Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ (ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այնուհետ` Կողմեր,
ելնելով իրավահավասար գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունից,
երկու պետությունների միջև գործող` տարբեր բնագավառներում համագործակցության զարգացմանը նպաստող միջազգային պայմանագրերին համապատասխան,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև արդեն հաստատված բարեկամական հարաբերությունները,
նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև փոխըմբռնումը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին
Հոդված 1
Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները նշանակում են հետևյալը՝
«Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմեր» - Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի վարչակազմեր,
«Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմեր (կառավարություններ)» - Ռուսաստանի Դաշնության հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, դաշնային նշանակության քաղաքների, ինքնավար մարզերի, ինքնավար երկրամասերի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմիններ,
«իրավասու մարմիններ» - հայկական Կողմի համար` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ռուսական Կողմի համար՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն:
Հոդված 2
Կողմերը կնպաստեն Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստան Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև երկկողմ համագործակցության զարգացմանը:
Հոդված 3
1. Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերը և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերը (կառավարությունները) իրենց իրավասության մեջ մտնող հարցերով կարող են կարող են համաձայնագրեր կնքել: Այդ համաձայնագրերը միջազգային պայմանգրեր չեն, դրանց կնքման կարգը չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին:
2. Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերը և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերը (կառավարությունները) կկատարեն իրենց միջև կնքված համաձայնագրերը` համաձայն իրենց պետությունների ազգային օրենսդրության:
Հոդված 4
Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև համաձայնագրերը կատարելիս ծագող վեճերը կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների ճանապարհով, իսկ համաձայնության չհասնելու դեպքում՝ դատական կարգով՝ կնքված համաձայնագրերի դրույթներին համապատասխան:
Հոդված 5
1. Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև համաձայնագրերի առարկա չեն կարող լինել արտաքին քաղաքականության, պաշտպանության, օդային հաղորդակցության բնագավառներին վերաբերող հարցերը և այլ հարցեր, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնօրինության ներքո և շոշափում են նրանց պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
2. Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերը և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերը (կառավարությունները) իրավունք չունեն կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերում (միջպետական, միջկառավարական պայմանագրերում և միջգերատեսչական բնույթի պայմանագրերում) կամ արտահայտել դրանց վերաբերյալ հատուկ կարծիք:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերի իրավասու մարմինները տեղեկացնում են միմյանց Հայաստանի Հանրապետության մարզերի վարչակազմերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչակազմերի (կառավարությունների) միջև կնքված համաձայնագրերի մասին:
Հոդված 7
Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը Կողմերի միջև կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից: Այն ուժի մեջ կմնա մինչև վեց ամիս լրանալը Կողմերից մեկի՝ Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմին գրավոր ծանուցելու օրվանից:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի սեպտեմբերի 15-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 9-ից:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ | |
«Հայաստանի Հանրապետության և |
Ծ Ր Ա Գ Ի Ր
Մինչև 2010 թվականի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև (այսուհետ՝ Կողմեր) տնտեսական հարաբերությունների զարգացումը պայմանավորված է պատմականորեն ձևավորված սերտ և բազմակողմ արտադրական և գիտատեխնիկական կապերով, համատեղ ռազմավարական շահերով:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2010 թվականի երկարաժամկետ տնտեսական համագործակցության Ծրագիրը (այսուհետև՝ Ծրագիր) մշակված է՝ ելնելով 1997 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» Պայմանագրի և 2000 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» Հռչակագրի դրույթներից:
1. Ծրագրի հիմնական նպատակները և խնդիրները
Ծրագիրը մշակված է Կողմերի տնտեսավարող սուբյեկտների փոխգործողության հաստատման և խորացման նպատակով, դրա հիման վրա Կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերություններում նկատելի առաջընթացի և ապրանքաշրջանառության աճի ապահովման համար:
Ծրագրում նախանշված նպատակները իրագործվում են հետևյալ ճանապարհներով.
երկու երկրների տնտեսության կառուցվածքային վերակառուցման նկատմամբ հայեցակարգային մոտեցումների մերձեցում,
Կողմերի տնտեսավարող սուբյեկտների գործունեության հավասար հնարավորությունների և երաշխիքների ստեղծման համար ինստիտուցիոնալ վերափոխումների համակարգում,
համագործակցության հաստատում անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացմանը (լվացման) հակազդելու բնագավառում,
միջպետական և տարածաշրջանային համագործակցության զարգացման առաջնային ուղղությունների հստակեցում, այդ ուղղություններով դրանց պետական աջակցության համակարգի ստեղծում,
նպատակային միջպետական նախագծերի և տնտեսական համագործակցության ծրագրերի, ինչպես նաև դրանց իրականացման համար ինտեգրացված ենթակառուցվածքների ձևավորում,
ձեռնարկությունների արտադրական կոոպերացիայի հետագա զարգացում,
արտաքին առևտրի քաղաքականության և երրորդ երկրների շուկաներում արտաքին առևտրային գործունեության համակարգման մեխանիզմի ստեղծում,
չվճարումների և փոխադարձ պարտքերի մարման խնդրի լուծում, առևտրավճարային հարաբերությունների ներդաշնակեցման ապահովում,
մաքսային գործունեության տարբեր ոլորտներում մաքսային գերատեսչությունների համագործակցության հստակ ձևերի սահմանում,
բարեխիղճ մրցակցության չափանիշների համաձայնեցում, անբարեխիղճ գործողությունների դադարեցման և վնասի փոխհատուցման պահանջների ներկայացման կարգի սահմանում,
համագործակցություն ֆոնդային շուկաների և ապահովագրական ծառայությունների շուկայի զարգացման բնագավառում:
2. Տնտեսական և ֆինանսական համագործակցության զարգացում
Ծրագրով նախատեսվում է առաջնահերթ միջոցների շարքում իրականացնել նորմատիվաիրավական դաշտի ներդաշնակեցում և միասնականացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում Կողմերի տնտեսավարող սուբյեկտների փոխգործողության համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով:
Հիմնական ուշադրություն է դարձվելու օրենսդրության ներդաշնակեցմանը այն ոլորտներում, որոնք կանոնակարգում են վարկային կազմակերպությունների գործունեությունը, ֆինանսական ինստիտուտների համագործակցության զարգացումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, գնային քաղաքականության կանոնակարգումը, փոխադարձ ներդրումների և արտադրական կոոպերացիայի պաշտպանության պայմանները, առևտրային վեճերի լուծման միասնական կանոնների ձևավորումը, սպառողական ապրանքների և ծառայությունների շուկայի իրավիճակի համատեղ տեղեկատվական համակարգի ստեղծումը:
Նախատեսվում է իրականացնել միջոցառումներ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ոլորտում տեղեկատվական փոխգործունեության ընդլայնման և մեթոդաբանության համաձայնեցման, մաքսային ընթացակարգերի կատարելագործման, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, արտադրանքների և ծառայությունների նորմատիվ պահանջներին համապատասխանության հաստատման նպատակով:
Նախատեսվում է առանձնացնել համագործակցության առաջնային ուղղությունները գործունեության առանձին ոլորտներում, այդ թվում՝ փոխշահավետ միջճյուղային համագործակցություն վառելիքաէներգետիկ և ռազմաարդյունաբերական համալիրների, գունավոր մետալուրգիայի, շինարարության, կապի և տեղեկատվության, թեթև արդյունաբերության բնագավառներում:
3. Ծրագրի իրագործման ղեկավարումը
Ծրագրի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովը, որը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1995-1996թթ. առևտրատնտեսական համագործակցության մասին» 1996 թվականի մայիսի 28-ի Համաձայնագրի 7-րդ հոդվածին համապատասխան (այսուհետ՝ Միջկառավարական հանձնաժողով), կհաստատի Ծրագրին կից միջոցառումները (այսուհետ՝ Միջոցառումներ):
Միջոցառումները պարունակում են առաջարկների մշակումներ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ համագործակցության հեռանկարային նախագծերի և հարցերի, այդ թվում՝ Կողմերի տնտեսավարող սուբյեկտների փոխգործողության բնագավառում:
Միջկառավարական հանձնաժողովը իր նիստերի ընթացքում իրականացնում է Ծրագրի և Միջոցառումների կատարման ուսումնասիրություն:
Միջկառավարական հանձնաժողովը.
համակարգում է Ծրագիրը և Միջոցառումները իրականացնող պետական մարմինների գործունեությունը, հսկում է միջոցառումների կատարումը,
անհրաժեշտության դեպքում Ծրագրում և Միջոցառումներում առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել,
կազմակերպում է Ծրագրի և Միջոցառումների իրականացման հետ կապված միջկառավարական համաձայնագրերի նախագծերի նախապատրաստումը, իրականացնում է հսկողություն փոխադարձ համագործակցության հեռանկարային ուղղություններում համատեղ նախագծերի և ծրագրերի իրագործման նկատմամբ:
Ծրագրով և Միջոցառումներով նախանշված համագործակցության հարցերի և նախագծերի մշակման համար Միջկառավարական հանձնաժողովը կարող է ստեղծել մշտական կամ ժամանակավոր բնույթի աշխատանքային խմբեր:
Աշխատանքային խմբերը Ծրագրի և Միջոցառումների իրագործումը իրականացնում են հետևյալ ճանապարհներով.
Ծրագրի և Միջոցառումների համապատասխան բաժինների իրագործման համակարգում և մոնիտորինգ՝ աշխատանքային խմբերի ազգային մասերի մակարդակով,
Ծրագրի և Միջոցառումների բաժինների կատարման արդյունքների հիման վրա համաձայնեցված առաջարկների ձևավորում՝ անհրաժեշտության դեպքում միջկառավարական մակարդակով քննարկելու և որոշում ընդունելու համար,
Ծրագրի և Միջոցառումների կատարման իրագործման և համակարգման հարցերին առնչվող միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի նախապատրաստման կազմակերպում,
Միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ համագործակցության իրավիճակի մասին ամենամյա զեկույցների նախապատրաստում՝ դրա հետագա զարգացման և կատարելագործման առաջարկներով:
Ծրագրի և Միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Կողմերի շահագրգիռ տնտեսավարող սուբյեկտների հաշվին:
