ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԽԱՉԱՏՈՒՐՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 59687/17)
ՎՃԻՌ
Հոդված 3 • Հանձնում (Ռուսաստան) • Մեկնելու համար վատառողջ դիմումատուին՝ ծանր առողջական վիճակի պատճառով նույնիսկ բժշկական հսկողության տակ հանձնելու մասին որոշում • Հանձնումն առանց տեղափոխման հետ կապված ռիսկերի պատշաճ գնահատման կարող է հանգեցնել խախտումների • Ընդունող պետության երաշխիքները բավարար չեն, քանի որ դրանք սահմանափակվում են տեղափոխման ընթացքում բժշկական հսկողության առկայությամբ • Որոշակի ժամանակակետում անհատի առողջական վիճակը և դրան բնորոշ հիմնավոր բժշկական ռիսկերը անհատական կարգով ուսումնասիրելու պահանջ՝ հաշվի առնելով կոնկրետ տեղափոխման պայմանները • Համապատասխան ներպետական իրավական երաշխիքների և ընթացակարգերի բացակայություն |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
24 հունիսի 2021թ
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Խաչատուրովն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],
Ռաֆաելե Սաբատո [Raffaele Sabato],
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]՝ դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի պրն Սուրեն Խաչատուրովի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2017 թվականի օգոստոսի 18-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 59687/17),
գանգատի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,
Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ պատասխանող Կառավարությանն ուղղված միջանկյալ միջոց կիրառելու կարգադրություն նախատեսող որոշումը և այն փաստը, որ այս միջանկյալ միջոցը կիրառելու պահանջը կատարվել է,
գանգատի մասին Ռուսաստանի Դաշնությանը չծանուցելու մասին որոշումը (տե՛ս Այն ընդդեմ Շվեդիայի [I v. Sweden], թիվ 61204/09, §§ 42-46, 2013 թվականի սեպտեմբերի 5),
կողմերի դիտարկումները,
2021 թվականի մայիսի 25-ին անցկացնելով փակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն ներկայացված գանգատը վերաբերում է դիմումատուի այն հայտարարությունը, որ եթե իրականացվի իրեն Ռուսաստանին հանձնելու մասին որոշումը, ապա իր տեղափոխմամբ վտանգի կենթարկվի իր կյանքը և ֆիզիկական բարօրությունը՝ հաշվի առնելով իր առողջական վիճակը։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1974 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Տ. Եգորյանը և պրն Ն. Բաղդասարյանը:
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով այն փաստերը, որոնք ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփ շարադրել հետևյալ կերպ։
5. Դիմումատուն, որը ծագումով հայ է, նախքան 2015 թվականի հունիսի չպարզված օրը Հայաստան վերադառնալն ապրել և աշխատել է Ռուսաստանում։ Նա եղել է Մոսկվա քաղաքի պետական բյուջետային հիմնարկներից մեկի առաջին փոխտնօրենը։
I. Ռուսաստանում դիմումատուի դեմ հարուցված քրեական ԳՈՐԾՈՎ վարույթները
6. 2015 թվականի մայիսի 27-ին Մոսկվայի հյուսիսային վարչական շրջանի քննչական բաժնում դիմումատուի դեմ քրեական գործով վարույթ է հարուցվել՝ կաշառք ստանալու փորձի կասկածանքով։
7. 2015 թվականի հունիսի 1-ին դիմումատուն պարտավորվել է ներկայանալ, երբ կանչվել է նախաքննության մարմնի կողմից, ինչպես նաև պարտավորվել է քննիչին անհապաղ տեղեկացնել բնակության կամ գրանցման վայրի որևէ փոփոխության մասին։
8. 2015 թվականի հունիսի 10-ին դիմումատուին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու փորձի առթիվ։
9. Նույն օրը դիմումատուն Մոսկվայում վթարի է ենթարկվել և անցողիկ ուղեղային իշեմիայով տեղափոխվել համապատասխան հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք։ 2015 թվականի հունիսի 14-ին նա դուրս է գրվել։
10. 2015 թվականի հունիսի 16-ին քննիչը դիմումատուին հայտարարել է որպես հետախուզվող անձ՝ նրան ընդգրկելով հետախուզման մեջ գտնվող անձանց դաշնային ցուցակում։
11. 2015 թվականի հուլիսի 8-ին դիմումատուն հայտարարվել է որպես միջազգային հետախուզման մեջ գտնվող անձ։
12. 2015 թվականի հուլիսի 14-ին Մոսկվայի Սավելևսկի շրջանային դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ դիմումատուին կալանավորելու պահանջով։ Այդպիսով, այն մերժել է դիմումատուի փաստաբանի փաստարկները՝ դիմումատուի վատ առողջական վիճակի վերաբերյալ, և այն փաստը, որ նա ստացիոնար բուժում է ստացել Երևանում, ինչի մասին քննիչը տեղյակ է եղել։ Դատարանը գտել է, inter alia (ի թիվս այլնի), որ դիմումատուն գիտակցաբար որոշել է բուժում չստանալ Ռուսաստանում և երկրից մեկնել է՝ անտեսելով իր դեմ հարուցված քրեական գործով վարույթը։
II. Հանձնման հետ կապված վարույթները Հայաստանում ԵՎ դիմումատուի առողջական վիճակը
13. 2017 թվականի ապրիլի 11-ին դիմումատուն ձերբակալվել է Երևանում։ Այսպիսով, նա կալանավորվել է՝ իրեն Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ որոշում ընդունելուց առաջ։
14. 2017 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և
Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (Վարչական շրջանի դատարան)՝ պահանջելով քառասուն օր ժամկետով կալանավորել դիմումատուին՝ մինչև նրան Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ որոշում ընդունելը։
15. Նույն օրը Վարչական շրջանի դատարանը թույլատրել է 2017 թվականի ապրիլի 11-ից սկսած քառասուն օր ժամկետով կալանավորել դիմումատուին։
16. 2017 թվականի ապրիլի 19-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել Վարչական շրջանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ՝ պնդելով, որ ինքը պետք է դիտարկվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչն իրավական հիմք է իր հանձնումը չթույլատրելու համար։ Դիմումատուն ներկայացրել է մի շարք փաստաթղթեր, օրինակ՝ իր ծննդյան վկայականը, հին անձնագրերը, Հայաստանում իր զինապարտության վերաբերյալ փաստաթղթերը և այլն, հիմնավորելու համար, որ ինքը բավարարում է «Քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ բաժնի պահանջները և հետևաբար պետք է համարվի որպես Հայաստանի քաղաքացի։
17. 2017 թվականի մայիսի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանը (Վերաքննիչ դատարան) մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը։ Մասնավորապես, ուսումնասիրելով մեղադրող կողմի այն փաստը հիմնավորելու համար ներկայացրած փաստաթղթերը, որ դիմումատուն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել 1995 թվականի հուլիսի 13-ից առաջ, որը Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու օրն է («Քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ բաժնի պահանջներից մեկը), Վերաքննիչ դատարանը գտել է, որ դիմումատուի կալանավորմամբ՝ վերջինիս օտարերկրյա պետությանը հանձնելու նպատակով կխախտվեն նրա իրավունքները, քանի որ նրա քաղաքացիության հարցը վիճելի է։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ դիմումատուի կալանավորումը՝ մինչև Հայաստանում նրա նկատմամբ հետապնդում իրականացնելու նպատակով նրա դեմ հարուցված քրեական գործը ստանալը, օրինական է եղել Քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ և 478.3-րդ հոդվածների համաձայն։
18. 2017 թվականի մայիսի 12-ին Ռուսաստանի գլխավոր դատախազը դիմել է դիմումատուին հանձնելու պահանջով՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի 1993 թվականի կոնվենցիայի համաձայն։ Նման պահանջով դիմումի մեջ նշվել է նաև, որ դիմումատուն չի ենթարկվի խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։
19. 2017 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական շրջանի դատարան՝ պահանջելով երկու ամսով կալանավորել դիմումատուին՝ նրա հանձնումն իրականացնելու նպատակով։
20. 2017 թվականի մայիսի 19-ին Վարչական շրջանի դատարանը թույլատրել է երկու ամիս ժամկետով կալանավորել դիմումատուին։
21. 2017 թվականի հունիսի 16-ին դիմումատուն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Կենտրոնական բանտային հիվանդանոց հետևյալ ախտորոշմամբ՝ «Սրտի իշեմիկ հիվանդություն, կրիտիկական վիճակի հասնող զարկերակային հիպերտենզիա»։
22. 2017 թվականի հունիսի 23-ի որոշման մեջ Հայաստանի գլխավոր դատախազը թույլատրել է հանձնումը՝ հրահանգելով ոստիկանությանը և Կենտրոնական բանտային հիվանդանոցին, որտեղ դիմումատուն կալանավորված է եղել, որոշումը վերջնական դառնալուց հետո ապահովել նրա հանձնումը Ռուսաստանին։ Որոշման մեջ նշվել է, որ Ռուսաստանի Գլխավոր դատախազության կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ 1994 թվականի հուլիսի 26-ին դիմումատուն ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, և որ նա դեռևս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Ուստի նրա հանձնման համար իրավական խոչընդոտներ չկան։
23. 2017 թվականի հուլիսի 3-ին Կենտրոնական բանտային հիվանդանոցի փոխտնօրենը տրամադրել է դիմումատուի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք։ Դրանում նշվում է, որ նա սուր վեստիբուլոպաթիա ունի և ակնագնդերի շարժունակության սահմանափակմամբ ուղեկցվող հետկաթվածային վիճակում է, ձախ միջին‑ուղեղային զարկերակի շրջանում առկա են աջակողմյան ռեֆլեկտոր հեմիպարեզով ուղեկցվող կաթվածի հետևանքներ, հեմիպարեզի հետևանքով քայլելու հետ կապված դժվարություններ, 2-րդ աստիճանի աթերոսկլերոտիկ էնցեֆալոպաթիա, 1-ին աստիճանի զարկերակային հիպերտենզիա, սրտանոթային բարդությունների առաջացման 15% ռիսկ։
