ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
1-274/06 ՎԲ-121/07 |
Գործ թիվ 1-274/06, Զ-10-581/07, ՎԲ-121/07 |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
20 մայիսի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արման Շամիրի Բաբաջանյանի վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հունվարի 12-ի դատավճռի դեմ Ա․Բաբաջանյանի և պաշտպան Ն․Նորիկյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1․ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Ա․Բաբաջանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում:
Նույն դատավճռով Ա․Բաբաջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով:
2․ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2007 թվականի հունվարի 12-ի դատավճռով մեղադրողի բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ պաշտպանի բողոքը՝ բավարարվել․ Առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դատավճիռը պատժի մասով փոփոխվել է, և Ա․Բաբաջանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
3․ Պաշտպան Հ․Ալումյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2007 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ վերադարձվել է:
Պաշտպան Ն․Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2007 թվականի հունիսի 1-ի որոշմամբ վերադարձվել է:
4․ 2020 թվականի ապրիլի 18-ին Ա․Բաբաջանյանը և պաշտպան Ն․Նորիկյանը հիմնարար խախտման հիմքով բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Առաջին ատյանի դատարանը, Ա․Բաբաջանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ապացուցված է համարել, որ նա, 2002 թվականի աշնանը, փաստաթուղթ կեղծելու ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում1:
6․ 2006 թվականի հոկտեմբերի 16-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է Երևանի Շենգավիթի զինվորական կոմիսարին հասցեագրված՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի դրույթներն իր նկատմամբ կիրառելու վերաբերյալ Ա․Բաբաջանյանի դիմումի պատճենը2։
2006 թվականի նոյեմբերի 20-ին պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Ա․Բաբաջանյանի համապատասխան դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող միջգերատեսչական հանձնաժողով դիմելու վերաբերյալ3։
Նույն օրվա դատական նիստի արձանագրության համաձայն՝ «(․․․) [Դ]ատարանը տեղում խորհրդակցելով որոշեց մերժել [վերոնշյալ] միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ (․․․) դատական նիստի նախապատրաստական փուլում կողմերն իրավունք ունեն դատարանին ներկայացնել նոր ապացույցներ՝ պահանջելով դրանք կցել գործին, հետևապես միջնորդությունն արված է ոչ ժամանակին, դատաքննությունը սույն գործով դեռևս չի սկսվել, [դատարանը] գտնվում է (․․․) դատական նիստի նախապատրաստական փուլում։ Բացի այդ, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգն առնչություն չունի սույն քրեական գործի հետ, դատարանին չի ներկայացվել բավարար հիմքեր, այն մասին, թե հանձնաժողովից պատասխան ստացվել է թե ոչ, եթե պատասխանը չի ստացվել կամ չի տրվում, ապա առանձին ընթացակարգով պաշտպանական կողմը զրկված չէ հանձնաժողովի գործողությունները [կամ անգործությունը] դատարանում բողոքարկելու հնարավորությունից»4։
7․ Վերաքննիչ դատարանում պաշտպանության կողմը միջնորդել է քրեական գործին կցել և որպես ապացույց ճանաչել յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարն Ա․Բաբաջանյանի կողմից կատարված լինելու վերաբերյալ անդորրագիրը5։
2006 թվականի նոյեմբերի 30-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝ «(․․․) [Դ]ատարանը տեղում խորհրդակցելով որոշեց [նշված] միջնորդությունը մերժել՝ նկատի ունենալով, որ (․․․) սույն քրեական գործի վարույթի ընթացքում այ[դ] փաստաթուղթն ապացույց հանդիսանալ չի կարող՝ նկատի ունենալով, որ Ա․Բաբաջանյանի վերաբերյալ հանձնաժողովը պետք է որոշում կայացնի, եթե կողմը գտնում է, որ հանձնաժողովի որոշումը ուշանում է, և օրենքով սահմանված կարգով իրեն պատասխան չի տրվում, ապա (․․․) վարչական վարույթի մասին օրենքի համաձայն կողմը կարող է դիմել դատարան (․․․) եթե դատարանը կգտնի, որ (․․․․) պետք է ճանաչվի իրավաբանական փաստն Ա․Բաբաջանյանի վերաբերյալ դիմումը հարգելու կապակցությամբ, այս փաստաթուղթն էլ հիմք կհանդիսանա, և նրա վերաբերյալ համապատասխան որոշում կկայացվի»6։
7.1. Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 7-ին տրամադրված տեղեկանքը, ըստ որի 2006 թվականի նոյեմբերի 30-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «Շենգավիթ» մասնաճյուղում քաղաքացի Արշակ Ավետիսյանի կողմից Արման Բաբաջանյանի համար թիվ 900018113010 գանձապետական հաշվին մուտքագրվել է 1․000․000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար, իսկ 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 129 անդորրագրի ուսումնասիրությունից երևում է, որ գումարը վճարվել է Արշակ Ավետիսյանի կողմից, իսկ այն հանգամանքը, որ այդ գումարը վճարվել է Ա․Բաբաջանյանի համար, ավելացվել է ձեռագրով7։
2006 թվականի դեկտեմբերի 19-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝ «(․․․) [Պ]աշտպանության կողմը միջնորդել է վերսկսել դատական քննությունը՝ նկատի ունենալով, որ այսօր ստացվել է ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի իրավաբանական վարչության պետի գրության պատճենը, առ այն, որ Ա․Բաբաջանյանի փաստաբանի դիմումը՝ Ա․Բաբաջանյանի նկատմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելու վերաբերյալ, ուղարկվել է ՀՀ զինվորական կոմիսար Ա․Հարությունյանին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար, ինչպես նաև նույն վարչության մեկ այլ գրություն, համաձայն որի՝ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2006 թվականի դեկտեմբերի 27-ին, այսինքն՝ այդ երկու գրություններից հետևում է, որ նշված օրը միջգերատեսչական հանձնաժողովը քննության է առնելու Ա․Բաբաջանյանի դիմումը, որպիսի հանգամանքն էլ պահանջում է լրացուցիչ հետազոտություն։
(․․․) [Դ]ատարանը տեղում խորհրդակցելով որոշեց մերժել քրեական գործը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ սույն գրություններն առնչություն չունեն սույն քրեական գործի հետ (․․․)»8։
8․ 2007 թվականի հունվարի 11-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ մինչև սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Ա․Բաբաջանյանի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելը 2007 թվականի հունվարի 12-ին նշանակված հերթական դատական նիստը հետաձգելու վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ դիմումի հնարավոր բավարարումը հանգեցնելու է Ա․Բաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելուն9։
Վերոգրյալ դիմումին կից Վերաքննիչ դատարան է ներկայացվել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի՝ 2006 թվականի դեկտեմբերի 28-ի՝ սույն գործով մեղադրողին ուղղված գրության պատճենը, որով նա խնդրել է Ա․Բաբաջանյանի նկատմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառելիության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել10։
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Պ]աշտպանական կողմի, պաշտպանական ճառում բերված միջնորդությունն ամբաստանյալ Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քր․ օր-ի 327 հոդ․ 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ քր․ օր-ի 35 հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ՀՀ քր․ օր-ի 74 հոդվածի հիման վրա դադարեցնելու մասին անհիմն է, չի բխում գործող օրենսդրական պահանջներից և չի կարող հիմք հանդիսանալ դատավճիռն այդ մասով բեկանելու համար (․․․)։
(․․․) Վերաքննիչ դատարանը դատական քննության ընթացքում իր կողմից կայացրած որոշումներով անդրադարձել է այդ հարցին և մերժել պաշտպանների համապատասխան միջնորդությունները։
(․․․) [Ս]ույն քրեական գործի դատական քննությունն անմիջականորեն կապված չէ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Ա․Բաբաջանյանի դիմումի քննարկման ընթացքի հետ»11։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակները, վերլուծելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի դրույթները, եզրահանգել են, որ դրանք կիրառելի են եղել Ա․Բաբաջանյանի նկատմամբ։ Ըստ բողոքաբերների՝ Ա․Բաբաջանյանը, օգտվելով այդ օրենքով իրեն ընձեռած հնարավորությունից, դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, և ըստ վերը նշված օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ Կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 264-Ն որոշման՝ Ա․Բաբաջանյանի դիմումը ենթակա էր քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, սակայն վերջինս օրենքով սահմանված ժամկետում Ա․Բաբաջանյանի դիմումի վերաբերյալ բացասական որոշում չի կայացրել և այդպիսի որոշում Ա․Բաբաջանյանին չի տրամադրվել։ Նման պայմաններում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով Ա․Բաբաջանյանը ձեռնամուխ է եղել իր իրավունքների իրականացմանը՝ կատարելով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված վճարումները։ Այնուհետև, պաշտպանության կողմը, առաջնորդվելով վերը նշված օրենքի 6-րդ հոդվածով և ՀՀ Կառավարության նշված որոշման համապատասխան դրույթներով, միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ ընդգծելով, որ վճարումը կատարելու պահից Ա․Բաբաջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է եղել դադարեցման, իսկ Վերաքննիչ դատարանը, որպես այդ պահին քրեական վարույթն իրականացնող մարմին, պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի հիմքերով Ա․Բաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթն այդ մասով կարճել։
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, խախտելով վերը շարադրված իրավական նորմերի պահանջները, Ա․Բաբաջանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշում չի կայացրել՝ թույլ տալով նյութական և դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
11. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հունվարի 12-ի դատավճիռը ու կայացնել նոր դատական ակտ՝ Ա․Բաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
13. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:
«Մարդու իրավունքնեի և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։
13․1․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս ընդգծել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է այն իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրաե՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը12։
13.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:
13.3. Վճռաբեկ դատարանը, Մկրտիչ Սարգսյանի գործով որոշման շրջանակներում անդրադառնալով նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման՝ որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմքին, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։
Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)»13:
13.4. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»14:
14․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից, (…)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն՝ «Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց»:
14.1․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշմամբ, արձանագրելով հետևյալը՝ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում։ Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»15։
15․ Վերահաստատելով սույն որոշման 13․1-րդ և 14․1-րդ կետերում մեջբերված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը։ Այդ հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման։ Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, դատական քննության իրականացումն առանց քրեական հետապնդումն ու քրեական գործի վարույթը բացառող դատավարական արգելքների բացակայության կամ առկայության փաստի պարզման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման, նշանակում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման դատավարական պահանջի առարկայազրկում, ըստ այդմ՝ արդար դատական քննության երաշխիքի խախտում։
16․ Ա․Բաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական հետապնդման պահին գործող խմբագրությամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը [2004 թվականի մարտի 1-ը] օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»16։
Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, սույն օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը (․․․)»17։
Նշված օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ Կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 264-Ն որոշման N 3 հավելվածի 1-ին կետի համաձայն՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվում է սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի հիման վրա»18։
16․1․ Վերոնշյալ օրենքի և ենթաօրենսդրական ակտի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2004 թվականի մարտի 1-ը, օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով, ենթակա է դադարեցման, եթե լրացել է նրա 27 տարին կամ, մեջբերված իրավական ակտերով սահմանված հատուկ ընթացակարգի պահպանմամբ, անձն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից կամ ձեռք է բերել տարկետման իրավունք19։
16.2. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:
Դիմումին կից ներկայացվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը:
(…)
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին»:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են, և քաղաքացուն պատասխանը տրվում է երկու ամսից ոչ ուշ:
(…)
Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով»:
ՀՀ Կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 264-Ն որոշման N 2 հավելվածի համաձայն՝ «(․․․) 4. Զինվորական կոմիսարիատը քաղաքացու ներկայացրած կամ դիվանագիտական մարմնի կողմից ուղարկված դիմումն ու կից փաստաթղթերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում գրանցում է դրանք և քաղաքացու անձնական գործի հետ միասին ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Եթե քաղաքացու անձնական գործը գտնվում է դատախազությունում, ապա ներկայացման ժամանակ նշվում է դրա մասին:
5. Միջգերատեսչական հանձնաժողովն ստացված դիմումները քննարկում է 15-օրյա ժամկետում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում: Եթե դիմում ներկայացրած քաղաքացու անձնական գործը գտնվում է դատախազությունում, ապա միջգերատեսչական հանձնաժողովը պահանջում է այն:
6. (…) Ընդունված որոշումը և մյուս փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացվում են հանրապետական հանձնաժողով:
Հանրապետական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը: Հանրապետական հանձնաժողովը միջգերատեսչական հանձնաժողովի ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում գործն ուղարկում է լրացուցիչ քննարկման:
Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը:
7. Քաղաքացու դիմումի վերաբերյալ բացասական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են դիմումի մերժման հիմքերը»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի համաձայն՝ «Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում՝
ա) վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը. (․․․)»։
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դատավճռով ապացուցված է համարել, որ Ա․Բաբաջանյանը 2002 թվականի աշնանը փաստաթուղթ կեղծելու ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում20:
2006 թվականի հոկտեմբերի 16-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է Երևանի Շենգավիթի զինվորական կոմիսարին հասցեագրված՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի դրույթներն իր նկատմամբ կիրառելու վերաբերյալ Ա․Բաբաջանյանի դիմումի պատճենը21։
Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդություններ է ներկայացրել՝
- Ա․Բաբաջանյանի վերոգրյալ դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ22,
- Ա․Բաբաջանյանի նկատմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելու մասին դիմումը սահմանված կարգով ընթացք տալու համար ՀՀ զինվորական կոմիսարին ուղարկված լինելու և սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող իրավասու մարմնի հերթական նիստի օրվա մասին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի իրավաբանական վարչության պետի գրությունները հետազոտելու նպատակով դատական քննությունը վերսկսելու վերաբերյալ23,
- 2007 թվականի հունվարի 12-ին նշանակված հերթական դատական նիստը հետաձգելու և այն՝ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող իրավասու մարմնի կողմից Ա․Բաբաջանյանի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո վերսկսելու վերաբերյալ24։ Միջնորդությանը կից ներկայացվել է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող իրավասու մարմնի նախագահի գրության պատճենը, որով վերջինս, սույն գործով մեղադրողին, խնդրել է պարզաբանումներ տրամադրել՝ Ա․Բաբաջանյանի նկատմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների» մասին ՀՀ օրենքի դրույթների կիրառելիության վերաբերյալ25։
Վերաքննիչ դատարանը, Ա․Բաբաջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկելու մասով անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ինչպես արձանագրային որոշումներում, այնպես էլ դատական ակտում նշել է, որ սույն քրեական գործի դատական քննությունն անմիջականորեն կապված չէ իրավասու մարմնի կողմից Ա․Բաբաջանյանի դիմումի քննարկման ընթացքի հետ26։
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ սույն գործի դատական քննությունն անմիջականորեն փոխկապակցված չէ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ Ա․Բաբաջանյանի նկատմամբ կիրառելիության հարցի քննության ընթացքի հետ, չի ապահովել Ա․Բաբաջանյանի արդար դատաքննության իրավունքի երաշխիքը։
Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Ա․Բաբաջանյանի նկատմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի կիրառելիության հարցի քննության ընթացքն անմիջականորեն կապված չէ սույն գործի քննության հետ, պատշաճ գնահատման չի ենթարկել այն, որ Ա․Բաբաջանյանը դատապարտվել է 2002 թվականի աշնանը փաստաթուղթ կեղծելու ճանապարհով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար։ Այսինքն՝ վերը նշված օրենքի գործողությունն առերևույթ ընդգրկում է Ա․Բաբաջանյանին մեղսագրվող արարքի ժամանակահատվածը։ Ընդ որում, պաշտպանության կողմն ըստ էության Վերաքննիչ դատարանին տեղեկացրել է Ա․Բաբաջանյանի նկատմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելու խնդրանքով իրավասու մարմնին դիմելու, այդ հարցը սահմանված կարգով քննարկման համար ՀՀ զինվորական կոմիսարին ներկայացված լինելու, ինչպես նաև իրավասու մարմի կողմից Ա․Բաբաջանյանի նկատմամբ նշված օրենքի կիրառելիության հարցը լուծելու նպատակով պարզաբանումներ ներկայացնելու խնդրանքով քրեական հետապնդման մարմնին դիմելու վերաբերյալ։
Այսպիսով, գործում առկա վերոնշյալ փաստական տվյալների համակցությունից բխում է, որ Առաջին առյանի դատարանի դատական ակտի իրավաչափության հարցի քննարկման ընթացքում պաշտպանության կողմը ներկայացրել է 2002 թվականին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առերևույթ առկայության և Ա․Բաբաջանյանի նկատմամբ դրա կիրառելիության առնչությամբ իրավական պատշաճ գործընթաց նախաձեռնած լինելու մասին վկայող տվյալներ։
Վերոշարադրյալ գործոնների հաշվառմամբ, ինչպես նաև կրկնելով, որ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է համարվել օրինական միայն քրեական հետապնդումը բացառող հանգամանքների բացակայության դեպքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ Ա․Բաբաջանյանի նկատմամբ կիրառելիության հարցի քննությունն անմիջականորեն փոխկապակցված է սույն գործի հետ։ Այլ կերպ, քրեական վարույթի արդարացիության ապահովման հիմնարար երաշխիքներից՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները ստուգելու դատավարական պահանջի կենսագործումն ապահովելու տեսանկյունից, ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել պարզելու Ա․Բաբաջանյանին առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքի ժամանակահատվածն առերևույթ ընդգրկող վերոնշյալ օրենքի՝ վերջինիս նկատմամբ կիրառելիության հարցը։
18․1․ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն պարզելու այն հարցը, թե իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը՝ որպես օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը բացառող առերևույթ հանգամանք, արդյո՞ք կիրառելի է Ա․Բաբաջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղսագրվող արարքի նկատմամբ, ինչն ուներ առանցքային նշանակություն գործով ճիշտ որոշում կայացնելու տեսանկյունից։
Հետևաբար, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի՝ որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առերևույթ առկայության և Ա․Բաբաջանյանին մեղսագրվող արարքի նկատմամբ դրա հնարավոր կիրառելիության հարցը Վերաքննիչ դատարանի կողմից քննության չառնելը հանգեցրել է վարույթի արդարացիության և ըստ այդմ` Ա.Բաբաջանյանի արդար դատաքննության իրավունքի խախտման։
19․ Սույն որոշման 13․1-13․4-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ է տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
20․ Վերոգրյալի համատեքստում, անդրադառնալով սույն գործով Ա․Բաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը բացառող հանգամանքի հնարավոր առկայության հարցին՝ մի կողմից նկատի ունենալով, որ սույն գործով քրեական հետապնդումը բացառող հանգամանքի քննարկման ուղղությամբ չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, մյուս կողմից՝ հաշվի առնելով վճռաբեկության գործառութային առանձնահատկությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ տրված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։ Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Արման Շամիրի Բաբաջանյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դատավճիռն ու ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հունվարի 12-ի դատավճիռը մասնակիորեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, պետք է ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի՝ Ա․Բաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը ստուգելու ուղղությամբ27 և արդյունքում հանգի համապատասխան հետևության:
21. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Արման Շամիրի Բաբաջանյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դատավճիռն ու ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հունվարի 12-ի դատավճիռը մասնակիորեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով բեկանել, ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 181-184։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 20։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 213-215։
4 ՏեԲս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, հատոր 3-րդ, թերթ 254։
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 65։
6 ՏեԲս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, հատոր 3-րդ, թերթ 254։
7 ՏեԲս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 36 և 66։
8 ՏեԲս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, հատոր 3-րդ, թերթ 254։
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 231։
10 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 232։
11 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 255-260։
12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։
13 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։
14 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։
15 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը։
16 Ծանոթություն. Վերոնշյալ օրենքը գործել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
17 Տե՛ս https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1367։
18 Տե՛ս https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=47393։
19 Մանրամասն տեʹս իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը և այդ օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 264-Ն որոշումը։
20 Տե՛ ս սույն որոշման 5-րդ կետը։
21 Տե՛ ս սույն որոշման 6-րդ կետը։
22 Տե՛ ս սույն որոշման 6-րդ կետը։
23 Տե՛ ս սույն որոշման 7․1-րդ կետը։
24 Տե՛ ս սույն որոշման 8-րդ կետը։
25 Տե՛ ս նույն տեղում։
26 Տե՛ ս սույն որոշման 6-րդ, 7․1-րդ և 9-րդ կետերը։
27 Տե՛ ս սույն որոշման 7․1-րդ և 16․2-րդ կետերը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |