ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2013 թվականի N 1110-Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՆՈՏԱՐՆԵՐԻ, ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ, ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգին միանալու մասին պայմանագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 21 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՆՈՏԱՐՆԵՐԻ, ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ, ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ գործակալություն) սպասարկման գրասենյակների գործառույթները սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց կողմից իրականացվելու կարգը։
2. Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները կարող են իրականացնել՝
1) նոտարը.
2) վերջին երկու տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեցող փաստաբանը, որը գործունեություն է իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում.
3) վերջին երկու տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեցող փաստաբանական գրասենյակը, որը գործունեություն է իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում.
4) հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական կենտրոնների սպասարկման գործառույթներ իրականացնելու նպատակով ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորները:
(2-րդ կետը լրաց. 27.10.16 N 1098-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձինք (այսուհետ՝ սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձ) գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնում են գործակալության հետ կնքված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածով նախատեսված պայմանագրի հիման վրա՝ միանալով գործակալության տեղեկատվական համակարգին (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ):
4. Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնել ցանկացող անձը գործակալություն է ներկայացնում դիմում, ինչին կցում է սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձ համարվելը հիմնավորող փաստաթուղթ և որոշման N 2 հավելվածով նախատեսված պայմանագրի լրացված և հաստատված օրինակը: Դիմումը պետք է բովանդակի`
1) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը).
2) պաշտոնը.
3) հանրային ծառայության համարանիշը (իրավաբանական անձի դեպքում՝ գրանցման համարը).
4) դիմողի հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները՝ հասցեն, հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի հասցեն և համացանցային հասցեն, ինչպես նաև այն անձանց տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը և դիմողի հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները, ովքեր սույն կարգի 9-րդ կետի համաձայն պետք է անցնեն դասընթացներ:
5. Գործակալությունը դիմումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ստուգում է ներկայացված փաստաթղթերը՝ ըստ անհրաժեշտության տեղեկություններ պարզելով այլ պետական մարմիններից և անձանցից:
6. Գործակալությունը մերժում է պայմանագրի կնքումը, եթե՝
1) պարզվում է, որ դիմումում և կից փաստաթղթերում ներկայացված է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն.
2) դիմում ներկայացվելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում դիմող անձի հետ սույն կարգով նախատեսված կարգով միակողմանիորեն լուծվել է որոշման N 2 հավելվածով նախատեսված պայմանագիրը:
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում գործակալությունը մերժում է պայմանագրի ստորագրումը՝ կից ներկայացնելով ստորագրելուց հրաժարվելու հիմքերը և հիմնավորող փաստաթղթերը:
8. Երկշաբաթյա ժամկետում պայմանագիր կնքելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ որոշում չընդունվելու դեպքում պայմանագիրը համարվում է կնքված, և գործակալությունը դիմողին է հանձնում իր կողմից հաստատված պայմանագրի օրինակը:
9. Փաստաբանը, ինչպես նաև փաստաբանական կամ նոտարական գրասենյակի առնվազն մեկ աշխատող, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի առնվազն տասը աշխատող, մինչև որոշման N 2 հավելվածով նախատեսված պայմանագրի գործողությունների իրականացումը, պետք է անցնեն նախարարության կողմից կազմակերպված սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման վերաբերյալ դասընթաց:
(9-րդ կետը խմբ. 27.10.16 N 1098-Ն)
10. Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձին տեղեկատվական համակարգին միանալու համար տրամադրվում է համապատասխան մուտքի անուն, գաղտնաբառ և ըստ անհրաժեշտության՝ անվճար անվտանգության սարք: Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան իրականացնում է գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները` կապված՝
1) իրավաբանական անձանց պետական գրանցում (այդ թվում՝ փոփոխությունների, լուծարման և վերակազմակերպման հետ կապված պետական գրանցում) իրականացնելու հետ.
2) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման (այդ թվում՝ փոփոխությունների և վերակազմակերպման հետ կապված հաշվառման տվյալների փոփոխությունների) հետ.
3) անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման (այդ թվում` փոփոխությունների և հաշվառումից հանելու) հետ:
11. Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնելու նպատակով ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր գործառույթները, որոնք իրականացվում են գործակալության սպասարկման գրասենյակների կողմից:
12. Գործակալությունը վարում է սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձանց ցուցակ, որում նշվում են այդ անձանց տվյալները և նրանց հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները: Ցուցակը հրապարակվում է հttp://www.e-register.am ինտերնետային կայքում և թարմացվում` ըստ անհրաժեշտության:
13. Գործակալությունն իրավասու է ցանկացած ժամանակ ստուգելու սույն կարգով, որոշման N 2 հավելվածով նախատեսված պայմանագրով նախատեսված՝ սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձի պարտականությունների կատարման պատշաճությունը, ինչպես նաև սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձի՝ որոշման N 2 հավելվածով նախատեսված պայմանագիր կնքելու նախնական պահանջներին համապատասխանելու հարցը:
14. Խախտումներ հայտնաբերելու, ինչպես նաև սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձի՝ որոշման N 2 հավելվածով նախատեսված պայմանագիր կնքելու նախնական պահանջներին այլևս չհամապատասխանելու դեպքում, եթե նշված թերությունները հայտնաբերվել են յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում` առաջին անգամ, գործակալությունը դրա մասին ծանուցում է սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձին՝ տրամադրելով տասնհինգ օր՝ խախտումները շտկելու համար:
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետում սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձի կողմից գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացումը կասեցվում է, և սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձի գաղտնաբառը (գաղտնաբառերը) և ծածկանունը (ծածկանունները) չեն գործում` մինչև գործառույթների իրականացման կասեցման ավարտը:
16. Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձը խախտումները շտկելուն պես դրա մասին ծանուցում է գործակալությանը` կցելով համապատասխան փաստաթղթեր:
17. Եթե սույն կարգի 15-րդ կետով նախատեսված ծանուցման մեջ նշված թերությունները չեն շտկվում տասնհինգօրյա ժամկետում, կամ, եթե խախտումը կատարվել է մեկ տարվա ընթացքում` երկրորդ անգամ, պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է գործակալության կողմից, և դրա մասին ծանուցվում է սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձին:
18. Սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետում նշված գործողության իրականացման համար դիմողն սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը:
19. Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձի կողմից ստուգվում են դիմողի ինքնությունը և դիմումում մատնանշված փաստաթղթերի՝ դիմումին կցված լինելը: Անհամապատասխանություն չհայտնաբերվելու դեպքում սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձը թվայնացնում է դիմողի կողմից տրամադրված փաստաթղթերը` պատկերամուտի միջոցով արված «PDF» ձևաչափի ֆայլերով, ստորագրում էլեկտրոնային թվային ստորագրությամբ և մուտքագրում տեղեկատվական համակարգ:
20. Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձը կրում է սպասարկման գրասենյակների համար օրենքով սահմանված պարտավորությունները:
21. Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, իր ստորագրությամբ տալիս է պետական գրանցումը կամ հաշվառումը հավաստող միասնական ձևի քաղվածքի պատճենը, որը հավասարազոր է քաղվածքի՝ գործակալության կողմից տրվող պատճենին:
22. Փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը, սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնելիս, ստացված բոլոր բնօրինակ փաստաթղթերը յուրաքանչյուր ամիս հանձնման-ընդունման փաստաթուղթ ստորագրելու միջոցով հանձնում է գործակալություն: Փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը մինչև բնօրինակ փաստաթղթերը հանձնելը պատասխանատվություն է կրում դրանց պահպանման համար:
23. Նոտարը, ինչպես նաև հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական կենտրոնների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնելու նպատակով ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունն ստացված բոլոր բնօրինակ փաստաթղթերը պահում են իրենց մոտ և պատասխանատվություն են կրում դրանց պահպանման համար:
24. Սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի, փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի կողմից իրականացվելիս` գործակալություն ներկայացվող փաստաթղթերն իր էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է համապատասխանաբար նոտարը կամ ծառայություններ մատուցող օպերատորի լիազորված աշխատողը կամ փաստաբանը:
(24-րդ կետը խմբ. 27.10.16 N 1098-Ն)
(հավելվածը լրաց., խմբ. 27.10.16 N 1098-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-Ն որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան |
_____ ____________ 20 թ. |
1. Պայմանագրի կողմերը
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (այսուհետ` աշխատակազմ), որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կանոնադրության հիման վրա, հանձին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ գործակալություն), ում անունից սույն պայմանագիրն ստորագրում է գործակալության պետը, մի կողմից, և __________________________ը, հանձին __________________________-ի, որը հանդես է գալիս __________________________-ի հիման վրա (այսուհետ` գրասենյակ), մյուս կողմից (գործակալությունը և գրասենյակն այսուհետ առանձին հիշատակման ժամանակ՝ կողմ, միասին հիշատակման ժամանակ՝ կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
2. Պայմանագրի առարկան
2.1. Սույն պայմանագրով կարգավորվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները՝ կապված գրասենյակի՝ ինքնաշխատ համակարգի միջոցով գործակալության տեղեկատվական համակարգին միանալու հետ (այսուհետ՝ համակարգին միանալ):
2.2. Սույն պայմանագիրն ի թիվս այլ հարցերի կարգավորում է համակարգին միանալու գործընթացը, համակարգին միանալու միջոցով այլ անձանց ծառայություններ մատուցելիս` կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև գրասենյակի վճարման պարտականությունը, դրա կատարման ժամկետները և կարգը:
3. Կողմերի հայտարարությունները և հավաստումները
3.1. Գրասենյակն անվերապահորեն հայտարարում և հավաստում է, ինչպես նաև պարտավորվում է ժամանակի ցանկացած պահի գործակալության պահանջով հայտարարել և հաստատել, որ ինքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնող անձի կարգավիճակ ձեռք բերելու համար նախատեսված նվազագույն պահանջներին:
3.2. Գրասենյակն անվերապահորեն հայտարարում և հավաստում է, որ սույն պայմանագրի հիման վրա համակարգին միանալը կկիրառի բացառապես սույն պայմանագրով նախատեսված իրավունքների ու պարտականությունների իրականացման համար:
3.3. Կողմերը հայտարարում և հավաստում են, որ սույն պայմանագրի իրականացումը չի համարվում փաստաբանական կամ նոտարական գործունեություն և, հետևաբար, սույն պայմանագրով նախատեսված գործառույթների իրականացման վրա չի տարածվում փաստաբանական կամ նոտարական գործողությունների գաղտնիության սկզբունքը:
3.4. Սույն պայմանագրի 3.3-րդ կետը չի վերաբերում համակարգին միանալու հետ կապ չունեցող խորհրդատվությանը և փաստաթղթերի կազմմանը, այդ թվում՝ մինչև սույն պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացումը գրասենյակի կողմից իր հաճախորդներին տրված խորհրդատվությանը և համակարգից դուրս փաստաթղթեր պատրաստելուն:
3.5. Գրասենյակն անվերապահորեն հայտարարում և հավաստում է, որ սույն պայմանագրի կնքմանը նախորդող մեկ տարվա ընթացքում իր հետ իր մեղքով չի լուծվել գործակալության տեղեկատվական համակարգին միանալու մասին պայմանագիրը:
4. Գրասենյակի համակարգին միանալու գործընթացը և տեխնիկական սպասարկումը
4.1. Սույն պայմանագիրը կնքելուց հետո մեկ ամսվա ընթացքում աշխատակազմը գրասենյակին տեղեկացնում է համապատասխան մասնագետների վերապատրաստման դասընթացների տարբերակների մասին՝ նշելով դասընթացների կազմակերպչին, դասընթացների անցկացման վայրը, դասընթացների սկիզբը և տևողությունը, դասընթացների վճարի չափը և այլ անհրաժեշտ պայմաններ:
4.2. Համապատասխան մասնագետի կողմից դասընթացներն ավարտվելուց և համապատասխան քննությունը դրական հանձնելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը գրասենյակի համար համակարգում բացում է համապատասխան տիրույթ և գրասենյակին տրամադրում համապատասխան թվով մուտքի անուններ, գաղտնաբառեր, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ անվտանգության սարքեր:
4.3. Պայմանագիրը որևէ հիմքով լուծելուն պես գործակալությունն անմիջապես չեղարկում է ծածկանունն ու գաղտնաբառը: Գրասենյակը պարտավոր է անվտանգության սարքը (եթե այդպիսին տրամադրվել է) գործակալություն վերադարձնել ծածկանունն ու գաղտնաբառը չեղարկելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Պայմանագրի գինը և վճարման կարգը
5.1. Սույն պայմանագրի ամսական վճարը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին»2 N 860-Ն որոշմամբ:
5.2. Եթե սույն պայմանագրի 5.1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշման մեջ կատարվեն փոփոխություններ, ինչի արդյունքում փոփոխվի համապատասխան գինը, ապա նշված փոփոխությունն ուժի մեջ կմտնի կողմերի միջև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե գրասենյակը սույն պայմանագրով նախատեսված կարգով միակողմանիորեն չհրաժարվի սույն պայմանագրից:
5.3. Գրասենյակի կողմից պայմանագրի գինը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվա առաջին աշխատանքային օրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին գումարը փոխանցելու միջոցով:
5.4. Գումարը համարվում է վճարված, երբ համապատասխան դրամական միջոցները մուտք են արվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին:
6. Կողմերի մյուս իրավունքները և պարտականությունները
6.1. Գրասենյակը պարտավոր է`
6.1.1. բարեխղճորեն օգտվել ինքնաշխատ համակարգից, չշրջանցել ինքնաշխատ համակարգն օգտագործելու ծրագրային սահմանափակումները, չիրականացնել կամ չփորձել իրականացնել ծրագրային կոդի վերծանում, հետադարձ ինժիներինգ, կոդի փոփոխություն, տվյալների ամբողջական շտեմարանի պատճենահանում կամ որևէ այլ կերպ չմիջամտել կամ չփորձել միջամտել համակարգի բնականոն աշխատանքին.
6.1.2. ապահովել համակարգում առկա անձնական տվյալների պաշտպանությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծավալներով և չափով.
6.1.3. համակարգին միանալու միջոցով ծառայություններ մատուցելիս` ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, այդ թվում` նաև փաստաթղթեր ներկայացնող և գրանցման համար դիմող անձանց ինքնության պատշաճ ստուգումը և նույնականացումն իր աշխատողների կողմից.
6.1.4. համակարգից օգտվելու նպատակով ձեռք բերել գործակալության կողմից մատնանշված համակարգի էլեկտրոնային ստորագրություն (ստորագրություններ).
6.1.5. գաղտնաբառը և ծածկագիրը չտրամադրել գրասենյակի աշխատող չհամարվող որևէ անձի.
6.1.6. համակարգին միանալու միջոցով երրորդ անձանց ծառայություններ մատուցելիս` պարզաբանել նրանց համակարգի հնարավորությունները, այդ թվում՝ տիպային փաստաթղթերի կիրառմամբ գրանցումներ կատարելու հնարավորությունը, և երրորդ անձանց պահանջով գրանցման համար անհրաժեշտ փաթեթը պատրաստել ու գրանցման ներկայացնել համակարգում զետեղված տիպային փաստաթղթերի հիման վրա.
6.1.7. համակարգին միանալու միջոցով երրորդ անձանց ծառայություններ մատուցելիս` պահպանել էթիկայի և մարդկային համակեցության կանոնները, բարեհամբույր սպասարկել գործառույթից օգտվելու համար դիմող բոլոր անձանց.
6.1.8. համակարգին միանալու միջոցով երրորդ անձանց ծառայություններ մատուցել` առանց որևէ խտրականության.
6.1.9. սահմանել համակարգին միանալու միջոցով երրորդ անձանց մատուցվող ծառայությունների մանրամասն սակագին, սակագինը փակցնել իրենց գրասենյակում` տեսանելի վայրում, ինչպես նաև զետեղել գրասենյակի համացանցային պաշտոնական էջում՝ կայքի առկայության դեպքում, ծառայության համար դիմող անձի պահանջով վճարն ընդունել ինչպես կանխիկ՝ պահպանելով կանխիկ վճարումները կարգավորող օրենսդրության պահանջները, այնպես էլ` անկանխիկ.
6.1.10. պահպանել համակարգ մուտք արված փաստաթղթերի բնօրինակները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ու կարգով, և պատասխանատվություն կրել դրանց անվտանգության ու պահպանության համար.
6.1.11. մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանձնման-ընդունման ակտի հիման վրա, նախորդ ամսվա ընթացքում հիմք հանդիսացած փաստաթղթերի բնօրինակները հանձնել գործակալություն, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ, որ այդ փաստաթղթերի բնօրինակները պետք է պահպանվեն գրասենյակում.
6.1.12. մեկօրյա ժամկետում դիմել գործակալությանը՝ գրասենյակի կողմից գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացումը կասեցնելու պահանջով՝ մինչև իր կողմից հավաստումների և հայտարարությունների վերահաստատումը, եթե սույն պայմանագրի կատարման ընթացքում գրասենյակը համոզվում է, որ սույն պայմանագրով կատարված կամ կատարվելիք հայտարարություններն ու հավաստումներն այլևս չեն համապատասխանում իրականությանը.
6.1.13. կապ հաստատող տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության դեպքում հնգօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել գործակալությանը՝ նշելով փոփոխված տվյալները:
6.2. Գրասենյակն իրավունք չունի համակարգին միանալու միջոցով ստացված տեղեկություններն օգտագործելու սույն պայմանագրի հետ կապ չունեցող որևէ նպատակով, այդ թվում` նաև որպես ապացույց դատարանում կամ վեճերի լուծման այլ մեխանիզմների ժամանակ՝ բացառությամբ կողմերի միջև սույն պայմանագրի կատարման հետ կապված վեճերի:
6.3. Գրասենյակն իրավունք ունի`
6.3.1. համակարգին միանալու միջոցով ծառայություններ մատուցելու երրորդ անձանց՝ ծառայությունների համար գանձելով ծառայության վճար.
6.3.2. ազատորեն սահմանելու ծառայության վճարը՝ պայմանով, որ այդ վճարը կկիրառվի բոլոր անձանց նկատմամբ` առանց խտրականության.
6.3.3. հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատակազմից ստանալու համակարգին միանալուն վերաբերող տեխնիկական խորհրդատվություն՝ առկա կամ հայտնաբերված տեխնիկական խնդիրների լուծման նպատակով։
6.4. Գործակալությունն իրավունք ունի`
6.4.1. համակարգի անվտանգության ապահովման, ինչպես նաև անբարեխիղճ օգտագործումը կանխելու նպատակով արգելափակելու գրասենյակի մուտքն ինքնաշխատ համակարգ` արգելափակումն իրականացնելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային կապի միջոցով դրա մասին ծանուցելով գրասենյակին։
7. Պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը և պարտավորությունների խախտման համար պատասխանատվությունը
7.1. Գործակալությունն իրավունք ունի ստուգելու գրասենյակի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման պատշաճությունը և սույն պայմանագրով իրականացված կամ իրականացվելիք հավաստումների ու հայտարարությունների համապատասխանությունն իրականությանը:
7.2. Սույն պայմանագրի 7.1-ին կետով նախատեսված ստուգման անհրաժեշտության դեպքում գործակալությունը կարող է`
7.2.1. պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում` նաև ծառայությունների մատուցման սակագին, համակարգ մուտք արված փաստաթղթերի բնօրինակներ, գրասենյակի հավաստումները և հայտարարությունները հիմնավորող փաստաթղթեր.
7.2.2. գրասենյակին ծանուցել նրա տարածքում ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտության, այդ թվում` նաև սակագների փակցված լինելը, սպասարկման որակը և համակեցության կանոնների պահպանումն ստուգելու մասին: Այս դեպքում գործակալությունն էլեկտրոնային փոստի կամ հեռախոսի միջոցով գրասենյակին ծանուցում է նախատեսվող ուսումնասիրության մասին` նշելով ուսումնասիրության մոտավոր ժամանակը, ուսումնասիրության ենթակա հարցերի շրջանակը և ուսումնասիրության աշխատանքներում ներգրավված անձանց տվյալները:
7.3. Գործակալությունն իրավասու է նաև իրականացնելու «թաքնված ուսումնասիրություններ», երբ, առանց գրասենյակին հայտնելու, վերջինիս մատուցած ծառայություններից, որպես երրորդ անձ, օգտվում է գործակալության աշխատողը կամ մասնագիտացված կազմակերպության աշխատողը կամ այլ մասնագետ:
7.4. Յուրաքանչյուր դեպքում գրասենյակն իրավասու է չհամաձայնելու սույն պայմանագրի 7.2-րդ կետով նախատեսված ստուգման անցկացման հետ` դրա մասին ուղղակիորեն տեղեկացնելով գործակալությանը: Հակառակ դեպքում համարվում է, որ գրասենյակը տվել է իր համաձայնությունը:
7.5. Եթե գրասենյակն օգտվում է սույն պայմանագրի 7.4-րդ կետով նախատեսված ստուգումից հրաժարվելու իր իրավունքից կամ սույն պայմանագրով նախատեսված դեպքում դիմում է գործակալություն` իր կողմից սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացումը կասեցնելու համար, ապա իր կողմից սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացումը կասեցվում է` մինչև համապատասխան խոչընդոտների վերացումը:
7.6. Եթե գործակալությունը հայտնաբերում է պայմանագրի պահանջների խախտում, ապա դրա մասին էլեկտրոնային փոստի միջոցով կամ գրավոր կամ որևէ այլ եղանակով ծանուցում է գրասենյակին:
7.7. Գրասենյակը սույն պայմանագրի 7.6-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալու պահից տասնհինգ օրվա ընթացքում պարտավոր է շտկել թերությունները և դրա մասին տեղեկացնել գործակալությանը: Այդ դեպքում ծանուցման պահից մինչև սխալների շտկումը գործակալությունը կասեցնում է սույն պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների կատարումը:
7.8. Տասնհինգօրյա ժամկետում սխալները չշտկելու և դրա մասին գործակալությանը չծանուցելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ խախտումը հայտնաբերվել է օրացուցային տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ առանց ծանուցման, գործակալությունը միակողմանիորեն դադարեցնում է սույն պայմանագիրը՝ դադարեցման պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցելով գրասենյակին:
7.9. Գրասենյակը պայմանագրի վճարման ժամկետը խախտելու համար գործակալությանը վճարում է տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար պայմանագրով նախատեսված ամսական վճարի 0,5 տոկոսի չափով։
8. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
8.1. Կողմերն ազատվում են սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար նախատեսված պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։
9. Պայմանագրի փոփոխությունները և լուծումը
9.1. Գործակալության կողմից պայմանագիրը միակողմանիորեն դադարեցվում է սույն պայմանագրով նախատեսված կարգով՝ հիմք ընդունելով գրասենյակի կողմից կատարված պայմանագրային պարտավորությունների խախտումները:
9.2. Գրասենյակն իրավասու է իր ընտրությամբ, առանց պատճառաբանության, դրա մասին գրավոր ծանուցելով գործակալությանը, միակողմանիորեն լուծելու պայմանագիրը: Այդ դեպքում պայմանագիրը համարվում է լուծված` գործակալությունում ծանուցումն ստանալու ամսվա վերջին աշխատանքային օրը:
9.3. Պայմանագիրը կարող է միակողմանիորեն փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հիմքով: Այդ դեպքում գործակալությունը դրա մասին ծանուցում է գրասենյակին, և պայմանագրի փոփոխություններն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող ամսվա 1-ից:
9.4. Սույն պայմանագրի 9.3-րդ կետով նախատեսված դեպքում պայմանագրի միակողմանի փոփոխության դեպքում որևէ հավելյալ փաստաթուղթ չի կնքվում, և պայմանագիրը համարվում է մեխանիկորեն փոփոխված:
9.5. Պայմանագիրը գործակալության կողմից կարող է միակողմանիորեն փոփոխվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության այնպիսի փոփոխությունների դեպքում, երբ պայմանագիրը չփոփոխելը կհակասի փոփոխված օրենսդրությանը: Նշված փոփոխությունները նույնպես ուժի մեջ են մտնում համապատասխան օրենսդրական փոփոխություններին հաջորդող ամսվա սկզբից:
10. Եզրափակիչ դրույթներ
10.1. Սույն պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով և գործում է մինչև սույն պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով դադարելը:
10.2. Սույն պայմանագրով նախատեսված անհատական տվյալների գաղտնիության դրույթը շարունակում է գործել` անկախ պայմանագրի գործողությունից՝ անժամկետ, եթե տվյալների գաղտնիության այլ ժամկետներ սահմանված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
10.3. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմի մոտ գտնվում է պայմանագրի մեկական օրինակ։
11. Կողմերի տվյալները
Գրասենյակ —————————————————----- (անունը, ազգանունը կամ անվանումը) —————————————————----- (անձնագրային տվյալները կամ ՀՎՀՀ-ն) —————————————————----- (հեռախոսահամարը, ֆաքսը) —————————————————----- (հասցեն)
—————————————————----- (ստորագրությունը) |
Գործակալություն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն քաղ. Երևան, Կոմիտասի 49/3
—————————————————----- (ստորագրությունը)
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |