ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1346/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1346/05/10 2013 թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան |
Դատավորներ՝ |
Ա. Աբովյան |
Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի մայիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նազիկ, Սեդա Մելքումյանների, Աստղիկ, Հրաչյա, Հրայր, Հասմիկ Մելքոնյանների ներկայացուցիչ Գագիկ Պապոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սամվել Մելքումյանի ընդդեմ ՀՀ կառավարության (այսուհետ՝ Կառավարություն), երրորդ անձինք Նազիկ, Սեդա Մելքումյանների, Աստղիկ, Հրաչյա, Հրայր, Հասմիկ Մելքոնյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)` մասնակի` Նազիկ, Սեդա Մելքումյանների, Հասմիկ, Աստղիկ, Հրաչյա, Հրայր Մելքոնյանների մասով, Մաշտոցի շրջխորհրդի 02.11.1995 թվականի թիվ 24/187 որոշումը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սամվել Մելքումյանը պահանջել է Նազիկ, Սեդա Մելքումյանների, Աստղիկ, Հրաչյա, Հրայր, Հասմիկ Մելքոնյանների մասով անվավեր ճանաչել Մաշտոցի շրջխորհրդի 02.11.1995 թվականի թիվ 24/187 որոշումը և դրա հիման վրա Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 174 շենքի 6-րդ բնակարանի նկատմամբ Նազիկ, Սեդա Մելքումյանների, Աստղիկ, Հրաչյա, Հրայր, Հասմիկ Մելքոնյանների իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 13.07.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.10.2012 թվականի որոշմամբ Դատարանի 13.07.2012 թվականի վճռի դեմ Նազիկ, Սեդա Մելքումյանների, Աստղիկ, Հրաչյա, Հրայր, Հասմիկ Մելքոնյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.07.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նազիկ, Սեդա Մելքումյանների, Աստղիկ, Հրաչյա, Հրայր, Հասմիկ Մելքոնյանների ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սամվել Մելքումյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 8-րդ, 31-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 13-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում արձանագրել է, որ Նազիկ, Սեդա Մելքումյանները, Աստղիկ, Հրաչյա, Հրայր, Հասմիկ Մելքոնյանները «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի սեփականաշնորհման սուբյեկտներ են:
Դատարանը գործին է կցել Սամվել Մելքումյանի ստորագրությունը չպարունակող ոչ թե երկու լիազորագրերը, այլ չստորագրված լիագորագրերի տեքստեր և դրա հիման վրա ճանաչել է նախ՝ Վ. Մախմուրյանի, ապա՝ Հասմիկ Մելքումյանի, այնուհետև՝ Մ. Փանոսյանի լիազորություններն այն դեպքում, երբ Դատարանը պետք է մերժեր հայցադիմումի ընդունումը կամ այն վերադարձներ: Մինչդեռ դրանց հիման վրա Դատարանը վճիռ է կայացրել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2012 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը, հետազոտելով և ճիշտ գնահատելով գործի ապացույցները, իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ Նազիկ, Սեդա Մելքումյանները, Աստղիկ, Հրաչյա, Հրայր, Հասմիկ Մելքոնյանները չեն հանդիսացել Սամվել Մելքումյանի ընտանիքի անդամներ, նրա հետ միասին չեն բնակվել վիճելի բնակարանում, ինչպես նաև բնակարանի վարձակալի հետ չեն վարել համատեղ տնտեսություն: Հետևաբար Նազիկ, Սեդա Մելքումյանները, Աստղիկ, Հրաչյա, Հրայր, Հասմիկ Մելքոնյանները չեն եղել սեփականաշնորհման սուբյեկտներ, ուստի չէին կարող վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հայկական ՍՍՀ պատգամավորների Երևանի Շահումյանի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 05.05.1971 թվականի թիվ 15025 միասնական օրդերի համաձայն՝ Բաշինջաղյան փողոցի թիվ 174 շենքի 6-րդ բնակարանը հատկացվել է Վաղարշակ Մելքումյանին: Նույն օրդերի համաձայն՝ որպես բնակելի տարածության իրավունք ունեցողներ Վաղարշակ Մելքումյանի հետ նշվել են Վարինկա Ադամյանը, Սամվել, Սեդա և Նազիկ Մելքումյանները (հատոր 1-ին, գ.թ. 50)։
2) 26.08.1995 թվականի «Բնակելի տարածության սեփականաշնորհման մասին» դիմումով, ստորագրված՝ Սամվել, Սեդա, Նազիկ Մելքումյանների, Սահականուշ Տիգրանյանի կողմից, խնդրել են Բաշինջաղյան փողոցի թիվ 174 շենքի 6-րդ բնակարանը սեփականաշնորհել որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ սեփականություն: Նույն դիմումով որպես բնակելի տարածությունում բնակվելու իրավունքով վարձակալի՝ Սամվել Մելքումյանի հետ միասին բնակվողներ նշվել են Սահականուշ Տիգրանյանը, Սեդա, Նազիկ Մելքումյանները, Սոնա և Հասմիկ Սամվելի Մելքումյանները, Հասմիկ, Աստղիկ, Հրայր, Հրաչյա Մելքոնյանները (հատոր 1-ին, գ.թ. 49)։
3) Սույն գործում առկա չէ վիճարկվող՝ Մաշտոցի շրջխորհրդի 02.11.1995 թվականի թիվ 24/187 որոշումը:
4) Սույն գործում առկա չէ նաև վիճարկվող՝ Մաշտոցի շրջխորհրդի 02.11.1995 թվականի թիվ 24/187 որոշումից ծագած սեփականության իրավունքի գրանցումը հավաստող ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից, և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն վճռաբեկ բողոքի շրջանակներում կարևորվում է երեք իրավական խնդիր`
ա) Վճռաբեկ դատարանի որոշումների՝ ժամանակի ընթացքում գործողության խնդրի հստակեցումը,
բ) վիճարկվող վարչական ակտի` գործում բացակայության պայմաններում դրա իրավաչափության ստուգումը,
գ) վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանում ներառված փաստարկներին անդրադառնալը:
ա) ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթից բխում է իրավունքի զարգացմանը նպաստելը, որն ամրագրված է ՀՀ դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասում: Իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթը ենթադրում է ոչ միայն Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության հարցում միասնական դիրքորոշման ձևավորում՝ մասնավորապես, իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում, որն իրավաչափորեն կարող է հանգեցնել Վճռաբեկ դատարանի կողմից արդեն իսկ մեկնաբանված նորմի նոր մեկնաբանման: Նման իրավիճակներում կարևորվում է Վճռաբեկ դատարանի որոշման՝ որպես իրավական ակտի, ժամանակի ընթացքում գործողության, ինչպես նաև նախորդ որոշումներում արտահայտած դիրքորոշումների կիրառելիության հարցերի հստակեցումը:
Իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթի նպատակից և բովանդակությունից տրամաբանորեն բխում է, որ իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը՝ ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար: Այլապես կիմաստազրկվի իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթը:
Բնակարանի վարձակալ չհանդիսացող անձի՝ սեփականաշնորհման արդյունքում սեփականության իրավունք ձեռք բերելու իրավական խնդրին և դրա համար անհրաժեշտ վավերապայմաններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր նախկին որոշումներում: Մասնավորապես, թիվ ՎԴ/4729/05/08 վարչական գործով իր 30.04.2009 թվականի որոշման մեջ Վճռաբեկ դատարանն ամրագրել է. «Բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք 3 պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այն է՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը, ինչպես նաև բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելը»:
Հետագայում թիվ ՎԴ/0476/05/08 վարչական գործով իր 25.06.2010 թվականի որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, կաշկանդված չլինելով իր նախկին որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով և գործելով իրավունքի զարգացմանը նպաստելու իր գործառույթի շրջանակներում, ամրագրել է. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը»: Իր այս դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը շարունակաբար վերահաստատել է թիվ ՎԴ/4925/05/09, թիվ ՎԴ2/0127/05/10, թիվ ԵԱՔԴ/2487/02/10, թիվ ՎԴ/4957/05/09 գործերով կայացված որոշումներում` կատարելով հղում վերը հիշատակված թիվ ՎԴ/0476/05/08 վարչական գործով 25.06.2010 թվականի որոշմանը:
Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի` օրենքի միատեսակ կիրառումն ապահովող նշանակության որոշումների՝ ժամանակի մեջ գործողության խնդրի վերաբերյալ վերոհիշյալ իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ելնելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ապահովման անհրաժեշտությունից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով դատարանների համար պարտադիր է ՎԴ/0476/05/08 վարչական գործով իր 25.06.2010 թվականի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, որպիսիք են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը:
Մինչդեռ քննության առարկա վարչական վեճը լուծելիս և՛ Դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը հիմք են ընդունել թիվ ՎԴ/4729/05/08 վարչական գործով իր 30.04.2009 թվականի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ քննության առարկա դարձնելով պատասխանողների՝ հայցվորի ընտանիքի անդամ լինելու հարցը` անտեսելով Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/0476/05/08 վարչական գործով 25.06.2010 թվականի որոշմամբ իրավունքի զարգացմանն ուղղված դիրքորոշումները:
բ) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցի առարկան է միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու կամ փոփոխելու պահանջը: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է, հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը: Հետևաբար, առանց վիճարկվող ակտի հետազոտման ոչ միայն անհնարին է ապահովել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պահանջի կատարումը, այլև հայցի նյութական օբյեկտի՝ վիճարկվող վարչական ակտի բացակայությունն ընդհանրապես բացառում է այդ ակտի իրավաչափությունը գործում առկա ապացույցների միջոցով գնահատելու հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ վիճարկվող վարչական ակտը, այն է՝ Մաշտոցի շրջխորհրդի 02.11.1995 թվականի թիվ 24/187 որոշումը, ինչպես նաև նշված որոշումից ծագած և լիազոր պետական մարմնի կողմից կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը հավաստող ապացույցը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը չեն իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` թույլ տալով դատավարական նորմի խախտում:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում ամրագրված՝ փաստերն ի պաշտոնե պարզելու վարչադատավարական սկզբունքի բովանդակության վերաբերյալ իր նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ Դատարանն այդ սկզբունքի պահանջներին համապատասխան պարտավոր էր միջոցներ ձեռնարկել վիճարկվող ակտի առկայությունը գործում ապահովելու ուղղությամբ:
գ) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:
Նույն օրենսգրքի 117.14-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշվում են (...) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` ի պաշտոնե (ex օficiօ) նշված հիմքերի շրջանակներում իրականացնել քննություն, իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.14-րդ հոդվածի վերը նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ: Այդուհանդերձ, հիշատակված դրույթների նման մեկնաբանումը չի նշանակում բողոքի յուրաքնաչյուր հիմքում ներառված ցանկացած փաստարկի գնահատում և վերլուծում: Բողոքը քննող դատարանը բողոքի հիմքերում ներառված փաստարկներին պետք է անդրադառնա այն հաշվով, որ նախ դրանք լինեն վերաբերելի բողոքի հիմքերին, և այդ փաստարկներն ունենան ազդեցություն բողոքի հիմքը կամ հիմքերը հիմնավորված համարելու տեսանկյունից:
Վերոնշյալ դիրքորոշման հաշվառմամբ անդրադառնալով վճռաբեկ բողոքի հիմքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի թիվս այլ հիմքերի՝ վերաքննիչ բողոքում որպես Դատարանի ակտը բեկանելու հիմք նշված է նաև այն հանգամանքը, որ սկզբնապես հայցվոր Ս. Մելքումյանի շահերը վարչական դատարանում ներկայացրած Վ. Մախմուրյանին Ս. Մելքումյանի, Սահանուշ և Սոնա Տիգրանյանների կողմից տրված՝ 06.05.2010 թվականի Իսպանիայի Հանրապետության նոտարի հաստատած թիվ 389 լիազորագրի և դրա թարգմանության պատճեններում բացակայում է հայցվոր Սամվել Մելքումյանի ստորագրությունը: Ըստ վերաքննիչ բողոք բերողի՝ հետագայում հայցվորի կողմից Դատարանում իր շահերը ներկայացնելու համար Հասմիկ Մելքումյանին տրված և 01.02.2012 թվականի Իսպանիայի Հանրապետության նոտարի հաստատած թիվ 346 լիազորագիրը ևս ստորագրված չէ հայցվորի կողմից: Բողոք բերողի պնդմամբ «փաստորեն գործին մասնակից է դարձվել պատշաճ դատավարական լիազորություններ չունեցող անձ և այդ լիազորությունները չունեցող անձի միջնորդությունների ու ներկայացրած ապացույցների հիման վրա, ըստ էության գոյություն չունեցող հայցվորի օգտին կայացվել է դատական ակտ, այսինքն՝ թույլ է տրվել դատական սխալ...»:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում են բողոքի նշված հիմքի վերաբերյալ պատճառաբանությունները: Վերաքննիչ բողոքի նշված հիմքին որևէ անդրադարձ չկատարելով` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ թեև սույն որոշմամբ արձանագրվել են թե՛ Դատարանի և թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումներ, այդուհանդերձ սույն որոշման 4-րդ կետում նշված հանգամանքների պարզումը հնարավոր է տալ միայն առաջին ատյանի դատարանում գործի նոր քննության ընթացքում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15- 118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.10.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |