ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի «ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
25 հոկտեմբերի 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Հ. Գևորգյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21 (1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1994 թվականի ապրիլի 15-ի «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել 1999 թվականի հոկտեմբերի 6-ին սահմանադրական դատարանում մուտքագրված` Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը:
Ուսումնասիրելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Գևորգյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1994 թվականի ապրիլի 15-ի «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունն ստորագրվել է 1999 թվականի ապրիլի 2-ին Մոսկվայում` համաձայնագրի դրույթների զարգացման և խորացման, ազատ առևտրի գոտու կազմավորման գործընթացների արագացման նպատակով:
Փոփոխությունների և լրացումների ենթակա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 1998 թվականի փետրվարի 17-ի թիվ 88 որոշմամբ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, և այն դեռևս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից չի վավերացվել:
Արձանագրությունով «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագիրը լրացվել է մի շարք նոր դրույթներով, որոնք վերաբերում են`
1) Պայմանավորվող կողմերի գործողությունները համակարգող մարմնի ստեղծմանը.
2) անուղղակի հարկերի կիրառման կարգին,
3) հատուկ առևտրային միջոցների կիրառմանը,
4) ձեռնարկատիրական գործունեության մեջ ազատ և հավասար մրցակցությունը խոչընդոտող գործողությունների բացառմանը,
5) պետական գնումների ազգային շուկաների ազատականացման համար պայմանների ստեղծմանը:
Մի շարք հոդվածներում կատարված փոփոխությունները հիմնականում հստակեցնում և ճշգրտում են համաձայնագրի առանձին դրույթներ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1994 թվականի ապրիլի 15-ի «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
