ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2008 թվականի N 196-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշմամբ հաստատված N 2 ցանկի 1-ին կետը «բժիշկներ» բառից հետո լրացնել «միջին և կրտսեր բուժանձնակազմ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մարտի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 196-Ն որոշման
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման |
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է մինչև ուսումնական տարվա սկիզբը` ուսումնական հաստատության ղեկավարի (կառավարման կոլեգիալ մարմնի) կողմից` հաշվի առնելով ուսումնական հաստատությունների գործունեության առանձնահատկությունները:
2. Իրենց պարտականություններն աշխատանքային օրվա ընթացքում անընդմեջ իրականացնող դասախոսներին, մանկավարժներին և դաստիարակներին (այսուհետ` դասավանդող) սնվելու համար ընդմիջում տրամադրվում է սովորողների, սաների հետ միաժամանակ:
3. Դասավանդողների ուսումնական պարապմունքների տևողությունը, ինչպես նաև դրանց միջև ընդմիջումները (դասամիջոցները) նախատեսվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կանոնակարգով:
4. Ուսումնական աշխատանքի, ինչպես նաև ուսումնական պարապմունքների դասացուցակով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով աշխատաժամանակի մեջ ներառվում են`
1) կրթական, մեթոդական խորհուրդների, կրթական ծրագրով նախատեսված ծնողական ժողովների, խորհրդատվությունների, առողջարանական, դաստիարակչական և այլ միջոցառումների անցկացման աշխատանքները.
2) այն ժամանակը, որը ծախսվում է անմիջականորեն սովորողներին, սաներին ուսուցանելու և դաստիարակելու, նրանց անհատական ընդունակությունների, հետաքրքրությունների ու հակումների, ինչպես նաև նրանց ընտանեկան և կենցաղային պայմաններն ուսումնասիրելու նպատակով նախապատրաստական աշխատանքների համար.
3) դասավանդողի կողմից գրավոր աշխատանքների ստուգումը, դասղեկությունը, ուսումնական կաբինետների ղեկավարումը, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, ուսումնամեթոդական, կազմակերպամեթոդական, դաստիարակչական աշխատանքները.
4) դասավանդողի կողմից մասնագիտական որակավորման բարձրացման, վերապատրաստման, վերաորակավորման, ինքնաուսուցման և այլ պարապմունքներին նախապատրաստվելը.
5) ուսումնական պարապմունքների միջև ընկած ընդմիջումները (դասամիջոցներ).
6) դասավանդողի կողմից առողջարարական ճամբարներում, արշավներում, արշավախմբերում, էքսկուրսիաներում կատարած աշխատանքները:
5. Սովորողների, սաների` հատուկ ուսումնական հաստատություններում շուրջօրյա մնալու դեպքում, երբ դաստիարակչական և ուսումնական գործունեություններն օրվա ընթացքում հաջորդում են միմյանց, ուսումնական հաստատության ղեկավարը կարող է դպրոցական տարիքի սաների խմբերում դասավանդման աշխատանք կատարող դաստիարակների համար նախատեսել աշխատանքային օրվա ռեժիմ` երկու ժամ անընդմեջ ընդմիջմամբ: Ընդմիջման ժամանակն աշխատաժամանակում չի ներառվում:
6. Ուսումնական հաստատությունների դասավանդողների, որոնց ուսումնական ծանրաբեռնվածությունը նվազել է կամ ավելացել տարվա սկզբում որոշված ուսումնական ծանրաբեռնվածությունից, աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը մինչև ուսումնական տարվա ավարտը որոշվում է դասաժամերի քանակով` հաշվի առնելով այն ժամանակը, որն անհրաժեշտ է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարման համար:
7. Ուսումնական հաստատությունների սովորողների արձակուրդների ժամանակահատվածները, որոնք դասավանդողի ամենամյա վճարովի հիմնական և լրացուցիչ արձակուրդների հետ չեն համընկնում, համարվում են աշխատաժամանակ:
8. Սովորողների արձակուրդի ընթացքում դասավանդողներն իրականացնում են կրթական ծրագրի կիրառման հետ կապված ուսումնական, մեթոդական, ինչպես նաև կազմակերպական աշխատանքներ` իրենց աշխատաժամանակի նորմավորված մասի սահմաններում:
9. Ուսումնական հաստատությունների դասավանդողները, որոնց համար սահմանված է ուսումնական ծանրաբեռնվածության տարեկան ծավալ, սովորողների արձակուրդների ժամանակահատվածում, որոնք չեն համընկնում իրենց ամենամյա արձակուրդի հետ, ներգրավվում են ամբիոնների, ուսումնամեթոդական կամ առարկայական (ցիկլային) հանձնաժողովների աշխատանքներում, սեմինարներում, որակավորման բարձրացման, վերապատրաստման և այլ դասընթացներում, ինչպես նաև մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցառումներում, ամբիոնների կամ առարկայական (ցիկլային) հանձնաժողովների աշխատանքներում:
10. Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով սովորողների, սաների ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաստատությունների դասավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ:
11. Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական հաստատության առանձին դասարանների (խմբերի) կամ ամբողջ ուսումնական հաստատության ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակաընթացքում դասավանդողները սույն կարգի 7-9-րդ և 15-րդ կետերով նախատեսված պայմաններով ներգրավվում են ուսումնադաստիարակչական, մեթոդական, կազմակերպական աշխատանքներում:
12. Բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև լրացուցիչ կրթություն իրականացնող հաստատությունների յուրաքանչյուր դասավանդողի համար դասավանդման ծավալը որոշվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից` կախված աշխատողի մասնագիտական որակավորումից, ամբիոնի մասնագիտացումից, և մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանվում է 700-1080 ժամ: Հանրակրթական և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների դասավանդողների աշխատաժամանակի տևողությունը` կախված ուսումնական հաստատության տիպից, uահմանվում է շաբաթական 22-33 ժամ:
13. Ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները (տնօրեն, տնօրենի տեղակալ, ռեկտոր, պրոռեկտոր և այլն) կարող են դասավանդել շաբաթական մինչև 8 դասաժամ ներառյալ:
14. 36-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ուսումնական հաստատության հոգեբանների, ուսուցման մեթոդիկայի ու դաստիարակչական աշխատանքների մասնագետների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորվում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով` հաշվի առնելով`
1) ուսումնական գործընթացի մասնակիցների անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի կատարումը, որը չի կարող գերազանցել շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը.
2) մասնագետի անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքներին նախապատրաստվելու, ստացված արդյունքների մշակման, վերլուծության և ընդհանրացման, փաստաթղթերի լրացման, ինչպես նաև իր որակավորման բարձրացման ժամանակը:
15. Նախադպրոցական կրթական հաստատություններում (խմբերում) սաների 12 ժամ մնալու և 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, որտեղ սաների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է երկու դաստիարակ, աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի կողմից դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 36 ժամվա հաշվարկով:
16. Ուսումնական հաստատությունների աշխատողների, այդ թվում` ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի, աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդների ժամանակահատվածում կանոնակարգվում է ուսումնական հաստատության ներքին իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրերով և աշխատանքների կատարման ժամանակացույցով:
17. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող ուսումնական հաստատություններում և հատուկ կամ մասնագիտացված ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը uահմանվում է`
1) շաբաթական 22 ժամ` դասավանդող լոգոպեդների և դասավանդող դեֆեկտոլոգների, հատուկ մանկավարժական օգնություն ցուցաբերող դասավանդողների.
2) շաբաթական 24 ժամ` արտադպրոցական դաստիարակության հիմնարկներում դասավանդողների.
3) շաբաթական 30 ժամ` բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգիչների.
4) շաբաթական 30 ժամ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դաստիարակների.
5) շաբաթական 30 ժամ` գիշերօթիկ դպրոցների, մանկատների, հանրակրթական հաստատությունների երկարօրյա խմբերի դաստիարակների.
6) շաբաթական 36 ժամ` երկարատև բուժման ու խնամքի կարիք ունեցող երեխաների և ընդհանուր տիպի հաստատությունների դաստիարակների.
7) շաբաթական 36 ժամ` նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների համար:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|