24. 2017 թվականի հուլիսի 6-ին դիմումատուն 2017 թվականի հունիսի 23-ի՝ հանձնման մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Նա պնդել է, որ իր առողջական վիճակը հաշվի առնելով՝ իրեն Ռուսաստան տեղափոխելը կարող է անդառնալի վնաս հասցնել իր առողջությանը կամ վտանգել իր կյանքը։ Իր բողոքը հիմնավորելու համար դիմումատուն որպես հիմք է մատնանշել 2017 թվականի հուլիսի 3-ի բժշկական տեղեկանքը։
25. 2017 թվականի հուլիսի 12-ի գրությամբ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հայցել է, որ Հայաստանի Գլխավոր դատախազությունը տեղեկացնի դիմումատուի տեղափոխման նշանակված օրվա մասին՝ երաշխավորելով, որ դիմումատուի կալանավորման ընթացքում, իսկ նրան դատապարտելու դեպքում՝ պատիժը կրելու ընթացքում, Ռուսաստանում Հայաստանի հյուպատոսության անձնակազմը հնարավորություն կունենա կապ հաստատել նրա հետ։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում դիմումատուին հարկ եղած դեպքում կտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն։
26. Նույն օրը Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբանը տրամադրել է բժշկական տեղեկանք, որում նշվում է, որ դիմումատուի մոտ առկա են իշեմիկ կաթվածի հետևանքներ, որոնք վկայում են սրտանոթային և նյարդային համակարգերի լուրջ խանգարումների մասին։ Հաշվի առնելով այս ռիսկերը՝ չի կարելի բացառել, որ դիմումատուի՝ օդային կամ ցամաքային ճանապարհով Ռուսաստան տեղափոխումը կարող է հանգեցնել ևս մեկ կաթվածի կամ սրտամկանի ինֆարկտի։
27. 2017 թվականի հուլիսի 14-ի հաջորդ գրությամբ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը երաշխավորել է, որ հատուկ պահակախմբի ուղեկցությամբ կմեկնի համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ՝ դիմումատուի տեղափոխման ընթացքում անհրաժեշտություն առաջանալու դեպքում վերջինիս բուժօգնության ցուցաբերելու համար։
28. 2017 թվականի հուլիսի 19-ին Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը։ Այն անդրադարձել է դիմումատուի՝ Ռուսաստան տեղափոխվելու ընթացքում կամ նրա՝ կալանքի տակ գտնվելու, իսկ դատապարտման դեպքում՝ պատիժը կրելու ընթացքում բժիշկ-մասնագետի ներկայության մասով Ռուսաստանի Գլխավոր դատախազության կողմից տրամադրված երաշխիքներին։
29. 2017 թվականի հուլիսի 26-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել 2017 թվականի հուլիսի 19-ի որոշման դեմ՝ պնդելով, որ իր համար նշանակված թարգմանիչը չի ներկայացել նիստին, և որ վճռի ռուսերեն պատճենն իրեն չեն տրամադրել։ Բացի այդ, դիմումատուն չի կարողացել արդյունավետ կերպով մասնակցել վարույթին, քանի որ իրեն ո՛չ հնարավորություն են տվել, ինչպես հարկն է, փաստարկներ ներկայացնել, ո՛չ էլ իրազեկել են իր իրավունքների մասին։ Վերջապես, դիմումատուն պնդել է, որ Վերաքննիչ դատարանը չի պարզել իր առողջական վիճակը տեղափոխման ընթացքում առաջացող ռիսկերի մասով։
30. 2017 թվականի հուլիսի 28-ի տեղեկանքում բժիշկ Ա.Կ.-ն՝ Երևանի հիվանդանոցներից մեկի նյարդաբանական բաժնի վարիչը, հաստատել է դիմումատուի՝ 2017 թվականի հուլիսի 12-ի բժշկական տեղեկանքում նշված ախտորոշումը (տե՛ս վերևում 26-րդ պարբերությունը)։ Դրանում հաջորդիվ նշվել է, որ դիմումատուի մոտ առաջացել է լույսի (ֆոտոֆոբիա) և ձայնի (ֆոնոֆոբիա) նկատմամբ զգայունությամբ ուղեկցվող ուղեղային խանգարում, որը պահանջում է բուժում և ցանկալի է՝ նյարդաբանի հսկողության տակ։ Այս հանգամանքները և ռիսկի գործոնները հաշվի առնելով՝ եզրակացություն է արվել այն մասին, որ օդային կամ ցամաքային ճանապարհով դիմումատուի տեղափոխումը չպետք է թույլատրվի, քանի որ հետագայում դա կարող է հանգեցնել սրտի և ուղեղի հետ կապված խնդիրների։
31. 2017 թվականի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն ստացել է ստացիոնար բուժզննում և բուժում քաղաքացիական հիվանդանոցում։ Նա դուրս է գրվել հետևյալ ախտորոշմամբ՝
«Կրիտիկական վիճակի հասնող զարկերակային հիպերտենզիա, արյան շրջանառության քրոնիկ անբավարարության բարձր ռիսկ և հաճախ կրկնվող անցողիկ իշեմիկ գրոհներ վերտեբրոբազիլյար ավազանում։ Իշեմիկ հարվածներով 3-րդ աստիճանի դիսցիրկուլյատոր անգիոէնցեֆալոպաթիա վերտեբրոբազիլյար ավազանում և միջին ձախ ուղեղային զարկերակի ավազանում՝ միջին ուղեղի, կամրջի և ուղեղաբնի վրա հետկաթվածային կիստաներով, աջակողմյան չափավոր հեմիպարեզի տեսքով կայուն մնացորդային երևույթներով լեյկոարեոզով ուղեկցվող, վեստիբուլոպաթիա, քայլելու ֆունկցիայի չափավոր խանգարում, հաճախակի կրկնվող ցեֆալգիայով դրսևորվող հիպերտենզիվ համախտանիշ։ Սրտի իշեմիկ հիվանդություն, կայուն կրծքային անգինա ... »:
32. 2017 թվականի օգոստոսի 21-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումը և ուղարկել գործը նոր քննության այն հիմքով, որ Վերաքննիչ դատարանը չի հավաստիացել, թե արդյոք դիմումատուն հասկացել է վարույթի լեզուն և տեղյակ է եղել իր իրավունքների մասին։
33. 2017 թվականի սեպտեմբերի 13-ին դիմումատուին դուրս գրելու ախտորոշման շրջանակներում բժիշկ Ա.Կ.-ն ներկայացրել է մեկ այլ բժշկական եզրակացություն նրա առողջական վիճակի վերաբերյալ (տե՛ս վերևում 31-րդ պարբերությունը)։ Նա մասնավորապես նշել է հետևյալը՝
«Դիմումատուի [վիճակը] ծանր է և անկանխատեսելի՝ հաշվի առնելով հետագայում գրոհների մեծ հավանականությունը հիպերտոնիկ ճգնաժամերի և անցողիկ իշեմիկ գրոհների տեսքով, նախորդ երկու իշեմիկ հարվածները վերտեբրոբազիլյար ավազանում և միջին ձախ ուղեղային զարկերակի ավազանում։
Այսպիսի խնդիրներ ունեցող անձը չի կարող մասնակցել դատական նիստերին, քանի որ ցանկացած հուզական լարվածություն կարող է հանգեցնել նոր հավանական բարդությունների առաջացման»։
34. 2017 թվականի հոկտեմբերի 25-ի նիստում 2017 թվականի հունիսի 23-ի՝ հանձնման մասին որոշման դեմ դիմումատուի վերաքննիչ բողոքի նոր քննության ընթացքում նրա փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով նշանակել փորձագետ՝ նրա առողջական վիճակը գնահատելու համար։ Դատախազն առարկություն է ներկայացրել այդ միջնորդության դեմ՝ պնդելով, որ բավարար հիմքեր չկան եզրակացնելու համար, որ դիմումատուի տեղափոխումը Ռուսաստան վտանգի կենթարկի նրա առողջությունը կամ կյանքը։ Նա պատճառաբանել է, որ դիմումատուի հանձնման պահանջով դիմումի քննության ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազը դիմումատուի առողջությանն առնչվող որևէ բժշկական փաստաթուղթ իր տրամադրության տակ չի ունեցել։ Բացի այդ, դատախազը դիմումատուի առողջական վիճակի վերաբերյալ կասկածներ է հայտնել՝ հղում անելով քրեակատարողական հիմնարկից ստացված՝ 2017 թվականի հուլիսի 13-ի գրությանը, որում ասվում է, որ նրա առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատավարությանը։
35. Նույն օրը Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ գտնելով, որ դիմումատուի հանձնմանը խոչընդոտող հանգամանքներ առկա չեն։ Մասնավորապես դիմումատուն Ռուսաստանի քաղաքացի է, և նրա դեմ հարուցված քրեական գործով վարույթի շրջանակներում Ռուսաստանի համապատասխան մարմինները տրամադրել են նրա իրավունքների ապահովմանն ուղղված երաշխիքներ։ Վերաքննիչ դատարանը հաստատել է՝ դիմումատուին Ռուսաստանին հանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազի որոշումը՝ հիմնվելով Ռուսաստանի համապատասխան մարմինների կողմից տրամադրվող լրացուցիչ երաշխիքների վրա այն մասին, որ Ռուսաստան տեղափոխվելիս և դրանից հետո դիմումատուն ապահովված կլինի բժշկի հսկողությամբ։ Միևնույն ժամանակ այն նաև մերժել է դիմումատուի՝ դատաբժշկական փորձագետ նշանակելու պահանջն այն հիմքով, որ դատաբժշկական փորձաքննության նշանակումը հանձնման հետ կապված վարույթի ընթացքում ներպետական օրենսդրությամբ սահմանված չէ։
36. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ վիճարկելով, որ Վերաքննիչ դատարանում դատաքննությունը չի անցկացվել հրապարակային լսումների և մրցակցային դատավարության պայմաններում։ Նա վերահաստատել է իր տեղափոխման հետ կապված բժշկական ռիսկերի մասին իր փաստարկները։
37. 2017 թվականի նոյեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել համապատասխան հիմքերի բացակայության պատճառով։ Հետևաբար Հայաստանի գլխավոր դատախազի որոշումը՝ դիմումատուին Ռուսաստանին հանձնելու մասին, վերջնական է դարձել։
38. 2017 թվականի նոյեմբերի 30-ին 2017 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը հանձնվել է դիմումատուի փաստաբանին։
III. Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոցԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԿԱՐԳԱԴՐԵԼԸ
39. 2017 թվականի օգոստոսի 18-ին դիմումատուն հայցել է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ Դատարանը կարգադրի Կառավարությանն ընդհատել՝ իրեն Ռուսաստանին հանձնելու գործընթացը, մինչև Դատարանն ըստ էության կքննի իր բողոքները։
40. 2017 թվականի նոյեմբերի 30-ին դիմումատուն Դատարանին տեղեկացրել է, որ ազգային դատարանները կայացրել են` իրեն Ռուսաստանին հանձնելու մասին վերջնական որոշում։
41. Նույն օրը Դատարանը (հերթապահ դատավորը) որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն կարգադրել Կառավարությանը չթույլատրել դիմումատուի հանձնումը մինչև հետագա ծանուցումը։ Միևնույն ժամանակ Դատարանը (հերթապահ դատավորը) որոշել է Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն Կառավարությունից պահանջել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 15-ը պատասխանել հետևյալ հարցերին.
«1. Ի՞նչ գործնական քայլեր են ձեռնարկվել (եթե ձեռնարկվել են) դիմումատուին արդյունավետ կերպով Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու համար։
2. Եթե ձեռնարկվել են քայլեր, ապա ե՞րբ և ինչպե՞ս կիրականացվի դիմումատուի տեղափոխումը (օդային, ցամաքային ճանապարհով)։
3. Արդյո՞ք դիմումատուին կտրամադրվի բուժօգնություն ուղևորության ընթացքում։ Եթե այո, ապա խնդրում ենք մանրամասնել։
4. Արդյո՞ք կան բժշկական ցուցումներ՝ ժամանելուն պես դիմումատուին Ռուսաստանի համապատասխան մարմիններին հանձնելու համար»։
42. Իր պատասխանի մեջ Կառավարությունը նշել է, որ դիմումատուն դիտավորությամբ փորձել է խոչընդոտել իր հանձնումն իրականացնելը՝ նախ՝ մոլորեցնող տեղեկություններ տրամադրելով՝ հիմնավորելու համար այն փաստը, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա հավաքելով բժշկական փաստաթղթեր իր առողջական վիճակի շեշտակի վատթարացման վերաբերյալ։ Ավելին, դիմումատուի մոտ արդեն իսկ առկա են եղել 2017 թվականի հուլիսի 12-ի բժշկական տեղեկանքում նշված հիվանդությունները, երբ նա 2015 թվականի հունիսին ինքնաթիռով ուղևորվել է Հայաստան։
Կառավարությունը հիմնվել է 2017 թվականի հուլիսի 12-ի և 14-ի (տե՛ս վերևում 26-րդ և 27-րդ պարբերությունները) և դեկտեմբերի 14-ի (տե՛ս ստորև 49-րդ պարբերությունը) այն գրությունների վրա, որոնցում Ռուսաստանի համապատասխան մարմինները երաշխավորել են, որ դիմումատուին կտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն նրան Ռուսաստան տեղափոխելու, իսկ դատապարտվելու դեպքում՝ պատիժը կրելու ընթացքում։ Այն նշել է, որ հաստատված գործելակերպի համաձայն՝ Հայաստանից անձի հանձնում կատարվում է միայն այն դեպքում, երբ Կենտրոնական բանտային հիվանդանոցի կողմից տրամադրվում է տեղափոխման համար նրա առողջ լինելը հավաստող բժշկական փաստաթուղթ։
43. Ի պատասխան Կառավարության փաստարկների՝ դիմումատուն պնդել է, որ ինքն առողջական խնդիրներ է ունեցել առնվազն 1994 թվականից սկսած, երբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով։ Այնուամենայնիվ, իր առողջական վիճակը կտրուկ վատթարացել է միայն 2015 թվականից սկսած՝ իր նկատմամբ հետապնդում հարուցելու պատճառով առաջացած լարվածության և անհանգստության հետևանքով։ Իր վատառողջ լինելու պատճառով նա կալանավորված լինելու ընթացքում գտնվել է Կենտրոնական բանտային հիվանդանոցում և համապատասխան մարմինների կողմից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ մասնագիտական օգնություն ստանալու նպատակով։ Ավելին, Կառավարությունն ընդհանրապես չի պահանջել նրա առողջական վիճակի գնահատում, որպեսզի պարզի, թե արդյոք նրա առողջական վիճակը բավարար է վերջինիս հանձնումն իրականացնելու համար։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը մերժել է դատաբժշկական փորձագետի կողմից նրան հետազոտելու վերաբերյալ միջնորդությունը։
Դիմումատուն պնդել է, որ Ռուսաստանի համապատասխան մարմիններից ստացված ընդհանուր երաշխիքները բավարար չեն եղել Դատարանի կողմից կարգադրված միջոցի կիրառումը դադարեցնելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ տարբեր բժիշկ-մասնագետներ հաստատել են, որ ինքը ծանր հիվանդ է։ Նա հիմնվել է նաև բժշկական ցուցումների վրա այն մասին, որ իրեն չի կարելի տեղափոխել Ռուսաստան՝ լինի դա օդային, թե ցամաքային ճանապարհով՝ հաշվի առնելով այդ տեղափոխման այն հավանական ռիսկերը, որոնց մասին նշել են բժիշկները։
44. 2018 թվականի փետրվարի 6-ին Դատարանը (հերթապահ դատավորը) որոշել է ուժի մեջ թողնել 2017 թվականի նոյեմբերի 30-ին կարգադրված միջանկյալ միջոցը։
IV.Զուգահեռ ԵՎ հետագա զարգացումները
45. 2017 թվականի սեպտեմբերի 27-ին դիմումատուն ապաստան ստանալու պահանջով դիմել է Միգրացիոն պետական ծառայություն։
46. 2017 թվականի նոյեմբերի 14-ի որոշման մեջ Միգրացիոն պետական ծառայությունը մերժել է դիմումատուի՝ ապաստան ստանալու պահանջով դիմումը։
47. 2017 թվականի դեկտեմբերի 11-ին դիմումատուն ազատ է արձակվել կալանքից, քանի որ մինչև հանձնումը հատկացված՝ կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը լրացել է։
48. Նույն օրը հետազոտվելու և բուժում ստանալու համար նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունք։
49. 2017 թվականի դեկտեմբերի 14-ի գրությամբ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը, անդրադառնալով Ռուսաստանի՝ Պատիժների կատարման դաշնային ծառայության գրությանը, Հայաստանի գլխավոր դատախազին տեղեկացրել է, որ դիմումատուին ուղեկցող հատուկ պահակախմբի կազմում կընդգրկվի բժիշկ-մասնագետ, որը պատրաստ կլինի դիմումատուի առողջական վիճակին համարժեք բուժօգնություն տրամադրել վերջինիս։ Ավելին, դիմումատուի տեղափոխման ընթացքում նրան ուղեկցող բժշկի հայեցողության տակ առկա կլինեն սրտանոթային խնդիրների դեպքում նրան օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ դեղորայք ու բժշկական սարքավորումներ։ Գրության մեջ ընդգծվում է նաև, որ նախքան դիմումատուի տեղափոխման ակտը ստորագրելը, անհրաժեշտ է, որ ուղեկցող բժիշկն ուսումնասիրի նրա բժշկական քարտը՝ պարզելու համար այնպիսի հակացուցումների բացակայությունը, որոնք կարող են խոչընդոտել օդային տրանսպորտով նրա տեղափոխումը։ Ի վերջո, նշվել է, որ քրեակատարողական հիմնարկ ժամանելուն պես դիմումատուն կանցնի բժշկական հետազոտություններ և խորհրդակցություններ՝ նրա քրոնիկ հիվանդությունների ամբուլատոր հսկողությունը կազմակերպելու համար։
50. 2017 թվականի դեկտեմբերի 18-ին դիմումատուն հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով դատական կարգով վերանայել Միգրացիոն պետական ծառայության՝ 2017 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը (տես՛ վերևում 46-րդ պարբերությունը)։
51. 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Վարչական դատարանը դիմումատուի հայցը վարույթ է ընդունել։ Այս վարույթի ելքի մասին Դատարանին տեղեկություններ չեն հաղորդվել։
52. 2017 թվականի դեկտեմբերի 26-ին դիմումատուին հաշմանդամության կարգ է տրամադրվել։
53. 2017 թվականի դեկտեմբերի 28-ին դիմումատուն հիվանդանոցից դուրս է գրվել հետևյալ ախտորոշմամբ՝
«Կրիտիկական վիճակի հասնող զարկերակային հիպերտենզիա, արյան շրջանառության քրոնիկ անբավարարության բարձր ռիսկ և հաճախ կրկնվող անցողիկ իշեմիկ գրոհներ վերտեբրոբազիլյար ավազանում։ Իշեմիկ հարվածներով երրորդ աստիճանի դիսցիրկուլյատոր անգիոէնցեֆալոպաթիա վերտեբրոբազիլյար ավազանում և միջին ձախ ուղեղային զարկերակի ավազանում՝ միջին ուղեղի, կամրջի և ուղեղաբնի վրա հետկաթվածային կիստաներով, աջակողմյան չափավոր հեմիպարեզի տեսքով կայուն մնացորդային երևույթներով լեյկոարեոզով ուղեկցվող, վեստիբուլոպաթիա, քայլելու ֆունկցիայի չափավոր խանգարում, հիպերտենզիվ համախտանիշով և հաճախակի կրկնվող ցեֆալգիայով։ Սրտի իշեմիկ հիվանդություն, 2-րդ դասի կրծքային անգինա, 1-ին դասի սրտային անբավարարություն (NYHA դասակարգում)։ Ողնաշարի բազմաշերտ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ, C4-C5, C5-C6, C6-C7 մակարդակներում ճողվածքներով 4-րդ աստիճանի օստեխոնդրոզ, հիդրոմիելիա։
Ցուցում՝ նյարդաբանի կողմից մշտական հսկողություն։ Տվյալ պահին նրա առողջական վիճակը բավարար չէ մեկնելու համար։ Հիպոտենզիվ և հակաագրեգանտ դեղորայքի մշտական ընդունում»։
V. պատասխանող Կառավարությանը գանգատի մասին ծանուցելուց հետո տեղի ունեցԱԾ Իրադարձություններ
54. 2019 թվականի հունվարի 9-ին Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է, որ այն կարգադրել է իրականացնել դիմումատուի՝ Ռուսաստան տեղափոխմամբ պայմանավորված հավանական ռիսկերի լրացուցիչ անաչառ բժշկական գնահատում՝ դիմումատուի առողջական վիճակի վերաբերյալ նրա կողմից ներկայացված ապացույցների հիման վրա։
55. 2019 թվականի հունվարի 11-ին նյարդաբանը հետազոտել է դիմումատուին և հաստատել 2017 թվականի դեկտեմբերի 28-ի եզրակացության մեջ նշված ախտորոշումը (տե՛ս վերևում 53-րդ պարբերությունը)։ Բացի այդ, նյարդաբանը նշել է հետևյալը՝
«... տվյալ պահին օդային կամ ցամաքային ճանապարհով տեղափոխումը հակացուցված է, քանի որ ճնշման ցանկացած փոփոխություն (վերելք, վայրէջք, երկար ժամանակ անազատության պայմաններում գտնվելու հանգամանք, թթվածնի պակաս, շարժման հիվանդություն, ցանկացած հանկարծակի և արագ շարժում) կարող է վատթարացնել հիվանդության վիճակը, ինչը սպառնալիք է ոչ միայն պացիենտի առողջության, այլ նաև նրա կյանքի համար»։
56. 2019 թվականի հունվարի 31-ի գրության մեջ Կառավարության ներկայացուցիչն առողջապահության նախարարին խնդրել է ձևավորել բժշկական հանձնաժողով, որը մասնագիտական բժշկական եզրակացություններ կտրամադրի հետևյալ հարցերի վերաբերյալ՝
«Հաշվի առնելով [Մարդու իրավունքների եվրոպական դատարան] ներկայացված բժշկական փաստաթղթերում նշված [դիմումատուի] ախտորոշումը՝ արդյոք օդային կամ ցամաքային ճանապարհով նրա տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն վտանգի կենթարկի նրա կյանքը և ֆիզիկական առողջությունը։
Եթե [դիմումատուի] տեղափոխումը վտանգի կենթարկի նրա կյանքը և ֆիզիկական առողջությունը, ապա արդյոք վերջինիս տեղափոխման ընթացքում ուղեկցող բժշկի (հատկապես ինչ մասնագիտացմամբ) ներկայությունը կվերացնի, թե կնվազեցնի այդ ռիսկերը»։
57. 2019 թվականի փետրվարի 12-ին առողջապահության նախարարը ներկայացրել է 2019 թվականի փետրվարի 11-ին հրավիրված բժշկական հանձնաժողովի եզրակացությունը։ Բժշկական հանձնաժողովը պատասխանել է Կառավարության ներկայացուցչի՝ 2019 թվականի հունվարի 31-ի գրության մեջ ձևակերպված հետևյալ հարցերին (տե՛ս վերևում 56-րդ պարբերությունը)՝
«Հարց 1-ի պատասխան. Այո՛, օդային կամ ցամաքային ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն [դիմումատուի] տեղափոխմամբ պայմանավորված բարձր ռիսկերը կապված են նրա բժշկական փաստաթղթերում ... նշված քրոնիկ հիվանդությունների և դրանց հավանական, անկանխատեսելի խորացման հետ։
Հարց 2-ի պատասխան. Ո՛չ, քանի որ [քրոնիկ հիվանդությունների] խորացման դեպքում կարող է մասնագիտացված բուժհաստատությունում շտապ բուժօգնության անհրաժեշտություն առաջանալ»։
58. 2019 թվականի մայիսի 2-ին դիմումատուի կողմից Դատարան է ներկայացվել 2019 թվականի փետրվարի 11-ին հրավիրված բժշկական հանձնաժողովի այն եզրակացությունը, որը նա ստացել էր ի պատասխան 2019 թվականի ապրիլին Առողջապահության նախարարություն ուղարկված հարցմանը։
59. Կողմերը դիմումատուի առողջական վիճակի փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացրել։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ
I. Համապատասխան ներպետական օրենսդրությունը
Ա. Սահմանադրությունը (2015 թվականի դեկտեմբերի 6-ին կատարված և 2015 թվականի դեկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած փոփոխություններով)
Հոդված 55. Արտաքսման կամ հանձնման արգելքը
«1. Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի»:
Բ. Քրեական դատավարության օրենսգիրքը
60. 478.2-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով` հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով:
61. 478.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ հանձնելու համար անձը կարող է կալանավորվել երկու ամիս ժամկետով։ Հանձնելու համար կալանավորման ժամկետը չի կարող գերազանցել ութ ամիսը:
62. 479-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսվում է, որ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե գործը գտնվում է մինչդատական փուլում։ Գլխավոր դատախազի համապատասխան որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան որոշումները ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումները՝ Վճռաբեկ դատարան դրանք ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում:
Վերաքննիչ դատարանը և Վճռաբեկ դատարանը գործը քննում և դրա վերաբերյալ որոշում են կայացնում համապատասխանաբար բողոքը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում (479-րդ հոդված 3-րդ մաս):
Եթե մերժվում է անձի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը, սակայն բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ անձի նկատմամբ սկսում է քրեական հետապնդում (479-րդ հոդված 9-րդ մաս):
63. 488-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքի կատարումը մերժվում է, եթե խնդրանքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնմանը։
Գ. «Քաղաքացիության մասին» օրենքը (ուժի մեջ է մտել 1995 թվականի նոյեմբերի 6-ին)
64. 10 (1) բաժնի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ քաղաքացիները, որոնք մշտական հիմունքներով բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում և որոնք այլ պետության քաղաքացիություն չեն ստացել Սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ (1995 թվականի հուլիսի 13) կամ հրաժարվել են դրանից սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից (1995 թվականի նոյեմբերի 28) մեկ տարվա ընթացքում, ճանաչվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
II. Համապատասխան միջազգային իրավունքը
Ա. 1993 թվականի Մինսկի կոնվենցիան
65. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով (1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված՝ այսուհետ՝ Մինսկի կոնվենցիա), որին անդամակցում են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը, նախատեսվում է հետևյալը.
