«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60503208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
17 հունիսի 2003 թ. |
N 214-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Սահմանել ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգը (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի օգոստոսի 21-ի «Քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման և քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղման կարգը սահմանելու մասին» N 33-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Բադալյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինողի նշանակման, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում (այսուհետ՝ կադրերի կարճաժամկետ ռեզերվ) գտնվող քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղման, քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում (այսուհետ՝ կադրերի երկարաժամկետ ռեզերվ) գտնվող, ինչպես նաև մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր հետևյալ դեպքերում.
ա) հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.
բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.
գ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի մինչև երեք տարի ժամկետով գործուղման.
դ) քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու.
ե) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.
զ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
3. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում (բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև երկու ամիսը գերազանցող ժամկետով նույն կետի «գ» ենթակետում նշված գործուղման դեպքերի) այդ պաշտոնը զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչև երկու ամիս ժամկետով՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ:
4. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալուց հետո փոխարինումը ձևակերպվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (բացառությամբ քաղաքացիական ծառայության պաշտոն համարվող աշխատակազմի ղեկավարի, որի փոխարինումը ձևակերպվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան պաշտոնատար անձի) հրամանով (որոշմամբ)՝ մեկշաբաթյա ժամկետում:
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի (այսուհետ՝ համապատասխան մարմին) աշխատակազմի ղեկավարը (իսկ քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի փոխարինման դեպքում՝ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան պաշտոնատար անձը) սույն կետով նախատեսված հրամանի (որոշման) պատճենը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ):
5. Սույն կարգի 3-րդ կետում նշված փոխարինողի բացակայության կամ սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև երկու ամիսը գերազանցող ժամկետով սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված գործուղման դեպքերում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը (իսկ քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի փոխարինման դեպքում՝ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան պաշտոնատար անձը) այդ մասին գրավոր հայտնում է Խորհրդին՝ եռօրյա ժամկետում:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված գրությունն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Խորհուրդն ընդունում է որոշում կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողին պարտադիր գործուղելու վերաբերյալ:
7. Պարտադիր գործուղելու վերաբերյալ Խորհրդի որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պարտադիր գործուղումը ձևակերպում է առավելագույնը մեկ տարի ժամկետով իր հրամանով (որոշմամբ)՝ երկօրյա ժամկետում Խորհուրդ ներկայացնելով այդ հրամանի (որոշման) պատճենը:
8. Եթե կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվում են պարտադիր գործուղման ենթակա մեկից ավելի քաղաքացիական ծառայողներ, ապա պարտադիր գործուղման է ուղարկվում այն քաղաքացիական ծառայողը, որի վերջին զբաղեցրած քաղաքացիական ծառայության պաշտոնին համապատասխանում է քաղաքացիական ծառայության պաշտոնների հետևյալ խմբում առավելագույն ենթախումբը.
ա) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր կրտսեր պաշտոններ զբաղեցնելու դեպքում՝ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների խմբում և քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբում.
բ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր առաջատար պաշտոններ զբաղեցնելու դեպքում՝ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբում և քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 3-րդ ենթախմբում.
գ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր գլխավոր պաշտոններ զբաղեցնելու դեպքում՝ քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբում և քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 2-րդ ենթախմբում.
