ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2019 թվականի N 225-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» N 499-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 2-րդ կետը «ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն)» բառերից հետո լրացնել «և (կամ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Արձանագրության մեջ ներկայացված հաշվառման արդյունքները հանդիսանում են ջրօգտագործման փաստացի ծավալներ՝ ջրօգտագործման վճարի հաշվարկման համար:».
3) 4-րդ կետը «գործակալության» բառից հետո լրացնել «և (կամ) տեսչական մարմնի» բառերով.
4) 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) ջրահոսքի գործող կտրվածք, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է՝ խողովակների համար՝ դրանց կտրվածքի մակերեսը, բաց հունով ջրանցքների համար՝ ջրահոսքի հունի միջինացված լայնակի կտրվածքի մակերեսը.».
5) 5.1-ին կետից հանել «կամ հիդրոտուրբինի» բառերը, իսկ 1-ին ենթակետից՝ «կՎտ/ժամ» բառերը.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ կետով՝
«5.2. Ջրամատակարարման համակարգում հիդրոտուրբինի առկայության դեպքում՝ հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի համար անհրաժեշտ ջրի հոսքի մեծությունը հաշվարկել հետևյալ բանաձևով՝
Q=E/9,81x∆Hxtxηտxηգ,
որտեղ Q-ն ջրի հոսքն է (խմ/վ), E-ն՝ փաստացի արտադրված էլեկտրաէներգիան (կՎտ/ժամ), ∆H-ը հաշվարկային ճնշումն է (մ), t-ն գեներատորի աշխատած ժամանակահատվածը (ժամ), ηտ՝ տուրբինի օգտակար գործողության գործակիցը, ηգ՝ գեներատորի օգտակար գործողության գործակիցը, իսկ 9.81-ը՝ ազատ անկման արագացումը (g=9,8մ/վրկ2):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 19 Երևան |