ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ հոդվածներով.
«Հոդված 15.1. | Գիտության կոմիտեն |
1. Գիտության կոմիտեն ղեկավարում է գիտության կոմիտեի նախագահը:
2. Գիտության կոմիտեն ՝
1) մասնակցում է գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակմանը, մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում գիտության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.
2) մշակում է գիտության բնագավառի կառուցվածքային բարեփոխումների ծրագրեր.
3) մշակում է գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրեր և կազմակերպում է դրանց իրականացումը.
4) մշակում է գիտական և գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրեր, գիտական կադրերի պատրաստման նպատակով իրականացնում է ուսումնասիրություններ և ներկայացնում է առաջարկություններ պետական պատվերի ձևավորման վերաբերյալ.
5) մշակում է առաջարկություններ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ.
6) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում գիտական և գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառի իրավական ակտերի նախագծեր.
7) սահմանում է փորձաքննության կազմակերպիչներին և փորձագետներին առաջադրվող պահանջները.
8) մշակում է փորձաքննության բնագավառում պետական հավատարմագրման կարգը և չափանիշները.
9) մշակում և հաստատում է պետական փորձաքննության մեթոդական և կազմակերպատեխնիկական հիմքերը.
10) փորձաքննության բնագավառում կնքում է միջազգային համագործակցության պայմանագրեր.
11) կազմակերպում է գիտության և արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումը.
12) սահմանված կարգով մասնակցում է գիտության բնագավառի հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.
13) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրեր.
14) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
15) կազմակերպում է ռազմատեխնիկական ծրագրերի մշակումը, փորձաքննության և իրականացման մոնիտորինգի (մշտադիտարկման) կազմակերպումը` Ռազմարդյունաբերական կոմիտեի և համապատասխան պետական մարմինների հետ.
16) իրականացնում է գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.
17) իր իրավասության սահմաններում իրականացնում է գիտության բնագավառի բյուջետային գործընթացը:
Հոդված 15.2.
Բարձրագույն որակավորման կոմիտեն
1. Բարձրագույն որակավորման կոմիտեն ապահովում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը և դրանց աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը:
2. Բարձրագույն որակավորման կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
3. Բարձրագույն որակավորման կոմիտեն՝
1) կազմում և համապատասխան նախարարի հաստատմանն է ներկայացնում այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ.
2) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը.
3) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները` հիմք ընդունելով բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.
4) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.
5) համապատասխան նախարարին ներկայացնում է եզրակացություն օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնելու մասին.
6) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.
7) կազմակերպում է ատենախոսությունների և սեղմագրերի պահպանումը.
8) կազմակերպում է տեղեկագրերի հրատարակումը:»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեն» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-293-Ն |