040.0261.22.04.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 1999 թվականի N 261
քաղ. Երևան
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Սևանա լճից ոռոգման և էներգետիկ նպատակներով ջրի բացթողումների և լճի ավազանում ջրի չկարգավորված օգտագործման պատճառով լճի մակարդակի կտրուկ անկման, նրա էկոլոգիական վիճակի վատթարացման հանգամանքը և ստեղծված վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 1999 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումները 52 մլն խոր. մետրով կրճատելու վերաբերյալ առաջարկությանը և 1999 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառը սահմանել 198 մլն խոր. մետր:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`
ա) 1999 թվականի ընթացքում ավարտել Հրազդանի ՀԷԿ-ի բազայի վրա նախատեսվող ջրակուտակիչ կայանի աշխատանքային նախագծերի կազմման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված կայանի կառուցման համար` ըստ տարիների, անհրաժեշտ ֆինանսական ներդրումների վերաբերյալ.
բ) մինչև 1999 թվականի մայիսի 15-ը ավարտել Սևան-Հրազդան համակարգի ՀԷԿ-երի կարգավորիչ ջրամբարների բացվածքների և ջրի ելքերի չափաբերումն ու աստիճանավորումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ մինչև ոռոգման շրջանի սկսվելը վերացնել ապօրինի ջրառը Սևան-Հրազդան համակարգի դերիվացիոն ջրանցքներից.
դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ կարգավորել Գեղամավանի դիտակետից ներքև տեղադրված` ջրանցքից դեպի գետ ջրհոսքը կարգավորող ջրարգելակիչի (սեգմենտ) աշխատանքային ռեժիմը:
(2-րդ կետը փոփ. 03.10.01 N 934)
3. (կետն ուժը կորցրել է 03.10.01 N 934)
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` ելնելով ձկնապաշտպան կառույցների աշխատանքի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից` Սևանա լճից ջրի բացթողումների ժամային ռեժիմները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ:
(4-րդ կետը փոփ. 03.10.01 N 934)
5. Երևանի քաղաքապետին` Երևանյան լճից ջրի օգտագործման ռեժիմը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ և լճից ջրի բացթողումն իրականացնել կոմիտեի հայտերով:
(5-րդ կետը փոփ. 03.10.01 N 934)
6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզպետներին և Երևանի քաղաքապետին` կազմակերպել Սևանա լիճ թափվող գետերից և Սևան-Հրազդան համակարգի դերիվացիոն ջրանցքներից ջրառ իրականացնող ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվությունների ստացումը` եռամսյա ժամկետում:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման ու կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների նախապատրաստման աշխատանքների մասին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 30-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման ու կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների նախապատրաստման ֆինանսավորման աղբյուրների մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` նշված աշխատանքների ֆինանսավորման մասին որոշումն ընդունելու օրվանից սկսած 3-ամսյա ժամկետում ապահովել Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման և կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակումը և դրանք սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն այլ ֆինանսական աղբյուրներից միջոցներ հատկացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար:
(7-րդ կետը խմբ. 03.10.01 N 934)
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 1999-2000 թվականների գիտահետազոտական թեմաների պետական պատվերի ցանկում ընդգրկել թեմաներ`
Սևանա լճի ջրային հաշվեկշռի և ակտիվ ջրատվության ճշգրտման,
Սևանա լճի բնական ներհոսքի և արտահոսքի փոփոխականության ուսումնասիրության ու դրա կանխատեսման մեթոդիկայի մշակման,
Սևանա լճի և դրա մեջ թափվող գետերի էկոլոգիական վիճակի գնահատման ու դրանց ջրերի որակի բարելավման միջոցառումների, էկոլոգիական փոփոխությունների կանխատեսման մեթոդների մշակման,
Սևանա լճի ձկնային համակարգի էկոլոգիակենսաբանական փոփոխությունների օրինաչափությունների բացահայտման հարցերի վերաբերյալ:
9. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում չափաբերել Գեղամավանի դիտակետը և ներկայացնել առաջարկություն դիտակետի աշխատանքի ավտոմատացման վերաբերյալ.
բ) ապահովել Սևանա լճի ջրի մակարդակի չափման աշխատանքների կատարումը թերակղզու հյուսիսային և հարավային ջրեզրերին, ինչպես նաև Մարտունու և Շորժայի դիտակետերում` միաժամանակ կատարելով ուսումնասիրություններ լճի մակերևույթի վրա.
գ) 1999 թվականի մայիսի 1-ից վերսկսել Սևանա լճի ջրի աղտոտվածության դիտարկման աշխատանքները.
դ) 1999 թվականին կահավորել Սևանա լիճ թափվող գետերի հիդրոլոգիական դիտակետերը և ապահովել դրանց անխափան աշխատանքը.
ե) մեկամսյա ժամկետում ապահովել Հրազդան-Լուսակերտ դիտակետի անխափան աշխատանքը.
զ) մշտական վերահսկողություն սահմանել Սևան-Հրազդան համակարգում ջրի օգտագործման հաշվառման աշխատանքների նկատմամբ:
(9-րդ կետը փոփ. 03.10.01 N 934)
10. Սևանա լճում հազվագյուտ և անհետացող ձկնատեսակների պաշարների վերականգնման ու վերարտադրության նպատակով պետական պատվերի տեղադրումը` սկսած 2000 թվականից, իրականացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջոցով:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` լուծել`
ա) Ախպարայի ջրամբարը նստվածքներից մաքրելու համար նախագծով նախատեսված գումարի հատկացման հարցը.
բ) Հրազդանի (Աթարբեկյան) ՀԷԿ-ի բազայի վրա նախատեսվող ջրակուտակիչ կայանի կառուցման աշխատանքային նախագծերի կազմման համար անհրաժեշտ գումարների հատկացման հարցը:
12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իրականացնել Սևանա լճի ավազանում առկա լողամիջոցների գույքագրում, կատարել դրանց տեխնիկական վիճակի զննում ու գնահատում և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:
13. Սևանա լճի էկոլոգիական և տնտեսական արժեքների վերականգնման գործընթացը բարելավելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
(13-րդ կետը փոփ. 12.08.00 N 472)
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 03.10.01 n 934)
Վ. Այվազյան |
- ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ե. Ավետիսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Անդրեասյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Մ. Միքայելյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Ներսիսյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Կ. Սարգսյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Հ. Վարյան |
- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ |
Գ. Այվազյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Վ. Դավիդյանց |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ |
Հ. Հարոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ |
Գ. Կոջոյան |
- ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության պետ |
Վ. Հակոբյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ |
Ռ. Հովհաննիսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն |
Վ. Նարիմանյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(կազմը փոփ. 02.10.99 N 621, խմբ. 12.08.00 N 472, 03.10.01 N 934)