դ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու դեպքում՝ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբում:
Այս պայմանի հավասարության դեպքում պարտադիր գործուղման է ուղարկվում քաղաքացիական ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողը, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողը:
9. Պարտադիր գործուղման ձևակերպման մասին ոչ ուշ, քան մեկ օր առաջ տեղյակ է պահվում կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողին:
10. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողը չի կարող պարտադիր գործուղման ուղարկվել ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանում:
11. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող հղի կամ մինչև ութ տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողն այլ վայր մեկնելու հետ կապված պարտադիր գործուղման է ուղարկվում միայն իր համաձայնությամբ:
12. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողների հետ, որոնց այլ վայր մեկնելու հետ կապված նախորդ պարտադիր գործուղման ժամկետի ավարտից անցել է մեկ տարուց պակաս ժամանակ, պարտադիր գործուղումը ձևակերպվում է միայն տվյալ անձանց համաձայնությամբ:
13. Պարտադիր գործուղումը ժամկետից շուտ ավարտվում է սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում:
14. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայող գրանցված չլինելու դեպքում, սույն կարգի 5-րդ կետում նշված գրությունն ստանալուց հետո Խորհուրդը հնգօրյա ժամկետում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին տրամադրում է տեղեկություններ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժակետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող այն անձի մասին, ում հետ պետք է կնքվի Պայմանագիր:
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված Պայմանագիրը (հավելված) կնքվում է կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվող անձի հետ` մեկշաբաթյա ժամկետում:
16. Եթե կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվում են քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկից ավելի անձինք, ապա Պայմանագիրը կնքվում է կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու հիմքով կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի հետ, այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ ունեցող անձանց հետ, այս պայմանի հավասարության դեպքում Պայմանագիրը կնքվում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում առավել երկար ժամկետով գտնվող անձանց հետ, իսկ այս պայմանի հավասարության դեպքում Պայմանագիրը կնքվում է առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող անձի հետ:
17. Կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվող անձի հետ չի կարող կնքվել Պայմանագիր ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանում:
18. Պայմանագիրը կնքվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնը ժամանակավոր թափուր մնալու ժամկետով և կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի համաձայնությամբ: Այդ ժամկետից շուտ Պայմանագիրը լուծվում է՝
ա) Օրենքի 33-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե» և «ժդ» կետերով) նախատեսված դեպքերում.
բ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման դեպքում (այդ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի՝ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ անձակուրդի համար նախատեսված ժամկետից ավելի շուտ վերադառնալու, պարտադիր զինվորական ծառայությունը նախատեսված ժամկետից ավելի շուտ ավարտվելու (դադարելու), մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը նախատեսված ժամկետից ավելի շուտ ավարտելու և նմանատիպ այլ դեպքերում, ինչպես նաև մրցույթի արդյունքում տվյալ պաշտոնում նշանակում կատարելու դեպքում, եթե այդ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողն ազատվել է պաշտոնից):
19. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում և կադրերի երկարաժամկետ ռեզերվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայող (անձ) գրանցված չլինելու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է կնքել Պայմանագիր մեկ այլ անձի հետ, հաշվի առնելով Օրենքի 11-րդ, 12-րդ, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:
20. Սույն կարգի 19-րդ կետում նշված անձանց հետ Պայմանագիրը կնքվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնը ժամանակավոր թափուր մնալու ժամկետով: Այդ ժամկետից շուտ Պայմանագիրը լուծվում է սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքերում:
21. Պայմանագիրը կնքվում է երեք հավասարազոր օրինակից, որի առաջին օրինակը պահվում է համապատասխան մարմնում, երկրորդը՝ Խորհրդում, իսկ երրորդը՝ Պայմանագրի կողմ հանդիսացող անձի մոտ:
Հավելված |
Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Յ Ի Ն Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N_____
Հայաստանի Հանրապետության __________________________________________ (համապատասխան մարմնի անվանումը)
կողմից, ի դեմս____________________________________________________ (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը) _____________________________________________________________ (այսուհետ՝ Համապատասխան մարմին) և____________________________________
_____________________________________________________________ (կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի գրանցման ամսաթիվը, գրանցման թերթիկի համարը և անունը, ազգանունը, հայրանունը կամ այլ անձի անունը, ազգանունը, հայրանունը)
(ծնված 19____թ._____________ ____-ին, բնակության վայրը՝_________________ անձնագիր N _____ տրված ______ կողմից _____ թ. ________ ____-ին ) մյուս կողմից
(այսուհետ՝ Փոխարինող) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ Փոխարինողն ապահովում է ___________ __________________________________________________________ -ում (համապատասխան մարմնի անվանումը) _____________________________________________________________ (քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)
պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:
II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Կողմերն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներ և պարտականություններ:
III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Համապատասխան մարմինը Փոխարինողին վճարում է ամենամսյա աշխատավարձ ____________________________________________________ դրամի չափով: (տառերով և թվերով) | ||
IV. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: 5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով: 6. Սույն պայմանագիրը կարող է լուծվել օրենքով սահմանված կարգով: 7. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
V. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ
8. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից սկսած մինչև 200_ թ. ___________-ը կամ քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ նախատեսված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը:
Սույն պայմանագիրը կնքվել է երեք հավասարազոր օրինակից:
|