ՌԻՎԵՅՆ ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
2007թ. նոյեմբերի 27-ի վճիռը
CASE OF REAVEY v. THE UNITED KINGDOM
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմողը ծնվել է 1923 թվականին և ապրում է Արմաղ կոմսության Ուայթքրոս բնակավայրում: Նա Ջոն, Բրայան և Էնթընի Ռիվեյների մայրն էր:
A. Հարձակումը Ռիվեյների տան վրա, և դրա հետ կապված նախնական քննությունը
7. 1976թ. հունվարի 4-ի երեկոյան դիմողի որդիները` Ջոն, Բրայան և Էնթընի Ռիվեյները տանը հեռուստացույց էին դիտում: Երեկոյան ժամը 6.05-6.10-ի սահմաններում երեք զինված մարդ մտել էր տուն և գնդակահարել երեք եղբայրներին: Երեք գնդակ դիպել էր Բրայանի մեջքին և մեկ գնդակ` ոտքերին: 9 մմ տրամաչափի 14-16 գնդակ դիպել էր Ջոնի պարանոցին ու իրանին: Դիահերձման արձանագրությունում նշվել էր, որ երկու դեպքում էլ մահը վրա էր հասել անմիջապես: Էնթընիին դիպել էր վեց գնդակ` ոտքերի շրջանում: Կրակողների հեռանալուց հետո Էնթընին մի կերպ հասել էր հարևանի տուն` տեղի ունեցածի մասին հայտնելու: Հետագայում` 1976թ. հունվարի 30-ին նա հիվանդանոցում մահացել էր` ուղեղի կաթվածից: Դիահերձման արձանագրությունում նշվել էր, որ ստացված վնասվածքները մահվան պատճառ չեն հանդիսացել:
8. Նույն գիշերվա ընթացքում երեք այլ կաթոլիկներ` Բարրի Օ’Դաուդը, Դեքլան Օ’Դաուդը և Ջոզեֆ Օ’Դաուդը հրազենից սպանվել էին Դաուն կոմսությունում` Ռիվեյների վրա հարձակումից մոտ քսան րոպե անց (տե՜ս գանգատ թիվ 34622/04):
9. Դեպքերից քիչ անց ոստիկանությունը ժամանել էր դեպքի վայր և շրջափակել այն: Շտապօգնության մեքենան տարել էր դիակները:
10. Խուզարկուները դեպքի վայր էին ժամանել երեկոյան ժամը 7.25-ին:
11. Երեկոյան 7.40-ին ոստիկանները մոտեցել էին այրվող ավտոմեքենային, և կրակը մարելուն պես մեքենայի մնացորդները տարել ավտոնորոգման կայան` հետազոտության: Դեպքի վայրի զննության ժամանակ մասնագետ-ոստիկանների կողմից հայտնաբերվել էին մի քանի կրակված պարկուճ ու գնդակ և մեկ փամփուշտ, որոնք ուղարկվել էին փորձագիտական հետազոտության:
12. Դատական փորձաքննությամբ պարզվել էր, որ հարձակման ժամանակ չորս զենք էր գործադրվել, որից երեքը գործադրվել էր նաև նախկինում: Ոստիկանությունը հավատացած էր, որ սպանությունները կատարել են «Ուլսթերի կամավորական ուժեր» (ՈւԿՈւ) արմատական ռազմականացված կազմակերպության ներկայացուցիչները:
13. Տնետուն հարցումներ էին անցկացվել այդ տարածքում և հավանական փախուստի ճանապարհի երկայնքով` այդ կողմերում կաթոլիկների սպանությունների հարցերով զբաղվող ոստիկանների հետ համագործակցությամբ: Ապացուցողական նշանակություն ունեցող որևէ բան չէր հայտնաբերվել: Սպանությունների կապակցությամբ ձերբակալվել ու հարցաքննվել էին մի քանի անվանի արմատական ակտիվիստներ, սակայն նրանք որևէ բան չէին խոստովանել: Ոստիկանությունը 1976թ. մարտի 4-ին կասեցնում է գործի քննությունը, քանի որ հանցագործությունը կատարողը չէր հայտնաբերվել, որևէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել:
14. 1977թ. հունվարի 28-ին կասեցված հետաքննությունը վերսկսում է:
B. ՄքՔոհեյի և Ուեյրի հետ կապված հետաքննությունները
15. Վարույթը չէր կարճվել և վերսկսվել էր 1978 թվականին, երբ կաթոլիկ հոգևորական Հյու Մըրֆին առևանգվել էր արմատական գրոհայինների կողմից` IRA-ի (Իռլանդիայի հանրապետական բանակ1) դեմ նրան որպես պատանդ օգտագործելու նպատակով: Ոստիկանությունը ձերբակալել էր ոստիկանության պահեստի կոնստեբլ Ուիլյամ ՄքՔոհեյին, ով հարցաքննության ժամանակ բացահայտել էր իր մասնակցությունը հոգևորականի առևանգմանը և արմատական գրոհայինների կողմից իրականացված այլ գործողություններին: ՄաքՔոհեյը հայտնել էր, որ Ռիվեյների սպանություններին ոստիկանության սպա է մասնակցել: Այդ ոստիկանը ձերբակալվել և հարցաքննվել էր: Նրան լուրջ հանցագործություններ էին մեղսագրվել, նա հեռացվել էր ոստիկանությունից և այնուհետ` դատապարտվել:
16. ՄքՔոհեյի բացահայտումների արդյունքում տասնմեկ տարբեր քրեական գործեր էին հարուցվել, որոնցից մի քանիսը փոխկապակցված էին ներգրավված անձանց, արարքների բնույթի կամ գործադրված զենքերի դատաձգաբանական փորձաքննությունների հետ կապված ընդհանրությունների հիման վրա: Ընդհանուր առմամբ ձերբակալվել էր ինը կասկածյալ, այդ թվում` հինգ ոստիկան, և, ի վերջո, բոլորին մեղադրանք էր առաջադրվել:
17. Այդ անձանցից մեկը ոստիկանության սպա Ջոն Ուեյրն էր, որը հայտնի էր դարձել 1977թ. ապրիլին Ահոգհիլում Սթրեթհըրն անունով խանութպանի սպանության մեջ ներգրավված լինելու պատճառով: Այդ սպանության համար նա 1980թ. հունիսին դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Կառավարությունը նշել էր, որ ՄաքՔոհեյն ու Ուեյրը հրաժարվել էին հայտնել սպանությանն իրենց հետ մասնակցած երկու արմատական գրոհայինների անունները, քանի դեռ իրենց քրեական հետապնդումից ազատելու երաշխիքներ չեն տրամադրվել: Ոստիկանությունը և քրեական հետապնդում իրականացնող մարմինները դատավարությունից առաջ որոշում էին կայացրել ձեռնպահ մնալ Ուեյրի և ՄաքՔոհեյի հետ բանակցելուն ուղղված քայլերից: Նրանց դատապարտվելուց հետո ոստիկանները փորձել էին պարզել` այդ պահին նրանք ցուցմունք կտա՞ն արմատական գրոհայինների դեմ, թե` ոչ, սակայն նրանցից յուրաքանչյուրը կրկին հրաժարվել էր ցուցմունք տալուց` պահանջելով երաշխավորել, որ իրենց դրությունը դրանից կթեթևանա: Կառավարությունը նշել էր, որ ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում Ուեյրը տարբեր առիթներով բազմիցս հարցաքննությունների էր ենթարկվել: Որևէ անգամ նա ցուցմունք չէր տվել որևէ հանցանքի կատարմանն իր կամ այլոց մասնակցության մասին, բացառությամբ` Սթրեթհըրնի սպանության:
18. Ամենայն հավանականությամբ, նույն ժամանակահատվածում դիմողը հայտնել է, որ Ուլսթերի թագավորական ոստիկանության (ՈւԹՈ) ղեկավար Գերրի ՄաքՔենը հանդիպում էր նախաձեռնել Ռիվեյների ընտանիքի անդամներից մեկի հետ և հայտնել, թե ինքը հավատացած է, որ երկու ՄաքՔլուրները (որոնցից մեկը ՈւԹՈ-ի նախկին պահեստի ոստիկան (կոնստեբլ) Լորենս ՄաքՔլուրն էր) և Ջեյմս Միթչելը` նույնպես ՈւԹՈ-ի նախկին պահեստի ոստիկան (կոնստեբլ), մասնակցել են Ռիվեյների, ինչպես նաև Դոննելլիի բարի (19 դեկտեմբերի 1975թ., տե՜ս Brecknell v. the United Kingdom, no. 32457/04 գործը) և Ռոք բարի (5 հունիսի 1976թ., տե՜ս` McGrath v. the United Kingdom, no. 34651/04 գործը) վրա կատարված հարձակումներին: Նա նաև հայտնել էր Ռոբերթ ՄաքՔոննելլի անունը (Ուլսթերի պաշտպանական գնդի (ՈւՊԳ) նախկին կես դրույքով ծառայող): Նա ասել էր, որ այդ անձանցից մեկը պատրաստվում է դատապարտվելու դեպքում ցուցմունք տալ իր հանցակիցներից մեկի դեմ` ակնհայտորեն նկատի ունենալով Լորենս ՄաքՔլուրին:
C. Ուեյրի հայտարարությունը և իշխանությունների պատասխանը
19. 1993թ. փետրվարի 1-ին Ջոն Ուեյրը երաշխավորությամբ ազատ էր արձակվել բանտից: 1999թ. հունվարին նա լրագրողների ներկայությամբ հայտարարություն էր արել` հայտնելով, որ 1970-ականների կեսերին ՈւԹՈ-ն և ՈւՊԳ-ն գաղտնի համաձայնության են եկել Փորթադաուն տարածքի արմատական գրոհայինների հետ: Այդ հայտարարությունը 1999թ. մարտին հրապարակվել էր «Սանդի Թայմս» լրագրում: Դա տեղի էր ունեցել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, Դերրիում գտնվող «Փեթրիք Ֆինուքեյնի կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ` Կենտրոն) ջանքերի շնորհիվ:
20. Ջոն Ուեյրի հայտարարությունում մանրամասն տեղեկություններ կային մի շարք դեպքերի առնչությամբ անվտանգության ուժերի և արմատական զինյալների միջև առկա համաձայնության վերաբերյալ: Նա, ի թիվս այլ հարցերի, հայտնել էր, որ ՈւԹՈ-ի պահեստի կոնստեբլ Լորենս ՄաքՔլուրն իրեն պատմել է, որ Ռիվեյ ընտանիքի անդամների սպանությունը կատարել են ՈւՊԳ-ի նախկին ծառայող Ռոբերթ ՄաքՔոննելը, Լորենս ՄաքՔլուրը, Ջոնի Միթչելը, ՈւԹՈ-ի մեկ այլ պահեստի կոնստեբլ և ՄաքՔլուրի եղբայրը, ով անվտանգության ուժերի ներկայացուցիչ չէր հանդիսանում: Հայտարարությամբ նաև կապ էր հաստատվում այդ միջադեպի և, ըստ ենթադրությունների` անվտանգության ուժերի` թե՜ ՈւԹՈ-ի և թե՜ ՈւՊԳ-ի ու արմատական գրոհայինների կողմից իրականացված այլ հարձակումների միջև: Այդ խումբը որպես հենակետ օգտագործել էր ՈւԹՈ-ի պահեստային Ջեյմս Միթչելին պատկանող ագարակը, որտեղից հարձակումներ էին կատարվել կաթոլիկների և ազգայնականների վրա: Ենթադրվում էր, որ մնացած հարձակումների թվում էին 1975 թվականի օգոստոսին շինծու ավտոստուգման կետում Քոլմ ՄաքՔարթնիի և Շոն Ֆարմերի սպանությունը (տե՜ս գանգատ թիվ 34575/04), Դոննելլիի բարի վրա կատարված հարձակումը, որի արդյունքում սպանվել էին Թրեվոր Բրեքնելլը, Մայքլ Դոննելլին և Փեթրիք Դոննելլին (տե՜ս գանգատ թիվ 32457/04), Ջոզեֆ, Բարրի և Դեքլան Օ'Դաուդների սպանությունն ու Բարնի Օ'Դաուդին վիրավորելը (տե՜ս գանգատ թիվ 34622/04) և Ռոք բարի վրա կատարված հարձակումը, որի ժամանակ ծանր վիրավորվել էր Մայքլ ՄաքԳրեթը (տե՜ս գանգատ թիվ 34651/04): Ուեյրն այդ հարձակումները կապել էր նաև Դուբլինի և Մոնագանի ռմբահարությունների հետ, որոնց Իռլանդիայի Հանրապետությունում զոհ էր դարձել 33 մարդ:
21. 1999թ. հունիսի 10-ին կամ մոտավորապես այդ օրերին իռլանդական RTE հեռուստաալիքը հեռուստահաղորդում էր ցուցադրել, որում պնդումներ կային այն մասին, թե անվտանգության ուժերը կապված են մի շարք մահերի, այդ թվում` Թրևոր Բրեքնելի մահվան հետ: Ուեյրն այդ հաղորդման ժամանակ պնդել էր, որ ՈւԹՈ-ի և ՈւՊԳ-ի անդամներն ուղղակիորեն ներգրավված են եղել Դոննելլիի բարի վրա կատարված հարձակմանը: BBC Spotlight հաղորդումն այդ պնդումներին առնչվող համանման փաստագրական ֆիլմ էր նկարահանել:
22. Այդ պնդումներն իռլանդական սահմանի երկու կողմերում զգալի ուշադրություն էին գրավել, և դրանց առնչությամբ ոստիկանական հետաքննություն էր սկսվել երկու իրավական համակարգերում էլ: Կառավարությունը նշել էր, որ Հյուսիսային Իռլանդիայում ոստիկանության իրականացրած քննությունն ուղղորդվել էր` պարզելու, թե որքանով են արժանահավատ Ուեյրի պնդումները` լիարժեք քննություն սկսելու համար: Կառավարությունը ոմն լրագրողից ձեռք էր բերել Ուեյրի հետ հարցազրույցի խմբագրված կրկնօրինակը: Նախքան իր գտնվելու վայրը ՈւԹՈ-ին հայտնի դառնալը, Ուեյրը 1999թ. ապրիլի 15-ին Իռլանդիայի դեսպանատանը հանդիպել էր իռլանդական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ հայտարարության պատճենը, Ուեյրի կողմից 1999թ. փետրվարի 3-ին մեկ այլ լրագրողի տրված հայտարարության հետ մեկտեղ, Գարդան փոխանցել էր ՈւԹՈ-ին: Ոստիկանությունը վերլուծել էր ձեռքի տակ եղած նյութերը, և կարիք էր առաջացել պարզելու հարցաքննության ենթակա անձանց ինքնությունը: Պարզվել էր, որ նրանցից ոմանք մահացել էին, իսկ մյուս մասի գտնվելու վայրը պարզել չէր հաջողվել` արտերկրում բնակվելու պատճառով: 2001թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացվել էր, Ուեյրի կարծիքով, այն կարևոր անձանց հարցաքննությունը, ում գտնվելու վայրը հաջողվել էր պարզել (թվով յոթ հարցաքննություն` զուգորդված անվտանգության միջոցառումներով): Որևէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել: Հարցաքննություններն իրականացվել էին Ուեյրի պնդումները պատասխանի համար հարցաքննվողին ներկայացնելու միջոցով: Պատասխաններով հիմնականում հերքվում էր որևէ ներգրավվածությունը և հայտարարվում էր, որ Ուեյրի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Հարցաքննվողներից որևէ մեկը խոստովանական ցուցմունք չէր տվել: Հարցաքննվել էին նաև գործով ոչ այնքան կարևոր անձինք, ինչպես նաև 1978-ին Ուեյրի հարցաքննությանը ներգրավված ոստիկաններ: Վերջինները հայտնել էին, թե Ուեյրը չի խոսել ներկայումս արվող պնդումների մասին: Ուեյրի պնդումների առնչությամբ սկսված նախաքննության ընթացքում ոստիկանության հարցաքննած անձանցից մեկին հարցեր էին ուղղվել Ռիվեյների սպանության վերաբերյալ: Նա հերքել էր որևէ մասնակցությունը և խոստովանական ցուցմունք չէր տվել:
23. Պարբերաբար հանդիպումներ էին անցկացվել Հյուսիսային Իռլանդիայում ՈւԹՈ-ի ներկայացուցիչների հետ: ՈւԹՈ-ն նաև համագործակցել էր Դուբլինի և Մոնագանի ռմբահարությունների կապակցությամբ Իռլանդիայի Հանրապետությունում ստեղծված հետաքննության հանձնաժողովի հետ (հետաքննության նկարագրությանը ծանոթանալու համար տես վերը հիշատակված Brecknell-ի գործը): Ի թիվս այլ հարցերի, որոնց վերաբերյալ ՈւԹՈ-ն տեղեկատվություն էր տրամադրել քննության ընթացքում, նաև դատաձգաբանական բնույթի տեղեկություններ կային, որոնցից պարզ էր դառնում, որ զենքերից մի քանիսը գործածվել են դեպքերից մի քանիսի ժամանակ: 2000թ. փետրվարին ՈւԹՈ-ն հիմնավոր զեկուցագիր էր պատրաստել` Ուեյրի պնդումներով զբաղվող Գարդային ներկայացնելու համար: Տեղեկություններ էին ներկայացվել Ուեյրի մասին, ինչպես նաև նկարագրվել էր ՄաքՔոհեյի, Ուեյրի և այլոց վերաբերյալ 1978թ. իրականացված քննությունը: Եզրակացության մեջ նշվել էր, որ քննությունը պետք է շարունակվի, սակայն նրա (Ուեյրի2) պնդումների արժանահավատությունը կասկածի տակ է առնվել: Համաձայն Կառավարության` չնայած հետաքննությունն իրականացվում էր, Ուեյրի գտնվելու վայրը հայտնի չէր: Այդ զեկուցագիրը չէր հրապարակվել, քանի որ հետաքննությունը դեռ ընթացքի մեջ էր: ՈւԹՈ-ի` 2001թ. փետրվարին պատրաստված ներքին զեկուցագրի ամփոփիչ մասում նշվել էր, որ անհրաժեշտ է հարցաքննել Ուեյրին` նրա պնդումների արժանահավատության վերաբերյալ վերջնական դիրքորոշում արտահայտելուց առաջ. նման հարցաքննությունը հնարավոր չէր` վերջինիս գտնվելու վայրը պարզված չլինելու պատճառով: Զեկուցագրում նշվել էր, որ մինչև 1999 թվականը որևէ պնդման բացակայությունը ևս վկայում է, որ նրա հայտնած տեղեկություններն ասեկոսեներ են ու շահարկումներ: Նիգերիայում (որտեղ նա հասցե ուներ) Բրիտանիայի դեսպանատուն, քրեական հետախուզություն և այլոց ներկայացված հարցումների արդյունքում Ուեյրի գտնվելու վայրը պարզել չէր հաջողվել: Կապ էր հաստատվել Գարդայի հետ և Դուբլինի ու Մոնագանի ռմբահարությունների հարցով հետաքննության հանձնաժողովի քարտուղարության հետ, սակայն` ապարդյուն:
24. Ծանր հանցագործությունների հետաքննական խումբը (ԾՀՀԽ) հիմնվել էր 2004թ. մարտին, որի նպատակներից էր քննել պատմական նշանակություն ունեցող բոլոր սպանությունները` ապացուցողական և քննչական բնույթի հնարավորությունները պարզելու համար դեպքերի գնահատում իրականացնելու միջոցով: Դեպքի նախնական գնահատում էր իրականացվել գլխավոր տեսուչ-խուզարկուի կողմից, ով ուսումնասիրել էր առկա բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը:
25. Նախնական գնահատման արդյունքում գործն ուղարկվել էր Պատմական դեպքերի հետաքննության հանձնաժողով (ՊԴՀՀ): 2006թ. ապրիլի 28-ին ավագ քննիչը զեկուցագիր էր ներկայացրել դրանից հետո իրականացված հետաքննության վերաբերյալ: Որոշակիացվել էին հետաքննության մի շարք հավանական ուղիները և ներկայացվել էին հանձնարարականներ, այդ թվում այն մասին, որ ՊԴՀՀ-ն պետք է մանրամասն հարցաքննի Ուեյրին: Այդ հանձնարարականն ընդունվել էր: ՊԴՀՀ-ի հետաքննությունների գծով տնօրեն, խուզարկու, Լոնդոնի Մետրոպոլիտանի ոստիկանության գլխավոր ոստիկանապետ Ջեյմսն անձնական վերահսկողության ներքո էր վերցրել հետաքննությունը, որն այդ պահին անցել էր ՊԴՀՀ-ի քննության հինգ փուլերից երեքը (համապատասխան նյութերի հավաքում, տվյալ պահին քննության իրավիճակը, հետախուզության արտաքին և ոչ ոստիկանական աղբյուրներից ստացված ապացույցների ուսումնասիրություն` հարձակման զոհերի ընտանիքների հետ հանդիպումներին զուգահեռ): Քանի որ քննչական տեսանկյունից մի շարք հնարավորություններ էին ստեղծվել, որոշվել էր, որ ՊԴՀՀ-ն, որը Կենտրոնի միջոցով կապ էր հաստատել Ուեյրի հետ, պետք է շարունակի հետաքննությունը: Կառավարությունը նշել էր, որ եթե ապացուցվի, թե ոստիկանությունը մասնակցություն է ունեցել սպանություններին, ապա նշանակում է, որ գործում կներգրավվի նաև Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության հետ կապված հարցերով օմբուդսմենի գրասենյակը: Կառավարությունը տեղեկություն էր հայտնել, որ Ուեյրը վերջապես համաձայնել է Դուբլինում հանդիպել ՊԴՀՀ-ի հետ, սակայն նա, այնուամենայնիվ, հրաժարվել էր որևէ գրավոր հայտարարություն անել կամ հանդես գալ դատարանում:
26. Կապ էր հաստատվել ոստիկանության և ընտանիքի անդամների, վերջիններիս փաստաբանների կամ Կենտրոնի հետ: Մասնավորապես, հանդիպումներ էին տեղի ունեցել 2000թ. հունվարի 21-ին` գլխավոր ոստիկանապետ ՄքՔեննի հետ, 2001թ. դեկտեմբերի 19-ին` տեսուչ-խուզարկու Այքենի հետ, 2002թ. նոյեմբերին` տեսուչ-խուզարկու Ուիլիամսոնի հետ, 2004թ. հունիսին և օգոստոսին` գլխավոր ոստիկանի (կոնստեբլի) հետ: ՊՀԽ անդամները 2006թ. ապրիլի 5-ին և մայիսի 3-ին հանդիպել էին ընտանիքների կամ նրանց ներկայացուցիչների հետ: Իրականացվել էր նաև ծավալուն հաղորդակցություն ընտանիքների և նրանց ներկայացուցիչների հետ:
D. Հետաքննության անհամարժեքության հարցի դատական վերանայման վերաբերյալ գանգատը
Տե՜ս վերոհիշյալ Brecknell-ի գործը (կետեր 39-41):
E. Հետաքննությունների անկախ հանձնաժողովների զեկույցները (Իռլանդիայի Հանրապետություն)
Տե՜ս վերոհիշյալ Brecknell-ի գործը (կետեր 42-49):
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
27. Դիմողը գանգատվել էր, որ Միացյալ Թագավորությունը չի ապահովել իր որդիների սպանությանը ՈւԹՈ-ի ներգրավվածության վերաբերյալ 1999 թվականին Ջոն Ուեյրի արած հայտարարությունների կապակցությամբ արդյունավետ պաշտոնական քննության անցկացումը` վիճարկելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը սահմանում է.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:
Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է`
ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»:
A. Կողմերի դիրքորոշումները
28. Կողմերի դիրքորոշումները նույնն են, ինչ վերոհիշյալ Brecknell-ի գործով ներկայացվածները (կետեր 54-59, 60-64):
B. Դատարանի գնահատականը
29. Դատարանը մատնանշում է վերոհիշյալ Brecknell-ի գործով (կետեր 65-81) իր հիշատակած սկզբունքները և կատարած վերլուծությունը: Նույն հիմքով Դատարանը եզրակացնում է, որ Ուեյրի արած հայտարարությունների կապակցությամբ իրականացված հետաքննությունը` ՈւԹՈ-ի հսկողության տակ գտնվելու նախնական փուլում, բավարար չափով անկախ չի եղել: Միայն այդ մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
30. Հաշվի առնելով վերոհիշյալ եզրակացությունները` այս հոդվածի վերաբերյալ առանձին գանգատ քննելը Դատարանը նպատակահարմար չի համարում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
31. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
32. Դիմողը պահանջել է ոչ նյութական վնասի փոխհատուցում` այն տառապանքի և սթրեսի դիմաց, որն ինքը կրել էր իր որդիների մահվան հանգամանքների կապակցությամբ Պետության կողմից արդյունավետ պաշտոնական քննություն չանցկացնելու հետևանքով:
33. Կառավարությունը հայտնել է, որ եթե անգամ ընդունվի, որ դատավարական պարտավորության խախտում տեղի ունեցել է, միևնույն է, հաշվարկը չի կարող կատարվել այնպես, ինչպես կհաշվարկվեր մահվան անմիջական հետևանքների հետ կապված դատավարական խախտումների դեպքում: Կառավարությունը կարծիք է հայտնել, որ խախտման ճանաչումն ինքնին պետք է արդարացի փոխհատուցում համարվի: Հակառակ դեպքում պահանջները, թերևս, պետք է ավելի համեստ լինեն:
34. Դատարանը գտնում է, որ ներպետական իշխանությունները դիմողի որդիների մահվան մասին Ջոն Ուեյրի ներկայացրած սկզբնական պնդումների առնչությամբ չեն կատարել պատշաճ անկախ քննություն անցկացնելու` իրենց պարտականությունները: Այդ ամենը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ դիմողը կրել է որոշակի ոչ նյութական վնաս, որը բավարար չափով չի փոխհատուցվի սոսկ Կոնվենցիայի խախտումն ընդունելով: Կատարելով անկողմնակալ գնահատում` Դատարանը որոշում է, որ դիմողին պետք է վճարվի 5.000եվրո:
B. Ծախքեր և ծախսեր
35. Դիմողը պահանջել է 7,358.97 մեծբրիտանական ֆունտ` որպես տվյալ գործով իրականացված փաստաբանական ծախսերի փոխհատուցում, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
36. Կառավարությունը նշել է, որ փաստաբանի վարձատրության ընդհանուր գումարը (անգամ դատարաններում հոգատար աշխատանքի համար 50% հավելավճարի պայմաններում) չափից ավելի է, և որ այդ պահանջը կիսով չափ է հիմնավորված: Աշխատաժամանակի ընդհանուր թիվը ևս չափից ավելի է` հաշվի առնելով նույն ժամանակ քննված նույնանման չորս գործերը: Կառավարությունն առաջարկել է չորս գործերի համար` միասին, վճարել ոչ ավելի, քան 20.000 մեծբրիտանական ֆունտ:
37. Դատարանը հիշեցնում է, որ փոխհատուցման ենթակա են միայն այն իրավաբանական ծախսերը, որոնք կատարվել են փաստացի և անհրաժեշտաբար, և եթե դրանք քանակական առումով ողջամիտ են` Կոնվենցիայի 41-րդ հոդվածի իմաստով (ի թիվս այլ գործերի` տե՜ս Nikolova v. Bulgaria [GC], no. 31195/96, 1999թ. մարտի 25-ի վճիռ, կետ 79, և Smith and Grady v. the United Kingdom (just satisfaction), no. 33985/96 և no. 33986/96, կետ 28, ECHR 2000-IX գործերը):
38. Brecknell-ի գործով (կետ 92) Դատարանն արդեն որոշել էր, որ դիմողին որպես փաստաբանական ծախսերի փոխհատուցում պետք է վճարվի 29.000 եվրո: Հաշվի առնելով այն փաստը, որ հիմնական դիմումից անջատ քննություն է պահանջվել միայն ի սկզբանե ներկայացված փաստերի առնչությամբ, Դատարանը որոշում է, որ դիմողին պետք է վճարվի 5.000 եվրո, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
C. Տուգանային տոկոսներ
39. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` ՈւԹՈ-ի կողմից 1999թ. սկսված քննության նախնական փուլում ՈւԹՈ-ի ոչ բավարար անկախության կապակցությամբ,
2. Վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման վերաբերյալ առանձին քննությունն անհրաժեշտ չէ:
3. Վճռում է, որ.
(a) Պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ստորև նշված գումարները դիմողին պետք է վճարի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, որոնք պետք է հաշվվեն ֆունտ ստեռլինգով` փոխհատուցման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքին համապատասխան.
(i) 5.000 (հինգ հազար) եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
(ii) 5.000 (հինգ հազար) եվրո` որպես ծախքերի և ծախսերի փոխհատուցում,
(b) վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
4. Մերժում է դիմողի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր հրապարակված 2007թ. նոյեմբերի 27-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
____________________
1 Ծանոթագրությունը` թարգմանչի:
2 Ծանոթագրությունը` թարգմանչի:
