Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.06.2017-11.04.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.10/12(1101).1 ՄԱՍ 2 Հոդ. 157.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2015 թվականի N 219-Ն

 

ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող եռամսյա ժամկետում ապահովել mineconomy.am և sarm.am կայքերում միջազգային և տարածաշրջանային, դրանց բացակայության դեպքում` ազգային ստանդարտների ցանկի հրապարակումը, որում ներառված ստանդարտների՝ կամավոր սկզբունքով կիրառման դեպքում ապահովվում է սույն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 10
Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 5-ի N 219-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան, հետևյալ ծխախոտային հումքի (ծխախոտահումք) և ծխախոտային արտադրատեսակների վրա`

 

1.

Ծխախոտահումք, ծխախոտահումքի մնացուկներ

2401

2.

Սիգարներ, կտրած ծայրերով սիգարներ, սիգարիլլաներ և սիգարետներ` ծխախոտահումքից կամ դրա փոխարինիչներից

2402

3.

Արդյունաբերական պատրաստման այլ ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ, «հոմոգենացված» կամ «վերականգնված» ծխախոտ. ծխախոտի լուծամզվածքներ և բնահյութեր:

2403

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը և պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը։

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում ծխախոտահումքի արդյունաբերական փոխարինիչների և ամբողջությամբ դրանցից պատրաստված ծխախոտային արտադրատեսակների, դեղային սիգարետների, ծամախոտի, քթախոտի, ծխախոտի լուծամզուքների և էսենցիաների վրա:

4. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները ենթակա են համապատասխանության գնահատման:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն բաժնով նախատեսված հետևյալ հասկացությունները`

1) ծխախոտահումք` ծխախոտաբույսերից (նիկոտիանա) ստացված հումք, որն ամբողջական բույսն է կամ տերևները` բնական վիճակում կամ՝ չորացրած կամ ֆերմենտացված կամ առանձնացված մեջտեղի երակաթելով, կտրատած կամ՝ ոչ, ճզմած կամ ջարդած, տեսակախառնած և խոնավացրած հատուկ բաղադրությամբ հեղուկով, ինչպես նաև ծխախոտաբույսի մնացուկները, պարունակում է նիկոտին և նախատեսված է ծխախոտային արտադրատեսակների պատրաստման համար.

2) ծխախոտահումքի արդյունաբերական փոխարինիչ` ծխելու համար նախատեսված բույսերի խառնուրդ, որը չի պարունակում ծխախոտաբույսեր.

3) սպառողական տարա` տարա, որով իրացվում է արտադրատեսակը և, որը փոխադրական տարա չէ.

4) փոխադրական տարա` տարա, որը կազմում է ինքնուրույն փոխադրական միավոր.

5) տուփ` սպառողական տարայի միավոր, որը պարունակում է որոշակի քանակով ծխախոտային արտադրատեսակ.

6) բոքս` խմբակային սպառողական տարայի միավոր, որը պատրաստված է տուփի ստվարաթղթից կամ պիտակային թղթից և պարունակում է որոշակի քանակությամբ սիգարետներով տուփեր.

7) բլոկ` խմբակային սպառողական տարայի միավոր, որը պարունակում է թղթով կամ պոլիմերային թաղանթով փաթաթված կամ թղթե ժապավենով փաթաթված որոշակի քանակությամբ սիգարետներով կամ ծխագլանակներով տուփեր.

8) ծխախոտային արտադրատեսակի մակնիշ` որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտի արտադրանքի անվանում, որով նույնականացվում է ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր առանձին տեսակը (ենթատեսակը):

 

III. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երաշխավորի, որ շրջանառության մեջ դրվող ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակներն անվտանգության ապահովման հարցերով արտադրված են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, և դրանք մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգի աղբյուր չեն, ինչպես նաև դրանք չեն պարունակում անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններ:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների շրջանառության դուրսբերումը, այդ թվում՝ իրացումը՝ առանց համապատասխանության գնահատման և համապատասխանության ազգային նշանի` արգելվում է։

8. Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները պետք է ուղեկցվեն համապատասխանության հայտարարագրով և համապատասխանության ազգային նշանով:

9. Ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների արտադրական թափոնների օգտահանումը (ոչնչացումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի NN 1 և 2 աղյուսակներում և 11-րդ ու 12-րդ կետերում:

 

Աղյուսակ N 1

 

ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ցուցանիշի անվանումը

Ծխախոտահումքը

չֆերմենտացված

ֆերմենտացված

-

սիգարի

-

սիգարի

Խոնավությունը, %.
փաթեթավորված կապոցներով
փաթեթավորված հակերով
ցանկացած փաթեթավորմամբ

