Ոչ պաշտոնական թարգմանություն
ՈՐԵՎԷ ՁԵՎՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎՈՂ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի 43/173 ԲԱՆԱՁԵՎՈՎ
Գլխավոր ասամբլեան`
վկայակոչելով 1980 թվականի դեկտեմբերի 15-ի իր 35/177 բանաձևը, որով նա Վեցերորդ կոմիտեի վրա խնդիր է դրել մշակել որևէ ձևով ձերբակալվող կամ կալանվող բոլոր անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուի նախագիծ և որոշում էր կայացրել այդ նպատակով հիմնել բաց կազմով աշխատանքային խումբ,
ի գիտություն ընդունելով որևէ ձևով կալանվող կամ ձերբակալվող բոլոր անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուի նախագծի աշխատանքային խմբի զեկուցագիրը (56), որը նիստեր էր անում Գլխավոր ասամբլեայի քառասուներեքերորդ նստաշրջանի ընթացքում և ավարտել է սկզբունքների ժողովածուի նախագծի մշակումը,
նկատի առնելով, որ աշխատանքային խումբը որոշում է ընդունել սկզբունքների ժողովածուի նախագծի տեքստը ներկայացնել Վեցերորդ կոմիտեին` քննարկման և ընդունման համար (57),
համոզված լինելով, որ սկզբունքների ժողովածուի նախագծի ընդունումը կարևոր ավանդ կներդնի մարդու իրավունքների պաշտպանության գործում,
ուշադրության առնելով սկզբունքների ժողովածուի տեքստի լայն տարածումն ապահովելու անհրաժեշտությունը,
1. հաստատում է որևէ ձևով ձերբակալվող կամ կալանվող բոլոր անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուն, որի տեքստը կցվում է սույն բանաձևին.
2. իր երախտագիտությունն է հայտնում որևէ ձևով ձերբակալվող կամ կալանվող բոլոր անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուի նախագծի աշխատանքային խմբին` (56) Սկզբունքների ժողովածուի մշակման գործում ներդրած կարևոր ավանդի համար.
3. Գլխավոր քարտուղարին խնդրում է Սկզբունքների ժողովածուի ընդունման մասին իրազեկ պահել Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություններին և մասնագիտացված հիմնարկների անդամներին.
հաստատակամորեն կոչ է անում ամեն ջանք գործադրել Սկզբունքների ժողովածուն լայնորեն տարածելու և կիրառելու համար:
76-րդ լիագումար նիստ, 9 դեկտեմբերի 1988 թվականի |
Հ ա վ ե լ վ ա ծ |
ՈրԵՎէ ձԵՎով ձերբակալվող կամ կալանվող բոլոր անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածոՒ
Սկզբունքների ժողովածուի կիրառման ոլորտը
Սույն Սկզբունքները կիրառվում են բոլոր այն անձանց պաշտպանելու համար, որոնք ձերբակալվում կամ կալանավորվում են որևէ ձևով:
Տերմինների օգտագործումը Սկզբունքների ժողովածուի նպատակների համար`
ա) «ձերբակալություն» բառը նշանակում է անձի ձերբակալում` որևէ իրավախախտում կատարելու կասկածանքով կամ որևէ մարմնի որոշմամբ.
բ) «ձերբակալված անձ» բառերը նշանակում են ցանկացած անձ, որն անձնական ազատությունից զրկվել է կատարած իրավախախտման համար դատապարտված չլինելու հետևանքով.
գ) «կալանված անձ» բառերը նշանակում են ցանկացած անձ, որն անձնական ազատությունից զրկվել է` կատարած որևէ իրավախախտման համար դատապարտվելու հետևանքով.
դ) «ձերբակալում» բառը նշանակում է ձերբակալված անձի վիճակ, որի բնորոշումը բերված է վերը.
ե) «կալանք» բառը նշանակում է բանտարկված անձի վիճակ, որի բնորոշումը բերված է վերը.
զ) «դատական կամ այլ մարմին» բառերը նշանակում են օրենքին համապատասխան դատական կամ այլ մարմին, որի կարգավիճակն ու դիրքն ապահովում են իրավասության, անաչառության և անկախության առավելագույնս կայուն երաշխիքներ:
ՍԿԶԲՈՒՆՔ 1
Որևէ ձևով ձերբակալված կամ կալանավորված բոլոր անձինք մարդասիրական վերաբերմունքի և մարդ անհատին բնորոշ արժանապատվության հարգման իրավունք ունեն:
ՍԿԶԲՈՒՆՔ 2
Կալանավորումը, ձերբակալումը կամ բանտարկությունը կատարվում է միայն օրենքի դրույթներին խստիվ համապատասխան և իրավասու պաշտոնատար անձանց կամ այդ նպատակի համար օրենքով լիազորված անձանց կողմից:
ՍԿԶԲՈՒՆՔ 3
Որևէ ձևով ձերբակալվող կամ կալանվող անձանց շահերից ելնելով` չի թույլատրվում իրավունքին, կոնվենցիաներին, կանոններին կամ սովորույթներին համապատասխան որևէ պետության մեջ ճանաչվող կամ գոյություն ունեցող մարդու իրավունքների ոչ մի սահմանափակում կամ որևէ նսեմացում այն հիման վրա, թե այդ իրավունքները չեն ճանաչվում կամ նվազ ծավալով են ճանաչվում սույն Սկզբունքների ժողովածուում:
ՍԿԶԲՈՒՆՔ 4
Որևէ ձևով ձերբակալումը կամ բանտարկությունը և մարդու իրավունքները շոշափող բոլոր միջոցները ձերբակալված կամ բանտարկված անձանց նկատմամբ պետք է իրականացվեն որոշման միջոցով կամ ենթակա են դատական կամ այլ մարմնի արդյունավետ վերահսկողությանը:
ՍԿԶԲՈՒՆՔ 5
1. Սույն սկզբունքները կիրառվում են բոլոր անձանց նկատմամբ, ցանկացած տվյալ պետության տարածքի սահմաններում` առանց որևէ խտրության, ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ հավատի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագման, գույքային, դասային կամ այլ դրության առումով:
2. Օրենքի շրջանակներում կիրառվող և հատկապես կանանց, առանձնապես հղի կանանց և ծծմայրերի, ինչպես նաև երեխաների, դեռահասների, զառամյալների, հիվանդների կամ հաշմանդամների իրավունքներն ու հատուկ իրավիճակը պաշտպանելու համար նախատեսված միջոցները խտրական չեն համարվում: Նման միջոցների անհրաժեշտության ու կիրառման հարցը միշտ ենթակա է դատական կամ այլ մարմնի քննարկման:
ՍԿԶԲՈՒՆՔ 6
Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության կամ պատժի այլ ձևերի*: Ոչ մի հանգամանք չի կարող արդարացում հանդիսանալ խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության կամ պատժի այլ ձևերի համար:
ՍԿԶԲՈՒՆՔ 7
1. Պետությունները պետք է օրենսդրական կարգով արգելեն սույն Սկզբունքների բովանդակած իրավունքներին ու պարտականություններին հակասող ամեն տեսակ գործողությունները, համապատասխան պատժամիջոցների ենթարկեն նման գործողությունների համար և գանգատների անաչառ հետաքննություն անցկացնեն:
2. Պաշտոնատար անձինք, որոնք հիմքեր ունեն համարելու, որ տեղի է ունեցել կամ կարող է սույն Սկզբունքների ժողովածուի խախտում տեղի ունենալ, պետք է այդ մասին հաղորդեն վերադաս իշխանություններին և, երբ դա անհրաժեշտ է, ուրիշ համապատասխան իշխանությունների կամ մարմինների, որոնց վրա դրության հսկողության կամ շտկման լիազորություններ են դրված:
3. Ցանկացած այլ անձ, որը հիմք ունի համարելու, որ տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ սույն Սկզբունքների ժողովածուի խախտում, իրավունք ունի այդ մասին հաղորդելու մեղսակից պաշտոնատար անձանց նկատմամբ վերադաս ատյաններին, ինչպես նաև համապատասխան այլ իշխանությունների կամ մարմինների, որոնց վրա դրության հսկողության կամ շտկման լիազորություններ են դրված:
ՍԿԶԲՈՒՆՔ 8
Ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է չդատապարտված անձանց նրանց իրավիճակին համապատասխանող ռեժիմ: Դրա հետևանքով նրանք միշտ, երբ դա հնարավոր է, տեղավորվում են կալանավորված անձանցից առանձին:
ՍԿԶԲՈՒՆՔ 9
Անձին կալանավորող, նրան ձերբակալող կամ գործի հետաքննություն անցկացնող իշխանությունները իրականացնում են միայն օրենքով իրենց տրամադրվող լիազորությունները, և այդ լիազորությունների իրականացումը կարող է գանգատարկվել դատական կամ այլ մարմնում, որ նախատեսված է օրենքով:
ՍԿԶԲՈՒՆՔ 10
Կալանավորման ժամանակ յուրաքանչյուր կալանավորվածի հաղորդվում են նրա կալանավորման պատճառներն ու անհապաղ հաղորդվում է նրան ներկայացվող ցանկացած մեղադրանք:
ՍԿԶԲՈՒՆՔ 11
1. Անձը չի կարող կալանքի տակ գտնվել առանց դատական կամ այլ մարմնի կողմից շտապ կարգով ունկնդրվելու արդյունավետ հնարավորության ընձեռման: Ձերբակալված անձն իրավունք ունի ինքը հանդես գալու ի պաշտպանություն իրեն կամ օգտվելու դատապաշտպանի օգնությունից, ինչպես դա նախատեսված է օրենքով:
2. Ձերբակալված անձին կամ նրա դատապաշտպանին, եթե այդպիսին կա, անհապաղ լրիվ տեղեկություն է տրվում ձերբակալման ցանկացած որոշման, ինչպես նաև ձերբակալման պատճառների մասին:
3. Դատական կամ այլ մարմինը պետք է լիազորություններ ունենա անհրաժեշտության դեպքում կալանքը շարունակելու հիմքը քննարկելու համար:
ՍԿԶԲՈՒՆՔ 12
1. Պատշաճ կերպով արձանագրության մեջ գրանցվում են`
ա) կալանավորման պատճառները.
բ) տվյալ անձի կալանավորման ժամանակն ու այն ժամանակը, երբ տվյալ անձը տարվել է կալանավայր, ինչպես նաև դատական կամ այլ մարմնի առջև առաջին անգամ հայտնվելու ժամանակը.
գ) իրավապահ մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց ազգանունները.
դ) կալանավայրի վերաբերյալ ստույգ տվյալները:
2. Այդ արձանագրությունները ձերբակալվածին կամ, եթե այդպիսին կա, նրա դատապաշտպանին են ներկայացվում օրենքով կարգագրված կարգով:
ՍԿԶԲՈՒՆՔ 13
Ցանկացած անձի, կալանավորման պահին և ձերբակալման կամ կալանավորման սկզբում կամ դրանից հետո շատ չանցած, կալանավորման, ձերբակալման կամ բանտարկման համար պատասխանատու մարմինը համապատասխանաբար իրազեկ է պահում և պարզաբանում է նրա իրավունքները և թե նա ինչպես կարող է իրականացնել այդ իրավունքները:
ՍԿԶԲՈՒՆՔ 14
Այն անձը, որը բավականաչափ լավ չի հասկանում կամ խոսում նրա կալանավորման, ձերբակալման կամ բանտարկության համար պատասխանատու իշխանությունների կողմից օգտագործվող լեզվով, իրավունք ունի հնարավորին չափ արագ ստանալ իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ, որոնք նշված են 10, 11 (կետ 2), 12 (կետ 1) և 13 սկզբունքներում, և թարգմանչի օգնություն ստանալ, եթե անհրաժեշտ է` ձրի, նրա կալանավորումից հետո իրավաբանական քննության կապակցությամբ:
ՍԿԶԲՈՒՆՔ 15
Չնայած այն բացառություններին, որ բովանդակում են 16 սկզբունքի (4) կետը և 18 սկզբունքի 3 կետը, ձերբակալված կամ կալանավորված անձին կարող են մերժել կապ ունենալու արտաքին աշխարհի և մասնավորապես իր ընտանիքի կամ դատապաշտպանի հետ մի քանի օրից ոչ ավելի ժամանակահատվածում:
ՍԿԶԲՈՒՆՔ 16
1. Կալանավորվելուց հետո շատ չանցած և ամեն անգամ ձերբակալության կամ բանտարկության մի վայրից մեկ ուրիշը փոխադրվելուց հետո ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձն իրավունք ունի դիմել իրավասու մարմնի, խնդրելով իր ընտանիքի անդամներին կամ իր ընտրությամբ համապատասխան այլ անձանց տեղյակ պահելու իր կալանավորման, ձերբակալման կամ բանտարկվելու կամ էլ իր տեղափոխության և այն վայրի մասին, որտեղ նա պահվում է:
2. Եթե ձերբակալված կամ կալանավորված անձը օտարերկրացի է, նրան պետք է անհապաղ հաղորդվի համապատասխան միջոցներով այն պետության հյուպատոսության կամ դիվանագիտական ներկայացուցչության հետ կապվելու իր իրավունքի մասին, որի քաղաքացին է նա, կամ որը այլ կերպ իրավասու է նման հաղորդում ստանալու` միջազգային իրավունքին համապատասխան, կամ իրավասու միջազգային կազմակերպության հետ, եթե նա գաղթական է կամ որևէ այլ կերպ գտնվում է միջկառավարական կազմակերպության պաշտպանության ներքո:
3. Եթե ձերբակալված կամ բանտարկված անձը անչափահաս է կամ ի վիճակի չէ գիտակցել իր իրավունքները, ապա հիշյալ իրավասու մարմինն իր նախաձեռնությամբ տեղեկացման պարտավորություն է ստանձնում, որ հիշատակված է սույն սկզբունքում: Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի ծնողներին և խնամակալներին տեղյակ պահելուն:
4. Սույն սկզբունքում հիշատակված ցանկացած ծանուցում պետք է ուղարկվի կամ թույլատրվի անհապաղ իրավասու մարմնի կողմից: Իրավասու մարմինը, սակայն, կարող է ծանուցումը հետաձգել ավելի խելամիտ ժամանակ, եթե այդ են պահանջում հետաքննության բացառիկ հանգամանքները:
ՍԿԶԲՈՒՆՔ 17
1. Ձերբակալված անձն իրավունք ունի իրավաբանական օգնություն ստանալու դատապաշտպանի կողմից: Կալանքից հետո շատ չանցած նա իրավասու մարմնի կողմից իրազեկ է պահվում իր իրավունքի մասին, և նրան խելամիտ հնարավորություններ են ընձեռվում այդ իրավունքն իրականացնելու համար:
2. Եթե ձերբակալված անձը դատապաշտպան չունի իր ընտրությամբ, նա, բոլոր դեպքերում, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, իրավունք ունի օգտվելու դատական կամ այլ մարմնի կողմից նշանակված դատապաշտպանի ծառայությունից` առանց նրա սպասարկումների վարձատրման, եթե այդ անձնավորությունը բավականաչափ դրամական միջոցներ չունի:
ՍԿԶԲՈՒՆՔ 18
1. Ձերբակալված կամ բանտարկված անձն իրավունք ունի կապվելու և խորհրդակցելու դատապաշտպանի հետ:
2. Ձերբակալված կամ բանտարկված անձին անհրաժեշտ ժամանակ ու պայմաններ են տրամադրվում իր դատապաշտպանի հետ խորհրդակցելու համար:
3. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձին դատապաշտպանի այցելելու, առանց հապաղման կամ գրաքննության և լիակատար գաղտնիության պայմաններում նրա հետ խորհրդակցելու և կապի մեջ լինելու նրա իրավունքը չի կարող առժամանակ չեղյալ հայտարարվել կամ սահմանափակվել, բացի բացառիկ հանգամանքներից, որոնք սահմանվում են օրենքով կամ նախատեսված են օրենքին համապատասխան կանոններով, երբ դատական կամ այլ մարմնի կարծիքով, դա անհրաժեշտ է անվտանգությունը և կարգուկանոնը պահպանելու համար:
4. Իր դատապաշտպանի հետ ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձի տեսակցությունները կարող են տեղի ունենալ այնպիսի պայմաններում, որոնք իրավապահ մարմինների պաշտոնատար անձին թույլ են տալիս տեսնել նրանց, բայց չլսել:
5. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձի կապը իր դատապաշտպանի հետ չի կարող օգտագործվել որպես վկայություն` մեղադրվող կամ կալաքնի տակ գտնվող անձի դեմ, եթե նա առնչություն չունի կատարվող կամ մտահղացվող հանցագործության հետ:
ՍԿԶԲՈՒՆՔ 19
Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձին մասնավորապես իրավունք է տրվում ընտանիքի անդամների այցելության և նրանց հետ նամակագրության, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հարաբերություն ունենալ` օրենքի բովանդակած և օրենքին համապատասխան կանոններով սահմանված խելամիտ պայմանների ու սահմանափակումների համաձայն:
ՍԿԶԲՈՒՆՔ 20
Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձի խնդրանքով նա պահվում է, եթե դա հնարավոր է, նրա բնակության սովորական վայրից խելամիտ հեռավորության վրա գտնվող ձերբակալման կամ բանտարկության վայրում:
ՍԿԶԲՈՒՆՔ 21
1. Արգելվում է չարաշահել ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձի վիճակը` նրան խոստովանության կամ որևէ այլ ինքնամերկացման կամ ցանկացած այլ անձի դեմ ցուցմունքներ տալ հարկադրելու նպատակով:
2. Ոչ մի ձերբակալված անձ հարցաքննության ժամանակ չպետք է բռնության, սպառնալիքների կամ հետաքննության այնպիսի եղանակների ենթարկվի, որոնք խախտում են որոշումներ ընդունելու կամ դատողություններ անելու նրա ընդունակությունը:
ՍԿԶԲՈՒՆՔ 22
Ոչ մի ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձ չպետք է նույնիսկ իր համաձայնությամբ որևէ բժշկական կամ գիտական փորձի ենթարկվի, որոնք կարող են վնասել նրա առողջությանը:
ՍԿԶԲՈՒՆՔ 23
1. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձի հարցաքննման կամ հարցաքննությունների միջև ընկած ընդմիջումների տևողությունը, ինչպես նաև հարցաքննությունն անցկացնող պաշտոնատար անձանց և մյուս ներկաների ազգանունները գրանցվում են և հաստատվում այն ձևով, որպիսին կարող է կարգագրված լինել օրենքով:
2. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձը կամ նրա դատապաշտպանը, երբ դա նախատեսված է օրենքով, թույլտվություն ունեն առնչվելու այն տեղեկություններին, որոնց մասին ասվում է սույն սկզբունքի 1 կետում:
ՍԿԶԲՈՒՆՔ 24
Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձին հնարավորություն է ընձեռվում պատշաճ բուժզննում անցնել ձերբակալության կամ բանտարկության վայր ժամանելուց հետո ամենակարճ ժամկետում. հետագայում նրան բուժսպասարկում և բուժում է տրամադրվում ամեն անգամ, երբ դրա անհրաժեշտությունը ծագում է: Բուժսպասարկումն ու բուժումը տրամադրվում են անվճար:
ՍԿԶԲՈՒՆՔ 25
Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձը կամ նրա դատապաշտպանը ձերբակալության կամ կալանքի վայրում անվտանգության և կարգուկանոնի պահպանման համար անհրաժեշտ խելամիտ պայմանների կատարման պայմանով միայն իրավունք ունեն դիմել դատական կամ այլ մարմին` կրկնական բուժզննման կամ բժշկական եզրակացության խնդրանքով կամ խնդրագրով:
ՍԿԶԲՈՒՆՔ 26
Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձի բուժզննման փաստը, բժշկի ազգանունը և այդ զննման արդյունքները պատշաճ կերպով գրանցվում են արձանագրությունում: Թույլատրվում է առնչվելը այդ արձանագրությանը: Նման թույլտվության եղանակները սահմանվում են ազգային օրենսդրության համապատասխան նորմերով:
ՍԿԶԲՈՒՆՔ 27
Այս սկզբունքները չպահպանելը, ապացույցներ ստանալու դեպքում, ուշադրության է առնվում` ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձի դեմ նման ապացույցների թույլտվությունը որոշելիս:
ՍԿԶԲՈՒՆՔ 28
Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձն իրավունք ունի, եթե դա պետական աղբյուրներից է, առկա միջոցների սահմաններում ստանալ խելամիտ քանակությամբ ուսումնական, գեղարվեստական և լրատվական նյութեր` ձերբակալության կամ կալանքի վայրերում անվտանգությունը և կարգուկանոնն ապահովող տրամաբանական պայմանների պահպանմամբ:
ՍԿԶԲՈՒՆՔ 29
1. Համապատասխան օրենքների և կանոնների խստիվ կիրառմանը հետևելու նպատակով կանոնավոր կերպով կալանավայրեր են այցելում որակյալ և բավականաչափ փորձառու անձինք, որոնք նշանակվում և պատասխանատու են իրավասու իշխանությունների առջև` ի տարբերություն այն իշխանությունների, որոնց անմիջական տնօրինության ներքո են գտնվում ձերբակալության կամ բանտարկության վայրերը:
2. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձը իրավունք ունի ազատորեն և լիակատար գաղտնիության պայմաններում շփվելու այն անձանց հետ, որոնք ձերբակալության կամ բանտարկության վայրեր են այցելում 1 կետին համապատասխան` նման վայրերում անվտանգության և կարգուկանոնի ապահովման համար անհրաժեշտ խելամիտ պայմանների պահպանմամբ:
ՍԿԶԲՈՒՆՔ 30
1. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձի վարվելակերպի բնույթը, որն իրենից կարգապահական իրավախախտում էր ներկայացնում ձերբակալման կամ կալանավորման ժամանակ, հնարավոր կարգապահական պատժի տեսակն ու տևողությունը, ինչպես նաև այն իշխանությունները, որոնց իրավասության մեջ է մտնում նման պատիժ նշանակելը, պետք է ճշտիվ սահմանված լինեն պատշաճ կերպով հրապարակված օրենքներում կամ օրենքին համապատասխան հաստատված կանոններով:
2. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձն իրավունք ունի ունկնդրվել` կարգապահական պատժամիջոցներ դրվելուց առաջ: Նա իրավունք ունի գանգատարկել նման միջոցները վերադաս իշխանությունների առջև:
ՍԿԶԲՈՒՆՔ 31
Համապատասխան իշխանությունները միջոցներ են ձեռնարկում, ազգային օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում օգնություն ապահովել ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձանց ընտանիքների անդամներին, որոնք գտնվում են նրանց խնամքի տակ, հատկապես անչափահաս անձանց, և առանձնակի ուշադրություն են դարձնում առանց հսկողության մնացած երեխաների պատշաճ խնամակալությանը:
ՍԿԶԲՈՒՆՔ 32
1. Ձերբակալված անձը կամ նրա դատապաշտպանը իրավունք ունեն ցանկացած ժամանակ, ներքին օրենսդրությանը համապատասխան, քննություն հարուցել դատական կամ այլ մարմնի առջև` վիճարկելու համար տվյալ անձի ձերբակալման օրինականությունը` անհապաղ նրա ազատ արձակմանը հասնելու նպատակով, եթե այդ ձերբակալումը անօրինական է:
2. 1 կետում հիշատակված քննությունը պետք է լինի պարզ, արագ և անվճար այն անձանց համար, ովքեր համապատասխան միջոցներ չունեն: Ձերբակալումն իրականացնող իշխանությունները պետք է, առանց չարդարացված ձգձգումների, ձերբակալված անձին ներկայացնեն նրա գործը քննող մարմնին:
ՍԿԶԲՈՒՆՔ 33
1. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձը կամ նրա դատապաշտպանն իրավունք ունեն ձերբակալման կամ կալանավայրի կառավարման համար պատասխանատու մարմին և ավելի բարձր ատյաններ, իսկ անհրաժեշտության դեպքում` գանգատները քննարկելու կամ պաշտպանության միջոցներ տրամադրելու լիազորված համապատասխան մարմիններ ուղարկել խնդրագիր կամ գանգատ տվյալ անձի նկատմամբ վարվեցողության վերաբերյալ, մասնավորապես խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող այլ վարվելաձևի դեպքում:
2. Այն դեպքերում, երբ ոչ ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձը, ոչ նրա դատապաշտպանը հնարավորություն չունեն իրականացնել նրա իրավունքները 1 կետին համապատասխան, նման իրավունք կարող է իրականացնել ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձի ընտանիքի անդամը կամ որևէ այլ անձ, որն իրազեկ է այդ գործին:
3. Ապահովվում է խնդրագրի կամ գանգատի գաղտնիությունը, եթե այդ մասին խնդրում է խնդրագիր կամ գանգատ տվողը:
4. Յուրաքանչյուր խնդրագիր կամ գանգատ անհապաղ քննարկվում է, և պատասխանը տրվում է առանց չարդարացված ձգձգման: Այդ խնդրագրի կամ գանգատի մերժման կամ չարդարացված ձգձգման դեպքում խնդրագիր կամ գանգատ տվողը կարող է այն ուղարկել դատական կամ այլ մարմին: Ինչպես ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձը, այնպես էլ ցանկացած խնդրագիր կամ գանգատ տվող, 1 կետին համապատասխան, չեն կարող հալածանքների ենթարկվել` խնդրագիր կամ գանգատ տալու համար:
ՍԿԶԲՈՒՆՔ 34
Եթե ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձը մահանում է կամ անհետանում ձերբակալվելիս կամ բանտարկվելիս, ապա դատական կամ այլ մարմին հետաքննություն է անցկացնում կամ իր նախաձեռնությամբ, կամ տվյալ անձի ընտանիքի անդամի կամ տվյալ գործի մասին տեղեկություններ ունեցող ցանկացած անձի խնդրանքով: Եթե դա արդարացված է հանգամանքներով, ապա նման հետաքննությունն անցկացվում է նույնպիսի արարողակարգային հիման վրա, ամեն անգամ, երբ մահը կամ անհետացումը տեղի է ունենում ձերբակալության կամ բանտարկության ժամկետի լրանալուց հետո շատ չանցած: Նման հետաքննության արդյունքները կամ դրա մասին զեկուցագիրը տրամադրվում է խնդրագրով, եթե դա վնաս չի հասցնում անցկացվող քրեական հետաքննությանը:
ՍԿԶԲՈՒՆՔ 35
1. Պետական պաշտոնատար անձի գործողությունների կամ զանցառությունների հետևանքով պատճառված վնասը` ի խախտումն սույն սկզբունքների բովանդակած իրավունքների, ենթակա է հատուցման` պատասխանատվության կիրառվող նորմերի համաձայն, որոնք նախատեսված են ներքին օրենսդրությամբ:
2. Տեղեկատվությունը, որ պահանջվում է գրանցել սույն սկզբունքների համաձայն, տրամադրվում է այն արարողակարգերին համապատասխան, որոնք ազգային օրենսդրությամբ նախատեսվում են սույն սկզբունքին համապատասխան վնասահատուցման հայցերի ներկայացման դեպքում օգտագործելու համար:
ՍԿԶԲՈՒՆՔ 36
1. Քրեական հանցագործության կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող ձերբակալված անձը անմեղ է համարվում և իրավունք ունի, որ իր հետ որպես այդպիսինի հետ վարվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը օրենքի համաձայն չի ապացուցված դռնբաց դատավարության ընթացքում, որի ժամանակ նա ունի իր պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր երաշխիքները:
2. Հետաքննության և դատաքննության անցկացման ժամանակամիջոցում նման անձի կալանավորումը կամ ձերբակալությունը կատարվում է միայն օրենքով սահմանված հիմունքներով և պայմաններին ու արարողակարգերին համապատասխան: Արգելվում է նման անձի նկատմամբ սահմանափակումներ մտցնելը, որոնց անմիջական անհրաժեշտությունը չկա ձերբակալման կամ քննության կամ արդարադատության իրականացման ընթացքի համար խոչընդոտների վերացման կամ կալանքի վայրում անվտանգության և կարգուկանոնի պահպանման նպատակների տեսակետից:
ՍԿԶԲՈՒՆՔ 37
Քրեական մեղադրանքով ձերբակալված անձը կալանավորվելուց հետո շատ չանցած ներկայացվում է օրենքով սահմանված դատական կամ այլ մարմնի: Այդ մարմինը պետք է անհապաղ որոշում կայացնի ձերբակալման օրինականության ու անհրաժեշտության մասին: Ոչ ոք չի կարող հետաքննության կամ դատաքննության ժամանակամիջոցում ձերբակալվել` առանց այդ մարմնի գրավոր որոշման: Ձերբակալված անձը, երբ նրան տեղափոխեն նման մարմին, իրավունք ունի հանդես գալ հայտարարությամբ` ձերբակալության ժամանակաընթացքում իր հետ վարվեցողության կապակցությամբ:
ՍԿԶԲՈՒՆՔ 38
Քրեական մեղադրանքով ձերբակալված անձը իրավունք ունի դատաքննության անցկացման` խելամիտ ժամկետում, կամ ազատ արձակման նախքան դատը:
ՍԿԶԲՈՒՆՔ 39
Բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի, և եթե դատական կամ ուրիշ մարմին այլ որոշում չի ընդունի արդարադատություն իրականացնելու օգտին, քրեական մեղադրանքով ձերբակալված անձին հնարավորություն է ընձեռվում, դատավարության ընթացքում, ազատ արձակվելու այն պայմաններով, որոնք կարող են սահմանվել օրենքին համապատասխան: Այդ մարմինը ձերբակալման անհրաժեշտության հարցը պահում է տեսադաշտում:
Ընդհանուր դրույթ |
Սույն սկզբունքների ժողովածուում ոչ մի բան չպետք է մեկնաբանվի ցանկացած իրավունքի սահմանափակման կամ դրանից շեղման իմաստով, ինչպես այն սահմանված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում (58):
56. A/C 6/43/1.9:
57. Նույն տեղում, կետ 4:
* «Դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության կամ պատժի ձևեր» տերմինը պետք է մեկնաբանվի այնպես, որ ըստ հնարավորին ապահովվի առավել լայն պաշտպանություն ֆիզիկական կամ հոգեբանական բնույթի չարաշահումներից, ներառյալ ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձին այնպիսի պայմաններում պահելը, որոնք նրան ժամանակավորապես, կամ մշտապես զրկում են նրա ցանկացած բնական զգայարանից` ինչպես տեսողությունը, լսողությունը, տարածական կամ ժամանակային կողմնորոշումը:
58. Տես 2200 A (XXI) բանաձևը:
