներ: Նույն օրենսգրքի 119-րդ հոդվածը սահմանում է դատարանի դատավճռում, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցի լուծման կանոնները: Նշված հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դրամը, այլ արժեթղթերը և մյուս առարկաները, որոնք օրինական տիրապետումից դուրս են եկել հանցագործության հետևանքով, հանձնվում են տիրապետողին, սեփականատիրոջը կամ նրանց իրավահաջորդներին: Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեթղթերը և մյուս առարկաները դատարանի դատավճռով ուղղվում են դատական ծախսերի հատուցմանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը, իսկ եթե հայտնի չէ վնաս կրած անձը, որպես եկամուտ` հանձնվում են պետությանը: Միաժամանակ, այս դրույթներին համապատասխան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում և 61-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված են համապատասխանաբար` տուժողի և քաղաքացիական հայցվորի` քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց վերցված գույքը հետ ստանալու իրավունքը:
Վերոհիշյալ վերլուծությունը վկայում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման գործընթացում երաշխավորում է տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնման հնարավորություն, և ըստ վերոհիշյալ իրավակարգավորման` ապահովվում է հանցավոր ճանապարհով ստացված` բռնագրավված գույքի հաշվին առաջնահերթ կարգով տուժողների կրած վնասի վերականգնում` այդ թվում դատական կարգով, որն ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներում ամրագրված նորմերից: Ըստ այդմ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառումը կարող է իրավաչափ համարվել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի119-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` հանցավոր ճանապարհով ստացված գույքը տիրապետողին, սեփականատիրոջը կամ նրանց իրավահաջորդներին հանձնելու դեպքում:
Ավելին, եթե նույնիսկ հանցավոր ճանապարհով ստացված գույքը բավարար չէ տուժողների օրինական տիրապետումից հանցագործության արդյունքում դուրս եկած գույքը վերադարձնելու համար, ապա ՀՀ օրենսդրությունը նախատեսում է նաև որպես լրացուցիչ պատժատեսակ` դատապարտյալի գույքի բռնագրավման դեպքում այդ գույքի հաշվին տուժողների շահերի բավարարման հնարավորություն: Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն` բռնագրավման ենթակա` դատապարտյալի գույքի արժեքից ստացված գումարների հաշվին չորրորդ հերթին հատուցվում է հանցագործության կատարմամբ պատճառված վնասը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն` հանցավոր ճանապարհով ստացված գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից, որպես պայման չի նախատեսում տուժողի սեփականության իրավունքի անհրաժեշտ պաշտպանություն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան: Նման իրավիճակում ոչ միայն առաջացել են ներհամակարգային հակասություններ, այլև նույնացվել են դատապարտյալի գույքի բռնագրավման` որպես պատժատեսակի, և հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման ինստիտուտները: Վիճարկվող իրավակարգավորումն իրավակիրառական պրակտիկայում ստացել է այնպիսի մեկնաբանություն, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման դեպքում այդ գույքն ամբողջությամբ անհատույց անցնում է ի սեփականություն պետության` առանց տուժողի (օրինական տիրապետողի) գույքային շահերի ու սեփականության իրավունքի պաշտպանության:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի` «Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից» դրույթն իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ` այն մասով, որով բռնագրավումից հետո չի երաշխավորում տուժողի (օրինական տիրապետողի) գույքային շահերի և սեփականության իրավունքի անհրաժեշտ պաշտպանություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի և 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
12 հուլիսի 2011 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|