Հոդված 56. Հանձնման պարտավորությունը
«1. Պայմանավորվող կողմերը ... պարտավորվում են պահանջի դեպքում միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կամ նրանց կողմից պատժի կրումն իրագործելու համար:
2. Քրեական հետապնդման նպատակով հանձնումը տարածվում է այն հանցագործությունների վրա, որոնք հայցող և հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ համարվում են քրեորեն պատժելի, և որոնց համար նախատեսվում է առնվազն մեկ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ կամ ավելի խիստ պատիժ»:
Հոդված 60. Հանձնման նպատակով կալանավորելը
«Հանձնման վերաբերյալ պահանջն ստանալուն պես, հայցվող Պայմանավորվող կողմն անհապաղ միջոցներ է ձեռնարկում այն անձին կալանավորելու ուղղությամբ, որին հայցում են հանձնել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնումը հնարավոր չէ իրականացնել»:
Հոդված 61. Կալանավորումը կամ ձերբակալումը՝ նախքան հանձնման վերաբերյալ պահանջն ստանալը
«1. Անձը, որին հայցում են հանձնել, համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է ձերբակալվել նաև նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը: Միջնորդությունը պետք է բովանդակի հղում կալանավորման մասին որոշմանը կամ վերջնական դարձած դատավճռին և նշում այն մասին, որ հանձնելու մասին պահանջը կներկայացվի լրացուցիչ...»:
Հոդված 62. Կալանավորված կամ ձերբակալված անձին ազատելը
«1. 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կալանավորված անձը ... պետք է ազատվի ..., եթե հայցվող Պայմանավորվող կողմն այդ անձի կալանավորման օրվանից քառասուն օրվա ընթացքում չստանա նրա հանձնման մասին պահանջը ...»:
Բ. Հանձնման մասին եվրոպական կոնվենցիա
66. Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայով (ստորագրվել է Փարիզում 1957 թվականի դեկտեմբերի 13-ին), որը Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 25-ին, նախատեսվում է հետևյալը.
Հոդված 1. Հանձնման պարտավորություն
«Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն միմյանց հանձնել բոլոր այն անձանց, ում նկատմամբ հայցող Կողմի իրավասու մարմիններն իրականացնում են հանցագործության առթիվ քննություն, կամ որոնք հետախուզվում են նշված մարմինների կողմից՝ պատժի կրման կամ կալանավորման նպատակով»:
67. Հայաստանի կառավարության կողմից 2002 թվականի հունվարի 25-ին հանձնված վավերացման փաստաթղթով նախատեսվում է հետևյալ վերապահումը՝
«Կոնվենցիայի 1-ին հոդվածի առնչությամբ Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի մերժել հանձնումը հետևյալ դեպքերում՝
...
բ) եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձի առողջական վիճակի կամ տարիքի հետևանքով վերջինիս հանձնումը կվատթարացնի նրա առողջական վիճակը կամ կվտանգի նրա կյանքը.
...»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
68. Դիմումատուն հայտարարել է, որ իր հանձնումը Ռուսաստանին կհակասի Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներին՝ հաշվի առնելով իր տեղափոխման հետ կապված ռիսկերի մասով առկա բժշկական ապացույցները։ Այդ հոդվածներով, այնքանով, որքանով դրանք վերաբերելի են, նախատեսվում է հետևյալը.
Հոդված 2
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կողմից նշանակված պատժի այն հանցագործության համար դատապարտման հիմքով, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
...»:
Հոդված 3
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Ա. Ընդունելիությունը
69. Ի պատասխան դիմումատուի դիտարկումների՝ ներկայացված իր հետագա դիտարկումներում Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի ներկայացուցիչը անհարգալից արտահայտություններ է օգտագործել։ Մասնավորապես դիմումատուի ներկայացուցիչը Կառավարության դիտարկումները պիտակել է որպես «գործին չվերաբերող», հայտնել է, որ Կառավարությունը փորձել է սխալ մեկնաբանել փաստերը և, ի թիվս այլնի, «ծածուկ ու կասկածելի նպատակներ է հետապնդել»։ Ավելին, այդ դիտարկումներում նշվում է, որ Կառավարությունը «դատական մարմինների միջև պաշտոնական հաղորդակցության և իրավական էթիկայի թույլատրելի սահմաններն անցել է» և «մեղադրել» ու «ամոթանք է տվել» դիմումատուին։ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով Կառավարությունը սա որակել է որպես գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում և խնդրել է Դատարանին այս հիմքով գանգատը հայտարարել անընդունելի։
70. Դատարանը վերահաստատում է, որ 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի կիրարկումը, որը թույլ է տալիս անընդունելի հայտարարել ցանկացած այնպիսի անհատական գանգատ, որն ինքը կհամարի «անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում», «բացառիկ ընթացակարգային միջոց» է, և որ «չարաշահում» հասկացությունն օգտագործվում է իր սովորական իմաստով, մասնավորապես՝ իրավունքի սուբյեկտի կողմից այդ իրավունքի վնասաբեր իրականացում այնպիսի եղանակով, որը չի համապատասխանում այն նպատակին, որի համար այդ իրավունքը վերապահվել է (տե՛ս Ս.Ա.Ս.-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ][S.A.S. v. France [GC]], թիվ 43835/11, § 66, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ) և Միրոլյուբովը և այլք ընդդեմ Լատվիայի [Miroļubovs and Others v. Latvia], թիվ 798/05, § 62, 2009 թվականի սեպտեմբերի 15)։
71. Հատկապես վրդովեցնող, վիրավորական, սպառնալից կամ սադրիչ բառապաշարի օգտագործումը դիմումատուի կողմից, լինի դա ուղղված պատասխանող պետությանը թե հենց Դատարանին, կարող է համարվել խնդրագիր ներկայացնելու իրավունքի չարաշահում (տե՛ս Ապինիսն ընդդեմ Լատվիայի (որոշում) [Apinis v. Latvia (dec.)], թիվ 46549/06, 2011 թվականի սեպտեմբերի 20 և վերևում հիշատակված՝ Միրոլյուբովը և այլք ընդդեմ Լատվիայի գործը, § 64)։ Միևնույն ժամանակ, որպեսզի դիմումատուի բառապաշարը համարվի հայհոյալից, այն պետք է անցնի «բնական, քաղաքակիրթ և օրինական քննադատության սահմանները» (տե՛ս Դի Սալվոն ընդդեմ Իտալիայի (որոշում) [Di Salvo v. Italy (dec.)], թիվ 16098/05, 2007 թվականի հունվարի 11 և վերևում հիշատակված՝ Ապինիսի գործը)։
72. Վերադառնալով սույն գործին՝ Դատարանը նկատում է, որ իր փաստարկներում դիմումատուի փաստաբանն իր վիճելի հայտարարություններն արդարացրել է այն հանգամանքով, որ Կառավարությունն իր նախորդ հաղորդագրության շրջանակներում դիմումատուի՝ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն ներկայացված պահանջի առնչությամբ և գանգատի ընդունելիության ու ըստ էության քննության վերաբերյալ իր դիտարկումներում կասկած է հայտնել այն մասին, թե արդյոք դիմումատուն իսկապես վատառողջ է եղել՝ անկախ բժշկական ապացույցներից և այն փաստից, որ համապատասխան մարմիններն իրենք են մերժել փորձագետ նշանակել նրա առողջական վիճակը գնահատելու համար (տե՛ս վերևում 42-րդ պարբերությունը)։ Ավելին, ըստ նրա՝ Կառավարության թերացման հետևանքով չեն բացահայտվել վերջինիս համար ոչ նպաստավոր այնպիսի որոշիչ ապացույցներ, ինչպիսիք են Կառավարության պահանջով Առողջապահության նախարարության կողմից ձևավորված բժշկական հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 11-ի եզրակացությունները։ Միայն իր հարցումների շնորհիվ է, որ դիմումատուն տեղեկացել է տվյալ բժշկական եզրակացության վերաբերյալ և կարողացել է այն Դատարան ներկայացնել։
73. Դատարանն ընդգծում է, որ միակ խնդիրը, որն ինքը կոչված է լուծելու այս առնչությամբ, այն է, թե արդյոք դիմումատուի փաստաբանի համապատասխան հայտարարություններն անցել են «բնական, քաղաքակիրթ և օրինական քննադատության սահմանները» դրա՝ վերևում հիշատակված նախադեպային իրավունքի իմաստով։
74. Հաշվի առնելով իր հայեցողության տակ եղած նյութերը և համապատասխան փաստերը (տես՛ վերևում 56-58-րդ պարբերությունները)՝ Դատարանը համարում է, որ խնդրահարույց հայտարարությունները ենթադրել են դիմումատուի ներկայացուցչի դժգոհության հուզական դրսևորում այն փաստի առնչությամբ, որ Կառավարությունը, իր հայեցողության տակ ունենալով դիմումատուի բողոքներն անմիջականորեն հիմնավորող բժշկական եզրակացություն, դատավարության ընթացքում այն չի ներկայացրել Դատարանին։ Ինչ վերաբերում է դրանց դրսևորման ձևին, ապա այդ հայտարարություններն անձնական որակումներ կամ անհարգալից արտահայտություններ չեն պարունակել։ Թեև դրանք կարելի է նկարագրել որպես բավականին կտրուկ և վիճելի, այնուամենայնիվ, Դատարանի տեսանկյունից դրանք «վիրավորական կամ սադրիչ» չեն եղել (տե՛ս Ալեքսանյանն ընդդեմ Ռուսաստանի [Aleksanyan v. Russia], թիվ 46468/06, § 118, 2008 թվականի դեկտեմբերի 22 և ընդհակառակը՝ վերևում հիշատակված՝ Դի Սալվոյի գործը և Ռեհակն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (որոշում) [Řehák v. the Czech Republic (dec.)], թիվ 67208/01)։
75. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը չի համարում, որ դիմումատուի ներկայացուցչի այն հայտարարությունները, որոնց Կառավարությունն անդրադարձել է, կարող են ենթադրել խնդրագիր ներկայացնելու իրավունքի չարաշահում։ Համապատասխանաբար Կառավարության առարկությունը պետք է մերժվի։
76. Դատարանը նշում է, որ գանգատը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
77. Դիմումատուն նշել է, որ առնվազն 1994 թվականից սկսած ինքն առողջական խնդիրներ է ունեցել, թեկուզ ոչ այնքան լուրջ։ 2015 թվականի հունիսի 10-ին Մոսկվայում իրեն հիվանդանոց են տեղափոխել իշեմիկ կաթվածով։ Այնուհետև իր վիճակը վատթարացել է իր դեմ հետապնդում հարուցելու արդյունքում առաջացած նյարդահոգեբանական լարվածության պատճառով։ Ինքը եղել է մշտական բժշկական հսկողության տակ, անցել է ստուգումներ և պարբերաբար դեղորայք է ընդունել։
78. Դիմումատուն պնդել է, որ առկա են բազմաթիվ բժշկական ապացույցներ, այդ թվում՝ Կառավարության կարգադրությամբ կազմված բժշկական եզրակացություն այն մասին, որ իրեն հանձնելու մասին որոշումն իրականացնելու դեպքում իր տեղափոխման հետևանքով իրեն լուրջ և անդառնալի վնաս հասցնելու իրական վտանգ կսպառնար։
Մասնավորապես 2019 թվականի փետրվարի 11-ի բժշկական եզրակացությամբ (տե՛ս վերևում 57-րդ պարբերությունը) պարզ և միանշանակ պատասխաններ են տրվել իր գանգատի մեջ բարձրաձայնված հարցերին՝ Ռուսաստանի համապատասխան մարմինների տրամադրած երաշխիքների վրա Կառավարության կողմից հիմնվելը համարելով անիմաստ։ Դիմումատուն պնդել է, որ այդ երաշխիքները չափազանց ձևական և արհեստական են՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանի համապատասխան մարմիններն իր առողջական վիճակի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ չեն տրամադրել։
79. 2019 թվականի փետրվարի 11-ին ներկայացված իր դիտարկումներում Կառավարությունը նշել է, որ դիմումատուի հանձնման պահանջով դիմումի քննության ընթացքում Գլխավոր դատախազությունն իր հայեցողության տակ չի ունեցել դիմումատուի առողջական վիճակի վերաբերյալ որևէ այնպիսի բժշկական փաստաթուղթ, որը բավարար հիմքեր կտար եզրակացնելու, որ նրա հանձնումը կարող է վտանգի տակ դնել նրա կյանքն ու առողջությունը։ Ավելին, 2017 թվականի ապրիլին ձերբակալվելիս դիմումատուի առողջական վիճակը եղել է բավարար։ Նա իր ժամանակավոր կալանավորման և դատական լսումների ընթացքում առողջական խնդիրներ չի ունեցել և ակտիվորեն փորձել է որպես հանձնումը մերժելու հիմք մատնանշել իր՝ Հայաստանի քաղաքացի լինելու փաստը։ Դիմումատուն որպես իր տեղափոխումը բացառող հիմք վկայակոչել է իր վատառողջ լինելու հանգամանքը միայն այն բանից հետո, երբ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացված՝ իրեն Հայաստանի քաղաքացի ճանաչելու վերաբերյալ իր դիմումը մերժվել է։ Այսպիսով, դիմումատուի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերի հավաստիության վերաբերյալ որոշ կասկածներ են առաջացել։
Այդուհանդերձ, այն բանից հետո, երբ 2017 թվականի հուլիսին Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում դիմումատուն որպես հիմք մատնանշել է իր առողջական վիճակը, Գլխավոր դատախազությանը տրամադրվել են երաշխիքներ՝ բուժօգնության հասանելիության վերաբերյալ և լրացուցիչ երաշխիքներ այն մասին, որ դիմումատուի տեղափոխումը կկազմակերպվի Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայության հատուկ պահակախմբի կողմից, որի կազմում կընդգրկվի համապատասխան մասնագիտացմամբ բուժաշխատող (տե՛ս վերևում 26-րդ և 27-րդ պարբերությունները)։ Ամենակարևորը, 2017 թվականի դեկտեմբերի 14-ի գրությամբ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը լրացուցիչ երաշխիքներ է տրամադրել այն մասին, որ դիմումատուի տեղափոխման ընթացքում հասանելի կլինեն հավանական սրտանոթային խնդիրների բուժման համար անհրաժեշտ դեղորայք ու բժշկական սարքավորումներ։ Ավելին, նախքան դիմումատուի տեղափոխման ակտը ստորագրելը, անհրաժեշտ է, որ ուղեկցող բժիշկն ուսումնասիրի նրա բժշկական քարտը՝ պարզելու համար՝ արդյո՞ք առկա են հակացուցումներ օդային ճանապարհով նրա տեղափոխումն իրականացնելու համար (տե՛ս վերևում 49-րդ պարբերությունը)։
Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ այնպիսի բժշկական ապացույց, որով անդրադարձ է կատարվում նրա տեղափոխման հնարավորությանը՝ Ռուսաստանի համապատասխան մարմինների կողմից տրամադրված լրացուցիչ երաշխիքների լույսի ներքո։ Այն պնդել է, որ դիմումատուի վիճակը ծայրահեղ չի եղել, մինչդեռ հանձնելու մասին որոշումը կարող էր վերջնական դառնալ այն ժամանակ, երբ ուղեկցող բժիշկը հետազոտեր նրան և հաստատեր, որ նրա առողջական վիճակը բավարար է մեկնելու համար։
80. 2019 թվականի օգոստոսի 23-ին ներկայացված իր հետագա դիտարկումներում Կառավարությունը նշել է, որ ազգային դատարանները, inter alia (ի թիվս այլնի), անփոփոխ են թողել դիմումատուին հանձնելու մասին գլխավոր դատախազի որոշումը՝ իրենց հայեցողության տակ չունենալով դիմումատուի տեղափոխման հավանական ռիսկերի վերաբերյալ անաչառ և անկողմնակալ բժշկական եզրակացություն այն պայմանի առկայությամբ, որ ապահովվելու էր մշտական բժշկական հսկողություն։ Փոխարենը դատարանները վկայակոչել են դիմումատուի տեղափոխման ընթացքում և դրանից հետո բժշկական հսկողության հասանելիության վերաբերյալ Ռուսաստանի համապատասխան մարմինների տրամադրած երաշխիքները։ Կառավարությունը հաստատել է, որ դիմումատուի առողջական վիճակի վերաբերյալ բոլոր վերաբերելի և անհրաժեշտ տեղեկությունները տրամադրվել են Ռուսաստանի համապատասխան մարմիններին, և պատրաստակամություն է հայտնել համապատասխան փաստաթղթային ապացույցներ ներկայացնել, եթե Դատարանն անհրաժեշտ համարի։
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
81. Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրվում է ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքներից մեկը։ Իրապես, խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը քաղաքակրթական արժեք է, որը սերտորեն կապված է մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի հետ։
Ի տարբերություն Կոնվենցիայի նյութական նորմերի մեծ մասի՝ 3-րդ հոդվածը բացառություններ չի նախատեսում, իսկ 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դրանից որևէ շեղում կատարելն անթույլատրելի է նույնիսկ հանրության կյանքին սպառնացող որևէ հանրային արտակարգ դրության պայմաններում։ Նույնիսկ ամենաբարդ հանգամանքներում, օրինակ՝ ահաբեկչության և կազմակերպված հանցավորություն դեմ պայքարի դեպքում, Կոնվենցիայով անվերապահորեն արգելվում են խոշտանգումները և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ շահագրգիռ անձի վարքագծից (տե՛ս Բույիդն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Bouyid v. Belgium [GC]], թիվ 23380/09, § 81, ՄԻԵԴ 2015, հաջորդող հղումների հետ միասին)։
82. Այդուհանդերձ, Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ վատ վերաբերմունքը պետք է ենթադրի խստության որոշակի նվազագույն մակարդակ, եթե դրա վրա տարածվում է 3-րդ հոդվածը։ Այս նվազագույնի գնահատումը հարաբերական է, այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, օրինակ՝ տվյալ վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և հոգեբանական հետևանքները, իսկ որոշ դեպքերում՝ տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Խլաիֆիան և այլք ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Khlaifia and Others v. Italy [GC]], թիվ 16483/12, § 159, 2016 թվականի դեկտեմբերի 15 և Կուդլան ընդդեմ Լեհաստանի [KudlaՄՊ] [Kudła v. Poland [GC]], թիվ 30210/96, § 91, ՄԻԵԴ 2000‑XI)։ Խստության շեմը հատված լինելու կամ չլինելու հանգամանքը որոշելու համար Դատարանը կարող է հաշվի առնել նաև այլ գործոններ, մասնավորապես՝ վատ վերաբերմունք դրսևորելու նպատակը դրա հետևում թաքնված մտադրության և դրդապատճառի հետ մեկտեղ, թեև տուժողին նվաստացնելու կամ ստորացնելու մտադրության բացակայությունն արդյունքում չի կարող լիովին բացառել 3-րդ հոդվածի խախտում արձանագրելու փաստը, վատ վերաբերմունք դրսևորելու, ինչպես օրինակ՝ գերլարված մթնոլորտի և հույզերի առկայության համատեքստը և այն հանգամանքը, թե արդյոք տուժողը խոցելի վիճակում է եղել (տե՛ս Նիկոլայե Վիրջիլյու Տենասեն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Nicolae Virgiliu Tănase v. Romania [GC]], թիվ 41720/13, § 117, 2019 թվականի հունիսի 25)։
83. Դատարանը վճռել է, որ 3-րդ հոդվածը կարող է տարածվել բնական ճանապարհով առաջացած հիվանդությամբ տառապելու փաստի վրա, եթե տվյալ վերաբերմունքի պատճառով այդ տառապանքը խորանում է, կամ առկա է դրա խորացման վտանգ՝ անկախ այն հանգամանքից՝ պատճառը կալանքի պայմաններն են, արտաքսումը, թե այլ միջոցառումներ, որոնց համար պատասխանատվություն են կրում համապատասխան մարմինները (տե՛ս Փրիթթին ընդդեմ Միացյալ Թագավորության [Pretty v. the United Kingdom], թիվ 2346/02, § 52, ՄԻԵԴ 2002‑III)։
84. Դատարանի հաստատված նախադեպային իրավունքով սահմանվում է, որ Պայմանավորվող պետության կողմից հանձնումը կարող է հանգեցնել 3-րդ հոդվածով նախատեսված խնդրի առաջացման, և դրանով իսկ հանգեցնել Կոնվենցիայի շրջանակներում այդ պետության պատասխանատվությանը, եթե ներկայացվել են էական հիմքեր՝ հավատալու համար, որ հանձնման դեպքում շահագրգիռ անձին կսպառնա 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի արժանանալու իրական վտանգ (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով),Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության [Soering v. the United Kingdom], 1989 թվականի հուլիսի 7, § 91, շարք Ա, թիվ 161)։
85. Ծանր հիվանդություն ունեցող անձանց վերադարձի համատեքստում Դատարանը վճռել է, որ վերադարձնող պետության համապատասխան մարմինների վրա դրված է շահագրգիռ անձանց ֆիզիկական ամբողջականությունը պաշտպանելու՝ 3-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը, որը հիմնականում կատարվում է համապատասխան այնպիսի ընթացակարգերի միջոցով, որոնք թույլ են տալիս հիմնվել գնահատման ենթակա ռիսկերի վրա։ Այս ընթացակարգերի համատեքստում դիմումատուներն իրենք պետք է ներկայացնեն այնպիսի ապացույցներ, որոնք հնարավորության կտան հիմնավորելու, որ առկա են էական հիմքեր՝ հավատալու համար, որ եթե գանգատարկվող միջոցն իրականացվի, իրենք 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի արժանանալու իրական վտանգի կենթարկվեն։ Այս առնչությամբ հարկ է նկատել, որ 3-րդ հոդվածի կանխարգելիչ նպատակին ներհատուկ է որոշակի մտահայեցողություն, և որ խնդիրն այն չէ, որ շահագրգիռ անձանցից պետք է պահանջվի ներկայացնել իրենց այն պնդումը հաստատող հստակ ապացույցներ, որ իրենք անթույլատրելի վերաբերմունքի կարժանանան։ Այդպիսի ապացույցներ ներկայացվելու դեպքում վերադարձնող պետության համապատասխան մարմինները ներպետական ընթացակարգերի համատեքստում պետք է վերացնեն դրա հետ կապված ցանկացած կասկած (տե՛ս Պապոշվիլին ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Paposhvili v. Belgium [GC]], թիվ 41738/10, §§ 185-87, 2016 թվականի դեկտեմբերի 13)։
86. Դատարանն արդեն իսկ առիթ է ունեցել կիրառելու վերոնշյալ սկզբունքներն այն անձանց նկատմամբ վերադարձի հրամանը կատարելուն առնչվող դեպքերում, որոնք տեղափոխման ընթացքում հավանական է, որ համապատասխան ռիսկի կենթարկվեին։ Մասնավորապես որոշ դեպքերում Դատարանը գտել է, որ ծանր հիվանդություն ունեցող անձի տեղափոխումը չի համարվում Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտում այնքանով, որքանով այն վստահվել է, որ ազգային օրենսդրության և ընթացակարգերի համաձայն վերադարձի հրամանը չի կատարվի այնքան ժամանակ, քանի դեռ շահագրգիռ անձը չհամարվի տեղափոխվելու համար բժշկական տեսանկյունից առողջ (տե՛ս մասնավորապես Ալ-Զավաթիան ընդդեմ Շվեդիայի (որոշում)
[Al-Zawatia v. Sweden (dec.)], թիվ 50068/08, § 58, 2010 թվականի հունիսի 22, Կարիմն ընդդեմ Շվեդիայի (որոշում) [Karim v. Sweden, (dec.)], թիվ 24171/05, 2006 թվականի հուլիսի 4 և Իմամովիչն ընդդեմ Շվեդիայի (որոշում) [Imamovic v. Sweden (dec.)], թիվ 57633/10, 2012 թվականի նոյեմբերի 13)։
87. Վերջապես, հիվանդություն ունեցող դիմումատուի վերադարձման դեպքերով Դատարանը վճռել է, որ գնահատման ենթակա խնդիրը դիմումատուի համար առաջանալիք՝ այդպիսի վերադարձման կանխատեսելի հետևանքներն են (տե՛ս վերևում հիշատակված՝ Պապոշվիլիի գործը, § 187)։ Հետևաբար այն դեպքերում, երբ դիմումատուն դեռևս չի վերադարձվել, գնահատում կատարելու համար որպես ժամանակի նյութական կետ պետք է դիտվի այն կետը, որը Դատարանը տեղին կհամարի տվյալ գործի դեպքում, և Դատարանը կարող է հաշվի առնել այն տեղեկությունները, որոնք բացահայտվել են տեղական մարմինների կողմից վերջնական որոշում կայացնելուց հետո (տե՛ս, օրինակ, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ֆ.Գ.-ն ընդդեմ Շվեդիայի [ՄՊ] [F.G. v. Sweden [GC]], թիվ 43611/11, § 115, 2016 թվականի մարտի 23)։
բ) Ընդհանուր սկզբունքների կիրառումը սույն գործով
88. Դատարանն ի սկզբանե նշում է, որ սույն գործի հիմնական խնդիրն այն է, թե արդյոք ծանր հիվանդ դիմումատուի տեղափոխումը (հանձնման նպատակով) կարող է ինքնին 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի արժանանալու իրական վտանգի հանգեցնել։
89. Իմամովիչն ընդդեմ Շվեդիայի [Imamovic v. Sweden] գործը (վերևում հիշատակված), որի փաստական հանգամանքները շատ նման են այն փաստական հանգամանքներին, որոնցում դիմումատուն հայտնվել է սույն գործով, վերաբերում է բոսնիացի ապաստան հայցողի վտարմանը, որը բավականին լուրջ հոգեբանական և ֆիզիկական առողջական խնդիրներ է ունեցել։ Հաշվի առնելով այն բժշկական ապացույցները, որոնք վկայել են այն մասին, որ վտարման հրամանի կատարումը դիմումատուին կկանգնեցնի սրտամկանի ինֆարկտ ստանալու վտանգի առաջ, Դատարանը գտել է, որ «առկա չեն այնպիսի տարրեր, որոնք վկայում են այն մասին, որ Շվեդիան վտարման հրամանը [կ]կատարեր այն դեպքում, երբ դիմումատուի ընդհանուր առողջական վիճակը համարվեր չափազանց ծանր նրա՝ հայրենիք մեկնելու համար»։ Այդ եզրահանգումն այնուհետև հիմնավորվում է այն փաստով, որ Շվեդիայում գործող կիրարկման ընթացակարգին համապատասխան՝ «վտարման հրամանը [կ]իրականացվեր միայն այն դեպքում, երբ վտարման համար պատասխանատու մարմինը որոշեր, որ օտարերկրացու առողջական վիճակը դա [թույլ է տալիս], և ... պատասխանատու մարմինը [կ]ապահովեր, որ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն՝ հաշվի առնելով օտարերկրացու հատուկ կարիքները»։
90. Ավելի վաղ նկարագրված ընդհանուր սկզբունքները (տե՛ս վերևում մասնավորապես 81-84-րդ պարբերությունները) և վերոնշյալ մի շարք շվեդական գործերով իր եզրահանգումները հաշվի առնելով՝ Դատարանը համարում է, որ այն անձի տեղափոխումը, որն առանձնակի վատառողջ է, կարող է ինքնին հանգեցնել նրան, որ շահագրգիռ անձը ենթարկվի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի արժանանալու իրական վտանգի (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում հիշատակված Սոերինգի գործը, § 91)։
91. Ասվածը հաշվի առնելով՝ շահագրգիռ անձի վրա տվյալ տեղափոխման ազդեցության գնահատումը պետք է հիմնված լինի որոշակի այնպիսի բժշկական ապացույցների վրա, որոնցով հիմնավորվում են որոշ այնպիսի բժշկական ռիսկեր, որոնք որպես հիմք են ընդունվում։ Դա պահանջում է անձի առողջական վիճակի և հենց այդ կոնկրետ տեղափոխման պայմանների լույսի ներքո որոշակի բժշկական ռիսկերի՝ անհատական կարգով գնահատում։ Ավելին, այդ գնահատումը շահագրգիռ անձի առողջական վիճակի մասով անհրաժեշտ է կատարել ժամանակի որոշակի կետի կտրվածքով՝ հաշվի առնելով, որ տվյալ պահին հիմնավորված որոշակի ռիսկեր՝ կախված այն հանգամանքից՝ դրանք ժամանակավոր թե մշտական բնույթ ունեն, ժամանակի ընթացքում կարող են վերանալ՝ նկատի ունենալով այդ անձի առողջական վիճակի փոփոխությունները։
92. Վերադառնալով սույն գործին՝ Դատարանը նշում է, որ դիմումատուն տարբեր բժիշկներից, այդ թվում՝ Հայաստանի գլխավոր նյարդաբանից ստացված մանրամասն բժշկական տեղեկություններ է ներկայացրել, որոնք վկայում են սրտանոթային և նյարդային համակարգերի լուրջ խանգարումների և դրանց հետ կապված ռիսկերի մասին, եթե նա մեկնի։ Մասնավորապես այս տեղեկատվության համաձայն՝ դիմումատուի վիճակը կաթված ստանալու, այդ թվում՝ վեստիբուլոպաթիայի, ակնագնդերի շարժունակության սահմանափակման, հեմիպարեզի և դրա արդյունքում դժվարությամբ քայլելու, աթերոսկլերոտիկ էնցեֆալոպաթիայի և սրտանոթային հիվանդության զարգացման ռիսկով ուղեկցվող զարկերակային հիպերտենզիայի հետևանք է։ Եվս մեկ կաթվածը կամ սրտամկանի ինֆարկտը կհամարվի հավանական զարգացում, եթե դիմումատուն մեկնի օդային կամ ցամաքային ճանապարհով (տե՛ս վերևում 26-րդ պարբերությունը)։ Ախտորոշումն այնուհետև հաստատվել է բժիշկ Ա.Կ-ի՝ Երևանի հիվանդանոցներից մեկի նյարդաբանական բաժանմունքի վարիչի կողմից, որը պնդել է, որ դիմումատուն նաև ունի լույսի (ֆոտոֆոբիա) և ձայնի (ֆոնոֆոբիա) նկատմամբ զգայունությամբ ուղեկցվող ուղեղային խանգարում, և հաստատել է մեկնելու հավանական ռիսկերը (տե՛ս վերևում 30-րդ պարբերությունը)։ Դրանից հետո դիմումատուի մոտ ախտորոշվել են լրացուցիչ հիվանդություններ, այդ թվում՝ արյան շրջանառության քրոնիկ անբավարարություն, հաճախ կրկնվող անցողիկ իշեմիկ գրոհներ և սրտի իշեմիկ հիվանդություն, և վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Հետագայում հաստատվել է, որ նրա առողջական վիճակը բավարար չէ մեկնելու համար (տե՛ս վերևում 31-րդ և 53-րդ պարբերությունները)։
93. Դատարանը նկատում է, որ ներպետական վարույթների և Դատարանի վարույթի շրջանակներում համապատասխան մարմինները կասկածներ են հայտնել դիմումատուի առողջական վիճակի և վիճարկվող ռիսկերի վերաբերյալ (տե՛ս, օրինակ, վերևում 34-րդ և 42-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, համապատասխան մարմինները դիմումատուի առողջական վիճակի իրենց սեփական գնահատումը չեն նախաձեռնել, մինչդեռ դատաբժշկական փորձագետ նշանակելու դիմումատուի պահանջը Վերաքննիչ դատարանը մերժել է (տե՛ս վերևում 35-րդ պարբերությունը)։ Ավելին, ո՛չ ներպետական վարույթների, ո՛չ էլ Դատարանի վարույթի ընթացքում համապատասխան մարմինները կասկածի տակ չեն դրել այն փաստը, թե արդյոք դիմումատուի կողմից ներկայացված բժշկական տեղեկանքներն արժանահավատ են, կամ դրանք տրամադրած մասնագետ բժիշկները վստահելի են։ Թեև իրավացիորեն դիմումատուն չի ներկայացրել բժշկական փաստաթղթեր իր հիվանդության պատմության, ինչպես օրինակ՝ առկայության դեպքում՝ իր անցած բժշկական հետազոտությունների և ստացած բուժման արդյունքների վերաբերյալ, այնուամենայնիվ նրա պնդմամբ իր առողջական վիճակը կտրուկ վատացել է 2015 թվականից հետո իր դեմ հետապնդում հարուցելու պատճառով առաջացած անհանգստության արդյունքում։
94. Հաշվի առնելով իր հայեցողության տակ եղած նյութերը և համարելով, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ այնպիսի բժշկական ապացույց, որով կհերքվեին դիմումատուի կողմից իր առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված բժշկական ապացույցները, Դատարանը գտնում է, որ դիմումատուի կողմից ներկայացված բժշկական տվյալների հավաստիությունը կասկածի տակ դնելու հիմքեր առկա չեն։ Հետևաբար Դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ դիմումատուն դրանցում ներկայացված հիվանդությունների հետ կապված սրտանոթային և նյարդաբանական լուրջ խանգարումներ ունի։
95. Դատարանը նշում է, որ դիմումատուի հանձնումը թույլատրելու մասին որոշումն ընդունել է գլխավոր դատախազը 2017 թվականի հունիսի 23-ին։ Թեև մինչ այդ դիմումատուն արդեն իսկ տեղափոխվել է Կենտրոնական բանտային հիվանդանոց առողջությունը վատթարանալու պատճառով (տե՛ս վերևում 21-րդ պարբերությունը), այնուամենայնիվ ոչինչ չի վկայում այն մասին, որ գլխավոր դատախազը որոշում կայացնելիս իր տրամադրության տակ ունեցել է դիմումատուի առողջական վիճակի վերաբերյալ որևէ բժշկական փաստաթուղթ։
96. Մյուս կողմից, Դատարանը նկատում է, որ դիմումատուի կողմից ներկայացվել են համապատասխան բժշկական ապացույցներ, մասնավորապես՝ 2017 թվականի հուլիսի 3-ին Կենտրոնական բանտային հիվանդանոցի տնօրենի կողմից տրամադրված բժշկական տեղեկանքը և (տե՛ս վերևում 23-րդ և 26-րդ պարբերությունները) հանձնման մասին որոշման դեմ դիմումատուի բողոքի քննության ընթացքում Առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբանի կողմից 2017 թվականի հուլիսի 12-ին Վերաքննիչ դատարան ներկայացված տեղեկանքը։ Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի տեղափոխման ռիսկերի վերաբերյալ վերջինիս փաստարկները՝ հիմնվելով առավելապես Ռուսաստանի համապատասխան մարմինների կողմից տրամադրված երաշխիքների վրա, այլ ոչ թե մանրակրկիտ ուսումնասիրելով դիմումատուի առողջական վիճակը և նրա տեղափոխման ենթադրյալ ռիսկերը (տե՛ս վերևում 28-րդ պարբերությունը)։ Հատկանշական է, որ ինչպես արդեն հիշատակվել է վերևում, Վերաքննիչ դատարանը մերժել է Վճռաբեկ դատարանի կողմից գործն այլ ատյանի փոխանցելուց հետո դիմումատուի բողոքի նոր քննության ընթացքում վերջինիս առողջական վիճակն ուսումնասիրելու համար դատաբժշկական փորձագետի նշանակումը (տե՛ս վերևում 35-րդ պարբերությունը)։
97. 2019 թվականի օգոստոսի 23-ին ներկայացված իր հետագա դիտարկումներում Կառավարությունն ընդունել է, որ ազգային դատարաններն անփոփոխ են թողել դիմումատուին հանձնելու մասին գլխավոր դատախազի որոշումը՝ իրենց հայեցողության տակ չունենալով դիմումատուի տեղափոխման հավանական ռիսկերի վերաբերյալ անաչառ և անկողմնակալ բժշկական եզրակացություն այն պայմանի առկայությամբ, որ ապահովվելու էր մշտական բժշկական հսկողություն։ Փոխարենը դատարանները հիմնվել են դիմումատուի տեղափոխման ընթացքում և դրանից հետո բժշկական հսկողության հասանելիության վերաբերյալ Ռուսաստանի համապատասխան մարմինների երաշխիքների վրա (տե՛ս վերևում 80-րդ պարբերությունը)։
98. Վերոնշյալից Դատարանը եզրակացնում է, որ թեև դիմումատուն ներկայացրել է օբյեկտիվ ապացույցներ, ինչպես օրինակ՝ բժշկական տեղեկանքներ, որոնք վկայում են նրա առողջական վիճակի առանձնակի ծանր լինելու և հավանական զգալի ու անդառնալի այն հետևանքների մասին, որոնք կարող էին առաջանալ նրա տեղափոխմամբ, այնուամենայնիվ, նրան հանձնելու մասին որոշման օրինականությունը քննելիս դատարանները պատշաճ կերպով չեն գնահատել նմանատիպ հետևանքների ի հայտ գալու ռիսկը։
99. Դատարանը նշում է, որ իրենց փաստարկներում դիմումատուն և Կառավարությունն անդրադարձել և հիմնվել են դիմումատուի տեղափոխմամբ պայմանավորված վերջինիս առողջական վիճակի և դրա վատթարացման հետ կապված ռիսկերի մասին հետագա փաստացի տեղեկությունների վրա։ Հետևաբար Դատարանը շարունակում է իր գնահատումը՝ հաշվի առնելով նաև այն տեղեկությունները, որոնք հասանելի չեն եղել այն ժամանակ, երբ կայացվել է դիմումատուի հանձնման մասին վերջնական որոշումը (տե՛ս վերևում 87-րդ պարբերությունը)։
100. Դիմումատուին այն հիվանդանոցից դուրս գրելուց հետո, ուր նրան տեղափոխել էին կալանքից ազատվելուց հետո, inter alia (ի թիվս այլնի), սպառնացել է մեծ վտանգ՝ հաճախ կրկնվող անցողիկ իշեմիկ գրոհներով ուղեկցվող արյան շրջանառության քրոնիկ անբավարարությամբ։ Եվս մեկ անգամ վերահաստատվել է այն փաստը, որ նրա առողջական վիճակը բավարար չէ մեկնելու համար (տե՛ս վերևում 53-րդ պարբերությունը)։
101. Մեկնելու համար դիմումատուի անթույլատրելի առողջական վիճակում լինելու փաստն այնուհետև հաստատվել է 2019 թվականի հունվարի 11-ի բժշկական տեղեկանքով (տե՛ս վերևում 55-րդ պարբերությունը)։
102. Հետևաբար առողջապահության նախարարի կողմից հրավիրված բժշկական հանձնաժողովին խնդրել են պատասխանել դիմումատուի մեկնելու դեպքում նրա առողջությանը սպառնացող հավանական ռիսկերի և առկայության դեպքում՝ այդ ռիսկերի վերացման կամ նվազեցման հավանականության վերաբերյալ որոշակի հարցերի՝ պայմանով, որ համապատասխան
բժիշկ-մասնագետի ներկայությունն ապահովված կլինի տեղափոխման ընթացքում։ 2019 թվականի փետրվարի 11-ի եզրակացությանը համապատասխան՝ օդային կամ ցամաքային ճանապարհով դիմումատուի տեղափոխմամբ պայմանավորված ռիսկերը կապված են նրա քրոնիկ հիվանդությունների և դրանց հավանական անկանխատեսելի խորացման հետ, մինչդեռ ուղեկցող բժշկի ներկայությունը չի կարող վերացնել այդ ռիսկերը, քանի որ կարող է առաջանալ մասնագիտացված բժշկական հաստատությունում շտապ բուժօգնության կարիք, եթե դիմումատուի առողջությունը կտրուկ վատթարանա (տե՛ս վերևում 56-րդ և 57-րդ պարբերությունները)։
103. Ի պատասխան միջանկյալ միջոց կիրառելու՝ դիմումատուի պահանջի քննության ընթացքում Կառավարությանն առաջադրված հարցերի՝ վերջինս պնդել է, որ սահմանված գործելակերպին համապատասխան՝ Հայաստանից անձի հանձնումը կատարվում է միայն այն դեպքում, երբ Կենտրոնական բանտային հիվանդանոցը տրամադրում է բժշկական փաստաթուղթ, որով հիմնավորվում է, որ նրա առողջական վիճակը բավարար է տեղափոխվելու համար։ Միևնույն ժամանակ 2019 թվականի փետրվարի 11-ին ներկայացված իր դիտարկումներում Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին հանձնելու մասին որոշումը չէր կարող դառնալ վերջնական, մինչև ուղեկցող բժիշկը նրան չհետազոտեր և չհաստատեր, որ նրա առողջական վիճակը բավարար է մեկնելու համար (տե՛ս վերևում 79-րդ պարբերությունը)։ Հետևաբար հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 11-ի եզրակացությունն ստանալուց հետո ներկայացված իր փաստարկներում (տե՛ս վերևում 80-րդ պարբերությունը) Կառավարությունը դեռևս վկայակոչել է Ռուսաստանի Գլխավոր դատախազության կողմից ներկայացված երաշխիքները՝ պնդելով, որ տեղական մարմինները, հաշվի առնելով իրենց հայեցողության տակ եղած տեղեկությունները, ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար, որ դիմումատուի տեղափոխումը կազմակերպվի նրա առողջական վիճակին համապատասխան։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Ռուսաստանի համապատասխան մարմինների կողմից տրամադրված երաշխիքները կարծես սահմանափակվում են դիմումատուի տեղափոխման ընթացքում միայն բժշկական հսկողության առկայությամբ (տե՛ս վերևում 49-րդ և 80-րդ պարբերությունները), միայն Կառավարությունը չի կարող բավարար հիմքեր ներկայացնել Դատարան՝ այնպիսի եզրահանգում կատարելու համար, որ տեղափոխման սահմանված պայմանների ուժով դիմումատուի առողջության զգալի վատթարացման ռիսկը կվերացվի այն դեպքում, երբ Հայաստանից նրա վերադարձը կատարվի այն պայմանով, որ նրա առողջական վիճակը լինի այնպիսին, ինչպիսին նկարագրված է Դատարան ներկայացված վերջին տեղեկություններում (տե՛ս վերևում 57-րդ, 58-րդ և 59-րդ պարբերությունները) (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Տարարիևան ընդդեմ Ռուսաստանի [Tarariyeva v. Russia], թիվ 4353/03, §§ 112-117, ՄԻԵԴ 2006‑XV (քաղվածքներ))։
104. Ինչպես վերևում նշվել է, մի շարք նախորդ գործերով, որոնք վերաբերում են այն անձանց նկատմամբ վերադարձի հրամանի կատարմանը, որոնց տեղափոխման ընթացքում վերջիններիս կարող էր վտանգ սպառնալ, Դատարանն ընդգծել է համապատասխան այն ազգային իրավական դաշտի և ընթացակարգերի կարևորությունը, որոնց համաձայն վերադարձի հրամանի կատարումը կախված է շահագրգիռ անձի առողջական վիճակի գնահատումից (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Ալ-Զավաթիայի գործը, § 58, Կարիմի գործը և Իմամովիչի գործը)։
105. Դատարանը դիտարկում է, սակայն, որ սույն գործով չի ապացուցվել նման իրավական երաշխիքների կամ ընթացակարգերի առկայությունը։ Փոխարենը, ինչպես նշվել է վերևում, Կառավարությունն ի սկզբանե պնդել է, որ որպես «հաստատված գործելակերպ» հանձնման մասին որոշումը կատարվում է այն պայմանով, որ Կենտրոնական բանտային հիվանդանոցը հաստատի, որ շահագրգիռ անձը բժշկական տեսանկյունից բավարարում է մեկնելու պահանջը։ Այնուամենայնիվ, այս փաստարկը հիմնավորելու համար Կառավարությունը ո՛չ վկայակոչել է ազգային օրենսդրության որևէ իրավական դրույթ, ո՛չ էլ օրինակներ է բերել այդպիսի «հաստատված գործելակերպի» առկայությունը հիմնավորելու համար։ Կառավարությունն այնուհետև անդրադարձել է այն փաստին, որ ընդունող պետության ուղեկցող բժիշկը պետք է հաստատեր, թե արդյոք դիմումատուի առողջական վիճակը բավարար է մեկնելու համար՝ ի կատարումն հանձնման մասին որոշման։ Համանմանորեն այս փաստարկը հիմնված է եղել ոչ թե որևէ իրավական կարգավորման վրա, այլ առավելապես Ռուսաստանի Գլխավոր դատախազության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի գրության վրա (տե՛ս վերևում 49-րդ պարբերությունը)։
106. Դատարանը վստահ չէ, որ տեղափոխումից անմիջապես առաջ, նույնիսկ եթե այն իրականացվեր, Ռուսաստանի համապատասխան մարմինների կողմից, նման գնահատումը թույլ կտար պատշաճ կերպով անդրադառնալ այն ռիսկերին, որոնց դիմումատուն կարող էր ենթարկվել այդպիսի գնահատման սահմանների վերաբերյալ որևէ նշումի բացակայության դեպքում, ինչպես նաև խնդրի վերաբերյալ որևէ իրավական կարգավորման բացակայության պայմաններում՝ դիմումատուին հանձնելու մասին վերջնական որոշման պարտադիր բնույթի վրա դրա ազդեցության բացակայության դեպքում (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում հիշատակված՝ Պապոշվիլիի գործը, § 202 և ընդհակառակը՝ վերևում հիշատակված՝ Կարիմի գործը)։
107. Դատարանը նշում է նաև, որ հանձնման մասին որոշման կատարման վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը, հաշվի առնելով բժշկական հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 11-ի եզրակացությունը, մնում է ոչ հստակ։ Մասնավորապես, թեև Կառավարությունը համապատասխան եզրակացություն է պահանջել «դիմումատուի տեղափոխմամբ պայմանավորված հավանական ռիսկերի անաչառ բժշկական գնահատում» ստանալու համար (տե՛ս վերևում 54-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, իր հետագա դիտարկումներում այն հստակ չի մանրամասնել բժշկական հանձնաժողովի եզրահանգումները և, որ ամենակարևորն է, այն հարցը, թե արդյոք այս եզրահանգումները ազդեցություն կունենան դիմումատուի հանձնման գործընթացը շարունակելու իր որոշման վրա, թե ոչ։
108. Վերոնշյալից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում, երբ կողմերի միջև դիտարկումների փոխանակումն ավարտվել է (տե՛ս վերևում 58-րդ և 80-րդ պարբերությունները), բավարար տեղեկություններ կան եզրակացնելու համար, որ դիմումատուի առանձնակի վատառողջ լինելը հաշվի առնելով՝ նրա տեղափոխումը, նույնիսկ ուղեկցող բժշկի ներկայությամբ, կհանգեցնի նրա՝ 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի արժանանալու իրական վտանգի։
109. Այս եզրահանգմանը գալու համար Դատարանը հաշվի է առնում հանձնման որոշակի համատեքստը և դրա հիմնավորումները չանտեսելու կարևորությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Սոերինգի գործը, § 89)։ Մասնավորապես Դատարանը վճռել է, որ երրորդ կողմի իրավունքները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է, որ վատ վերաբերմունքի որոշակի և անհատականացված ռիսկի առկայության, ուստի հայցվող պետության կողմից անձի հանձնումը չթույլատրելու փաստը քննելիս, հայցվող պետությունն ունենա ամուր փաստական հիմքեր, որոնցով կհիմնավորվի այն եզրահանգումը, որ ռիսկի պահանջված շեմը հաղթահարվել է (տե՛ս Ռոմեո Կաստանյոն ընդդեմ Բելգիայի [Romeo Castaño v. Belgium], թիվ 8351/17, §§ 85-90, 2019 թվականի հուլիսի 9)։
110. Հետևաբար Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի կունենար այն դեպքում, երբ դիմումատուն Ռուսաստանին հանձնվեր առանց Հայաստանի համապատասխան մարմինների կողմից այն ռիսկը այդ դրույթին համապատասխան գնահատելու, որին նա կենթարկվեր իր տեղափոխման ընթացքում՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները։
111. Այս եզրահանգումից ելնելով՝ Դատարանը համարում է, որ կարիք չկա քննելու Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված բողոքը (նույն տեղում, § 207):
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
112. Վերջապես, հիմնվելով Կոնվենցիայի 18-րդ, 34-րդ և 38-րդ հոդվածների վրա՝ դիմումատուն բողոքել է, որ Կառավարությունը չի հայտնել 2019 թվականի փետրվարի 11-ի բժշկական եզրակացության բովանդակությունը։
113. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, և այնքանով, որքանով նշված բողոքների քննությունն իր իրավասության սահմաններում է, գտնում է, որ դրանք չեն պարունակում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ։ Հետևաբար գանգատի մնացած մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն։
III. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ 39-ՐԴ ԿԱՆՈՆԸ
114. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ սույն վճիռը վերջնական չի դառնում, եթե՝ ա) կողմերը հայտարարում են, որ չեն պահանջի գործի հանձնում Մեծ պալատին, կամ բ) վճռի կայացումից հետո երեք ամսվա ընթացքում չի պահանջվում գործի հանձնում Մեծ պալատին, կամ գ) Մեծ պալատի հանձնախումբը, Կոնվենցիայի 43-րդ հոդվածին համապատասխան, մերժում է գործը հանձնելու պահանջը։
115. Այն համարում է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ Կառավարությանն ուղղված համապատասխան կարգադրությունը պետք է ուժի մեջ մնա (տե՛ս վերևում 41-րդ պարբերությունը) մինչև սույն վճռի վերջնական դառնալը կամ մինչև Դատարանի կողմից այս առնչությամբ հետագայում որոշում կայացնելը։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
116. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։»։
Ա. Վնասը
117. Դիմումատուն պահանջել է 20 000 եվրո (EUR)՝ որպես իր հիվանդությունների խորացման պատճառ հանդիսացող լարվածության և անհանգստության արդյունքում կրած ոչ նյութական վնասի հատուցում։
118. Կառավարությունն այն կարծիքին է, որ պահանջը չափազանցված է, և որ խախտում հայտնաբերելու փաստը կհամարվի բավարար արդարացի փոխհատուցում։
119. Դատարանը գտնում է, որ Ռուսաստանին դիմումատուի հավանական հանձնման առնչությամբ 3-րդ հոդվածի խախտման և նրա ենթադրյալ լարվածության ու անհանգստության միջև պատճառահետևանքային որևէ կապ առկա չէ։ Քանի որ Հայաստանի համապատասխան մարմինները կատարել են Դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցը (տե՛ս վերևում 41-րդ պարբերությունը) և զերծ են մնացել դիմումատուին հանձնելու որոշումը կատարելուց մինչև այս վարույթների ավարտը, ուստի 3-րդ հոդվածի խախտում դեռևս տեղի չի ունեցել։ Այսպիսով, Դատարանի եզրահանգումն այն մասին, որ նախքան տեղափոխման համար բավարար առողջական վիճակ ունենալը դիմումատուին Ռուսաստանին հանձնելու մասին որոշման կատարումը կհանգեցնի տվյալ հոդվածի խախտման, 41-րդ հոդվածի իմաստով ենթադրում է բավարար արդարացի փոխհատուցման ապահովում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Սոերինգի գործը, § 127, Ումիրովն ընդդեմ Ռուսաստանի [Umirov v. Russia], թիվ 17455/11, § 160, 2012 թվականի սեպտեմբերի 18 և Մ.Գ.-ն ընդդեմ Բուլղարիայի [M.G. v. Bulgaria], թիվ 59297/12, § 102, 2014 թվականի մարտի 25)։
Բ. Ծախսերը և ծախքերը
120. Դիմումատուն նաև պահանջել է 8 048 եվրո՝ կրած դատական ծախսերի և ծախքերի համար։ Այս գումարը ներառել է 7 490 եվրո՝ Դատարանում վարույթի ժամանակ իրավաբանական ներկայացուցչությունն ապահովելու ծախսերի համար և 558 եվրո՝ փոստային և թարգմանչական ծառայությունների ծախսերի համար։
121. Կառավարությունը պնդել է, որ Դատարանում կրած իրավական ծախսերի մասով պահանջ չի ներկայացվել, և որ ամեն դեպքում պահանջված գումարները չափազանց մեծ են, մինչդեռ փոստային և թարգմանչական ծառայությունների ծախսերի մասով պահանջն ինչպես հարկն է հիմնավորված չէ։
122. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ։
123. Դատարանը նկատում է, որ դիմումատուն ներկայացրել է Դատարանում իր նախկին և ներկայիս ներկայացուցիչների հետ կնքված՝ իրավական ծառայությունների գնման երկու պայմանագիր, որոնցում նշվում է յուրաքանչյուր աշխատանքի կատարման համար վճարվելիք որոշակի գումար։ Հետևաբար Դատարանը չի ընդունում Կառավարության այն փաստարկը, որ իրավական ծախսերի մասով պահանջներ չեն ներկայացվել։ Մյուս կողմից, Դատարանը համարում է, որ պահանջված ոչ բոլոր իրավական ծախսերն են անհրաժեշտ և ողջամիտ եղել, օրինակ՝ դիմումատուի երկու ներկայացուցիչները որոշակի կրկնակի աշխատանք են կատարել։ Ավելին, Դատարանը նկատում է, որ փոստային ծառայությունների ծախսերի մասով պահանջները միայն մասամբ են հիմնավորվել փաստաթղթային ապացույցներով։
124. Հաշվի առնելով վերոնշյալը և իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 2 000 եվրո գումար՝ Դատարանում կրած դատական ծախսերի համար։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
125. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է դիմումատուին Ռուսաստանին հանձնելու դեպքում Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներին հակասող վերաբերմունքի արժանանալու ռիսկի ենթարկվելու վերաբերյալ բողոքն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասն անընդունելի,
2. Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի կունենար այն դեպքում, երբ դիմումատուին Ռուսաստանին հանձնելու մասին որոշումն իրականացվեր առանց Հայաստանի համապատասխան մարմինների կողմից այն ռիսկը այդ դրույթին համապատասխան գնահատելու, որին նա կենթարկվեր իր տեղափոխման ընթացքում՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները.
3. Վճռում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն առկա չէ,
4. Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հավանական խախտում հայտնաբերելն ինքնին բավարար արդարացի փոխհատուցում է ցանկացած այնպիսի ոչ նյութական վնասի մասով, որը դիմումատուն կարող էր կրել.
5. Որոշում է շարունակել հրահանգել Կառավարությանը, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնով նախատեսված կարգով, որ վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու համար ցանկալի է դիմումատուին չհանձնել մինչև սույն վճռի վերջնական դառնալը կամ մինչև հետագա ծանուցումը.
6. Վճռում է՝
ա) որ պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, վճիռը վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ ծախսերի և ծախքերի մասով, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը.
բ) որ վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
7. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի հունիսի 24-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քրշիշթոֆ Վոյտիչեկ Քարտուղար Նախագահ