21, ոչ ավելի

17, ոչ ավելի

  -

-

-
30, ոչ ավելի

-

-11 - 18

-

-

25, ոչ ավելի

Հողով և ավազով աղտոտվածությունը, %, ոչ ավելի

3,0

3,0

 3,0

 3,0

Ֆերմենտացվածությունը,
սմ3 թթվածին

-

-

 0,1

Աղյուսակ N 2

 

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծխախոտային
արտադրատեսակը

Ցուցանիշի անվանումը

 Նորմը

Սիգարետ

Խոնավությունը, %

11 - 15

Նիկոտինի առավելագույն պարունակությունը մեկ սիգարետի (ֆիլտրով և առանց ֆիլտրի) ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ,

1

Խեժի առավելագույն պարունակությունը մեկ սիգարետի (ֆիլտրով և առանց ֆիլտրի) ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ

10

Ածխածնի օքսիդի առավելագույն պարունակությունը մեկ ֆիլտրով սիգարետի ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ

10

Սիգար, սիգարիլլա

Խոնավությունը, %

10 - 14

Ծխագլանակ

11 - 15

Ծխելու ծխախոտ

12 - 16

Ծխամորճի ծխախոտ

11,5 - 15,5

11. Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում պեստիցիդների` հեքսաքլորցիկլոհեքսանի (ՀՔՑՀ) և դրա իզոմերների և երկքլորերկֆենիլեռաքլորէթանի (ԴԴՏ) և դրա մետաբոլիտների մնացորդային քանակությունները չպետք է գերազանցեն 0,7 մգ/կգ-ն:

12. Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում ռադիոնուկլիդների քանակությունը չպետք է գերազանցի`

1) ցեզիում՝ 137՝ 120 Բկ/կգ.

2) ստրոնցիում՝ 90՝ 40 Բկ/կգ։

13. Ծխախոտահումքում չի թույլատրվում ցրտահարված, բորբոսնած, նեխած, կողմնակի հոտերով տերևների և դրանց պատառների առկայությունը:

14. Ծխախոտային արտադրատեսակներում չի թույլատրվում բորբոսահոտ, նեխահոտ և ծխախոտներին ոչ բնորոշ այլ կողմնակի հոտերի առկայությունը` բացառությամբ հատուկ բուրավետացման համար կիրառվող նյութերի հոտերի:

15. Ծխախոտահումքում տերևների հիվանդություններով և վնասատուներով վնասվածության մակերևույթը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

 

V. ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆՆ ՈՒ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

16. Ծխախոտահումքի հակերի, կապոցների, տակառների, զամբյուղների վրա տրանսպորտային մակնշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը.

2) ծխախոտահումքի անվանումը, տեսակը.

3) ֆերմենտացվածությունը (եթե ծխախոտահումքը ֆերմենտացված է).

4) զտաքաշը և համաքաշը.

5) բերքահավաքի տարեթիվը.

6) թունաքիմիկատներով վերջին մշակման թվականը և դրանց անվանումները (չֆերմենտացված ծխախոտահումքի համար).

7) վարվելակարգային նշանները` «Պահպանել խոնավությունից», «Պահպանել արևի ճառագայթներից» և այլ տեղեկատվություն:

17. Ծխախոտային արտադրատեսակների ծխախոտի տուփի յուրաքանչյուր միավորը, ինչպես նաև բոքսը և ծխամորճի ու ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթում տեղադրվող ներդիր թերթիկը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը`

1) արտադրանքի անվանումը («Սիգարետներ», «Ծխագլանակներ», «Սիգարներ», «Սիգարիլլաներ», «Ծխամորճի ծխախոտ» կամ «Ծխելու ծխախոտ»).

2) մակնիշը կամ ապրանքային նշանը.

3) արտադրողի և լիցենզավորողի (առկայության դեպքում) անվանումները և գտնվելու վայրը կամ այն կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, որն արտադրող կազմակերպությունում հսկում է իրեն պատկանող մակնիշներով ծխախոտային արտադրատեսակների արտադրության գործընթացը, օգտագործվող հումքը և որակը` այդ դեպքում մակնշվածքում նշելով նաև արտադրող երկիրը.

4) Հայաստանի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում).

5) ֆիլտրի առկայությունը.

6) քանակը` հատերով, կամ զանգվածը՝ գրամներով (ծխամորճի և ծխելու ծխախոտի համար).

7) մենթոլի առկայությունը.

8) ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական և լրացուցիչ նախազգուշացումները՝ սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետին համապատասխան.

9) նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակությունը մեկ սիգարետի ծխում (միայն սիգարետների համար)՝ սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետին համապատասխան։

17.1. Ծխախոտային արտադրատեսակի տուփի վրա պետք է մակնշված լինի դրա առավելագույն մանրածախ գինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

(17.1-ին կետը լրաց. 25.05.17 N 558-Ն)

18. Մարդու առողջության վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերը լինում են`

1) հիմնական նախազգուշացման տեքստերով՝

ա. «Ծխելը վնասակար է առողջությանը»,

բ. «Ծխելը կարող է լինել մահացու»,

գ. «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ և Ձեզ շրջապատող անձանց».

2) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով`

ա. «Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ»,

բ. «Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը»,

գ. «Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային»,

դ. «Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ»,

ե. «Ծխելը հանգեցնում է անոթների խցանման և հանդիսանում է սրտի և ուղեղի կաթվածի պատճառ»,

զ. «Ծխելը թողնելով կարող եք նվազեցնել սրտի և թոքերի մահաբեր հիվանդությունների հավանականությունը»,

է. «Ծխելը վնասում է սերմնահեղուկը և նվազեցնում վերարտադրողականությունը»:

19. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: Սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմնական նախազգուշացման տեքստերից յուրաքանչյուրը պետք է նշված լինի մոտավորապես հավասար քանակով ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) վրա, ինչը կապահովի բոլոր հիմնական նախազգուշացման տեքստերի պարբերաբար երևալու հնարավորությունը: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրատեսակների մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը՝ ներառյալ շրջանակը (օրինակները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի NN 1 և 2 ձևերով) և համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) նախազգուշացման տեքստերը պետք է տպված լինեն այնպես, որպեսզի բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը, և տպված լինեն`

ա. հստակ ու ընթեռնելի,

բ. մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,

գ. ԳՀԵԱ Գրապալատ (GHEA Grapalat) թավ տառատեսակով, հիմնական նախազգուշացման տեքստերը` մեծատառերով, լրացուցիչ նախազգուշացման տեքստերը` փոքրատառերով՝ բացառությամբ առաջին տառի` մեծատառ.

2) հիմնական և լրացուցիչ նախազգուշացման տեքստերը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-4 մմ.

3) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որպեսզի նախազգուշացման տեքստերն զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.

4) նախազգուշացման տեքստերը պետք է գտնվեն դրանց համար նախատեսված մակերևույթի կենտրոնում, տուփի վերին եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.

5) նախազգուշացման տեքստերը չպետք է`

ա. տպագրվեն կամ ամրացվեն թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա,

բ. թաքնված կամ ծածկված լինեն այլ տպագրված տեղեկատվությամբ կամ պատկերով,

գ. տպագրված լինեն սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) ակցիզային դրոշմանիշերի վրա,

դ. ծխամորճի և ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում` սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը,

ե. սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ութ տարբերակներով լրացուցիչ նախազգուշացման տեքստերից յուրաքանչյուրը պետք է նշված լինի մոտավորապես հավասար քանակով ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) վրա, ինչը կապահովի բոլոր լրացուցիչ նախազգուշացման տեքստերի պարբերաբար երևալու հնարավորությունը:

20. Հայաստանի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության մասին տեղեկատվությունը թույլատրվում է զետեղել տուփի ներսում` կարդալու համար հարմար տեղում (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում):

21. Նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) կողմնային մակերևույթի 10 տոկոսից ոչ պակաս մակերեսը` ներառյալ շրջանակը, և համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգում ներկայացված օրինակներին (NN 1 և 2 ձևեր) ու հետևյալ պահանջներին`

1) նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստերը պետք է տպված լինեն այնպես, որպեսզի բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը և լինի տպված`

ա. հստակ ու ընթեռնելի,

բ. մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,

գ. ԳՀԵԱ Գրապալատ թավ տառատեսակով, «ՆԻԿՈՏԻՆ`», «ԽԵԺ`» և «ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴ`» բառերը` մեծատառերով, նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի չափման միավորները` փոքրատառերով.

2) նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստերը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-4 մմ.

3) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որպեսզի նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստը զբաղեցնի դրա համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.

4) նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է տպված լինի դրանց համար նախատեսված մակերեսի կենտրոնում, տուփի կողմնային եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.

5) նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստը չպետք է`

ա. տպագրվի կամ ամրացվի թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա.

բ. թաքնված կամ ծածկված լինի այլ տեղեկատվությամբ կամ պատկերով.

գ. տպագրված լինի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա:

22. Թույլատրվում է ծխախոտահումքի տրանսպորտային փաթեթվածքի, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների տուփերի, բոքսերի, ծխամորճի և ծխելու ծխախոտների, ներդիր-թերթիկների վրա արտադրանքը բնութագրող այլ տեղեկությունների լրացուցիչ զետեղումը, որոնք չեն հակասում սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ և 17-րդ կետերում նշված տվյալներին, սակայն չի թույլատրվում «Նիկոտինի (խեժի) ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ ֆիլտր» կամ ցանկացած այլ` մոլորության մեջ գցող տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ ծխախոտային արտադրատեսակի պակաս վտանգավոր լինելու մասին կարծիքի ձևավորմանը:

23. Արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ ներմուծվող ծխախոտային արտադրատեսակների մասին սույն կանոնակարգի 17-րդ և 22-րդ կետերում նշված տեղեկատվության տրամադրումը` հայերենով: Արտադրողի ու լիցենզավորողի անվանումները և ծխախոտային արտադրատեսակների մակնիշները կարող են ներկայացվել լատիներեն տառերով:

24. Ծխախոտահումքը պետք է պահվի չոր, մաքուր, լավ օդափոխվող, ամբարային վնասատուներով չվարակված պահեստներում, որոնց հատակը պետք է լինի փայտե` առանց ճեղքերի։ Եթե հատակը փայտե չէ, ապա կապոցներն ու հակերը պետք է դասավորվեն փայտե տախտակամածի վրա։

25. Ծխախոտային արտադրատեսակները պետք է պահվեն հողի մակերևույթից բարձր հատակ ունեցող չոր, մաքուր, (60 ±10)% օդի հարաբերական խոնավություն ունեցող սենքերում և դասավորված լինեն սենքի հատակից առնվազն 10 սմ բարձր։

 

VI. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

26. Սույն տեխնիկական կանոնակարգին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանությունն ապահովվում է դրա անվտանգության պահանջների անմիջական կատարումով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող կամավոր սկզբունքով կիրառման դեպքում՝ ստանդարտների անվանացանկում ներառված ստանդարտների պահանջների կատարումով:

27. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների փորձարկման մեթոդները և չափումները սահմանվում են ստանդարտներով, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող կամավոր սկզբունքով կիրառման դեպքում՝ ստանդարտների անվանացանկում:

 

VII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

28. Սույն տեխնիկական կանոնակարգին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանության գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N 56-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրման ընթացակարգերից որևէ մեկով (բացառությամբ «Ընթացակարգ Բ»-ի):

29. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների սպառողական և փոխադրական տարաների վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում համապատասխանության ազգային նշանը դրվում է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը), կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 9-ի N 1281-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով` արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի կողմից:

30. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների հայտարարագրման համար ապացուցողական նյութեր են՝

1) սպառողական տարայի նմուշը կամ ներդիր թերթիկը.

2) համապատասխանության գնահատման նշանակված մարմնի կողմից կատարված սիգարետների փորձարկումների արձանագրությունները, որոնցով հավաստվում է մեկ սիգարետի ծխում նիկոտինի ու խեժի պարունակությունը և մեկ ֆիլտրով սիգարետի ծխում ածխածնի օքսիդի պարունակության համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին:

31. Արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի ընտրությամբ կարող են ընդգրկվել այլ փաստաթղթեր, որոնք վերջինիս համար հիմք են ծառայում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանությունը հայտարարագրելու համար, այդ թվում՝ որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը:

32. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կարող է համապատասխանության հայտարարագիր ընդունել թողարկվող յուրաքանչյուր անվանման ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակի կամ մեկ տեսակի ծխախոտային արտադրատեսակի ամբողջ տեսականու համար:

33. Համապատասխանության հայտարարագիրը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝

1) արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի անվանումը և գտնվելու վայրը (կամ բնակության վայրը) և ստորագրությունը.

2) սպառողական տարայի և (կամ) ներդիր-թերթիկի վրա նշված հետևյալ տեղեկատվությունները՝

ա. ծխախոտային արտադրատեսակը,

բ. ծխախոտահումքի կամ ծխախոտային արտադրատեսակի անվանումը կամ ծխախոտային արտադրատեսակների անվանումները,

գ. սիգարետների համար ֆիլտրի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև նիկոտինի ու խեժի պարունակությունը մեկ սիգարետի ծխում և ածխածնի օքսիդի պարունակությունը մեկ ֆիլտրով սիգարետի ծխում.

3) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն, որին պետք է համապատասխանի արտադրանքը՝ ներառյալ հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին և իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգերին.

4) հղում սահմանված պահանջներին համապատասխանության ապացույց հանդիսացող մասնագրերին (դրանց կիրառման դեպքում).

5) հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը.

6) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, հասցեն և (անհրաժեշտության դեպքում) նույնականացման կոդը.

7) համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը։

34. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը՝ ստորագրվելու օրվանից չպետք է գերազանցի երեք տարին:

 

VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

35. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ԵՎ ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

 

Ձև N 2

 

ԲՈՔՍԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ԵՎ ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

 

(հավելվածը լրաց. 25.05.17 N 558-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան