«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2005 թվականի N 158-Ն
ՄԱՆԿԱՏԱՆ (ԱՆԿԱԽ ԴՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԻՑ) ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել մանկատան շրջանավարտներին տրամադրվող միանվագ դրամական օգնության գումարի չափը` 50000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄԱՆԿԱՏԱՆ (ԱՆԿԱԽ ԴՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԻՑ) ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը:
2. Դրամական օգնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համապատասխան մանկատանն այդ նպատակով հատկացված միջոցներից:
3. Դրամական օգնության տրամադրման համար մանկատունը յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն մանկատան անվանման, գտնվելու վայրի, հաշվարկային հաշվի համարի, ընթացիկ տարում մանկատան չափահաս դարձած շրջանավարտների անձը հաստատող փաստաթղթերի, ինչպես նաև տեղեկանք` խնամակալության և հոգաբարձության մարմնից, այդ երեխայի` որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանկատներից ստացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ֆինանսական միջոցների մասին հայտ:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրման ենթակա դրամական օգնության գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցում է մանկատան հաշվարկային հաշվին:
6. Միանվագ դրամական օգնությունը մանկատան շրջանավարտներին տրամադրվում է մանկատան կողմից` նրանց` մանկատնից դուրս գրվելու ժամանակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Միանվագ դրամական օգնության տրամադրման համար ներկայացված ոչ հավաստի տեղեկատվության համար պատասխանատվություն են կրում դրանք տրամադրող պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան