ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 սեպտեմբերի 2023 թ. |
N 853-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» N 48-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝
1) 5-րդ կետում լրացնել նոր 1.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շենքերի և կառույցների արտաքին տեսքի պահպանումը.».
2) 5-րդ կետում լրացնել նոր 4.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1) սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից՝ չկառուցապատված հողամասերը աղբի կուտակումից պահպանումը, կանաչապատումը և դրանց անհրաժեշտ խնամքն ու պահպանումը.».
3) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«11. Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շենքերի և կառույցների արտաքին տեսքի պահպանմանն ուղղված միջոցառումները, այդ շենքերի և կառույցների ճակատների վերակառուցումն ու նորոգումն իրականացվում են հուշարձանների պահպանության պետական լիազոր մարմնի համաձայնությամբ: Ընդ որում՝ պետական լիազոր մարմնի կողմից կարող են տրվել նորոգման կամ վերակառուցման լուծումների վերաբերյալ հանձնարարականներ, որոնք ներառվում են Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող ձևավորման նախագծում կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար |
Լ. Հովհաննիսյան |
2023 թ. սեպտեմբերի 12 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2023 թվական: