Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1067
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.31/7(947) Հոդ.59
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 հունվարի 2013 թ. 

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՈՒՏՐԵԽՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի նոյեմբերի 16-ին Ուտրեխտում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 28.11.2012թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունն ստորագրվել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին Ուտրեխտում` մասնակից պետություններում տեղական իշխանության գործերին յուրաքանչյուրի մասնակցության իրավունքն օրենսդրորեն ապահովելու և այդ իրավունքի ապահովման համար անհրաժեշտ ընթացակարգերի, նորմերի, պայմանների ու սահմանափակումների սահմանման նպատակով:

2. Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2012թ. հունիսի 1-ին: 2012 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ այն ստորագրել է 17 պետություն, ուժի մեջ է մտել 10 պետության համար: Հայաստանի Հանրապետությունն արձանագրությունն ստորագրել է 2010 թվականի մարտի 18-ին:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների գործերին յուրաքանչյուրի մասնակցության իրավունքը ՀՀ իրավազորության շրջանակներում,

 ապահովել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների գործերին յուրաքանչյուրի մասնակցության իրավունքի իրականացմանը նպաստելու միջոցները սահմանվեն օրենքով,

 ապահովել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցելու իրավունքի մասով ցանկացած ձևական պահանջ, պայման կամ սահմանափակում սահմանվի օրենքով և համապատասխանի ՀՀ միջազգային իրավական պարտավորություններին,

 ձեռնարկել բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցելու իրավունքը կյանքի կոչելու համար,

 կիրառել արձանագրությունը ՀՀ տարածքում գործող տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր կատեգորիաների նկատմամբ և այլն:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում ֆինանսական պարտավորություններ:

5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2009 թվականի նոյեմբերի 16-ին Ուտրեխտում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

 Գ. Հարությունյան

 

22 հունվարի 2013 թ.

 ՍԴՈ-1067

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան