«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 1999 թվականի N 124
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման մեթոդիկան (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումների անցկացման մեթոդիկան (կցվում է):
2. Սահմանել, որ բազմաբնույթ կադաստրի վարումը` գյուղատնտեսական հողատեսքերի մասով, իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման
1. Սույն մեթոդիկայով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի որակական և տնտեսական գնահատման մեթոդիկան:
2. Գյուղատնտեսական հողատեսքերի գնահատումն ընդգրկում է`
կադաստրային քարտեզների հիման վրա գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման հանույթային հիմքերի ստեղծումը.
հողագիտական, երկրաբուսաբանական հետազոտությունները.
գյուղատնտեսական հողատեսքերի որակական գնահատումը (բոնիտում).
տարածքի հողակադաստրային շրջանացումը.
գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության, ծախսերի և գյուղատնտեսական մթերքի ելակետային, նորմատիվային տեղեկությունների տնտեսագիտական դիտարկումների (մոնիտորինգ) անցկացումը և դրանց անալիտիկ վիճակագրական վերլուծությունները.
գյուղատնտեսական հողատեսքերի տնտեսական գնահատումը.
գյուղատնտեսական հողատեսքերի արժեքի (գնի) որոշումը:
3. Հողագիտական հետազոտությունները կատարվում են համապատասխան մասշտաբներով` կախված գյուղատնտեսական հողատեսքերի մշակման ինտենսիվությունից:
Հողագիտական հետազոտման գլխավոր խնդիրն է ճշգրտել հողերի որակական հատկությունները`
ա) դրական`
- հզորությունը,
- մեխանիկական կազմը,
- օրգանական նյութերի պարունակությունը,
- մատչելի սննդատարրերը,
- հողի ագրեգատային կազմը.
բ) բացասական`
- հողի աղակալման և ալկալիացման չափը,
- PH-ի պարունակությունը,
- քարքարոտության, ցեմենտացման, հողատարման աստիճանները:
Հողերի դրական և բացասական հատկությունների համակարգի վերլուծության և խմբավորումների միջոցով, գյուղատնտեսական հողատեսքերի որակական գնահատման պահանջներին համապատասխան, մշակվում են հողերի որակական գնահատման սանդղակները (խմբերը), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հաստատած գյուղատնտեսական հողատեսքերի որակական գնահատման հիմնական չափանիշները և ցուցանիշները` ըստ հանրապետության երկրագործության շրջաններում տարածված հիմնական հողատիպերի:
4. Երկրաբուսաբանական հետազոտությունները կատարվում են կերահանդակների` բնական խոտհարքների և արոտավայրերի արտադրողական կարողությունը պարզելու համար:
Հետազոտությունների ընթացքում որոշվում են բուսածածկի կազմը, բերքատվությունը, կերամիավորների ելքը:
5. Կատարված հետազոտությունների և համապատասխան ուսումնասիրությունների ու շրջանացումների հիման վրա կազմվում են տարածքային հողագնահատման շրջաններ, որոնց կտրվածքով մշակվում են հողերի որակական և տնտեսական գնահատման սանդղակները:
6. Գյուղատնտեսական հողատեսքերի տնտեսական գնահատումից առաջ կատարվում է մշակաբույսերի բերքատվության, կատարվող ծախսերի, գյուղատնտեսական մթերքի վաճառքի գների ուսումնասիրություններ` ըստ տնտեսագիտական դիտարկումների հողագնահատման շրջանների:
Բերքատվության և կատարված ծախսերի դիտարկումները կատարվում են դաշտային և կամերալ ուսումնասիրությունների միջոցով` տեղերում ուղղակի դիտարկման, հարցման, վիճակագրական և փորձագիտական գնահատականների եղանակներով: Սեփական արտադրության սերմացուն պետք է գնահատել շուկայական գներով` սեփական աշխատանքային ծախսերի գնահատումը մոտեցնելով արդյունաբերության մեջ աշխատողների վարձատրության, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ վարձու բանվորների վարձատրության չափերին:
7. Գյուղատնտեսական հողատեսքերի որակական գնահատման, տնտեսագիտական դիտարկումների տվյալների հիման վրա կատարվում է հողերի տնտեսական գնահատումը, որի արդյունքներն ամփոփվում են համայնքային, մարզային և հանրապետական մասնակի ու ընդհանուր գնահատման տեղեկագրերում, կազմվում են համեմատական գնահատման սանդղակներ և տեղեկագրեր:
8. Գյուղատնտեսական հողատեսքերի համեմատական գնահատման սանդղակները (ընդհանուր և մասնակի) մշակվում են տարբեր բնական տնտեսական պայմաններում գտնվող և տարբեր բերրիություն ունեցող հողատեսքերը չափակցելի դարձնելու, ընդհանուր տարածքները պայմանական` հավասարազոր արժեքային մեծություններ ստանալու համար: Համեմատական գնահատումն առաջնակարգ նշանակություն ունի անհավասար պայմաններում գտնվող համայնքների տնտեսական պայմանների հավասարեցման մեխանիզմներ մշակելու համար:
9. Գյուղատնտեսական հողատեսքերի տնտեսական գնահատման հիման վրա որոշվում է հողի հաշվարկային արժեքը, հետևյալ բանաձևով`
ՀԱ=ԶԵ/4 x100 կամ ՀԱ=(ԶԵx25 տարի),
որտեղ հաշվարկային արժեքի (ՀԱ) հաշվարկման համար հիմք է ընդունվում համապատասխան հողատեսքի միավոր տարածության գնահատմամբ որոշված զուտ եկամուտը (ԶԵ) և կապիտալիզացման բանկային տոկոսադրույքը` 4 տոկոսի չափով:
Հաստատված է |
Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումների անցկացման
1. Գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) նպատակն է ժամանակին վերահսկել և գնահատել գյուղատնտեսական հողատեսքերի վիճակն ու որակական փոփոխությունները, հայտնաբերել բացասական երևույթները, դրանք կանխելը և վերացնելը:
2. Գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումներն են հետախուզությունները, ուսումնասիրություններն ու հանույթները` ըստ հետևյալ չափանիշների և ցուցանիշների`
ա) գյուղատնտեսական հողատեսքերի ծածկոցի դիտարկումներ`
- ջրային և քամու հողատարումը,
- աղակալումը,
- ճահճացումը, գերխոնավացումը, ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացումը,
- բուսաշերտի կառուցվածքի քայքայումը,
- հումուսի պաշարի փոփոխությունը,
- PH-ի փոփոխությունը,
- ծանր մետաղներով և թունավոր միացություններով գյուղատնտեսական հողատեսքերի աղտոտումը,
- արդյունավետ խոնավությամբ ապահովվածությունը, կերահանդակների արտադրողականության փոփոխությունները.
բ) բուսականության վիճակի դիտարկումներ`
- ցանքսեր,
- բազմամյա տնկարկներ,
- խոտհարքներ,
- արոտներ:
3. Գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումների տեսակներն են (կախված անցկացման ժամկետներից)`
հիմնական (օբյեկտի վիճակի դիտարկումը սկսելու պահին),
օպերատիվ (պարբերաբար կատարվող` 1 տարուց պակաս),
պարբերական (1 տարուց ավելի ժամկետով),
հետադարձ:
4. Գյուղատնտեսական հողատեսքերի դիտարկումներում կարևորվում են տնտեսագիտական և արտադրական բնույթի հետևյալ ցուցանիշների ուսումնասիրությունները`
մշակաբույսերի տարածվածությունը և բերքատվությունը.
գյուղատնտեսական մթերքի գները.
համախառն արտադրանքի արժեքը.
մշակության հետ կապված ծախսերի և գյուղատնտեսական մթերքի ինքնարժեքը.
զուտ եկամուտը` ըստ մշակաբույսերի և ամբողջական, հողերի գնահատման բալի արժեքը.
գնահատման սանդղակները.
հողի դրամական գնահատումը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումների անցկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
6. Գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումների ժամանակացույցը, փաստաթղթերի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ: