ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2016 թվականի N 1161-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Դիլիջանի համայնքի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր Դիլիջանի, Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող 7.34123 հեկտար հողատարածքին հարակից 0.50545 հեկտար հողատարածքը 6,277,689 դրամ կադաստրային արժեքով ձեռք բերելու նպատակով:
3. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Դիլիջանի Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող 15,038,533,564.0 դրամ սկզբնական և 12,607,294,553.6 դրամ հաշվեկշռային արժեքներով անավարտ շինարարության օբյեկտը (այդ թվում` 7.34123 հեկտար հողատարածքը) և դրա շահագործման հետ կապված գույքը` համաձայն N 4 հավելվածի, ինչպես նաև 7.34123 հեկտար հողատարածքին հարակից 0.50545 հեկտար հողատարածքը (այսուհետ բոլորը միասին` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի և դրան վերաբերող փաստաթղթերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված հանձնում-ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի ավարտված մասի և դրան հարակից 0.50545 հեկտար հողատարածքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը` գույքի չափագրման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին.
2) պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել գույքն օգտագործման հանձնելու վերաբերյալ առաջարկություն` օգտագործման պայմանները նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 18 Երևան |
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |