ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0530/02/18 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0530/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի փետրվարի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ Բեգլարյանի և Հրայր Գաբրիելյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2020 թվականի որոշման դեմ ըստ հայցի Դավիթ Բեգլարյանի ընդդեմ Հրայր Գաբրիելյանի, երրորդ անձ՝ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Դավիթ Բեգլարյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «Առաջին լրատվական» տեղեկատվական վերլուծական կայքում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 12.11.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.05.2020 թվականի որոշմամբ Հրայր Գաբրիելյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 12.11.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Դավիթ Բեգլարյանը (ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյան) և Հրայր Գաբրիելյանը:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:
2. Դավիթ Բեգլարյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 62-րդ, 66-րդ հոդվածների պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9–րդ մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով հայցը ներկայացվել է Հրայր Գաբրիելյանի դեմ, ով հանդիսանում է պատշաճ պատասխանող, իսկ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Վերաքննիչ դատարանի որոշումը չունի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևություն, չունի իրավական հիմնավորում՝ նկատի ունենալով, որ որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին, որպիսի եզրակացությունը բացակայում է որոշման մեջ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.11.2019 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1. Հրայր Գաբրիելյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Բողոքարկվող դատական ակտը դատական ծախսերի մասով կայացնելիս Դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես, 14.08.2019 թվականին պատասխանողի և Ա/Ձ Արկադի Հովհաննիսյանի միջև կնքվել է իրավաբանական օգնություն ցույց տալու հանձնարարության վերաբերյալ թիվ 30 պայմանագիրը, որով փաստաբանական ծառայության գինը կազմել է 200.000 ՀՀ դրամ, իսկ վերաքննիչ դատարան դիմելու համար՝ 100.000 ՀՀ դրամ:
Նման պայմաններում Դատարանը փաստաբանի վարձատրությանը որպես դատական ծախս վճռով անդրադառնալու համար պետք է բավարար համարեր նշված պայմանագրում առկա պայմանների առկայությունը:
Հաշվի առնելով փաստաբան Արկադի Հովհաննիսյանի կողմից իրականացված դատավարական գործողությունների ծավալը, գործի բարդությունը, բնույթը, դատական նիստերի մասնակցության քանակը, վերաքննիչ բողոք կազմելու հանգամանքը և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը՝ Դատարանը գտել է, որ սույն գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումարի ողջամիտ չափ պետք է համարել 200.000 ՀՀ դրամը, որը պետք է բռնագանձել հայցվորից: Վերաքննիչ դատարանը բավարարելով իր վերաքննիչ բողոքը՝ ընդհանրապես չի անդրադարձել փաստաբանի վարձատրության հարցին, մինչդեռ հայցը մերժելու արդյունքում փաստաբանի ծախսը պետք է բռնագանձվեր 400․000 ՀՀ դրամի չափով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2020 թվականի որոշումը՝ դատական ծախսերի մասով, և այն փոփոխել՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար սահմանել 400.000 ՀՀ դրամը։
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. «www.1in.am» ինտերնետային կայքում 2018 թվականի օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին հրապարակվել է «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» վերտառությամբ հոդված (հեղինակ` Սոնա Հարությունյան), որտեղ մասնավորապես նշվել է` «Դավիթ Բեգլարյանը մշտապես և տարբեր շրջանակներում հայտարարել է, որ Հրաչիկ Գաբրիելյանը իր անձնական թշնամին է, և ինքն ամեն ինչ պետք է անի, որ «Սիսիանի Ճանշին»-ը սնանկացնի: Ու քանի որ հիմա հեղափոխություն է եղել մեր երկրում, իրավիճակ է փոփոխվել, պետք է որ նրանց ցանկությունները իրականություն չդառնան, և նրանց ձեռքը բռնող պետք է լինի (…) «Սիսիանի Ճանշին»-ը սնանկության հասցվեց 2017 թվականին, սակայն մեր զրուցակցի խոսքերով` հարկայինը չբավարարվեց նաև այդքանով: Կրկին ստուգումներ անցկացրեց շահութահարկի գծով` ընկերությանը տուգանելով ևս 60 միլիոն դրամով: «Ամեն կերպ մեզ նեղություն են տվել: Բոլոր հնարավոր ձևերով մեզ նեղել են, որի արդյունքում Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերությունը կարճ ժամանակում դարձավ առաջատար ընկերություն»-ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ ամեն ինչ այնքան ակնհայտ էր արվում, որ հնարավոր չէր գլխի չընկնել: «Իրենք մի նոր տեխնիկա էին գնել, և դրանից հետո հայտարարված տենդերներում նշվում էր հենց այդ տեխնիկայի պարամետրերը: Ու քանի որ միայն իրենք ունեին այդ տեխնիկան, բնականաբար, իրենք էլ վերցնում էին տենդերները: Դրանից բացի` տենդերներում այնպիսի չափանիշներ էին նշում, այնքան կատարած աշխատանք, փորձ, որ միայն իրենք շահեն տենդերը: Ու դա այնքան ակնհայտ է, որ բոլորին է հասկանալի», - ասաց Գաբրիելյանը։ (…) Հիմա «Սիսիանի Ճանշին»-ը ահավոր մեծ պարտքեր է կուտակել անհիմն, ապօրինի հարկային ստուգումների պատճառով: Հիմա մենք ցանկանում ենք, որ մեզ չզրկեն պատվերներից, պատվերներ լինեն, որ կարողանանք աշխատենք ու ոտքի կանգնենք: Այս երկրում բոլորն էլ ցանկանում են փող աշխատել, ընտանիք պահել: Ու, վերջիվերջո, եթե այս տեռորը շարունակվի, պարզապես մի ընկերության գործունեություն կկասեցվի, - եզրափակեց Հրայր Գաբրիելյանը» (հատոր 1-ին, գ.թ. 11-12):
2. Դավիթ Գարունի Բեգլարյանը 21.08.2018 թվականին հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հրայր Հրաչիկի Գաբրիելյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման մասին (հատոր 1-ին, գ.թ. 1-17):
3. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստաբանի վարձատրության հարցը համարել է լուծված (հատոր 3-րդ, գ.թ. 76-82):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դավիթ Բեգլարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի մեկնաբանության կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
Հրայր Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
(Ա) Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով արդյո՞ք լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կարող է պատասխանատվություն կրել զրպարտության համար այն դեպքում, երբ տեղեկությունները հրապարակվել են նույն կազմակերպության աշխատակից հանդիսացող լրագրողի հեղինակությամբ, և եթե վերջինս հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին։
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վիրավորանքի կամ զրպարտության դեպքում փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանք կամ զրպարտություն կատարած անձը։ Այդ պարտավորությունն անցնում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողին այն դեպքում, երբ՝
1. վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ
2. տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ
3. լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը։
Այն դեպքերում, երբ վիրավորանքը կամ զրպարտությունը ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, փոխհատուցման պարտավորությունը կրում է լրատվական գործունեություն իրականացնողը:
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ստորև բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ. (.…) 3) լրատվական գործունեություն իրականացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:
4) լրագրող` լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող, խմբագրող. (.…):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության հարցին, արձանագրել է, որ տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ ներկայացնելու օրենսդրի պահանջը նպատակ է հետապնդում ապահովելու բացահայտված աղբյուրում տեղ գտած տեղեկատվության բառացի շարադրանքը կամ հրապարակել այն այնպես, որ չփոխվի ինչպես ամբողջական իմաստը, այնպես էլ կոնկրետ փաստերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական և իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը: Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները և լրատվական գործակալությունները (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.04.2012 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության հարցին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Վերոնշյալ դրույթից հետևում է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը (տե՛ս ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ վկայակոչված հոդվածների տառացի մեկնաբանությունից բխում է, որ լրատվական գործունեություն իրականացնողը վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցման պարտավորություն կարող է կրել այն դեպքում, երբ վիրավորանք հանդիսացող արտահայտությունը կամ զրպարտություն հանդիսացող տեղեկությունը տարածել է իր անունից։
Այն դեպքում, երբ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի է և լրատվական գործունեություն իրականացնողը բացահայտել է նրա անձը, փոխհատուցման պարտավորությունը լրատվական գործունեություն իրականացնող անձը կրել չի կարող, այդ պարտավորությունը կարող է կրել, կախված կոնկրետ գործի հանգամանքներից, կամ լրագրողը, կամ վիրավորանք թույլ տված կամ զրպարտություն կատարած անձը։
Սույն գործով Դավիթ Բեգլարյանը դիմել է դատարան ընդդեմ Հրայր Գաբրիելյանի՝ վերջինիս պարտավորեցնելով Ընկերության «Առաջին լրատվական» տեղեկատվական վերլուծական կայքում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում:
Դատարանը 12.11.2019 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի, վճռելով՝ Հրայր Գաբրիելյանին պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «Առաջին լրատվական» տեղեկատվական վերլուծական կայքի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող արտահայտությունները.
1. «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը»,
2. «Ու, վերջիվերջո, եթե այս տեռորը շարունակվի, պարզապես մի ընկերության գործունեություն կկասեցվի»,
3. «Ի դեպ` 2010 թվականից սկսած հետևողական աշխատանքներ են տարվել Բեգլարյանի կողմից «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին լուծարելու և այն սնանկ ճանաչելու համար: Դավիթ Բեգլարյանի և Հերմինե Նաղդալյանի միջամտությամբ պարբերաբար ՀՀ ՊԵԿ-ի կողմից անհիմն ստուգման ակտեր են կազմվել և խոշոր չափերի տուգանքներ են հասցեագրվել «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին»:
Հրայր Գաբրիելյանից հօգուտ Դավիթ Բեգլարյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար: (….))՝ հիմքում դնելով, ի թիվս այլնի, այն պատճառաբանությունները, որ արտահայտությունները տեղ են գտել երկու հոդվածներում, որոնցից մեկում` «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «Առաջին լրատվական» տեղեկատվական վերլուծական կայքում առկա է հարցազրույց պատասխանող Հրայր Գաբրիելյանի հետ, որտեղ նշվել են վերջինիս կողմից արված արտահայտություններից մեջբերումներ: Մասնավորապես` վերջինս «տեռոր» է անվանել հայցվորի և նրա կնոջ կողմից իրականացվող գործողությունները, մեղադրել է նրանց «Սիսիանի Ճանշին» ՍՊ ընկերությունը սնանկացնելու մեջ` ներկայացնելով որոշակի փաստեր, ինչը վկայում է այն մասին, որ պատասխանողն է հանդիսանում հարցազրույցում տեղ գտած արտահայտությունների պատասխանատուն:
Պատասխանողի ներկայացուցչի այն դիրքորոշումը, որ հոդվածը վերնագրվել է լրագրողի կողմից, այլ ոչ պատասխանողի, հետևաբար` պատասխանող Հրայր Գաբրիելյանը չէ
«Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» արտահայտության հեղինակը, Դատարանն արձանագրել է, որ նշված վերնագրով հոդվածում պատասխանողի մեջբերված խոսքերում, ինչպես արդեն նշվել է, առկա են հայցվորին և նրա կնոջը վերագրվող արտահայտություններ` վերջիններիս կողմից տեռորի միջոցով մրցակից ընկերությանը` «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին սնանկացնելու մասին, հետևաբար, Դատարանի գնահատմամբ հոդվածը վերնագրվել է հենց պատասխանողի արտահայտած խոսքերից, ուստի պատասխանողի ներկայացուցչի դիրքորոշումն անհիմն է:
Պատասխանողի ներկայացուցչի մյուս դիրքորոշումը, որ «Ի դեպ` 2010 թվականից սկսած հետևողական աշխատանքներ են տարվել Բեգլարյանի կողմից «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին լուծարելու և այն սնանկ ճանաչելու համար, Դավիթ Բեգլարյանի և Հերմինե Նաղդալյանի միջամտությամբ պարբերաբար ՀՀ ՊԵԿ-ի կողմից անհիմն ստուգման ակտեր են կազմվել և խոշոր չափերի տուգանքներ են հասցեագրվել «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին», արվել է այլ էլեկտրոնային լրատվական միջոցում, որտեղ չի երևում, թե ով է այդ կարծիքի հեղինակը, Դատարանն արձանագրել է, որ «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» հոդվածում առկա է պատասխանողի կողմից ներկայացված` ընկերությանը սնանկ ճանաչելու սխեմա` դրա մեջ մեղադրելով հայցվորին և նրա կնոջը, ուստի Դատարանը քննության է առել «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» հոդվածում առկա պատասխանողի կողմից արված արտահայտությունները` կապված «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին լուծարելու և այն սնանկ ճանաչելու գործընթացին հայցվորի և նրա կնոջ անմիջական մասնակցության հետ։
Վերաքննիչ դատարանը 26.05.2020 թվականի որոշմամբ Հրայր Գաբրիելյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 12.11.2019 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ Դավիթ Բեգլարյանի հայցը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ «Դատարանում ներկայացված հայցը կարող է բավարարվել, եթե ներկայացվել է պատշաճ պատասխանողի, այսինքն իրավունքների ենթադրյալ խախտում թույլ տված անձի կամ այն անձի դեմ, ով օրենքով սահմանված կարգով ենթակա է պատասխանատվության կատարված արարքի համար: Սույն գործի փաստերի համաձայն «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «www.1in.am» ինտերնետային կայքում 2018 թվականի օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին հրապարակվել է «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» վերտառությամբ հոդված (հեղինակ` Սոնա Հարությունյան), որտեղ ներկայացված է Հրայր Գաբրիելյանի հետ լրագրողի զրույցը: Սույն գործով հայցը ներկայացվել է Հրայր Գաբրիելյանի դեմ, իսկ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի բովանդակությունից բխում է, որ պատշաճ պատասխանող կարող է հանդիսանալ լրատվական գործունեություն իրականացնողը, եթե ենթադրյալ զրպարտությունը կամ վիրավորանքը ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ: Ուստի, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «Առաջին լրատվական» տեղեկատվական վերլուծական կայքի միջոցով հոդվածի տարածման պայմաններում վերջինս էլ հանդիսանում է տվյալ գործով պատշաճ պատասխանող, իսկ ներկայացված հայցը ենթակա է մերժման, եթե ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ: Քանի որ սույն գործով հայցը ներկայացվել է Հրայր Գաբրիելյանի դեմ, ով չի հանդիսացել պատշաճ պատասխանող, ուստի Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը հիմնավորված համարելով գալիս է այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման։ Ելնելով այն հանգամանքից, որ Վերաքննիչ բողոքի նշված հիմքը հիմնավոր համարելու դեպքում, վերաքննիչ բողոքի մյուս հիմքերը բողոքի այլ ելքի չեն կարող հանգեցնել, Վերաքննիչ դատարանը դրանք քննարկման առարկա չի դարձնում: (….)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «www.1in.am» ինտերնետային կայքում 2018 թվականի օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին հրապարակվել է «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» վերտառությամբ հոդված (հեղինակ` Սոնա Հարությունյան), որտեղ ներկայացված է Հրայր Գաբրիելյանի հետ լրագրողի զրույցը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն՝ առ այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ պատշաճ պատասխանող կարող է հանդիսանալ լրատվական գործունեություն իրականացնողը, եթե ենթադրյալ զրպարտությունը կամ վիրավորանքը ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, անհիմն է՝ այն պատճառաբանությամբ, որ նույն հոդվածի 9-րդ կետում օրենսդիրը, ինչպես արդեն վերն արձանագրվեց, հստակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում միայն լրատվական գործունեություն իրականացնողը կարող է կրել փոխհատուցման պարտականությունը:
Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ այն հարցի կարգավորումը, թե ով պետք է պատասխան տա վիրավորանքի և զրպարտության համար, տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 1-ին մասում, ըստ որի հայցվորը «կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ»։ Նորմի շարադրանքից բխում է, որ վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը, որպես կանոն, կրում է դրանք կատարած անձը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ մասը կարգավորում է այն հարցը, թե ով է կրում պատասխանատվությունը, երբ հայտնի չէ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձը կամ տեղեկատվության աղբյուրը, ըստ այդմ սահմանելով, որ փոխհատուցման պարտավորությունը թե՛ վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողի, և թե՛ լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ ներկայացված լինելու դեպքում՝ լրատվական գործունեություն իրականացնողի վրա կարող է դրվել բացառապես այն դեպքում, եթե նույն հոդվածի իմաստով վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը: Այսինքն՝ սույն հոդվածում օրենսդիրը ոչ միայն սահմանել է, որ եթե վիրավորանքը կամ զրպարտությունը ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է լրատվական գործունեություն իրականացնողը, այլև վերջինիս կողմից փոխհատուցման պարտավորությունը կրելու հնարավորությունը պայմանավորել է հետևյալ պայմաններից որևէ մեկի, այն է՝ վիրավորելիս կամ զրպարտելիս տեղեկատվության աղբյուրին (հեղինակին) հղում չկատարելու, կամ տեղեկատվության աղբյուրի (հեղինակի) հայտնի չլինելու, կամ օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից՝ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից հեղինակի անունը չհայտնելու հանգամանքներով: Մինչդեռ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պայմանները բացակայում են, քանի որ ենթադրյալ զրպարտություն կատարած անձը հայտնի է (բացահայտված է), հետևաբար գործով պատշաճ պատասխանող է հանդիսանում ոչ թե լրատվական գործունեություն իրականացնողը, այլ ի սկզբանե որպես պատասխանող ներգրավված, տեղեկությունները հայտնած Հրայր Գաբրիելյանը, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել է Դատարանը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննության առարկա դարձնել վերջինիս վերաքննիչ բողոքի մյուս հիմքերն ու հիմնավորումները։
(Բ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:
Բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` սույն գլխի կանոնների համաձայն:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներից մեկում անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրության՝ որպես դատական ծախս լինելու հանգամանքին, նշել է, որ որպես դատական ծախս թե՛ հայցվորը, թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմանը համապատասխան վերաքննիչ բողոքը բավարարելիս դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու դեպքում Վերաքննիչ դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխել դատական ծախսերը՝ ըստ գործի լուծման արդյունքների՝ դատական ծախսերի բաշխման իրավակարգավորումներին համապատասխան։ Տվյալ դեպքում Դատարանը, հայցը մասնակի բավարարելիս վճռի եզրափակիչ մասում անդրադառնալով դատական ծախսերի հարցին, փաստաբանի վարձատրության գումարը Դավիթ Բեգլարյանից հօգուտ Հրայր Գաբրիելյանի բռնագանձելու մասով մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ պատասխանողի կողմից ներկայացված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը՝ հայցը մասնակի բավարարելու լույսի ներքո, ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս և Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու արդյունքում հայցը մերժելիս դատական ծախսերի հարցը համարել է լուծված, այն դեպքում, երբ Դատարանի վճիռը փոփոխելու և հայցը մերժելու արդյունքում վերաբաշխման էին ենթակա նաև դատական ծախսերը, մասնավորապես՝ փաստաբանի վարձատրության գումարը։
Ինչ վերաբերում է Հրայր Գաբրիելյանի վճռաբեկ բողոքի պահանջին՝ փաստաբանի վարձատրության գումարի ողջամիտ չափը 400․000 դրամ սահմանելու մասին, ապա ներկայումս ստեղծված պայմաններում այդ հարցը քննարկվել և լուծվել չի կարող, քանի որ Դավիթ Բեգլարյանի հայցի բավարարման հարցը դեռևս լուծված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը չի կարող անդրադառնալ փաստաբանի վճարի ողջամտության հարցին։
Այսպիսով՝ Հրայր Գաբրիելյանի բողոքը հիմնավոր է մասնակի՝ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ծախսերի հարցը չլուծելու, այն լուծված համարելու մասով։
Նկատի ունենալով, որ Հրայր Գաբրիելյանի բողոքը բավարարելով վերաքննիչ բողոքի մեկ հիմքով, Վերաքննիչ դատարանն այլևս չի անդրադարձել նրա բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, ինչպես նաև չի անդրադարձել դատական ծախսերին, մասնավորապես փաստաբանի վարձատրության վերաբաշխման հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված Վճռաբեկ դատարանի լիազորությունը, այն է՝ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան։
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դավիթ Բեգլարյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ Հրայր Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։
2․ Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ Զեկուցող Տ. Պետրոսյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ
Է. Սեդրակյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍԴ1/0530/02/18 քաղաքացիական գործով 08.02.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
08․02․2023 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի փետրվարի 08-ին գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ Բեգլարյանի և Հրայր Գաբրիելյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26․05․2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Դավիթ Բեգլարյանի հայցի ընդդեմ Հրայր Գաբրիելյանի և երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Դավիթ Բեգլարյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ Հրայր Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Դավիթ Բեգլարյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «Առաջին լրատվական» տեղեկատվական վերլուծական կայքում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 12.11.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26․05․2020 թվականի որոշմամբ Հրայր Գաբրիելյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 12.11.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Դավիթ Բեգլարյանը (ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյան) և Հրայր Գաբրիելյանը:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես Դավիթ Բեգլարյանի վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 62-րդ, 66-րդ հոդվածների պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9–րդ մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով հայցը ներկայացվել է Հրայր Գաբրիելյանի դեմ, ով հանդիսանում է պատշաճ պատասխանող, իսկ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Վերաքննիչ դատարանի որոշումը չունի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևություն, չունի իրավական հիմնավորում՝ նկատի ունենալով, որ որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին, որպիսի եզրակացությունը բացակայում է որոշման մեջ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26․05․2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.11.2019 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության»:
2.1․ Վճռաբեկ դատարանը որպես Հրայր Գաբրիելյանի վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Բողոքարկվող դատական ակտը դատական ծախսերի մասով կայացնելիս Դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես, 14.08.2019 թվականին պատասխանողի և Ա/Ձ Արկադի Հովհաննիսյանի միջև կնքվել է իրավաբանական օգնություն ցույց տալու հանձնարարության վերաբերյալ թիվ 30 պայմանագիրը, որով փաստաբանական ծառայության գինը կազմել է 200.000 ՀՀ դրամ, իսկ վերաքննիչ դատարան դիմելու համար՝ 100.000 ՀՀ դրամ:
Նման պայմաններում Դատարանը փաստաբանի վարձատրությանը որպես դատական ծախս վճռով անդրադառնալու համար պետք է բավարար համարեր նշված պայմանագրում առկա պայմանների առկայությունը:
Հաշվի առնելով փաստաբան Արկադի Հովհաննիսյանի կողմից իրականացված դատավարական գործողությունների ծավալը, գործի բարդությունը, բնույթը, դատական նիստերի մասնակցության քանակը, վերաքննիչ բողոք կազմելու հանգամանքը և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը՝ Դատարանը գտել է, որ սույն գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումարի ողջամիտ չափ պետք է համարել 200.000 ՀՀ դրամը, որը պետք է բռնագանձել հայցվորից: Վերաքննիչ դատարանը բավարարելով իր վերաքննիչ բողոքը՝ ընդհանրապես չի անդրադարձել փաստաբանի վարձատրության հարցին, մինչդեռ հայցը մերժելու արդյունքում փաստաբանի ծախսը պետք է բռնագանձվեր 400․000 ՀՀ դրամի չափով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26․05․2020 թվականի որոշումը՝ դատական ծախսերի մասով, և այն փոփոխել՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար սահմանել 400.000 ՀՀ դրամը։»
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. «www.1in.am» ինտերնետային կայքում 2018 թվականի օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին հրապարակվել է «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» վերտառությամբ հոդված (հեղինակ` Սոնա Հարությունյան), որտեղ մասնավորապես նշվել է` «Դավիթ Բեգլարյանը մշտապես և տարբեր շրջանակներում հայտարարել է, որ Հրաչիկ Գաբրիելյանը իր անձնական թշնամին է, և ինքն ամեն ինչ պետք է անի, որ «Սիսիանի Ճանշին»-ը սնանկացնի: Ու քանի որ հիմա հեղափոխություն է եղել մեր երկրում, իրավիճակ է փոփոխվել, պետք է որ նրանց ցանկությունները իրականություն չդառնան, և նրանց ձեռքը բռնող պետք է լինի (…) «Սիսիանի Ճանշին»-ը սնանկության հասցվեց 2017 թվականին, սակայն մեր զրուցակցի խոսքերով` հարկայինը չբավարարվեց նաև այդքանով: Կրկին ստուգումներ անցկացրեց շահութահարկի գծով` ընկերությանը տուգանելով ևս 60 միլիոն դրամով: «Ամեն կերպ մեզ նեղություն են տվել: Բոլոր հնարավոր ձևերով մեզ նեղել են, որի արդյունքում Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերությունը կարճ ժամանակում դարձավ առաջատար ընկերություն»-ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ ամեն ինչ այնքան ակնհայտ էր արվում, որ հնարավոր չէր գլխի չընկնել: «Իրենք մի նոր տեխնիկա էին գնել, և դրանից հետո հայտարարված տենդերներում նշվում էր հենց այդ տեխնիկայի պարամետրերը: Ու քանի որ միայն իրենք ունեին այդ տեխնիկան, բնականաբար, իրենք էլ վերցնում էին տենդերները: Դրանից բացի` տենդերներում այնպիսի չափանիշներ էին նշում, այնքան կատարած աշխատանք, փորձ, որ միայն իրենք շահեն տենդերը: Ու դա այնքան ակնհայտ է, որ բոլորին է հասկանալի», - ասաց Գաբրիելյանը։ (…) Հիմա «Սիսիանի Ճանշին»-ը ահավոր մեծ պարտքեր է կուտակել անհիմն, ապօրինի հարկային ստուգումների պատճառով: Հիմա մենք ցանկանում ենք, որ մեզ չզրկեն պատվերներից, պատվերներ լինեն, որ կարողանանք աշխատենք ու ոտքի կանգնենք: Այս երկրում բոլորն էլ ցանկանում են փող աշխատել, ընտանիք պահել: Ու, վերջիվերջո, եթե այս տեռորը շարունակվի, պարզապես մի ընկերության գործունեություն կկասեցվի, - եզրափակեց Հրայր Գաբրիելյանը» (հատոր 1-ին, գ.թ. 11-12):
2. Դավիթ Գարունի Բեգլարյանը 21.08.2018 թվականին հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հրայր Հրաչիկի Գաբրիելյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման մասին (հատոր 1-ին, գ.թ. 1-17):
3. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստաբանի վարձատրության հարցը համարել է լուծված (հատոր 3-րդ, գ.թ. 76-82)»։
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դավիթ Բեգլարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի մեկնաբանության կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
Հրայր Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
(Ա) Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով արդյո՞ք լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կարող է պատասխանատվություն կրել զրպարտության համար այն դեպքում, երբ տեղեկությունները հրապարակվել են նույն կազմակերպության աշխատակից հանդիսացող լրագրողի հեղինակությամբ, և եթե վերջինս հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին։
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վիրավորանքի կամ զրպարտության դեպքում փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանք կամ զրպարտություն կատարած անձը։ Այդ պարտավորությունն անցնում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողին այն դեպքում, երբ՝
1. վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ
2. տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ
3. լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը։
Այն դեպքերում, երբ վիրավորանքը կամ զրպարտությունը ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, փոխհատուցման պարտավորությունը կրում է լրատվական գործունեություն իրականացնողը:
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ստորև բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ. (.…) 3) լրատվական գործունեություն իրականացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:
4) լրագրող` լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող, խմբագրող. (.…):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության հարցին, արձանագրել է, որ տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ ներկայացնելու օրենսդրի պահանջը նպատակ է հետապնդում ապահովելու բացահայտված աղբյուրում տեղ գտած տեղեկատվության բառացի շարադրանքը կամ հրապարակել այն այնպես, որ չփոխվի ինչպես ամբողջական իմաստը, այնպես էլ կոնկրետ փաստերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական և իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը: Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները և լրատվական գործակալությունները (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.04.2012 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության հարցին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Վերոնշյալ դրույթից հետևում է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը (տե՛ս ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ վկայակոչված հոդվածների տառացի մեկնաբանությունից բխում է, որ լրատվական գործունեություն իրականացնողը վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցման պարտավորություն կարող է կրել այն դեպքում, երբ վիրավորանք հանդիսացող արտահայտությունը կամ զրպարտություն հանդիսացող տեղեկությունը տարածել է իր անունից։
Այն դեպքում, երբ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի է և լրատվական գործունեություն իրականացնողը բացահայտել է նրա անձը, փոխհատուցման պարտավորությունը լրատվական գործունեություն իրականացնող անձը կրել չի կարող, այդ պարտավորությունը կարող է կրել, կախված կոնկրետ գործի հանգամանքներից, կամ լրագրողը, կամ վիրավորանք թույլ տված կամ զրպարտություն կատարած անձը։
Սույն գործով Դավիթ Բեգլարյանը դիմել է դատարան ընդդեմ Հրայր Գաբրիելյանի՝ վերջինիս պարտավորեցնելով Ընկերության «Առաջին լրատվական» տեղեկատվական վերլուծական կայքում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում:
Դատարանը 12.11.2019 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի, վճռելով՝ Հրայր Գաբրիելյանին պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «Առաջին լրատվական» տեղեկատվական վերլուծական կայքի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող արտահայտությունները.
1. «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը»,
2. «Ու, վերջիվերջո, եթե այս տեռորը շարունակվի, պարզապես մի ընկերության գործունեություն կկասեցվի»,
3. «Ի դեպ` 2010 թվականից սկսած հետևողական աշխատանքներ են տարվել Բեգլարյանի կողմից «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին լուծարելու և այն սնանկ ճանաչելու համար: Դավիթ Բեգլարյանի և Հերմինե Նաղդալյանի միջամտությամբ պարբերաբար ՀՀ ՊԵԿ-ի կողմից անհիմն ստուգման ակտեր են կազմվել և խոշոր չափերի տուգանքներ են հասցեագրվել «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին»:
Հրայր Գաբրիելյանից հօգուտ Դավիթ Բեգլարյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար: (….))՝ հիմքում դնելով, ի թիվս այլնի, այն պատճառաբանությունները, որ արտահայտությունները տեղ են գտել երկու հոդվածներում, որոնցից մեկում` «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «Առաջին լրատվական» տեղեկատվական վերլուծական կայքում առկա է հարցազրույց պատասխանող Հրայր Գաբրիելյանի հետ, որտեղ նշվել են վերջինիս կողմից արված արտահայտություններից մեջբերումներ: Մասնավորապես` վերջինս «տեռոր» է անվանել հայցվորի և նրա կնոջ կողմից իրականացվող գործողությունները, մեղադրել է նրանց «Սիսիանի Ճանշին» ՍՊ ընկերությունը սնանկացնելու մեջ` ներկայացնելով որոշակի փաստեր, ինչը վկայում է այն մասին, որ պատասխանողն է հանդիսանում հարցազրույցում տեղ գտած արտահայտությունների պատասխանատուն: Պատասխանողի ներկայացուցչի այն դիրքորոշումը, որ հոդվածը վերնագրվել է լրագրողի կողմից, այլ ոչ պատասխանողի, հետևաբար` պատասխանող Հրայր Գաբրիելյանը չէ
«Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» արտահայտության հեղինակը, Դատարանն արձանագրել է, որ նշված վերնագրով հոդվածում պատասխանողի մեջբերված խոսքերում, ինչպես արդեն նշվել է, առկա են հայցվորին և նրա կնոջը վերագրվող արտահայտություններ` վերջիններիս կողմից տեռորի միջոցով մրցակից ընկերությանը` «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին սնանկացնելու մասին, հետևաբար, Դատարանի գնահատմամբ հոդվածը վերնագրվել է հենց պատասխանողի արտահայտած խոսքերից, ուստի պատասխանողի ներկայացուցչի դիրքորոշումն անհիմն է:
Պատասխանողի ներկայացուցչի մյուս դիրքորոշումը, որ «Ի դեպ` 2010 թվականից սկսած հետևողական աշխատանքներ են տարվել Բեգլարյանի կողմից «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին լուծարելու և այն սնանկ ճանաչելու համար, Դավիթ Բեգլարյանի և Հերմինե Նաղդալյանի միջամտությամբ պարբերաբար ՀՀ ՊԵԿ-ի կողմից անհիմն ստուգման ակտեր են կազմվել և խոշոր չափերի տուգանքներ են հասցեագրվել «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին», արվել է այլ էլեկտրոնային լրատվական միջոցում, որտեղ չի երևում, թե ով է այդ կարծիքի հեղինակը, Դատարանն արձանագրել է, որ «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» հոդվածում առկա է պատասխանողի կողմից ներկայացված` ընկերությանը սնանկ ճանաչելու սխեմա` դրա մեջ մեղադրելով հայցվորին և նրա կնոջը, ուստի Դատարանը քննության է առել «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» հոդվածում առկա պատասխանողի կողմից արված արտահայտությունները` կապված «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ին լուծարելու և այն սնանկ ճանաչելու գործընթացին հայցվորի և նրա կնոջ անմիջական մասնակցության հետ։
Վերաքննիչ դատարանը 26․05․2020 թվականի որոշմամբ Հրայր Գաբրիելյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 12.11.2019 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ Դավիթ Բեգլարյանի հայցը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ «Դատարանում ներկայացված հայցը կարող է բավարարվել, եթե ներկայացվել է պատշաճ պատասխանողի, այսինքն իրավունքների ենթադրյալ խախտում թույլ տված անձի կամ այն անձի դեմ, ով օրենքով սահմանված կարգով ենթակա է պատասխանատվության կատարված արարքի համար: Սույն գործի փաստերի համաձայն «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «www.1in.am» ինտերնետային կայքում 2018 թվականի օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին հրապարակվել է «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» վերտառությամբ հոդված (հեղինակ` Սոնա Հարությունյան), որտեղ ներկայացված է Հրայր Գաբրիելյանի հետ լրագրողի զրույցը: Սույն գործով հայցը ներկայացվել է Հրայր Գաբրիելյանի դեմ, իսկ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի բովանդակությունից բխում է, որ պատշաճ պատասխանող կարող է հանդիսանալ լրատվական գործունեություն իրականացնողը, եթե ենթադրյալ զրպարտությունը կամ վիրավորանքը ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ: Ուստի, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «Առաջին լրատվական» տեղեկատվական վերլուծական կայքի միջոցով հոդվածի տարածման պայմաններում վերջինս էլ հանդիսանում է տվյալ գործով պատշաճ պատասխանող, իսկ ներկայացված հայցը ենթակա է մերժման, եթե ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ: Քանի որ սույն գործով հայցը ներկայացվել է Հրայր Գաբրիելյանի դեմ, ով չի հանդիսացել պատշաճ պատասխանող, ուստի Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը հիմնավորված համարելով գալիս է այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման։ Ելնելով այն հանգամանքից, որ Վերաքննիչ բողոքի նշված հիմքը հիմնավոր համարելու դեպքում, վերաքննիչ բողոքի մյուս հիմքերը բողոքի այլ ելքի չեն կարող հանգեցնել, Վերաքննիչ դատարանը դրանք քննարկման առարկա չի դարձնում: (….)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «www.1in.am» ինտերնետային կայքում 2018 թվականի օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին հրապարակվել է «Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը» վերտառությամբ հոդված (հեղինակ` Սոնա Հարությունյան), որտեղ ներկայացված է Հրայր Գաբրիելյանի հետ լրագրողի զրույցը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն՝ առ այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ պատշաճ պատասխանող կարող է հանդիսանալ լրատվական գործունեություն իրականացնողը, եթե ենթադրյալ զրպարտությունը կամ վիրավորանքը ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, անհիմն է՝ այն պատճառաբանությամբ, որ նույն հոդվածի 9-րդ կետում օրենսդիրը, ինչպես արդեն վերն արձանագրվեց, հստակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում միայն լրատվական գործունեություն իրականացնողը կարող է կրել փոխհատուցման պարտականությունը:
Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ այն հարցի կարգավորումը, թե ով պետք է պատասխան տա վիրավորանքի և զրպարտության համար, տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 1-ին մասում, ըստ որի հայցվորը «կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ»։ Նորմի շարադրանքից բխում է, որ վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը, որպես կանոն, կրում է դրանք կատարած անձը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ մասը կարգավորում է այն հարցը, թե ով է կրում պատասխանատվությունը, երբ հայտնի չէ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձը կամ տեղեկատվության աղբյուրը, ըստ այդմ սահմանելով, որ փոխհատուցման պարտավորությունը թե՛ վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողի, և թե՛ լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ ներկայացված լինելու դեպքում՝ լրատվական գործունեություն իրականացնողի վրա կարող է դրվել բացառապես այն դեպքում, եթե նույն հոդվածի իմաստով վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը: Այսինքն՝ սույն հոդվածում օրենսդիրը ոչ միայն սահմանել է, որ եթե վիրավորանքը կամ զրպարտությունը ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է լրատվական գործունեություն իրականացնողը, այլև վերջինիս կողմից փոխհատուցման պարտավորությունը կրելու հնարավորությունը պայմանավորել է հետևյալ պայմաններից որևէ մեկի, այն է՝ վիրավորելիս կամ զրպարտելիս տեղեկատվության աղբյուրին (հեղինակին) հղում չկատարելու, կամ տեղեկատվության աղբյուրի (հեղինակի) հայտնի չլինելու, կամ օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից՝ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից հեղինակի անունը չհայտնելու հանգամանքներով: Մինչդեռ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պայմանները բացակայում են, քանի որ ենթադրյալ զրպարտություն կատարած անձը հայտնի է (բացահայտված է), հետևաբար գործով պատշաճ պատասխանող է հանդիսանում ոչ թե լրատվական գործունեություն իրականացնողը, այլ ի սկզբանե որպես պատասխանող ներգրավված, տեղեկությունները հայտնած Հրայր Գաբրիելյանը, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել է Դատարանը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննության առարկա դարձնել վերջինիս վերաքննիչ բողոքի մյուս հիմքերն ու հիմնավորումները։
(Բ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:
Բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` սույն գլխի կանոնների համաձայն:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներից մեկում անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրության՝ որպես դատական ծախս լինելու հանգամանքին, նշել է, որ որպես դատական ծախս թե՛ հայցվորը, թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմանը համապատասխան վերաքննիչ բողոքը բավարարելիս դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու դեպքում Վերաքննիչ դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխել դատական ծախսերը՝ ըստ գործի լուծման արդյունքների՝ դատական ծախսերի բաշխման իրավակարգավորումներին համապատասխան։ Տվյալ դեպքում Դատարանը, հայցը մասնակի բավարարելիս վճռի եզրափակիչ մասում անդրադառնալով դատական ծախսերի հարցին, փաստաբանի վարձատրության գումարը Դավիթ Բեգլարյանից հօգուտ Հրայր Գաբրիելյանի բռնագանձելու մասով մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ պատասխանողի կողմից ներկայացված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը՝ հայցը մասնակի բավարարելու լույսի ներքո, ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս և Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու արդյունքում հայցը մերժելիս դատական ծախսերի հարցը համարել է լուծված, այն դեպքում, երբ Դատարանի վճիռը փոփոխելու և հայցը մերժելու արդյունքում վերաբաշխման էին ենթակա նաև դատական ծախսերը, մասնավորապես՝ փաստաբանի վարձատրության գումարը։
Ինչ վերաբերում է Հրայր Գաբրիելյանի վճռաբեկ բողոքի պահանջին՝ փաստաբանի վարձատրության գումարի ողջամիտ չափը 400․000 դրամ սահմանելու մասին, ապա ներկայումս ստեղծված պայմաններում այդ հարցը քննարկվել և լուծվել չի կարող, քանի որ Դավիթ Բեգլարյանի հայցի բավարարման հարցը դեռևս լուծված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը չի կարող անդրադառնալ փաստաբանի վճարի ողջամտության հարցին։
Այսպիսով՝ Հրայր Գաբրիելյանի բողոքը հիմնավոր է մասնակի՝ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ծախսերի հարցը չլուծելու, այն լուծված համարելու մասով։
Նկատի ունենալով, որ Հրայր Գաբրիելյանի բողոքը բավարարելով վերաքննիչ բողոքի մեկ հիմքով, Վերաքննիչ դատարանն այլևս չի անդրադարձել նրա բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, ինչպես նաև չի անդրադարձել դատական ծախսերին, մասնավորապես փաստաբանի վարձատրության վերաբաշխման հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված Վճռաբեկ դատարանի լիազորությունը, այն է՝ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:
Այսպես՝
Ինչպես արդեն նշեցի վերը, Վճռաբեկ դատարանը՝
Դավիթ Բեգլարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված հիմքի առկայությամբ՝ նշելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի մեկնաբանության կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, իսկ
Հրայր Գաբրելյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող Դավիթ Բեգլարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել վերոգրյալով, քանի որ թեկուզև վերջինս իր կողմից ներկայացված բողոքում նշել է, որ «բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած նյութական և դատավարական իրավունքի նորմերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր», սակայն վճռաբեկ բողոքում չի նշվել, թե Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի կապակցությամբ է առկա իրավունքի զարգացման խնդիր։
Նման պայմաններում կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը, 28․08․2020 թվականին որոշում կայացնելով Դավիթ Բեգլարյանի կողմից առաջին անգամ բերված վճռաբեկ բողոքն այլ հիմքով վերադարձնելու մասին, այն պետք է վերադարձներ վճռաբեկ բողոքը նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով՝ բողոք բերած անձին հնարավորություն տալով շտկելու այդ թերությունները, որը տվյալ դեպքում չի արվել։
Դավիթ Բեգլարյանի կողմից կրկին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը, հիմք ընդունելով դրա բովանդակությունը, կարող էր քննվել բացառապես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և վարույթ ընդունվել բացառապես այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր համարեր նման հիմքի առկայության մասին վճռաբեկ բողոքի հիմքը։
Անդրադառնալով Հրայր Գաբրելյանի բողոքին՝ կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վերջինիս վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել վերոգրյալով, քանի որ թեկուզև Հրայր Գաբրելյանն իր կողմից ներկայացված բողոքում նշել է, որ «սույն բողոքը պետք է վարույթ ընդունվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում (…) դատարանը, անտեսելով ակնհայտ դատավարական և նյութական իրավունքի խախտումները, կայացրել է արդարադատության բուն էությանը հակասող որոշումը` չանդրադառնալով դատական ծախսերին (…) սույն բողոքի փաստարկները բավարար են եզրահանգելու, որ բողոքարկվող դատական ակտը դատական ծախսերի մասով կայացնելիս՝ դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը», սակայն վճռաբեկ բողոքում չի նշել, թե Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի խախտում է թույլ տվել, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Նման պայմաններում կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը պետք է վերադարձներ այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով՝ բողոք բերած անձին հնարավորություն տալով շտկելու այդ թերությունները, որը տվյալ դեպքում չի արվել։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը:
Դատավոր` Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: