ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 322-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵԲԵՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,149,174,433 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեբետի զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.10.22 N 722-Ա, 20.02.24 N 117-Ա)
2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25- րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 322-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԴԵԲԵՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
(վերնագիրը խմբ. 13.10.22 N 722-Ա, 20.02.24 N 117-Ա)
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) առաքելության հիմքերում ընկած է կրթության մակարդակի և կրթական միջավայրի բարելավումը և տրանսֆորմացիան։ Ծրագրի նպատակն է ՀՀ Լոռու մարզի Դեբետ բնակավայրի միակ դպրոցի շենքային պայմանների ժամանակակից դպրոցի պահանջներին համապատասխանեցումը։ Ելնելով անհրաժեշտությունից հիմնադրամը նախաձեռնել է դպրոցի հին շենքը ապամոնտաժելու և նորը կառուցելու գործընթաց։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Դեբետի գյուղապետարանի շենքի տանիքը, ինչպես նաև հիմնանորոգել Դեբետում վերակառուցվող տան տանիքը։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը վերջին երկու տարում Դեբետում հիմնել է փորձարարական ջերմոց Դեբետի բնակիչների համար և ծրագրով նախատեսվում է կառուցել ցանկապատ և դարպաս։ Ծրագրի կարևոր մաս է կազմում Դեբետի արտաքին լուսավորության ցանցի կառուցումը։ Ծրագրի կարևոր բաղադրիչ է հիմնադրամի կողմից մեկ հատ էքսկավատոր-ամբարձչի ձեռքբերումը։ Ծրագիրը բաղկացած է լինելու 3 փուլից։ 1-ին փուլում Դեբետ բնակավայրում կազմակերպվելու են էքսկավատորի շահագործման դասընթացներ։ Դասընթացների տևողությունը 2 ամիս է։ Այնուհետ կազմվելու է հանձնաժողով և հանձնաժողովը մասնակիցներից ընտրելու է լավագույն 4-ին։ Ծրագրի 2-րդ փուլում կազմվելու է տնտեսական գործունեության և համագործակցության պլան։ Կազմվելու է աշխատանքների իրականացման գրաֆիկ, որի համաձայն աշխատանքները բաշխվելու են ընտրված օպերատորների միջև։ Ծրագրի 3-րդ փուլով վերը նշված շինարարական տեխնիկայի շահագործմամբ ընտրված օպերատորները ծավալելու են տնտեսական գործունեություն։ Վարձավճարը մոտ է լինելու շուկայական գներին, որտեղ մեծ մասը՝ մոտավոր 60-70% աշխատավարձ, իսկ 30-40% էքսկավատորի սպասարկման գումար (դիզ. վառելիք, շարժիչի յուղ և առհասարակ սպասարկում)։ Դասընթացները կկազմակերպվեն էքսկավատոր-ամբարձիչը ՀՀ հասնելուն պես։ Համագործակցության պայմանագրերը կնքվելու է 1 տարի ժամկետով՝ հետագայում երկարաձգման հնարավորությամբ։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից են hիմնադրամի կողմից իրականացվող ենթակառուցվածքների միջոցառումները։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարօ Հ. Արմենը |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Փամբակ համայնքի Դեբետ բնակավայր։ Բնակավայրի զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,149,174,433 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի մայիսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ենթակառուցվածքների միջոցառումներ՝ ընդամենը 1,149,174,433 դրամ՝ իրականացվելու է 2021 թվականի մայիսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1) Դեբետ բնակավայրում գոյություն ունեցող միակ դպրոցի նոր շենքի նախագծում` 35,000,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում. 2) Դեբետ բնակավայրի «Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքի երկրաբանական հետազոտության իրականացում` 4,500,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում. 3) Դեբետ բնակավայրի «Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցում, դպրոցի հողատարծքի բարեկարգում, հարակից տեխնիկական շինությունների կառուցում, անհրաժեշտ գույքի և սարքավորումների ներմուծում կամ ձեռքբերում` 725,000,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում. 4) Դեբետ բնակավայրի 1-ին փողոց, 31 հողամաս հասցեում գտնվող ՍՄԱՐԹ կենտրոնի այգու (ջերմոցի) շուրջ ցանկապատների և դարպասի տեղադրման աշխատանքներ՝ ընդամենը 3,675,433 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում. 5) Դեբետ բնակավայրի տարածքում վերակառուցվող տներից մեկի տանիքի հիմնանորոգում՝ ընդամենը 7,000,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում. 6) Դեբետի գյուղապետարանի շենքի տանիքի վերանորոգման համար շինանյութի ձեռքբերում՝ ընդամենը 3,000,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում. 7) Դեբետի գյուղապետարանի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ՝ ընդամենը 18,999,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում. 8) Դեբետ բնակավայրի ամբողջ տարածքի արտաքին լուսավորության ցանցի շինարարական աշխատանքների իրականացում՝ ընդամենը 300,000,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում. 9) Էքսկավատոր-ամբարձչի ձեռքբերում՝ ընդամենը 52,000,000 դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ձեռք բերել 177,000,000 դրամին համարժեք էքսկավատոր-ամբարձչի շերեփ և հիդրոմուրճ, շինանյութ և կառուցապատման համար անհրաժեշտ պարագաներ (ամրան, ցեմենտ, քար, թիթեղ, ապակի, պատուհան, դուռ, երկաթ, մեխ, շինարարական հատուկ հագուստ, ցանկապատ, ցանց և այլն՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։ 2. Նախատեսվում է ներմուծել 150,000,000 դրամին համարժեք էքսկավատոր-ամբարձիչ, շինանյութ, արտաքին լուսավորության համար անհրաժեշտ սյուներ, LED լույսեր, մալուխ, ամրան և այլն՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։ 3. Նախատեսվում է կնքել 822,174,433 դրամին համարժեք նախագծման աշխատանքների կատարման, շինարարության վերահսկողության, հեղինակային հսկողության, կապալի, խորհրդատվության տրամադրման, պայմանագրեր՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, Լոռու մարզպետի աշխատակազմի և Փամբակի համայնքապետարանի հետ։ |
13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 13.10.22 N 722-Ա, 20.02.24 N 117-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |