ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. | Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները |
Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումը` ըստ 14 խոշոր գետային ավազանների, գետավազանային կառավարման տարածքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները, ներառյալ` օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական պաշարը, ազգային ջրային պաշարը (ընդհանուր և ըստ գետավազանային կառավարման տարածքների), և էկոլոգիական թողքերի մեծությունները ներառվում են ջրավազանային կառավարման պլաններում և սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. | Օգտագործելի ջրային ռեսուրսները |
1. Օգտագործելի ջրային ռեսուրսները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող գետային հոսքը, անդրսահմանային Արաքս և Ախուրյան գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը և վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները, բացառությամբ էկոլոգիական թողքի: Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1.1 մլրդ մ3/տարի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ջրավազանային կառավարման պլաններում սահմանված օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները՝ ըստ առանձին գետավազանների, ենթակա են գրանցման ջրային պետական կադաստրում:
3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրվող ջրօգտագործման ծավալների գումարային մեծությունները` ըստ առանձին ջրային ռեսուրսների, չեն կարող գերազանցել ջրավազանային կառավարման պլաններով սահմանված՝ դրանց օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալները:»:
Հոդված 3. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը հաստատում է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը.
2) մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների չափաքանակների շրջանակներում, Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի համաձայն, ըստ ջրային ռեսուրսների, ինչպես նաև բնագավառային ջրօգտագործման չափաքանակների (խմելու-կենցաղային, ոռոգման, արդյունաբերական, էներգետիկական, ձկնատնտեսական, ռեկրեացիոն), ապահովում է Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում տրված ջրօգտագործման թույլտվությունների վերաձևակերպումը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հունվարի 13 Երևան ՀՕ-22-Ն |