ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 1994 թվականի N 46
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշումից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատի նկարագրությունը (կցվում է):
2. Սահմանել, որ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհումից հետո տվյալ ձեռնարկության շահույթի, այդ թվում` պետական սեփականություն հանդիսացող մասի, հաշվին ձեռք բերված ֆոնդերի սեփականության իրավունքը վավերացվում և տրվում է պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատի միջոցով:
3. Սահմանել, որ պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատը ենթակա է սեփականատիրոջ կողմից տիրապետման, օգտագործման և տնօրինման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով:
4. Սահմանել, որ պետությունը, պետական մասնակցությամբ և պետական ձեռնարկություններն ու կազմակերպությունները չեն կարող մասնակցել պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախին:
5. Սահմանել, որ մեկ անձի կողմից տնօրինվող` պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հ ԱՍՏԱՏՎԱԾ ԷՀՀ կառավարության 1994 թ. հունվարի 22-ի N 46 որոշմամբ |
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատն ուղղանկյուն, կենտրոնը` դեղնագույն, բաց կապույտ եզրաշերտով արժեթուղթ է: Սերտիֆիկատի երեսի կողմի վերին եզրին «Հայաստանի Հանրապետություն» մակագրությունն է, որից քիչ ներքև, ձախ կողմում երկու տողով` «Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատի կեղծումը հետապնդվում է օրենքով» հայերեն մակագրությունն է, որին զուգահեռ, աջ կողմում` «199 թ.» մակագրությունը: Մակագրությունների տառերը նույն չափի են:
Սերտիֆիկատի կենտրոնում «---------------------» բաժնետիրական ընկերության մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատ» հայերեն մեծատառերով մակագրությունն է, որից քիչ ներքև նշվում է սերտիֆիկատի սերիան, հերթական թիվը պատկերող նշում, հայերեն երկու տառ` մեծատառերով, հերթական թիվը` թվանշաններով. 0000001-1000000:
Ներքևում «---------------------------»բաժնետիրական ընկերության նախագահ, բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահ (հաշվապահ)» հայերեն մակագրությունն է` ստորագրությունների պատկերմամբ: Ավելի ներքև գրվում է. «Անվանական արժեքը------------------------դրամ»:
Սերտիֆիկատի հակառակ կողմի վերին մասի կենտրոնում` հայերեն, իսկ դրանից ներքև` ռուսերեն և անգլերեն հետևյալ մակագրություններն են. «Հայաստանի Հանրապետություն», «նույնը ռուսերեն», «նույնը անգլերեն»: Ավելի ներքև հայերեն շարադրված է.
«Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատը ՀՀ կառավարության կողմից թողարկված պետական արժեթուղթ է:
Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատը ենթակա չէ պետության կողմից ետգնման:
Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատը կորցնելու կամ փչացնելու դեպքում նորը չի տրվում: Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատն անվավեր է առանց այն բաշխող ձեռնարկության կնիքի»: