ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 մարտի 2002 թվականի |
թիվ 67 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և վարկային կազմակերպության խորհուրդը
(նախաբանը լրաց. 05.12.02 N 385-Ն)
Որոշում է.
1. Հաստատել «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգը» (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` սույն որոշմամբ հաստատված կարգի կանոն 3-ում նախատեսված հաղորդագրությունը մամուլում հրապարակվելու օրվան հաջորդող օրը CBANet ցանցի միջոցով առաքել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում» զետեղելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի մարտի 19-ի թիվ 67 որոշմամբ
ԿԱՐԳ
ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ
Սույն կարգի նպատակն է` կանոնակարգել սնանկ ճանաչված և լուծարման ընթացակարգում գտնվող բանկի գույքի իրացման հետ կապված իրավահարաբերությունները:
ԿԱՆՈՆ 1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
1. Սույն կարգը սահմանում է սնանկ ճանաչված և լուծարման ընթացակարգում գտնվող բանկի և վարկային կազմակերպության գույքի իրացման նպատակով իրականացվող սակարկությունների կազմակերպման և անցկացման կարգն ու պայմանները, սակարկությունների կազմակերպչի ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց ներկայացվող պահանջները:
(1-ին կետը լրաց. 05.12.02 N 385-Ն)
2. Համաձայն «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետի` սույն կարգը գործում է մինչև հրապարակային սակարկությունների մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրը և տարածվում է նաև 1996 թվականին ընդունված «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված լուծարային կառավարիչների, ինչպես նաև ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով գրանցումից չհանված բանկերի լուծարային հանձնաժողովների (կառավարիչների) կողմից կազմակերպվող սակարկությունների վրա:
(2-րդ կետը փոփ., լրաց. 05.12.02 N 385-Ն)
ԿԱՆՈՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգի իմաստով` սակարկությունների կազմակերպիչ է համարվում սնանկ ճանաչված և լուծարման ընթացակարգում գտնվող բանկի և վարկային կազմակերպության լուծարային կառավարիչը: Սույն կարգով սահմանված սակարկություններն անցկացվում են աճուրդների ձևով:
(կանոնը լրաց. 05.12.02 N 385-Ն)
ԿԱՆՈՆ 3. ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Լուծարային կառավարիչը սակարկություններն անցկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 464-րդ հոդվածով և սույն կարգով նախատեսված կարգով:
2. Լուծարային կառավարչի, ինչպես նաև սակարկությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 464-րդ և 465-րդ հոդվածներով, սույն կարգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ դրույթներով:
3. Լուծարային կառավարիչը սակարկության անցկացման մասին հայտարարություն է տալիս առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում` սակարկությունն անցկացնելուց առնվազն 30 օր առաջ: Ընդ որում, թերթի մեկ օրինակը լուծարային կառավարիչը պարտավոր է հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ:
4. Սակարկության անցկացման մասին հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
- սակարկության անցկացման ժամանակը,
- սակարկության անցկացման տեղը,
- սակարկության առարկան,
- նախավճարի չափը, վճարման կարգն ու ժամկետները,
- սակարկության անցկացման կարգն ու եղանակը, այդ թվում` սակարկության մասնակցության ձևակերպման, սակարկություններ անցկացնելուց հրաժարվելու ժամկետը, սակարկություններում հաղթած անձանց որոշման կարգը, ինչպես նաև նախնական գինը (գները):
5. Լուծարային կառավարիչը հայտարարությունը տալուց յոթ օր առաջ դրա տեքստը ներկայացնում է Կենտրոնական բանկ` համաձայնեցման:
6. Սակարկության ընթացքում վաճառվող գույքի նախնական գինը սահմանում է լուծարային կառավարիչը` նախօրոք համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հետ:
7. Սույն կարգի իմաստով` գույք են համարվում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածում նշված բանկի և վարկային կազմակերպության լուծարային միջոցները:
(7-րդ կետը փոփ., լրաց. 05.12.02 N 385-Ն)
8. Սույն կարգով նախատեսված համաձայնությունները Կենտրոնական բանկի կողմից տրվում են լուծարային կառավարչի դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
ԿԱՆՈՆ 4. ԲԱՑ ԵՎ ՓԱԿ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սակարկությունները կարող են լինել բաց կամ փակ:
2. Բաց սակարկությանը կարող է մասնակցել ցանկացած անձ:
3. Լուծարային կառավարիչն իրավունք ունի հրաժարվել բաց սակարկություն անցկացնելուց, սակայն բաց սակարկություն անցկացնելու մասին հայտարարության մեջ պետք է պարտադիր նշվի լուծարային կառավարչի կողմից բաց սակարկությունն անցկացնելուց հրաժարվելու ժամկետը:
4. Փակ սակարկությանը մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք: Փակ սակարկություն կազմակերպելու դեպքում լուծարային կառավարիչը պետք է փակ սակարկության կազմակերպման նպատակահարմարության մասին գրավոր հիմնավորում ներկայացնի Կենտրոնական բանկին: Փակ սակարկությունը լուծարային կառավարիչը կազմակերպում է բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ:
ԿԱՆՈՆ 5. ՆԱԽԱՎՃԱՐԸ
1. Սակարկության մասնակիցները սակարկության անցկացման մասին հայտարարության մեջ նշված չափով, ժամկետներում և կարգով մուծում են նախավճար: Եթե սակարկությունը չի կայացել, նախավճարը վերադարձվում է: Նախավճարը վերադարձվում է նաև աճուրդում չհաղթած մասնակիցներին:
2. Սակարկությանը մասնակցելու ցանկություն հայտնող անձինք սակարկության անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև սակարկությանը նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել լուծարային կառավարչին:
3. Սակարկությունում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:
4. Նախավճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով:
ԿԱՆՈՆ 6. ՀԱՅՏԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հայտի պարտադիր վավերապայմաններն են`
ա) հայտատուի անունը / անվանումը,
բ) նրա գտնվելու վայրը կամ բնակության վայրը, կամ փոստային հասցեն,
գ) հայտատուի անձնագրային տվյալները, եթե հայտատուն ֆիզիկական անձ է, և սակարկություններին մասնակցելու ֆիզիկական անձի լիազորությունները հավաստող փաստաթուղթը, եթե հայտատուն իրավաբանական անձ է:
ԿԱՆՈՆ 7. ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սակարկություններն անցկացվում են դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ կամ հոլանդական եղանակով` մեկնարկային գնի նվազեցմամբ:
2. Սակարկության անցկացման եղանակը որոշում է լուծարային կառավարիչը` այն նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի նախագահի հետ:
3. Սակարկություններում դիտորդի դերում կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչը:
4. Վաճառվող գույքի մեկնարկային գնի հավելումների կամ նվազեցումների նվազագույն քայլերն են.
N | Գույքի մեկնարկային գինը | Նվազագույն քայլը |
1. 2. 3. 4. 5. 6. |
մինչև 50 000 դրամ 50001-ից մինչև 100000 դրամ 100 001-ից մինչև 500 000 դրամ 500 001-ից մինչև 1 000 000 դրամ 1 000 0014-ից մինչև 10 000 000 դրամ 10 000 000 դրամից ավելի |
չի սահմանվում 1000 դրամ 5000 դրամ 10 000 դրամ 50 000 դրամ 100 000 դրամ |
5. Սակարկությունում հաղթող է համարվում այն անձը, որն առաջարկում է ամենաբարձր գինը:
6. Սակարկությունում հաղթած անձը և լուծարային կառավարիչը սակարկությունն անցկացնելու օրն ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ:
7. Սակարկությունում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց խուսափելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը: Լուծարային կառավարիչը արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում պարտավոր է նախավճարը վերադարձնել կրկնակի չափով, ինչպես նաև սակարկությունում հաղթած անձին հատուցել սակարկությանը մասնակցելու հետևանքով կրած վնասները:
8. Սակարկությունում հաղթած անձը երեք բանկային օրվա ընթացքում պարտավոր է վճարել սակարկությունում վաճառվող գույքի գնման գինը` հաշվանցելով նախավճարի գումարը:
9. Վաճառվող գույքի գնման գինը չվճարելու դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 396 հոդվածի, վճարված նախավճարը մնում է լուծարվող բանկին:
10. Վաճառված գույքը գնորդին պատշաճ կերպով չհանձնելու դեպքում լուծարային կառավարիչը գնորդին է վճարում նախավճարի կրկնապատիկը:
11. Սակարկությունում վաճառված գույքի գինը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով:
ԿԱՆՈՆ 8. ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼԸ
1. Սակարկությունը հայտարարվում է չկայացած, եթե`
ա) սակարկության ընթացքում վաճառվող գույքի մեկնարկային գնի հավելում, իսկ նվազուրդի դեպքում` գնի առաջարկ չի կատարվել,
բ) սակարկությունում հաղթած անձը չի մուծել գնման գինը,
գ) սակարկությանը ոչ մի գնորդ չի ներկայացել,
դ) լրացուցիչ սակարկությունում առաջարկված գնի հավելում չի կատարվել:
2. Սակարկության կամ կրկնակի սակարկության չկայանալը հիմք է հանդիսանում կրկնակի սակարկություն կազմակերպելու համար:
ԿԱՆՈՆ 9. ԿՐԿՆԱԿԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ (ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
1. Սակարկությունը (կրկնակի սակարկությունը) չկայացած հայտարարվելու օրվանից երկօրյա ժամկետում լուծարային կառավարիչը սույն կարգի 3-րդ կանոնով նախատեսված կարգով հայտարարություն է տալիս մամուլում և հայտարարության հրապարակման պահից երեսնօրյա ժամկետում կազմակերպում կրկնակի սակարկություն: Կրկնակի սակարկությունն անցկացվում է սակարկությունների անցկացման համար սույն կարգով սահմանված կարգով:
2. Սույն կարգի 8-րդ կանոնի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված պատճառներով յուրաքանչյուր կրկնակի սակարկություն անցկացնելու դեպքում վաճառվող գույքի մեկնարկային գինը նվազեցվում է նախորդ սակարկության մեկնարկային գնի քսան տոկոսով:
ԿԱՆՈՆ 10. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Այն դեպքում, երբ նվազուրդային եղանակով կազմակերպված սակարկության արդյունքներով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա լուծարային կառավարիչը վիճող կողմերի միջև անցկացնում է լրացուցիչ սակարկություն` առաջարկված գնի բարձրացման եղանակով:
2. Լրացուցիչ սակարկության նվազագույն քայլերն են սույն կարգի 7-րդ կանոնում նշված քայլերը:
3. Լրացուցիչ սակարկությունում առաջարկված գնի հավելում չլինելու դեպքում սակարկությունը համարվում է չկայացած:
(կարգը փոփ., լրաց. 05.12.02 N 385-Ն)