ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2016 թվականի N 1160-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» N 474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պետական գույքի կառավարման նպատակների իրականացման, ընթացիկ փուլի առաջնահերթությունների, նախապատվությունների և սահմանափակումների կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշմամբ սահմանված Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի, ինչպես նաև հաջորդող յուրաքանչյուր եռամյա ծրագրի գործողության ժամկետի ավարտից երեք ամիս առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական գույքի կառավարման եռամյա ծրագիր, որը պետական գույքի կառավարման նպատակների իրագործմանն ուղղված` տվյալ ժամանակահատվածի կտրվածքով իրականացվող միջոցառումների և գործարքների, զարգացման առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող միջոցառումների համակարգ է.».
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «նախորդ տարում գործող» բառերով.
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող` սույն որոշման 1-ին կետում նշված պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը պետք է բովանդակի`
1) «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջները.
2) պետական սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որոնց նկատմամբ տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել որոշակի միջոցառումներ և կնքել գործարքներ՝ ըստ տարիների:».
4) որոշման 3-րդ կետը «կառավարման» բառից հետո լրացնել «եռամյա» բառով.
5) որոշման 6-րդ կետը «24-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1.1-ին մասի» բառերով, իսկ «խոշոր կազմակերպություններ,» բառերից հետո՝ «ինչպես նաև հինգ հարյուր միլիոն և ավելի դրամ արժեքով ակտիվներ ունեցող այն առևտրային կազմակերպություններում, որոնք երեք տարիների ընթացքում աշխատել են վնասով» բառերով.
6) որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի համաձայն ստեղծվող տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվում են տվյալ պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, ինչպես նաև տվյալ ոլորտի մասնավոր հատվածը ներկայացնող ընկերության (կազմակերպության) և ակադեմիական (գիտական) որևէ հաստատության ներկայացուցիչներ, իսկ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամների կողմից՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ընդ որում, պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացնում են խորհրդի նախագահի՝ նախապես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու: Խորհրդի նախագահ չեն կարող ընտրվել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք:».
7) որոշման 8-րդ կետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «յուրաքանչյուր եռամյա ծրագրի վերջին տարվա մինչև հուլիսի 31-ը» բառերով, իսկ «և սույն որոշման 6-րդ կետում նշված կազմակերպությունների» բառերը հանել.
8) որոշման 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սահմանել, որ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում իրենց կողմից լուծարվող, ինչպես նաև լուծարման գործընթաց մտած նոր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) լուծարման ընթացքի և այդ գործընթացում առկա խնդիրների մասին տեղեկատվություն:».
9) որոշման 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 12-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո ուսումնասիրել կազմակերպությունների լուծարման գործընթացը, անհրաժեշտության դեպքում տրամադրել համապատասխան խորհրդատվություն, իսկ ուսումնասիրման արդյունքները մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:».
10) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով.
«14.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամյա ծրագրի կատարման մասին յուրաքանչյուր տարվա հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելուց հետո՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ը, ելնելով կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակից, եռամյա ծրագրի հաշվետու տարվա և կազմակերպությունների զարգացման ծրագրերի կատարման արդյունքներից, համապատասխան կազմակերպության և պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հետ քննարկման արդյունքում՝ համապատասխան պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել տվյալ կազմակերպության՝ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն պայմանագրով կառավարման հանձնելու, վերակազմակերպման կամ կազմակերպության լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և մասնավորեցման ծրագրերում ընդգրկելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:»:
2. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել իրենց կողմից լուծարվող կազմակերպությունների մասին տվյալներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. նոյեմբերի 18 Երևան
վարչապետԿ. Կարապետյան