ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում` էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը` նշելով այդ տոկոսադրույքը:»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող՝ մինչև 300,000 դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ` հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու՝ սպառողի ունակության գնահատման չափանիշները:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 11 Երևան ՀՕ-288-Ն |